Category: ArmPulse

  • Հայաստանը կարող է լինել եվրոպական զարգացումների կենտրոնում․ Վասիլիս Մարագոս | Հայաստան

    Հայաստանը գտնվում է իր ժամանակակից պատմության շրջադարձային կետում՝ ձգտելով վերաիմաստավորել իր աշխարհաքաղաքական դիրքը, խորացնել կապերը Եվրոպական միության հետ եւ հաղթահարել աճող տարածաշրջանային եւ ներքին մարտահրավերները։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի համար պահի նշանակությունը դուրս է դիվանագիտության սահմաններից։

    «Հայաստանը կարեւոր ուղերձ հղեց Եվրոպային»,- ասել է նա եվրոպական երեք լրատվամիջոցներին տված բացառիկ հարցազրույցում։

    – Վերջերս Դուք հայտարարեցիք, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ավելի է մոտենում իր եվրոպական ապագային, թեկուզ որոշ ոլորտներում։ Եվ ինչպե՞ս է ԵՄ-ն ծրագրում օգնել Հայաստանին հզորացնել իր տնտեսությունը եւ նվազեցնել Ռուսաստանից նախկինում ունեցած կախվածության հետ կապված հնարավոր ռիսկերը:

    – Մենք մեկնարկել ենք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործընթաց՝ բոլոր ասպարեզներում։ Սա առաջադրանք էր, որը Եվրոպական խորհրդի շրջանակում մեզ տրվել էր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից։ Ելնելով դրանից՝ մենք ակտիվ համագործակցել ենք Հայաստանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարող ենք անել միասին։ Դա արդեն հանգեցրել է նրան, որ վերջին երեք տարում մենք մի քանի առաջատար նախագծեր ենք սկսել Հայաստանի հետ։

    Մեր կողմից օգտագործվող հիմնական գործիքը 270 միլիոն եվրո բյուջեով Դիմակայունության եւ աճի ծրագիրն է։ Այս մասին հայտարարվել է 2024 թվականի ապրիլին եւ այժմ այն մոտ է իրականացմանը։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը տնտեսական ոլորտում, էներգետիկայի ասպարեզում, հասարակության մեջ, ինչպես նաեւ ամրապնդել մասնավոր հատվածին եւ ենթակառուցվածքներին ուղղված աջակցությունը։

    – Ի՞նչ գործնական նշանակություն ունի այն Հայաստանի տնտեսության համար։

    – Առեւտրի եւ էներգետիկայի առնչությամբ կարող եմ հիշատակել մեր ուշադրության կենտրոնում գտնվող որոշ ոլորտներ։ Առաջինն աջակցությունն է արտադրանքի եվրոպական ստանդարտների ներդրմանը, ինչը թույլ է տալիս հայկական արտադրանքն ու ապրանքները դուրս բերել նոր շուկաներ:

    Հայաստանի տնտեսական եւ առեւտրային քաղաքականության նպատակներից մեկը ներդրումների եւ առեւտրի դիվերսիֆիկացիան է, եւ ԵՄ աջակցությունը կենտրոնանում է այս երկուսի վրա։

    Այնպես չէ, որ մենք դեմ ենք կոնկրետ հարաբերությունների։ Իհարկե, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, որի մասին դուք նշեցիք, մենք համագործակցում ենք Հայաստանի հետ՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։

    Այսպիսով, սա իրականում կոչված է երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաեւ պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների նկատմամբ սահմանված միջոցառումների պահպանմանը, եւ Հայաստանը խիստ հավատարիմ է դրան։ Դեռեւս կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, դա երկկողմ համագործակցության շատ կարեւոր ոլորտ է։

    Սակայն Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր շուկաները, որպեսզի վստահ լինի, որ, օրինակ, որոշակի առեւտրային հարաբերություններում գերկախվածության դրսեւորում չկա: Եվ այստեղ մենք նույնպես օգնում ենք նրանց։

    – Կարո՞ղ եք բերել կոնկրետ օրինակ։

    Միայն անցյալ տարի մենք տեխնիկական օգնության միջոցով խորհրդատվություն ենք տրամադրել ավելի քան 40 ձեռնարկությունների՝ այլ շուկաներ արտահանելու վերաբերյալ։ Այս ընկերությունները կարող են մեծացնել իրենց արտահանումը ԵՄ։

    Սա ցույց է տալիս, որ ներուժ կա, բայց նաեւ ներդրումներ են պահանջվում։

    – Ի՞նչ աջակցություն է տրամադրում ԵՄ-ն Հայաստանի մասնավոր հատվածին:

    – Բոլորովին վերջերս մենք երաշխիքային համաձայնագիր ստորագրեցինք Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերի հետ։

    Մենք համագործակցում ենք բանկային հատվածի հետ՝ մասնավոր բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպական ներդրումային բանկի կողմից մասնավոր հատվածին տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը կազմել է 330 միլիոն եվրո։ Ստեղծվել է ավելի քան 27,000 աշխատատեղ։

    Այսպիսով, գոյություն ունեն մի շարք գործիքներ, որոնք օգտագործվում են Հայաստանի տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար։

    Եվ, բնականաբար, վերջնական արդյունքը կախված է նաեւ հայ ժողովրդի նորարարական եւ ձեռնարկատիրական ոգուց։

    – Էներգետիկ անվտանգությունը շարունակում է լինել Հայաստանի հիմնական խոցելիություններից մեկը: Ի՞նչ է անում ԵՄ-ն այս ոլորտում:

    – Էներգետիկայի ոլորտում մեր ներդրումների հիմնական ուղղություններից մեկը փոխկապակցվածությունն է, որի շրջանակում շատ կարեւոր ընթացիկ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը՝ ավելի քան 500 միլիոն եվրո ընդհանուր ներդրումով։ Այն ուղղված է Վրաստանի հետ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացմանը, ինչը հնարավորություն կտա Հայաստանից արտահանել վերականգնվող էներգիա։

    Այս ուղղությամբ մեծ ներդրումներ են կատարվել Վրաստան հասնելու համար, քանի որ, ինչպես գիտեք, սա միակ բաց սահմանն է դեպի Արեւմուտք։

    Հաջորդիվ, իհարկե, այլ շուկաներն են, մասնավորապես՝ «Սեւծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությունը, որին Հայաստանը հավակնում է մասնակցել։ Այն դեռեւս չի կառուցվել։ Այն կկապի Հարավային Կովկասը ԵՄ-ի հետ եւ ունի ներուժ՝ նպաստելու հավակնոտ կանաչ նպատակների իրականացմանը՝ հնարավորություն տալով Հարավային Կովկասից արտահանել կանաչ էներգիա։

    – Հայ պաշտոնյաները հաճախ են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ որպես ռազմավարական կարեւորություն ունեցող հարցի մասին: Արդյոք ԵՄ-ն իրատեսակա՞ն է համարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների եւ տրանսպորտային կապերի բացումը առաջիկա տարիներին:

    – Իհարկե: Բացարձակ իրատեսական:

    – Արդյոք ԵՄ-ն ինչ-որ դեր ունի՞ այդ գործընթացում։

    ԵՄ-ն որեւէ դեր չունի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ բանակցություններում։ Սակայն ԵՄ-ն շատ կարեւոր դեր ունի միջտարածաշրջանային ավելի լայն փոխկապակցվածության ապահովման գործում։

    Հետագայում կլինեն նաեւ կապակցվածության ֆորումներ, որոնց կմասնակցի Հայաստանը, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրներ։

    Այսպիսով, այս գործընթացը միայն Հայաստանի մասին չէ։ Այն նաեւ Հայաստանը՝ որպես հանգույց, Միջին միջանցքի մնացած մասի հետ կապելու մասին է։ Ավելի շատ գործընկերների ներգրավվածությունը ստեղծում է փոխկախվածություն, բայց նաեւ՝ ավելի մեծ անկախություն։

    Անշուշտ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը կստեղծի ավելի մեծ հնարավորություններ, այդ թվում՝ տեղական համայնքների համար։

    Ի դեպ, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աջակցել ենք սահմանի երկու կողմերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ առեւտրի պալատների միջեւ համագործակցությանը: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր ֆինանսական գործիքները նաեւ ներդրումները խթանելու համար՝ ոչ միայն ենթակառուցվածքների, այլեւ մասնավոր հատվածի զարգացման ոլորտում:

    ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի կարեւոր արդյունքներից մեկն այն հայտարարությունն էր, որ մենք աշխատելու ենք երեք սահմանային անցակետերի կառուցման վրա։ Դրանցից մեկը Ադրբեջանի հետ սահմանին է՝ հարավում։

    Մյուս երկուսն առնչվում են հայ-թուրքական սահմանին։ Մեկը գտնվում է Մարգարայում, որտեղ արդեն իսկ գոյություն ունեն որոշակի ենթակառուցվածքներ, բայց մենք պատրաստ ենք աջակցել դրա ընդլայնմանը։ Երկրորդն Ախուրիկն է, որը նախատեսվում է դարձնել Կարսի եւ Գյումրիի միջեւ նոր սահմանային անցակետ։ Սրանք կոնկրետ նախագծեր են, որոնք այժմ գտնվում են միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մշակման փուլում։

    – Արդյո՞ք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը խորհրդանշական նշանակություն ունեին Հայաստանի միջազգային դիրքորոշման համար։

    – Այո՛։ Առաջին անգամ մասնակցություն ունեցանք նաեւ Կանադայի կողմից։ Դա եւս կարեւոր ազդանշան էր։

    Կարծում եմ, որ այստեղ մենք ուղերձ հղեցինք հայ հանրությանը՝ համերաշխության եւ աջակցության ուղերձ։ Բայց ես նաեւ կարծում եմ, որ հայ հանրությունն ու Հայաստանի ներկայացուցիչները եւս ուղերձ են փոխանցել Եվրոպային առ այն, որ Հայաստանն այստեղ է, Հայաստանը կա, Հայաստանը կարող է լինել եվրոպական զարգացումների կենտրոնում։

    Եվ ես առավել քան վստահ եմ, որ ժողովրդավարությունը հենց այն է, երբ քաղաքական առաջնորդները քննարկում են քաղաքացիների մտքում եղած հարցերը։

  • ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ | Քաղաքականություն

    ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot հակահրթիռների արտադրության լիցենզիա կտրամադրի, հայտարարել է Դոնալդ Թրամփը Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:

    «Մենք ձեզ Patriot-ի արտադրության լիցենզիա կտանք: Դա բավականին հիանալի է: Այսպիսով, դուք չեք կարողանա բողոքել, որ մենք դրանք բավարար քանակով չենք տրամադրում»,–ասել է Թրամփը։

    Ըստ նրա՝ պաշտպանական ոլորտի ուկրաինացի մասնագետները կարող են կարճ ժամկետներում սովորել Patriot համակարգերի համար հակաօդային և հակահրթիռային պաշտպանության հրթիռներ պատրաստել։  

  •  Այսօր ուժեղ հարված կհասցնենք Իրանին․ Թրամփ | Քաղաքականություն

    Այսօր ուժեղ հարված կհասցնենք Իրանին, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

    «Մենք երեկ գիշեր շատ ուժեղ հարված հասցրինք նրանց։ Մենք կարող ենք կրկին հարվածել այսօր երեկոյան»,-ասել է Թրամփը։

    Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն իր համար ավարտված է։ Նրանք խաբեբաներ են, հիվանդ մարդիկ, հավելել էր նա։

  •  Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ | Էկոնոմիկա

    ՌԴ կառավարությունն արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ կառավարության անդամների հետ նախագահի խորհրդակցության ժամանակ:

    Նովակը հայտնել է, որ հուլիսին Ռուսաստանը կսկսի ներկրված նավթամթերքի մատակարարումը։ Նա վստահեցրել է, որ այդ միջոցը, ինչպես նաև դիզելային վառելիքի արտահանման արգելքը, կօգնեն կայունացնել վառելիքի մատակարարումները մարզեր:

  • Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա | Հասարակություն

    Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։

    «Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

    Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։ Հանգամանքները ճշտվում են։

  • Երևանը, կարծես, մտադիր է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու միտմանը․ Զախարովա | Քաղաքականություն

    Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակվելու մասին։ 

    «Մենք ուշադրություն դարձրել ենք Ա. Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը: Անցյալ տարի նա հիշվեց մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 80-ամյակին, հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված իր սադրիչ հայտարարություններով: Ա. Հովհաննիսյանի նշանակումը ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնում ենթադրում է, որ նրա «կարծիքները» այժմ բարձր են գնահատվում ՀՀ իշխանությունների կողմից։ Թվում է, թե Երևանը, ձգտելով միանալ «լուսավորյալ» Եվրոպային, միաժամանակ պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը, ինչը անհարմար է արևմտյանների համար»,-ասել է Զախարովան։

  • Թուրքիան եվ Մեծ Բրիտանիան անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր են ստորագրել

    Ըստ հրապարակման՝ պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իր…
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ | Քաղաքականություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

    Նախագահ Վահագն Խաչատուրյան – Պարոն վարչապետ, ուրախ եմ այս հանդիպման համար: Մենք առիթներ ունեցել ենք խոսել ընտրություններից, իհարկե, շատ անգամ ենք խոսել, բայց շատ կարևոր է այսպես պաշտոնական, հրապարակային խոսել, որ նաև այս ֆորմատով մեր գնահատականները ներկայացվի։

    Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական համապետական մակարդակով ժողովրդավարական ընտրությունների անցկացման առիթով, որովհետև այն, ինչ 2021 թվականին էր, դրանից հետո բոլորը, կներեք, որ այդպես եմ ասում, բայց բոլոր դեպքերում մտածում են, որ հերթական արտահերթ է, ոչ թե հերթական է լինելու, այլ արտահերթ ընտրություններ են լինելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ իշխանությունը հստակ մոտեցումներ ունի, ծրագիր ունի, նպատակներ ունի և դրանք իրականացնում է, քաղաքական ինստիտուտներն ու պետական ինստիտուտներն աշխատում են, և մենք եկել ենք հերթական ընտրությունների հանգրվանին, որը շատ կարևոր էր:

    Այս առումով, 2026 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր հանգրվանն են։ Պիտի սա էլ գնահատենք, և այդ առումով շատ կարևոր էր նաև, որ մեր քաղաքացիներն ականջալուր եղան և ակտիվ մասնակցություն ունեցան: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին և իրենց ձայնը տվեցին քաղաքական այն ուժին, որնը այսօր մեծամասնություն է կազմում խորհրդարանում: Այս առումով, ուզում եմ շնորհավորել Ձեզ անձամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ արժանացան մեր քաղաքացիների վստահությանը և մեծամասնության ձայնի իրավունքով այսօր ձևավորվել է Ազգային ժողով, որը նաև կառաջնորդի մեզ առաջիկա հինգ տարիներին:

    Բայց մի կարևոր հանգամանքի եմ ուզում ուշադրություն դարձնել, որովհետև ինքս երկար ժամանակ հասարակություն-իշխանություն հարաբերություններով զուտ գիտական մակարդակով զբաղվում էի և ուզում էի հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում և ինչպես է իրագործվում։ Տվյալ դեպքում այս ընտրությունները դրա արդյունքն էին, որ դա մի կողմից հինգ տարվա աշխատանքների գնահատականն էր, մյուս կողմից՝ այն սպասելիքների գնահատականները, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր ժողովրդին այս նախընտրական քարոզարշավի ժամանակ։

    Եվ հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիների կողմից քվեներ է ստացել, որով առաջնորդվելու է Կառավարությունը, ձևավորվող իշխանությունը, որն ուղղորդելու է մեզ դեպի այնպիսի մի ապագա, որտեղ մենք, այսինքն՝ քվեարկողները վստահ են, որ Հայաստանում ունենալու ենք ավելի անվտանգ միջավայր, իսկապես բարեկեցիկ երկիր ենք դառնալու, և այդ բոլոր ծրագրերը, որոնք ներկայացվել են, իրականություն են դառնալու:

    Վերջին հանգամանքը՝ սա էլ եմ ուզում առանձնահատուկ նշել, որ մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում, Հայաստանում հաստատվել է խաղաղություն: Մենք կարողացել ենք, իշխանությունը, ես ի նկատի ունեմ, տվյալ դեպքում՝ Կառավարությունը և Դուք՝ Ձեր վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, կարողացել եք հասնել մի այնպիսի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: Ընդհակառակը՝ այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բարիդրացիական հարաբերություններ հաստատել և միմյանց օգտակար լինել։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, շնորհավորանքների համար և ուրախ եմ այս հանդիպման առիթով։

    Այո, տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ և «Քաղաքացիական պայմանագիր»–ն ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն և կձևավորենք Կառավարություն: Իհարկե, ընտրությունները բավականին բուռն անցան, և սա նաև մեզ համար և ինձ համար էլ շատ կարևոր էր որպես հարթակ՝ ակտիվացնելու ժողովրդի, քաղաքացիների հետ ուղիղ շփումները, և նաև շատ մեծ տեղեկատվություն ստացանք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ քաղաքացիների գնահատականների, տպավորությունների, կարծիքների մասին։

    Իհարկե, միանշանակ է, որ քաղաքացիները պաշտպանում են խաղաղության օրակարգը, և հաստատված խաղաղությունն էական դեր է ունեցել քաղաքացիների քվեարկության հարցում, և իմ տպավորությամբ նաև, իհարկե, դպրոցաշինության ծրագրերը մանկապարտեզաշինության ծրագրերը, այն կապիտալ ներդրումները, որ Կառավարությունը լայնածավալ ձևով իրականացնում է և իհարկե, սոցիալական բարեփոխումները: Բայց, իհարկե, ընտրությունների արդյունքում մենք առերեսվել ենք նաև մի շարք խնդիրների, որոնց վերաբերյալ քաղաքացիների շրջանում նյարդ և քննադատություն կա Կառավարության հասցեին, պետության հասցեին, անձամբ իմ հասցեին:

    Իհարկե, այդ պրոբլեմները, առաջին հերթին, վերաբերում են արդարության և արդարադատության ոլորտին: Ինչքան էլ մի քիչ անհարմար է ինձ համար դա ասել, որովհետև հասկանում եմ, որ հաջորդիվ ձևակերպվում է հետևյալ հարցը, թե ութ տարվա մեջ ինչո՞ւ այդ խնդիրները լուծված չեն։ Այստեղ ես, իհարկե, ունեմ նաև բացատրություններ և պարզաբանել եմ, այդ թվում՝ այն սահմանադրական անձեռնմխելիությունների պատճառով, որ դատական որոշ հատվածներում մենք ունենք:

    Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ մենք, իհարկե, անխուսափելիորեն պետք է մտածենք: Եվ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած թե՛ դրական, թե՛ բացասական երևույթներին մեր արձագանքը հետևյալն է՝ մենք պետք է բարեփոխումների գործընթացը շարունակենք և ակտիվացնենք, և ընդհակառակը՝ առիթից օգտվենք և ռեսթարթի ենթարկենք մեր բարեփոխումների ամբողջ օրակարգը հակակոռուպցիոն պայքարից սկսած՝ շարունակած ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումներով: Իհարկե, դրա համար մենք բավարար էներգիա և մանդատ ենք ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Եվ ինձ համար ակնհայտ է, որ մենք նորից պետք է վերանայենք բարեփոխումների մեր օրակարգը, տեսնենք ինչն է, որ բավարար չափով արդյունավետ չի եղել, և մեր ռազմավարական խնդիրները չեն լուծվել և փորձենք այդ խնդիրները լուծելու լրացուցիչ գործոններ ու որոշումներ կայացնել:

    Մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում անշրջելի է: Ժողովրդավարություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իհարկե, մտահոգիչ է, որ ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել, բայց նաև կարևոր է, որ այնուամենայնիվ, այդ դրսևորումներն ի վիճակի չեն եղել իրենց համար ցանկալի արդյունքների հասնել: Ընդհակառակը՝ մեզ համար բացահայտել են դաշտը, և մենք ավելի հասցեական և արդյունավետ կարող ենք գործել, որպեսզի հետագա ընտրություններում նմանօրինակ երևույթները բացառվեն։

    Իհարկե, խնդիր է նաև ընտրական համակարգի հետագա լավարկումը, կուսակցությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը և այլն: Բայց, իհարկե, հիմնական մեր նախընտրական ուղերձը տարեկան միջինում 6% տնտեսական աճ ապահովելն է, և մենք պետք է դրա շուրջ աշխատենք: Եվ, ճիշտն ասած, դա իրատեսական եմ համարում՝ նաև տեսնելով և զգալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրվածությունը՝ աշխատելու և աշխատանքով բարեկեցություն ստեղծելու սեփական ընտանիքների և այսպիսով՝ նաև երկրի, պետության համար, ինչն, իհարկե, շատ կարևոր է:

    Պետք է ասեմ, որ ընտրություններից հետո մենք տնտեսական ակտիվացում ենք նկատում, ինչը նշանակում է նաև, որ ընտրությունների արդյունքները նաև որոշակի ոգևորություն են բերել: Չնայած՝ ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք։ Սա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու, ես կարծում եմ, որ դժվարությունն ընդհանրապես միշտ և ամեն օր գոյություն ունի, խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք ի վիճակի կառավարել այդ դժվարությունները: Ես համոզված եմ, որ կկառավարենք բարեհաջող, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ:

    Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում Կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար: Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող Կառավարության մասին, նաև նոր ձևավորվող Կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք։ Շնորհակալ եմ։

  • Կանդազի և մյուսների գործով նիստը հետաձգվեց | Քաղաքականություն

    Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հետաձգվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանի (հայտնի որպես «Կանդազ») և ևս երկու մեղադրյալների՝ Արթուր Իսկանդարյանի ու Գեղամ Զաքարյանի գործով դատական նիստը։

    Հիշեցնենք, որ հունիսի 25-ի նիստում դատարանը որոշում էր կայացրել Արթուր Ավանեսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։

    Դատական նիստի մեկնարկին հանրային մեղադրողը հրապարակել է ձայնագրություններ, որոնք, ըստ մեղադրանքի կողմի պնդման, արտացոլում են գործով անցնող երեք մեղադրյալների՝ Ավանեսյանի, Իսկանդարյանի և Զաքարյանի խոսակցությունները։ Նշված ձայնագրություններից մեկում զրուցակիցներից մեկը նշում է, թե «մարդիկ չարչարվել են, իրենց են ընտրել», իսկ մեկ այլ դրվագում կողմերը քննարկում են որոշակի կանխատեսումներ։

    Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվել է՝ արդյոք պաշտպանական կողմն ունի առարկություններ կամ պարզաբանումներ հրապարակված նյութերի վերաբերյալ։ Մեղադրյալների շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտարարել է, որ այս փուլում ասելիք չունի, սակայն միջնորդել է պահպանել ձայնագրությունները՝ հետագա նիստերի ընթացքում հարցաքննությունների ժամանակ դրանց անդրադառնալու և հարցեր ձևակերպելու նպատակով։

    Անդրադառնալով դատավարության հաջորդ՝ հարցաքննությունների փուլին՝ պաշտպան Արմեն Ֆերոյանը խնդրել է այն տեղափոխել հաջորդ նիստ, քանի որ մեղադրյալներին նախապատրաստվելու ժամանակ է անհրաժեշտ։

    «Մենք քննարկել ենք պաշտպաններով այս հարցը, և տակտիկական տեսանկյունից ցուցմունք տալու ցանկություն կա, ինչպես ի սկզբանե ասել ենք։ Մի փոքր նախապատրաստվելու անհրաժեշտություն կա, հաջորդ նիստին, վստահաբար, պատրաստ ենք հարցաքննության»,– նշել է փաստաբանը։

    Նիստի ընթացքում դատավոր Դադոյանն անդրադարձել է նաև նախորդող նիստում պաշտպանական կողմի բարձրացրած խնդրին՝ մեղադրյալների էլեկտրոնային սարքերը վերադարձնելու վերաբերյալ։ Դատարանը պարզաբանել է, որ քանի որ նշված սարքերը դատարանին չեն ներկայացվել, պաշտպանական կողմը պետք է այդ հարցով անմիջականորեն դիմի նախաքննությունն իրականացնող քննիչին։

    Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սույն թվականի օգոստոսի 12-ին, ժամը 15:00-ին։

  • Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է Բաքու կանանց մարդասիրական առաքելության նախապատրաստական ​​աշխատանքների մասին | Քաղաքականություն

    Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց  միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային ևպետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բաքվում ազատազրկված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերանիկա Զոնաբենդը։

    Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։

    Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում  հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով: Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։

    Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով  և  անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէվտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար։ Այս նպատակով ես բաց նամակներով դիմել եմ՝

    • Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

    • Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

    • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։

    • Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

    Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականությունից։  

    Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ,  նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն։