«Ոսկե ծիրանը» սկսվում է ոչ միայն ֆիլմով, այլեւ հայտարարությամբ։ Ամեն տարի բացման ֆիլմը հուշում է, թե ինչի մասին է լինելու փառատոնի գլխավոր խոսակցությունը։ Այս տարի այդ դերը բաժին հասավ Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմին՝ պատմության, հիշողության եւ այն վերքերի մասին, որոնք ժամանակը չի դարձնում անցյալ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս տարվա խոսակցության բանալին հնչեց մինչեւ ֆիլմի առաջին կադրը։ «Be a Poem» կարգախոսը ներկայացնելիս փառատոնի ղեկավար Կարեն Ավետիսյանը հիշեցրեց Թեոդոր Ադոռնոյի հայտնի հարցադրումը՝ հնարավո՞ր է պոեզիան արհավիրքից հետո. «Մենք էլ մեր արհավիրքից վեց տարի անց փորձեցինք վերաձեւակերպել այն, ինչին հետո ժամանակի ընթացքում եկավ Ադոռնոն․ արվեստը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է։ Այն կետում, որտեղ վերջանում է բառը, օգնության է գալիս արվեստը եւ փորձառության է հրավիրում մի բանի, որի մասին բառերն այլեւս ի զորու չեն պատմել»:
Կարեն Ավետիսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարեն Ավետիսյանի խոսքը երկար չմնաց տեսական հարթության վրա։ Փառատոնի առաջին ցուցադրությունը դարձավ դրա անմիջական շարունակությունը։ Ֆիլմը սկսվում է անձնական կորստից։ Ֆրանսիացի Սելինը գալիս է Հայաստան՝ ամուսնու՝ Արտոյի մահից հետո լուծելու իրավական հարցերը։ Սակայն փաստաթղթերի որոնումը աստիճանաբար վերածվում է մեկ այլ ճանապարհորդության․ պարզվում է՝ ամուսինը տարիներ շարունակ լռել էր իր կյանքի ամենակարեւոր էջերի մասին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Դիտողը վաղ է իմանում, որ Արտոյի ինքնասպանությունը պատահականություն չէր, բայց միայն հետզհետե է հասկանում, թե ինչպիսի հիշողություններ ու չապրած մեղքեր էին կանգնած այդ որոշման հետեւում։ Թամարա Ստեփանյանը բացահայտումները չի կառուցում որպես ինտրիգ: Դրանք ավելի շուտ ցույց են տալիս, թե որքան երկար կարող է պատերազմը շարունակվել մեկ մարդու ներսում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հրադադարն արդեն վաղուց ստորագրված է։
Պատերազմի մասին ֆիլմ է, բայց ոչ այն ձեւով, ինչպես սովոր ենք տեսնել հայկական կինոյում։ Այստեղ գրեթե չկան մարտական գործողություններ, ռազմաճակատ կամ հերոսական ճառեր։ Պատերազմը մշտապես ներկա է, սակայն մնում է կադրից դուրս։ Այն երեւում է մարդկանց լռության, կիսատ նախադասությունների, չապրած կյանքի եւ թաքցրած կենսագրությունների մեջ։ Թամարա Ստեփանյանն ընտրել է մեկ մարդու ճակատագրի միջոցով խոսել ամբողջ հասարակության չմարսված հիշողության մասին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Արտոն ֆիլմում գրեթե միշտ բացակա է, բայց հենց այդ բացակայությունն է դառնում պատմության գլխավոր ներկայությունը։ Որքան Սելինը փորձում է վերականգնել ամուսնու կենսագրությունը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ նա հայտնվել է ոչ միայն մեկ մարդու, այլեւ մի ամբողջ երկրի հիշողության լաբիրինթոսում։
Սելինի՝ «Պետք է փրկել մեռյալներին» խոսքը դառնում է ամբողջ ֆիլմի առանցքը։ Նա փորձում է վերադարձնել նրանց պատմությունն ու տեղը հիշողության մեջ։ Այդ ճանապարհն ավարտվում է խորհրդանշական գործողությամբ, որը միաժամանակ հրաժեշտ է, հաշտեցում եւ հիշատակի արարողություն։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Արտոյի երկիր»-ը ուշադրությունը տեղափոխում է նրանց վրա, ովքեր պատերազմի ընթացքում կրել են ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական պարտություններ, ապրել են ընտրությունների, մեղքի եւ լռության հետ։ Ֆիլմը չի արդարացնում նրանց, բայց նաեւ չի շտապում դատել։ Այն հիշեցնում է, որ պատերազմի ամբողջական պատմությունը հնարավոր չէ հասկանալ, եթե այն պատմվում է միայն հաղթողների կամ զոհերի տեսանկյունից։ Միշտ կան նրանք, ովքեր ողջ են մնացել, բայց երբեք չեն վերադարձել պատերազմից։
Սելինը հանդիսատեսի հայացքն է, նրա հետ մենք քայլում ենք մի տարածքով, որտեղ 1988 թվականի երկրաշարժը, Առաջին արցախյան պատերազմի հիշողությունները եւ ներկան գոյակցում են նույն կադրում։ Ժամանակն գծային է, սակայն անցյալը մշտապես ներխուժում է ներկա։
Թամարա Ստեփանյանը
Ֆիլմը ներկայացնելիս Թամարա Ստեփանյանը այն անվանեց «սիրո նամակ հայրենիքին, կինոյին եւ մեր վերքերին»։ Ձեւակերպումը ճշգրիտ է, քանի որ սա հայրենիքի իդեալականացված պատկեր չէ, այլ փորձ է սիրել մի երկիր իր բոլոր ցավերի, լռությունների, հակասությունների եւ չբուժված վերքերի հետ միասին։
Թամարա Ստեփանյանի ֆիլմը ոչ թե վերադառնում է անցյալին, այլ ճշգրտորեն արձանագրում է ներկան։ Քանի դեռ վերքերը բաց են, կինոն չի կարող լռել։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply