Category: ArmPulse

  • Իսրայելը կասեցրել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը | Քաղաքականություն

    Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագծի քվեարկությունը կասեցվել է, գրում է իսրայելական JNS-ը։ Նշվում է, որ քվեարկությունը հետաձգվել է «դիվանագիտական առումով զգայուն ժամանակահատվածում», երբ տարածաշրջանում լարվածություն է առաջացել՝ Պարսից ծոցում նոր զարգացումների պատճառով։

    Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով կառավարությունում ներկայացրել էր ճանաչման առաջարկը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա ճիշտ քայլ է և պատմական արդարության հարց։

  • Ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, բայց Երևանի քաղաքապետարանը մերժել է պատճառված վնասի փոխհատուցման պահանջը | Հասարակություն

    ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով մերժվել է Արմեն Գեղամյանի դիմումը՝ ծառի ընկնելու հետևանքով վնասված ավտոմեքենայի համար 420-500 հազար դրամի չափով վնասի փոխհատուցում ստանալու պահանջի վերաբերյալ։ Ըստ որոշման՝ դիմողի ներկայացրած փաստաթղթերով չի հիմնավորվել վնասի չափը, վնասվածքների առաջացման պատճառները և պատահարի ու պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապը, քանի որ չեն ներկայացվել համապատասխան փորձագիտական եզրակացություններ։ Այդ պատճառով Երևանի քաղաքապետարանը վնասի փոխհատուցման պահանջը համարել է չհիմնավորված և մերժել դիմումը։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

    Որոշումն ուժի մեջ կմտնի այն ստանալու հաջորդ օրը։ Այն կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

    1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արմեն Գեղամյանի 2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
    2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումի քննության նպատակով 2026 թվականի հունիսի 25-ին, ժամը 11.00-ին հրավիրված լսումների մասին 2026 թվականի հունիսի 12-ի թիվ 07/77432-26 գրությամբ պատշաճ ծանուցվել է Արմեն Գեղամյանը, սակայն լսումներին չի ներկայացել:

    Ուսումնասիրելով 2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դիմումին կից ներկայացված ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

    2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Դիմումով Արմեն Գեղամյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի մայիսի 14-ին, ժամը՝ 21:00-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 29 հասցեի դիմաց ծառն իր սեփականությունը հանդիսացող «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 420.000-500.000 (չորս հարյուր քսան հազարից հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

    Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի աշխատակցի կողմից
    2026 թվականի մայիսի 14-ին կազմվել է հասցե այցելելու վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն՝ Մարաշի բաժնի ՕՕԿ-ից ստացված հաղորդման շրջանակներում Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 29 հասցե այցելելու արդյունքում պարզվել է, որ նշված հասցեի դիմաց գտնվող ծառի մեծ ճյուղը կոտրվել և ընկել է նույն հասցեում կայանված՝ «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա: 2026 թվականի ապրիլի 18-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB828872 վկայագրի համաձայն՝ «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Արմեն Գեղամյանի սեփականությունը:

    Դիմումի ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից 2026 թվականի հունիսի 13-ին պարզաբանվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց թիվ 29 հասցեի դիմաց 2026 թվականի մայիսի 14-ին կոտրված և «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկած կենսունակ հացենու հաստաբուն, կենսունակ ցողունը մայիսի 15-ին նույն կազմակերպության կողմից մասնատվել և դուրս է բերվել տարածքից:

    2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով Արմեն Գեղամյանի կողմից չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասի չափի, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ:

    3. Որոշումն ընդունելու հիմնավորումները. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
    «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

    Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Դիմումին կից չեն ներկայացվել «Nissan» մակնիշի «04 OQ 060» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 420.000-500.000 (չորս հարյուր քսան հազարից հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով.

    1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արմեն Գեղամյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2026 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-57821-26 դիմումը մերժել:
    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
    3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 

  • «Բեսյաչի նառոդ»․ Երևանում բնակվող ռուս բլոգերը հայհոյել է հայերին և քննադատել Վարդավառի տոնը | Հասարակություն

    Երևանում բնակվող ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովան Instagram-ի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել, որտեղ կոպիտ և հայհոյախառն արտահայտություններով խոսում է Վարդավառի տոնի և հայերի մասին։

    Պիրոժկովան բացահայտ արհամարհանք և ագրեսիա է դրսևորել հայկական մշակութային արժեքների հանդեպ՝ տոնն անվանելով «դեբիլություն»։ Բլոգերը դրանով չի սահմանափակվել․ նա բացահայտ ատելության խոսք է հնչեցրել հենց հայ ազգի հասցեին՝ տեղացիներին անվանելով «նյարդայնացնող ժողովուրդ» (бесячий народ)։ Նա պահանջել է, որ իրեն «հանգիստ թողնեն»։

    Օգտատերերը մեկնաբանություններում նշել են, որ սա բացահայտ անհարգալից վերաբերմունք է և վիրավորանք այն երկրի հանդեպ, որտեղ նա ապրում ու գործունեություն է ծավալում։ Հանրության շրջանում արդեն հնչում են կոչեր՝ պատժամիջոցներ կիրառելու կամ նրան երկրից արտաքսելու վերաբերյալ։

    Հավելենք, որ բլոգերը շտապել է փակել իր էջի մեկնաբանությունները։ 

  • Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Փաշինյանի հետ վիճած բժշկուհին․ քաղաքապետարանի պարզաբանումը | Քաղաքականություն

    Երևանի քաղաքապետարանից արձագանքել են Factor.TV-ի հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճ ունեցած թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը․

    «Առողջության պարտադիր ապահովագրության ընդունումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, այդ թվում՝ գինեկոլոգների։ Հավելյալ պահպանված հաստիքներն առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում՝ (բաժնի վարիչ) հասկացությունը, որը ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ։ Բուժական գծով փոխտնօրեններն ունակ են լուծելու բուժառուի ցանկացած հարց։ Այս գործընթացը սկսվել է դեռևս այս տարվա հունվարից՝ Առողջության պարտադիր ապահովագրության գործարկումից հետո»։  

  • ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը․ Թրամփ

    ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Իրանը «ոչինչ չունի»։
  • Եվրահանձնաժողովն ամռանից հետո կներկայացնի առաջարկ՝ սահմանափակելու երեխաների մուտքը սոցիալական ցանցեր | Հասարակություն

    Եվրահանձնաժողովն ամռանից հետո կներկայացնի առաջարկ՝ սահմանափակելու երեխաների մուտքը սոցիալական ցանցեր, այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հայտնում է։

    «Ազատության» տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ երեխաներին անհրաժեշտ է ժամանակ անցկացնել իրական աշխարհում։ Ժամանակ՝ խաղալու, ընկերական կապեր հաստատելու, սխալներ թույլ տալու համար։ Ժամանակ՝ սեփական ինքնությունն ու անհատականությունը ձևավորելու, նախքան ալգորիթմը դա նրանց փոխարեն կանի։

    ԵՄ փորձագիտական խումբը կոչ է անում սահմանափակել սոցիալական ցանցերը մինչև 13 տարեկան երեխաների համար ամբողջ Եվրոպայում․ այսօր Բրյուսելում հրապարակված զեկույցը հորդորում է բացառություն անել միայն այն դեպքում, երբ երեխան սոցցանցեր է մտնում ծնողների կամ կրթական հաստատության հսկողության ներքո։

    Ակնկալվում է, որ ԵՄ-ը օրենսդրական առաջարկներ կներկայացնի այս տարվա վերջին։

  • «ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն»

    Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը
  • «Լուսավոր Հայաստան»-ում իմ առաքելությունը համարում եմ ավարտված․Դավիթ Խաժակյան | Քաղաքականություն

    «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) անդամ, Երևանի ավագանու նախկին պատգամավոր Դավիթ Խաժակյանը հայտարարել է կուսակցությունում իր առաքելությունն ավարտելու և հեռանալու մասին: Այս մասին նա տեղեկացրել է սոցցանցի իր էջերում տարածած հայտարարությամբ:

    Խաժակյանը նշել է, որ 21 տարեկանում քաղաքականություն մտնելու որոշումը բարդ, բայց գիտակցված ընտրություն էր, որի համար չի ափսոսում, իսկ անցած տարիներն իր համար եղել են քաղաքական հասունացման շրջան։

    «Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար»,- գրել է նա։

    Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին՝ ընդգծելով, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը եղել է իր անձնական ընտրությունը:

    Հայտարարության վերջում Խաժակյանը մեջբերել է Արթուր Մեսչյանի հայտնի տողերը՝ «Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ…»՝ հավելելով, որ վերարժևորում է անցած ճանապարհը և շարժվում առաջ՝ նոր շնչով:

  • Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ | Սպորտ

    Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը բրոնզե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների (U20) Եվրոպայի առաջնությունում։

    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ պատվո հարթակի երրորդ աստիճանի համար մղված վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը տպավորիչ հաղթանակ է տարել։ Ղազարյանը 4:1 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Պասկուալ Լյուցցիի նկատմամբ և արժանացել հեղինակավոր ստուգատեսի բրոնզե պարգևին։

    Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչները նույնպես շարունակում են պայքարը մեդալային տեղերի համար: