Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Շուշիի չորրորդ գլոբալ մեդիա ֆորումում իր բացման ելույթում Ալիևը հայտարարել է.«Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը քննարկում է այս կազմակերպությունից լիակատար դուրս գալու հարցը»։
«Սա պարզապես մեր անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու հարց չէ. մենք անպայման քննարկում ենք այս կառույցից դուրս գալու հարցը», – հավելել է նա։
Ալիևը հավաստիացրել է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կապ է հաստատել իր հետ և խնդրել է չանել դա, այլ գտնել իրավիճակը բարելավելու միջոց։
Նրա խոսքով՝ շրջադարձային պահը 2024 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցնելու որոշումն էր։
Հիշելով 2001 թվականին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարման ժամանակը, Ալիևը հարաբերությունների վատթարացումն անվանել է «ցավալի» և նշել, որ Բաքուն հետաքրքրված չէ լարվածության հետագա սրմամբ։
«Նրանք պետք է վերականգնեն մեր պատվիրակության քվեարկության իրավունքը։ Դրանից հետո ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա։ Մենք որևէ սխալ քայլ չենք ձեռնարկել։ Նրանք անարդար որոշում են կայացրել։ Հետևաբար, պետք է նահանջեն և ընդունեն իրենց սխալները։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ մտահոգությունը», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Leave a Reply