Եվրամիության խորհուրդը՝ Ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության շրջանակում, հուլիսի 13-ին Հայաստանում մեկնարկում է քաղաքացիական բնույթի խորհրդատվական գործընկերային առաքելություն: Խորհրդի հայտարարության համաձայն՝ ապրիլի 21-ին պաշտոնապես ստեղծված այս առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և մեծացնելու անվտանգության մարտահրավերներին դիմակայելու կարողությունները:
Առաքելության ուշադրության կենտրոնում են լինելու կիբերսպառնալիքները, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը: Այդ նպատակով եվրոպացի մասնագետները կտրամադրեն ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կնպաստեն Հայաստանի տարբեր պետական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԵՄ-ն ներկայացրել է Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ, որը պետք է օգնի հակազդելու Ռուսաստանի ճնշմանը:
«Այսօր մենք տեղակայում ենք ԵՄ նոր առաքելությունը: ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին պայքարելու կիբեռսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև հակազդելու ապօրինի ֆինանսական հոսքերին: ԵՄ-ն դիմացկուն, անկախ Հայաստանի և հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքի ամենամեծ ջատագովն է: Մենք այնպես կանենք, որ Հայաստանը միայնակ չբախվի արտաքին հարկադրանքի»,- հայտարարել է Կալասը:
Leave a Reply