Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հետ՝ չնայած նրա ընդունած քննադատական բանաձևին, որի պատճառով Վրաստանի պատվիրակությանը լքել է նիստերի դահլիճը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
Կոբախիձեն հայտարարել է, որ համագործակցությունը կշարունակվի, սակայն այդ համագործակցության որակը կախված կլինի այն բանից, թե ինչպես կշարունակի իր գործունեությունը ԵԱՀԿ ԽՎ-ն՝ կրկին կմնա կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակում, թե՞ կբարձրանա Ջո Ուիլսոնի մակարդակից։
Նրա խոսքով՝ դա սկզբունքային հարց կլինի Վրաստանի պատվիրակության և ԵԱՀԿ ԽՎ-ի հետագա համագործակցության համար:
Կոբախիձեն նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն և եվրոպական այլ ինստիտուտներ բացահայտորեն ներգրավված են Վրաստանում իշխանափոխության փորձի գործընթացում։
Հուլիսի 8-ին ԵԱՀԿ ԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ հռչակագիր է ընդունել։ Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի պատրաստած բանաձևը, որում, ի թիվս այլ բաների, ասվում էր, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի ՏԻՄ ընտրություններն իբր խնդրահարույց են և չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ավելին, փաստաթուղթը ևս մեկ անգամ քննադատել է Վրաստանին՝ ենթադրյալ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ ի նշան բողոքի լքել է նիստերի դահլիճը։
Leave a Reply