ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցում են Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին (WSIS FORUM 2026)։
ՄԱԿ-ի հովանու ներքո Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կազմակերպած այս համաժողովը ՏՀՏ ոլորտի ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որին մասնակցում են ներկայացուցիչներ ավելի քան 170 երկրներից։
Ֆորումի շրջանակում Մեսրոպ Մեսրոպյանը ելույթ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներին համախմբող «Leaders TalkX» պանելային քննարկմանը։ Իր խոսքում նա անդրադարձել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորումներին ու ապագա ծրագրերին.
«Հանձնաժողովի, որպես էլեկտրոնային հաղորակցության ոլորտի կարգավորող մարմնի, ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների հասանելիության ընդլայնման մասով իրականացրած թիրախային կարգավորումները, միջոցառումներն ու արձանագրված արդյունքները՝ հնարավոր է եղել ապահովել լիցենզիոն պարտավորությունների սահմանման և ոլորտում մրցակցության խթանման գործառութների իրականացմամբ»։
Ժնևյան այցի շրջանակում ՀԾԿՀ պատվիրակությունն անցկացրել է նաև մի շարք առանցքային հանդիպումներ.
-
Երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի և Ռումինիայի հեռահաղորդակցության կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ։
-
Կողմերը հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մասնագիտական փորձի փոխանակման, երկկողմ համագործակցության խորացման և գործընկերային կապերի զարգացման ուղղությամբ։
Leave a Reply