Category: ArmPulse

  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը | Հասարակություն

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

    «Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ աշխատակազմ,

     

    Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին՝ այն վստահության, ջերմ վերաբերմունքի, համատեղ աշխատանքի և միասին անցած ճանապարհի համար և միաժամանակ տեղեկացնել, որ դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը։ Այս որոշումն ինձ համար հուզիչ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք միասին ոչ միայն աշխատեցինք, այլև ձևավորեցինք փոխադարձ վստահության, հարգանքի և համագործակցության ամուր հիմք։

     

    Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում անցկացրած տարիներն ինձ համար եղել են պատասխանատվությամբ, փորձություններով, ձեռքբերումներով և, ամենակարևորը, մարդկանց վստահությամբ լի տարիներ։ Այդ ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք բազմաթիվ ծրագրեր, բարեկարգեցինք բակեր ու այգիներ, նորոգեցինք խաղահրապարակներ, իրականացրեցինք սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ նախաձեռնություններ՝ մշտապես առաջնորդվելով մեկ նպատակով՝ Մալաթիա-Սեբաստիան դարձնել ավելի հարմարավետ, զարգացած և արժանապատիվ համայնք։

     

    Այս ամենը հնարավոր չէր լինի առանց վարչական շրջանի նվիրված աշխատակազմի, գործընկերների և, իհարկե, մեր բնակիչների աջակցության, վստահության ու ակտիվ մասնակցության։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում եղել է մեր համատեղ աշխատանքը, փոխադարձ հարգանքն ու միասնականությունը։

     

    Մալաթիա-Սեբաստիան ինձ համար միշտ կմնա հարազատ, իսկ այստեղ ապրող յուրաքանչյուր մարդու բարեկեցությունն ու հաջողությունը՝ կարևոր։

     

    Շնորհակալ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, յուրաքանչյուր կառուցողական առաջարկի, յուրաքանչյուր համագործակցության և յուրաքանչյուր ձեռքբերման համար, որը միասին դարձրել ենք իրականություն։

     

    Սրտանց մաղթում եմ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը շարունակի զարգանալ, ծաղկել և լինել այն վայրը, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ, ապահով և խաղաղ կյանքով։

     

    Սիրով՝

    Ռոմիկ Մխիթարյան»,- գրել է նա:

  • Առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղվել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը | Հայաստան

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին վեց ամիսների ընթացքում առողջության ապահովագրության համակարգի շրջանակում 97 միլիարդ 4 միլիոն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը։

    Կառավարությունից տեղեկացնում են, որ այս տարվա առաջին 6 ամիսներին`համակարգում ընդգրկվել է 1 միլիոն 700 հազար շահառու, ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի։

    Ավելի քան 13 հազար մարդ ստացել է սիրտ-անոթային վիրահատություն, իսկ  ավելի քան 6 հազար մարդ օգտվել է ուռուցքաբանական ծառայություններից։

    Կառավարությունը շարունակում է ընդլայնել առողջության ապահովագրության համակարգը՝ ավելի շատ քաղաքացիների ապահովելով հասանելի և որակյալ առողջապահական ծառայություններով։

    2027 թվականի հունվարի 1-ից համակարգի շահառուներ կդառնան նաև քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները և բոլոր գրանցված աշխատողները։

     

  • Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից S-400 հրթիռների վաճառքի մասին հաղորդագրությունները | Քաղաքականություն

    Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ այդ երկրին նախկինում մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերի հատ կապված։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

    Ավելի վաղ թուրքական կառավարամետ «Հյուրիյեթ» թերթը հայտնել էր, որ Թուրքիայի կողմից նախկինում Ռուսաստանից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Թերթի տվյալներով՝ գործարքի մասին շուտով կհայտարարվի։ Պեսկովին հարցրել են, թե արդյոք Անկարան դիմել է վաճառքի թույլտվության համար, և ինչպես է Մոսկվան արձագանքել։

    «Այստեղ կարող եմ ասել մեկ բան. սա խիստ զգայուն հարց է։ Մենք շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ այս հարցի շուրջ։ Եվ մենք կշարունակենք շփումներ ունենալ», – պատասխանել է Կրեմլի խոսնակը։

    Հուլիսի 9-ին «Հյուրիյեթ»-ը հայտնել է, որ Անկարան փնտրում է իրավական լուծում, որը կբավարարի ԱՄՆ-ին, թույլ տալով նրան հրաժարվել CAATSA պատժամիջոցներից և վերադառնալ F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրին։ Իր հերթին, «Օքսիջեն» թերթը ԱՄԷ-ն անվանել է S-400-ի հավանական գնորդ։

  • Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում ականի պայթյունի երկու դեպք է գրանցվել

    Նշվում է, որ տվյալ տարածքում նախկինում ևս գրանցվել են ականի պայթյունի դեպքեր
  • Թուրքիան ՌԴ-ից գնած С-400-ները վաճառել է երրորդ երկրի․ Hürriyet | Տարածաշրջան

    Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են ԱՄԷ–ին, գրում է Hürriyet–ը։

    Թուրքական թերթը նշում է, որ որոշ տեղեկություններով էլ՝ համակարգերը վաճառվել են Կատարին։ Հոդվածում ասվում է, որ երկու երկրները տարածաշրջանում ստեղծված լարվածության՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ֆոնին, հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք ունեն։

    Թուրքիայի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել գործարքի մասին։

  • Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները | Մշակույթ

    Փարիզում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հանդիպումը։ Աշխատանքային այցի շրջանակում կողմերը քննարկել են երկկողմ մշակութային կապերի խորացումը և առաջիկա խոշոր նախագծերը։

    Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:

    Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մշակույթը հայ-ֆրանսիական հարաբերությունների առանցքային ուղղություններից է։ Որպես հաջողված փոխգործակցության օրինակ՝ նախարարն առանձնացրել է Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությունը։

    Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրված մշակութային համաձայնագրերին, դրանց արդյունքներին և հետագա զարգացման հեռանկարներին։

    Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Ֆրանկոֆոնիայի շրջանակում գործակցությանը: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այս հարթակին և ներկայացրել է առաջիկա ծրագրերը.

    • 2027 թ. հուլիս – Երևանում կհյուրընկալվի Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովը:

    • Համաժողովից հետո – Մեկնարկելու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային միջազգային խաղերը:

    Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարը բարձր է գնահատել համատեղ նախաձեռնությունների ընթացքն ու արդյունքները: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հետևյալ ոլորտներում.

    • Թանգարանային գործ և մշակութային փոխանակումներ,

    • Մշակութային ժառանգության պահպանություն,

    • Ժամանակակից արվեստ։

    Կատրին Պեգարը կարևորել է Հայաստանի ակտիվ ներդրումը ֆրանկոֆոն շարժման մեջ և վստահություն հայտնել, որ Երևանում սպասվող միջոցառումները կանցկացվեն բարձր մակարդակով։

  • ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է. «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են | Հասարակություն

    ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ զգուշացնելով քաղաքացիներին բջջային օպերատորների անունից հանդես եկող խարդախների ակտիվացման մասին: Չնայած իրավապահների բազմաթիվ իրազեկումներին՝ շարունակում են արձանագրվել նոր տուժածնե, հայտնում են ՆԳՆ–ից։

    Չարագործները ներկայանում են որպես Հայաստանում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով համոզում են քաղաքացիներին հեռախոսում հատուկ ծրագրեր ներբեռնել։

    Առաջարկվող ծրագրերի տեղադրումը հանցագործներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ քաղաքացիների բջջային հեռախոսներին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել դրամական միջոցները։

    ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։

    Կիբեռոստիկանությունը հորդորում է անվտանգության համար հետևել այս կանոններին.

    • Մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց կողմից առաջարկվող ոչ մի ծրագիր կամ հավելված:

    • Մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ անձնական այլ տվյալներ:

    • Անմիջապես անջատեք կասկածելի զանգը և անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ:

  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց

    Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը և գրավ:
  • Նախատեսվում է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը | Հայաստան

    Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով սահմանվում է գործադիրի անդամների երդման նոր տեքստը։

     Փոփոխության հիմնական նպատակն է կատարելագործել երդման իրավական բովանդակությունը՝ դրանում ավելի հստակ արտացոլելով պետականության ամրապնդման, ժողովրդավարական կառավարման, ինչպես նաև հանրային ու պետական շահերի պաշտպանության արժեքները։

    Նոր տեքստն առավել ամբողջական կդարձնի Կառավարության անդամների պատասխանատվության շրջանակը պաշտոնը ստանձնելիս և կընդգծի պետական իշխանության հիմնարար արժեքները։