Category: ArmPulse

  • «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի | Հասարակություն

    ՀՀ կառավարությունը շուրջ 63 մլն դրամ է հատկացրել «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման և նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Ֆինանսավորումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով։

    Մարզադաշտի արդիականացումը նպատակ ունի պատշաճ նախապատրաստվել 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային միջազգային խաղերին։

    Ըստ նախագծի հիմնավորման՝ մարզահամալիրում կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ.

    • Աթլետիկա և պարաաթլետիկա. Կհիմնվեն թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևերի վազքուղիներ ու մրցումային այլ անհրաժեշտ հարմարություններ։

    • Մարզումային տարածք. Կվերակառուցվի նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղին։

    • Ընդհանուր բարեկարգում. Մինչև խաղերի մեկնարկը կիրականացվեն հանդերձարանների, սանհանգույցների հիմնանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքներ։

    ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ արդեն իրականացվել է «Հրազդան» մարզադաշտի տեխնիկական վիճակի զննություն։ Ըստ այդմ՝ պարզվել է, որ մարզադաշտը կարող է տեղավորել շուրջ 21,566 հանդիսական, իսկ յարուսներում մարդկանց նստեցումը կտրուկ բացառվում է։ Տրիբունաների ծանրաբեռնվածությունը կբաշխվի հետևյալ կերպ.

    • Արևմտյան տրիբունա – 100% օգտագործում (8,100 մարդ),

    • Հարավային և հյուսիսային տրիբունաներ – 50% օգտագործում (մոտ 11,750 մարդ),

    • Արևելյան տրիբունա – կօգտագործվեն միայն առաջին 11 շարքերը (1,716 մարդ)։

    Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Քաղաքաշինության կոմիտեն արդեն մշակել է անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման տեխնիկական բնութագիրն ու գնային առաջարկը։

  • ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին | Հայաստան

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցում են Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին (WSIS FORUM 2026)։

    ՄԱԿ-ի հովանու ներքո Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կազմակերպած այս համաժողովը ՏՀՏ ոլորտի ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որին մասնակցում են ներկայացուցիչներ ավելի քան 170 երկրներից։

    Ֆորումի շրջանակում Մեսրոպ Մեսրոպյանը ելույթ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներին համախմբող «Leaders TalkX» պանելային քննարկմանը։ Իր խոսքում նա անդրադարձել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորումներին ու ապագա ծրագրերին.

    «Հանձնաժողովի, որպես էլեկտրոնային հաղորակցության ոլորտի կարգավորող մարմնի, ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների հասանելիության ընդլայնման մասով իրականացրած թիրախային կարգավորումները, միջոցառումներն ու արձանագրված արդյունքները՝ հնարավոր է եղել ապահովել լիցենզիոն պարտավորությունների սահմանման և ոլորտում մրցակցության խթանման գործառութների իրականացմամբ»։

    Ժնևյան այցի շրջանակում ՀԾԿՀ պատվիրակությունն անցկացրել է նաև մի շարք առանցքային հանդիպումներ.

    •  Երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի և Ռումինիայի հեռահաղորդակցության կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ։

    • Կողմերը հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մասնագիտական փորձի փոխանակման, երկկողմ համագործակցության խորացման և գործընկերային կապերի զարգացման ուղղությամբ։

  • Վաղարշակ Հակոբյանը ԱԺ չի գնա | Քաղաքականություն

    Վաղարշակ Հակոբյանը հայտնել է մանդատից հրաժարվելու ցանկության մասին: Այս մասին նա հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում:

     

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

    Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։

    Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։

    Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին», – գրել է նա։

  • Էրդողանն անդրադարձել է Թրամփի հետ հանդիպմանը. Հարավային Կովկասի թեման օրակարգում չի եղել | Տարածաշրջան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։

    Ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հարավային Կովկասի թեման, Էրդողանը պատասխանել է.

    «Այդ հարցը մեր օրակարգում չի եղել, սակայն մենք ցանկացած պահի կարող ենք պարոն Թրամփի հետ հեռախոսով կրկին քննարկել նմանատիպ թեմաներ»։

  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ պաշտպանական համագործակցության համար | Քաղաքականություն

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ պաշտպանական ոլորտում համագործակցության համար։

    Report-ի հարցին առցանց ձևաչափով պատասխանելով՝ Զելենսկին հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում արդեն իսկ շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանին և Թուրքիային համագործակցության համար՝ նշելով, որ ցանկանում է կրկնել այդ խոսքերը։

    «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իսկապես սկսել ենք համագործակցել նաև պաշտպանական ոլորտում։ Թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Սակայն երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը բավական արագ է զարգանում։ Խորին երախտագիտություն եմ հայտնում այդ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին»։

  • ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բայրամովի աղմկահարույց հայտարարությանը | Քաղաքականություն

    Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը արձագանքել Ադրբեջանի ԱԳ նախարարի աղմկահարույց հայտարարությանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցմանը։

    Բայրամովը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել, ավելին, պնդել է, թե դրա մուտքի և ելքի կետերը գտնվելու են Ադրբեջանի տարածքում։

    «Զանգեզուրի միջանցքի՝  Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ Միացյալ Նահանգները նույնպես մասնակցում է այս գործընթացին։ Բանակցությունները հիմնականում ընթանում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Միևնույն ժամանակ, իրողությունն այն է, որ այս միջանցքի թե՛ մուտքի, թե՛ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- հայտարարել է Բայրամովը։

  • Մամուլից եմ տեղեկացել. Նարեկ Կարապետյանը` իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին | Քաղաքականություն

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի մասին տեղեկացել է մամուլից։ Նրա պնդմամբ՝ որևէ իրավապահ կառույցից պաշտոնական հրավեր կամ ծանուցում չի ստացել։

    Անդրադառնալով երկքաղաքացիության վերաբերյալ հնարավոր կասկածներին՝ Կարապետյանը շեշտել է, որ բոլոր համապատասխան երկրները հարցումներին ի պատասխան հաստատել են, որ ինքն իրենց քաղաքացի չէ։ Ինչ վերաբերում է զինծառայությունից խուսափելու թեմային, նա նշել է, որ մի քանի ամիս առաջ իրավապահներն իրեն կանչել են բացատրություն տալու, սակայն այժմ այդ հարցով որևէ նոր գործընթաց չկա։

    «Այսօրվա Հայաստանում իրավական հիմքի բացակայությունը դեռ պատճառ չէ, որ քրեական վարույթ չհարուցվի»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանության ծրագրերը սին են։

    Նարեկ Կարապետյանը վերահաստատել է, որ իրենց քաղաքական ուժը խորհրդարան է գնում փոփոխություններ իրականացնելու և քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակով։ Խոսելով ընտրակաշառքների վերաբերյալ հնչող մեղադրանքների և ընտրությունների արդյունքների մասին՝ նա կասկածի տակ է դրել իշխանության լեգիտիմությունը.

    •  Կարապետյանի ձևակերպմամբ՝ իշխանական պատգամավորները կրում են «գողացված ձայների դրոշմը»։

    •  Նա նշել է, որ իրենց համար էական չէ ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու հաշվին լրացուցիչ մանդատներ ստանալը, քանի որ առաջնայինը ընտրությունների օրինականությունն է։

    Անդրադառնալով խորհրդարանական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հարցին՝ դաշինքի առաջնորդը հայտնել է, որ քաղաքական ուժի ներսում դեռևս քննարկումներ են ընթանում։ Որոշումը կայացվելու է՝ ելնելով բացառապես քաղաքական նպատակահարմարությունից և այն հանգամանքից, թե այդ պաշտոնները որքանով կօգնեն սահմանափակել կառավարող մեծամասնության («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) ազդեցությունը։

  • Հայաստանը Մարգարայի անցակետով 80 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան | Քաղաքականություն

    Հուլիսի 9-ին Բեյրութում տեղի է ունեցել Հայաստանի կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

    Մարդասիրական բեռը, որը կշռում է շուրջ 80 տոննա, ներառում է դեղորայք, բժշկական պարագաներ, սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Այն Լիբանան է տեղափոխվել ցամաքային ճանապարհով՝ հատելով Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը և անցնելով Թուրքիայի տարածքով։

    Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, ինչպես նաև պատգամավորներ և պետական այլ պաշտոնյաներ։

    • Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի հետ՝ նշելով, որ այս օգնությունը երկու ժողովուրդների պատմական բարեկամության վկայությունն է: Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումը Լիբանանի մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում։

    • Բասսամ Նաբուլսին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության համար՝ ընդգծելով, որ այն բարձր է գնահատվում Լիբանանի իշխանությունների և ժողովրդի կողմից։

  • Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց․Սամվել Կարապետյան | Քաղաքականություն

    Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց, համաշխարհային խայտառակություն էր դա։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպես արտահայտվեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ  Սամվել Կարապետյանը։

    Լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանը գործում է ակտիվ և մեկուսացնում է ընդդիմության առաջնորդներին, Կարապետյանն ասաց, որ նման գործելաոճը հանգեցնում է բազմաթիվ սխալների ։ Նա վստահություն հայտնեց, որ այդ սխալները կլինեն ճակատագրական և կգա օրա, որ ընդդիմությունն իր խոսքը կասի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը։

    Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ դրսևորված վերաբերմունքը ազդակ էր մյուս ընդդիմադիր առաջնորդներին, Կարապետյանը պատասխանեց․

    «Ես, Քոչարյանն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, և մեզ դրանով հնարավոր չէ վախեցնել։Հետևաբար, մեզ համար պետք է նոր, հետաքրքրի բան մտածեն»։