Ներկայացնում ենք The American Conservative կայքում հրապարակված Israel’s Opportunistic Recognition of the Armenian Genocide հոդվածի հայերեն թարգմանությունը։
Հոդվածի հեղինակ Էլդար Մամեդովը Գիտության եւ համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների անդամ է, Քվինսիի Պատասխանատու պետականաշինության ինստիտուտի ոչ ռեզիդենտ գիտաշխատող։
Էլդար Մամեդով
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Իսրայելի վերջին որոշմանը պետք է թերահավատորեն վերաբերվել։ Տասնամյակներ տեւած լռությունից հետո Նեթանյահուի կառավարության կողմից Օսմանյան կայսրության վայրագությունները ճանաչելը ոչ այնքան բարոյական պարզության ուշացած դրսեւորում է, որքան պատմական ողբերգությունը զենքի վերածելու հաշվարկված քայլ՝ ուղղված Թուրքիայի մեկուսացմանը։ (Բանաձեւը դեռ պետք է վավերացվի Քնեսեթի կողմից։)
Տասնամյակներ շարունակ Իսրայելի հաջորդական կառավարությունները խուսափում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դա դիվանագիտական մանեւրների հարց էր, որոնց հիմքում ընկած էր Իսրայելի «ծայրամասային ռազմավարությունը»՝ պատմական դոկտրին, որի նպատակն էր հավասարակշռել Իսրայելի անմիջական արաբ հարեւանների թշնամանքը չափավոր, ոչ արաբական մուսուլմանական պետությունների հետ մերձեցման միջոցով։
Քեմալական Թուրքիան, Իրանի հետ միասին՝ շահի իշխանության տարիներին, այդ ռազմավարության հենասյուներից էր։ Ահա թե ինչու Իսրայելը հրաժարվում էր զայրացնել Անկարային, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը եւ խիստ զգայուն է այլ երկրների կողմից նման քայլերի նկատմամբ։
1979 թվականի իրանական հեղափոխությունը եւ մեկ տասնամյակ անց Խորհրդային Միության փլուզումը վերաձեւավորեցին Իսրայելի ռազմավարական միջավայրը։ Հեղափոխական Իրանը ավելի ու ավելի հաճախ էր ներկայացվում որպես թշնամի, մինչդեռ հյուսիսային սահմանին գտնվող Ադրբեջանը, որն ուներ իր սեփական ուժեղ իռեդենտիստական հակաիրանական օրակարգը եւ կենտրոնացած էր այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» վրա, դարձավ Իսրայելի նոր գործընկերը։
Ադրբեջանը նաեւ Թուրքիայի մտերիմ դաշնակիցն է, եւ 1990-ականների սկզբից ի վեր ամերիկացի քաղաքական գործիչները ձգտել են խթանել եռակողմ Անկարա-Երուսաղեմ-Բաքու համագործակցությունը՝ որպես հակակշիռ Մոսկվային եւ Թեհրանին։
Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները խորացել են տասնամյակների ընթացքում․ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է բարձր տեխնոլոգիական սպառազինություն, որը հնարավորություն տվեց Բաքվին հաղթանակ տանել Հայաստանի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի համար պատերազմում, իսկ դրա դիմաց ստանալ ադրբեջանական նավթ, որը բավարարում է Իսրայելի պահանջարկի մոտ 40 տոկոսը, ինչպես նաեւ Իրանի սահմանների երկայնքով հետախուզական հենակետ ունենալ: Բաքվի ռազմական հաղթանակի հետեւանքներն ավելի ծանրացան, երբ 2023 թվականին տարածաշրջանից տեղահանվեցին շուրջ 100 հազար բնիկ հայ քրիստոնյաներ: Այդ ժամանակ ակնհայտորեն բացակայում էր Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի նշած «բարոյական պարտականությունը»։ Ըստ իսրայելական «Հաարեց» թերթի՝ այդ իրադարձության մեջ Իսրայելի մասնակցության հետքերը ակնհայտ էին։
Լուսանկարը` REUTERS
Միեւնույն ժամանակ, Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան: Քանի որ Թուրքիան հանդես է գալիս որպես Իսրայելի գլխավոր քննադատ եւ մրցակից Մերձավոր Արեւելքում, Իսրայելի առաջնորդները եւ Վաշինգտոնում նրանց ավանդական նեոկոնսերվատիվ դաշնակիցները, օրինակ՝ Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը (FDD), ագրեսիվորեն առաջ են մղում քարոզարշավ, որի նպատակն է ուռճացնել Թուրքիայի գերիշխանական նկրտումները եւ դրանք ներկայացնել որպես հաջորդ գոյաբանական սպառնալիք՝ շատ իսրայելցիների ընկալմամբ՝ «նոր Իրան»։ Նրանց գործելաոճը հստակ է. ինչպես Իրանը տասնամյակներ շարունակ ներկայացվում էր որպես չարագործ «շիական առանցքի» առաջնորդ, այնպես էլ Թուրքիան այժմ ներկայացվում է որպես «սուննիական առանցքի» առաջնորդ՝ որը նույն ճամբարում է «Համասի», «Մուսուլման եղբայրների», Կատարի եւ Սիրիայի հետջիհադիստական կառավարության հետ։
Այս պատմության այլ տարրերից են մեղադրանքներն այն մասին, որ Անկարան արտահանում է իսլամիզմ, խաթարում է ժողովրդավարությունը, թուլացնում է ՆԱՏՕ-ի դաշինքը եւ ճնշում է փոքրամասնություններին, օրինակ՝ քրդերին։
Հենց այս համատեքստում է պետք դիտարկել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Տարածաշրջանի այն հիմնական երկրների արձագանքները, որոնց վրա այս քայլն անմիջական ազդեցություն ունի, խոսուն են։ Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս քայլի մերժումը սպասելի էր, ապա Հայաստանի արձագանքը զարմանալիորեն զուսպ էր։ Վերջերս վերընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում նախընտրական ծրագրի առանցքում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էր, ցեղասպանության միջազգային ճանաչումը երկրորդ պլան մղեց։
Ինչպես եւ ակնկալվում էր, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մերժեց այդ քայլը, իսկ երկրի գլխավոր ռաբբին կոչ արեց Քնեսեթին չեղյալ համարել ճանաչումը՝ զգուշացնելով, որ դա կարող է վտանգել Ադրբեջանի հրեաների անվտանգությունը։ Այդպիսով նա ակամայից բացահայտեց, որ Բաքվի՝ հրեական համայնքի նկատմամբ հանդուրժողականությունը ցուցադրելու տասնամյակներ տեւած արշավն իրականում միշտ էլ եղել է Իսրայելի եւ ԱՄՆ-ում գործող իսրայելամետ լոբբիի հետ կապերն ամրապնդելու խորամանկ հնարք։
Ավելի խոսում էին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիք Զուլֆուգարովի հայտարարությունները, ում տեսակետները հաճախ արտացոլում են Բաքվի իշխանությունների տեսակետները։ Նա, մասնավորապես, ասել է. «Կարծում եմ՝ սա մեզ համար լավ առիթ է հեռավորություն պահպանելու Նեթանյահուի կառավարությունից՝ հաշվի առնելով Իրանի քաղաքական վերնախավի շրջանում աճող համակրանքը Ադրբեջանի նկատմամբ»։
Լուսանկարը` REUTERS
Այս վերջին պնդումը կասկածելի է. Թեհրանը կասկածում է, որ Բաքուն աջակցել է Իսրայելի գործողություններին, սակայն նրա ավելի լայն դիտարկումը՝ Նեթանյահուից հեռու մնալու անհրաժեշտության մասին, ուշագրավ է. Իսրայելը բեռ է դառնում Բաքվի համար։ Իրանի դեմ պատերազմ սկսելով, որում չի կարող հաղթել, Իսրայելը ճնշման տակ է դրել Ադրբեջանին, ինչպես երեւաց պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց Ադրբեջանի վրա Իրանի անօդաչու թռչող սարքերի հարվածներից։ Այժմ, սրելով լարվածությունը Թուրքիայի հետ, Իսրայելը Ադրբեջանին ստիպում է անհնարին ընտրություն կատարել՝ Անկարայի հետ ռազմավարական գործընկերության եւ Երուսաղեմից ռազմական կախվածության միջեւ։
Ինչպես եւ կանխատեսվում էր, Իսրայելի քայլը Թուրքիայի կողմից թշնամաբար ընդունվեց, Ադրբեջանում խորացրեց երկու երկրների հարաբերությունների ապագայի վերաբերյալ կասկածները, իսկ ենթադրյալ շահառուն՝ Հայաստանը, արձագանքեց հաշվարկված անտարբերությամբ։
Իսրայելը չի կարող ապավինել բարոյական արդարացումներին։ Այն չի կարող պնդել, որ «բարոյական պարտականություն» ունի հիշելու զոհված հայերին՝ միաժամանակ զինելով հենց այն պետությունը, որը նոր է ավարտին հասցրել Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումը, մինչդեռ Գազայում սեփական գործողությունների համար ցեղասպանության հիմնավոր մեղադրանքներ է ստանում։
Այս ամենը թողնում է միայն մեկ հիմնավոր բացատրություն. Նեթանյահուի կառավարությունը պատրաստ է արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ Թուրքիային դիմադրելու համար։
Լուսանկարը` REUTERS
Այստեղ հիմնական հասցեատերը տարածաշրջանը չէ, այլ Վաշինգտոնը։ Այս արշավի վերջնական նպատակը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առճակատում հրահրելն է։ Նույն շրջանակները, որոնք տասնամյակներ շարունակ պաշտպանում էին ռեժիմի փոփոխությունը Իրաքում, Լիբիայում, Սիրիայում եւ Իրանում, այժմ իրենց ուշադրությունը տեղափոխում են դեպի Թուրքիա, մինչդեռ Իրանի հարցը շարունակում է չլուծված մնալ։ Նրանք ձգտում են Միացյալ Նահանգներին ներքաշել Մերձավոր Արեւելքում հերթական անվերջ հակամարտության մեջ, այս անգամ ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ, եւ այդ ամենը՝ Իսրայելի ռազմավարական շահերը սպասարկելու համար։
Միացյալ Նահանգները պետք է թույլ չտա, որ իրեն ներքաշեն Թուրքիայի հետ առճակատման մեջ։ Քանի որ Իրանի պատերազմի ֆիասկոն դեռեւս ամբողջությամբ հաղթահարված չէ, իսկ Իրաքում, Աֆղանստանում եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներում ձախողված միջամտությունների հիշողությունները դեռ թարմ են, Վաշինգտոնը պետք է Նեթանյահուի կառավարությանը հստակ հասկացնի, որ Իսրայելն ազատ է վարելու իր արտաքին քաղաքականությունը այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում, սակայն Միացյալ Նահանգները տարածաշրջանում որեւէ նոր ռազմական արկածախնդրության չի մասնակցի։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply