Category: ArmPulse

  • Անվճար տրանսպորտի կեղծ առաջարկով հափշտակում են «Telcell Wallet»-ի և բանկային քարտերի գումարները. զգուշացում | Հասարակություն

    ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։

    Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։

    Կիբեռոստիկանությունը հորդորում է՝

    չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,

    չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,

    «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։

    Կիբեռոստիկանությունը հիշեցնում է՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով:  

  • Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07

    Էկոպարեկային ծառայությունը հորդորում է անտառային հրդեհ նկատելու դեպքում չհապաղել։
  • Դանիել Իոաննիսյան. Փաշինյանի հետ վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը առերևույթ քաղաքական հետապնդում է | Քաղաքականություն

    «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելու դեպքին՝ այն որակելով առերևույթ քաղաքական հետապնդում։

    Իոաննիսյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է.

    «Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի»։

    ՀԿ համակարգողը նաև տարակուսանք է հայտնել աշխատանքից ազատման պաշտոնական հիմնավորման վերաբերյալ՝ հարցադրում անելով հաստիքի կրճատման իրավաչափության մասին.

    «Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»,- գրել է Իոաննիսյանը։

  • Հայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունը | Քաղաքականություն

    Եվրամիության խորհուրդը՝ Ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության շրջանակում, հուլիսի 13-ին Հայաստանում մեկնարկում է քաղաքացիական բնույթի խորհրդատվական գործընկերային առաքելություն: Խորհրդի հայտարարության համաձայն՝ ապրիլի 21-ին պաշտոնապես ստեղծված այս առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և մեծացնելու անվտանգության մարտահրավերներին դիմակայելու կարողությունները:

    Առաքելության ուշադրության կենտրոնում են լինելու կիբերսպառնալիքները, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը: Այդ նպատակով եվրոպացի մասնագետները կտրամադրեն ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կնպաստեն Հայաստանի տարբեր պետական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

    Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԵՄ-ն ներկայացրել է Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ, որը պետք է օգնի հակազդելու Ռուսաստանի ճնշմանը:

    «Այսօր մենք տեղակայում ենք ԵՄ նոր առաքելությունը: ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին պայքարելու կիբեռսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև հակազդելու ապօրինի ֆինանսական հոսքերին: ԵՄ-ն դիմացկուն, անկախ Հայաստանի և հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքի ամենամեծ ջատագովն է: Մենք այնպես կանենք, որ Հայաստանը միայնակ չբախվի արտաքին հարկադրանքի»,- հայտարարել է Կալասը:

  • Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից | Հայաստան

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

    Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքների համապատասխան հոդվածները։ Որպես որոշման հիմք է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի սեփական դիմումը։

    Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:

  • Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը | Հասարակություն

    Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։

    Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

    Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում նախապատրաստվում են նյութեր, իրավապահները պարզում են վարորդների ինքնությունը։

  • Ալիևն ասել է, որ Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից լիակատար դուրս գալու հարցը | Քաղաքականություն

    Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Շուշիի չորրորդ գլոբալ մեդիա ֆորումում իր բացման ելույթում Ալիևը հայտարարել է.«Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը քննարկում է այս կազմակերպությունից լիակատար դուրս գալու հարցը»։

    «Սա պարզապես մեր անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու հարց չէ. մենք անպայման քննարկում ենք այս կառույցից դուրս գալու հարցը», – հավելել է նա։

    Ալիևը հավաստիացրել է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կապ է հաստատել իր հետ և խնդրել է  չանել դա, այլ գտնել իրավիճակը բարելավելու միջոց։

    Նրա խոսքով՝ շրջադարձային պահը 2024 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցնելու որոշումն էր։

    Հիշելով 2001 թվականին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարման ժամանակը, Ալիևը հարաբերությունների վատթարացումն անվանել է «ցավալի» և նշել, որ Բաքուն հետաքրքրված չէ լարվածության հետագա սրմամբ։

    «Նրանք պետք է վերականգնեն մեր պատվիրակության քվեարկության իրավունքը։ Դրանից հետո ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա։ Մենք որևէ սխալ քայլ չենք ձեռնարկել։ Նրանք անարդար որոշում են կայացրել։ Հետևաբար,  պետք է նահանջեն և ընդունեն իրենց սխալները։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ մտահոգությունը», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

     

  • Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է | Հասարակություն

    Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5-րդ կիլոմետրին բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ տուժածներից մեկը՝ 6 ամսական երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

    Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացած երեխայի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք (տուգանային հրապարակ)։

  • Քաղաքականության փոխարեն ականատես ենք լինում բռնությանը․ Արմեն Աշոտյան | Քաղաքականություն

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

    «Եթե ինչ-որ հրաշքով Հին Հունաստանի «դեմքերը» հայտնվեին այսօրվա Հայաստանում, ապա, անկասկած, նախ կարձանագրեին, որ իրենց զավակ ժողովրդավարությունը մեր երկրում գոյություն չունի:

    Ավելին, նրանց աչքից չէր վրիպի նաև այն հանգամանքը, որ մեր օրերի Հայաստանն ավելի շուտ նման է տիրանիայի:

    Սակայն այսքանով նրանք չէին սահմանափակվի: Վերլուծելով մեր երկրի ներկայիս քաղաքական-հասարակական կյանքը՝ նրանք ևս երկու հույժ կարևոր ախտորոշում կանեին, որոնցից մեկի մասին հիմա կխոսեմ:

    Այսօրվա Հայաստանում չկա քաղաքականություն: Այս դառը ճշմարտությունը չէր վրիպի իմաստունների աչքից: Քաղաքականության փոխարեն՝ մենք ականատես ենք լինում բռնությանը՝ վերբալից մինչև ֆիզիկական: Եթե ֆիզիկականի իմաստով ամեն ինչ պարզ է, ապա վերբալ բռնության մասին հարկ է մի քիչ մանրամասնել:

    2018-ից հետո քաղաքական դիսկուրսը գնալով փոխարինվում է գոռգոռոցներով, իսկ դրանք ոչ թե քննարկումների, այլ բռնության նշան են: Իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն իշխող ռեժիմի նախաձեռնությամբ լցվեցին աղմուկով՝ բովանդակության փոխարեն, և այս խաղն անհավասար է, քանզի, երբ նույնիսկ իրենց կողմից պարտադրված այս «մարզաձևում» իշխանությունը պատասխան հարվածներ է ստանում, նրա արձագանքն անազնիվ է. լեզվակռիվը վերածվում է իրական ֆիզիկական բռնության ընդդիմության նկատմամբ:

    Պատկերավոր ասած՝ ռեժիմը քաղաքական պայքարը նախ վերածում է MMA-ի, իսկ հետո, երբ դիմացինը դիմադրում է այդ նոր կանոններով, փորձելով պաշտպանվել հենց MMA-ի մեթոդներով, նրան «security»-ի ուժերով հեռացնում են ռինգից:

    Մեր երկրի քաղաքական կյանքն անտագոնիստական է, իսկ անտագոնիզմը բերում է բախումների, բախումները՝ բռնության, բռնությունը՝ քաղաքականության վախճանի: Սա է ժամանակակից ավտորիտարիզմի մատրիցան. արտաքուստ՝ պլյուրալիստական, արդյունքում՝ ռեպրեսիվ:

    Եվ սա հակաքաղաքական է, որովհետև քաղաքականությունն ի բնե, ի ծնե տարբերությունների մասին է: Զբաղվել քաղաքականությամբ՝ նշանակում է գործ ունենալ տարակարծությունների հետ:

    Ներկայիս անտագոնիստական մոդելը Փաշինյանի գիտակցված ընտրությունն է այն հույսով, որ իշխանությունները բռնության դեպքում ունեն աներկբա առավելություն՝ բռնության պետական մենաշնորհ:

    Սակայն սա թերի հաշվարկ է, քանզի անխուսափելի է այն պահը (պատմության մեջ բազում դեպքերով ապացուցված,- Ա. Ա.), որ իշխանության կողմից բռնության մենաշնորհի երկարատև և ոչ լեգիտիմ չարաշահման դեպքում այդ սահմանադրական մենաշնորհը դադարում է զսպող գործոն լինել սահմանադրի՝ ժողովրդի համար, ինչը կործանարար է դառնում ամբողջ պետության համար:

    Անշուշտ, անտագոնիզմն ունի այլընտրանք, որը հույները կոչում էին ագոնիզմ, երբ քաղաքական հակամարտությունը սահմանափակվում է միայն կոնտենտով, գաղափարներով և մրցակցային արժեքներով: Բայց քանի որ այս խաղում սպիտակներով խաղում է իշխող ռեժիմը, հենց նա է ընտրել անտագոնիզմը որպես մոդել և նպատակադրված կերպով փոխարինում է իրական քաղաքականությունը, որը ենթադրում է ազնիվ մրցակցություն, բռնությամբ, որտեղ իր ձեռքերում է մենաշնորհի սահմանադրական և փաստացի լծակը:

    Հին հույների կողմից ներկայիս Հայաստանին տրվող մեկ այլ ախտորոշման մասին կխոսենք հաջորդ հրապարակման մեջ:

    (Շարունակելի…)»։ 

  • Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ․Կոբախիձե | Քաղաքականություն

    Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հետ՝ չնայած նրա ընդունած քննադատական ​​բանաձևին, որի պատճառով Վրաստանի պատվիրակությանը լքել է նիստերի դահլիճը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

    Կոբախիձեն հայտարարել է, որ համագործակցությունը կշարունակվի, սակայն այդ համագործակցության որակը կախված կլինի այն բանից, թե ինչպես կշարունակի իր գործունեությունը ԵԱՀԿ ԽՎ-ն՝ կրկին կմնա կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակում, թե՞ կբարձրանա Ջո Ուիլսոնի մակարդակից։

    Նրա խոսքով՝ դա սկզբունքային հարց կլինի Վրաստանի պատվիրակության և ԵԱՀԿ ԽՎ-ի հետագա համագործակցության համար:

    Կոբախիձեն նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն և եվրոպական այլ ինստիտուտներ բացահայտորեն ներգրավված են Վրաստանում իշխանափոխության փորձի գործընթացում։

    Հուլիսի 8-ին ԵԱՀԿ ԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ հռչակագիր է ընդունել։ Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի պատրաստած բանաձևը, որում, ի թիվս այլ բաների, ասվում էր, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի ՏԻՄ ընտրություններն իբր խնդրահարույց են և չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ավելին, փաստաթուղթը ևս մեկ անգամ քննադատել է Վրաստանին՝ ենթադրյալ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ ի նշան բողոքի լքել է նիստերի դահլիճը։