Category: TIV 1

  • Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով

    Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Մենք ակնկալում ենք, որ ոչ ոք չի փորձի միջամտել նաև մեր ներքին գործերին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Ռուսաստանը մերժում է ընտրություններին միջամտելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք։ Այդպես նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս Ռուսաստանին ներառել էր ԱՄՆ-ի ընտրություններին սպառնացող վտանգների ցանկում։

  • Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան 

    Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբան Էմին Խաչատրյանը։

    Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։

    Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։

  • Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին

    ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ընդառաջ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին:

    ԱՄՆ նախագահը նշել է, որ Չինաստանն ապօրինաբար հասանելիություն է ստացել ամերիկացի 220 միլիոն ընտրողի տվյալների և փորձել է խանգարել իր վերընտրվելուն, սակայն հատուկ ծառայություններում այսպես կոչված «խորքային պետության» ներկայացուցիչները թաքցրել են այդ տեղեկությունը։

    Նա պնդել է, որ Պեկինը փորձել է ազդել նաև 2020 թվականի ընտրության արդյունքների վրա:

    «Մեր երկրին հսկայական վնաս է հասցվել։ Մեր ընտրությունները խոցելի են, իսկ ամերիկացի ժողովրդի վստահությունը խարխլվել է։ Այսպես շարունակվել չի կարող»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

    Անվտանգային ճգնաժամը հաղթահարելու նպատակով նա կոչ է արել ընդունել օրինագիծ, որը պարտավորեցնում է ընտրողներին ընտրատեղամասերում հաստատել իրենց ինքնությունը և քաղաքացիությունը։

    «ԱՄՆ-ի հակառակորդները, այդ թվում՝ առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ունեն ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածքին վնաս հասցնելու հնարավորություններ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

    Իր պնդումները հիմնավորելու համար Թրամփը հրապարակել է մի շարք գաղտնազերծված փաստաթղթեր։ Սակայն, ըստ The New York Times-ի գնահատականի՝ դրանք որևէ էական նոր տեղեկություն չեն պարունակում։

    Չինաստանը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները՝ շեշտելով, որ ընտրություններն ամեն երկրի ներքին գործն են:

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը տարածաշրջանում ձևավորել է անվտանգության նոր ձևաչափ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ 

    Բայրամովի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ՝ խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը, ստեղծել է կայուն խաղաղության եզակի հնարավորություն։ 

    Ադրբեջանի ԱԳ ղեկավարը վստահեցրել է, որ այսօր երկու երկրների միջև փաստացի խաղաղություն է տիրում, և հավելել, որ վստահության ամրապնդման միջոցառումներն էապես արագացրել են կարգավորման գործընթացը։ 

    Բայրամովը նշել է նաև, որ խաղաղության գործընթացի շրջանակներում մնացած հարցերի լուծումը կապահովի տարածաշրջանի երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը։

  • Ռուսաստանն ընդունել է Թրամփի առաջարկը Ուկրաինայի հարցով. Լավրով

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկորիջում կայացած ռուս-ամերիկյան հանդիպման ընթացքում Մոսկվան ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկը։

    «Մենք ընդունել ենք Թրամփի առաջարկները։ Այժմ եվրոպացի դաշնակիցները և, իհարկե, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում են նրան հետ պահել այդ առաջարկներից», — ասել է Լավրովը։

  • Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

    Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փախանման միջոց կալանքը։ Նրա նկատմամբ կիրառվեց երեք ամսով տնային կալանք և 15 միլիոն դրամ գրավ։

    Հիշեցնենք՝ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։  

    «Դատարանն արձանագրում է, որ ըստ էության, որոշակիորեն նվազել է մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը։ Կիրառված ամենախիստ խափանման միջոցի շարունակությունն այլևս անառարկելի անհրաժեշտություն չէ»,- ասաց դատավոր Լևոն Պետրոսյանը։ 

    Ըստ մեղադրական եզրակացության. «Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք»:

  • Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար

    ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանից Եվրոպական միության երկրներ ձկների և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն արդեն պատրաստ են, և տեղական արտադրողները կարող են սկսել մատակարարումները։

    Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն հաստատել է արտահանման կարգը և համապատասխան ստուգաթերթերը, որոնց հիման վրա տեսուչները կստուգեն տնտեսությունները՝ դրանք Եվրամիության TRACES էլեկտրոնային համակարգում գրանցելու նպատակով։

    «TRACES համակարգում գրանցվելու համար տնտեսավարողները պետք է ՍԱՏՄ ներկայացնեն դիմում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ կցելով 18 կետից բաղկացած անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,– նշել է Տիգրան Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ ներկայացվող պահանջները բարդ չեն և համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք արդեն գործում են ԵԱՏՄ երկրներ արտահանման դեպքում։

    Տիգրան Պետրոսյանը հայտնել է նաև, որ գրանցված տնտեսությունները կստուգվեն առնվազն տարին մեկ անգամ։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում արտադրողներին ժամանակ կտրվի դրանք վերացնելու համար՝ առանց համակարգից անմիջապես դուրս մնալու։

    Անդրադառնալով հայկական արտադրողների պատրաստվածությանը՝ ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ երկրի ձկնաբուծական տնտեսությունների շուրջ 97 տոկոսը համապատասխանում է Եվրամիության խիստ չափանիշներին։

    «Կարծում եմ՝ առաջին արտահանումներից հետո, երբ տնտեսավարողները համոզվեն, որ ընթացակարգը բարդ չէ, դիմումների թիվը զգալիորեն կավելանա», – ասել է նա։

    Խոսելով արտահանողների մտահոգությունների մասին՝ ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ բարձր ինքնարժեքը պայմանավորված է Եվրոպայից ներմուծվող կերով և ձկնկիթով, ինչպես նաև լոգիստիկ ծախսերով։ Նրա խոսքով՝ եթե հայկական ձկնամթերքը պահանջարկ ունենա եվրոպական շուկայում, իսկ փոխադրման ծախսերը մնան բարձր, պետությունը կարող է քննարկել արտահանման սուբսիդավորման հնարավորությունը։

    Տիգրան Պետրոսյանը նաև ընդգծել է, որ Եվրամիություն արտահանվող ձկների տեսակների նկատմամբ սահմանափակումներ չկան։ Արտահանումը հնարավոր կլինի իրականացնել ինչպես սառեցված, խորը սառեցված, աղած, ապխտած և պահածոյացված արտադրանքի տեսքով, այնպես էլ ցամաքային և օդային տրանսպորտով։

  • Այս պահին ծիրանով բարձված 50 մեքենան կա, որը նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավար

    «Եվրոպական միության երկրներ ապրանք ներմուծելու համար իրենք ուզում են 5 և ավելի տարի մոնիտորինգ»,- ասուլիսում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

    Նա մանրամասնեց, որ 5 տարվա ընթացքում տեսչական մարմինը, կառավարության որոշմամբ, իրականացնում է այդ մոնիտորինգային ծրագիր. «Օրինակ, Հայաստանի տարբեր տարածքների տարբեր ձկնաբուծարաններից,  նույնը մեղրի պարագայում, վերցվում էին նմուշներ, որոնք  լաբորատոր փորձաքննության էին ենթարկվում, ամեն տարի հաշվետվության տեսքով  տեսչական մարմնինը ԵՄ-ին ներկայացնում էր մոնիտորինգի արդյունքները։

    5 տարվա պարբերականությամբ երբ  տեսնում էին, որ շեղումներ չկան, համապատասխանում է իրենց պահանջներին, նույն մնացորդային նյութերի,  հակաբիոտիկների հետ կապված, այդ ամենը ուսումնասիրելուց հետո, անցած տարի որոշում եղավ, որ Հայաստանից կարող են ձուկ-ձկնամթերք ներմուծել ԵՄ երկրներ»։

    Նա նաև հայտնեց, հենց այս պահին ծիրանով բարձված 50 մեքենան կա, որը նոր երկիր է արտահանվելու։

  • Կոբախիձեն կարևորել է ՀՀ-ի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

    Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետն այս մասին խոսել է «Imedi LIVE» հաղորդման եթերում։

    Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման ուղղությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում։

    «Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2031 թվականը գործնականում բոլոր արագընթաց ավտոմայրուղիներն արդեն կառուցված կլինեն՝ բացառությամբ մեկ կոնկրետ հատվածի։ Բացի դրանից՝ ակտիվորեն շարունակվում են երկաթուղու արդիականացումն ու դրա կարողությունների հզորացումը։ Մենք կառուցում ենք Անակլիայի նավահանգիստը, և այստեղ ևս աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Զարգանում է նաև օդանավակայանների ենթակառուցվածքը․ խոսքը մեր երկրում գործող երեք միջազգային օդանավակայանների մասին է»,- ասել է Կոբախիձեն։

    Վրաստանի վարչապետի խոսքով՝ ենթակառուցվածքներում իրականացվող լայնածավալ ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։

    «Սրանք ենթակառուցվածքներում իրականացվող շատ մեծածավալ ներդրումներ են, և այս ամենը կնպաստի մեր երկրի տարանցիկ գործառույթի առավել զարգացմանը։ Դրա հետ միասին խորացնում ենք մեր հարաբերությունները համապատասխան երկրների՝ մեր տարածաշրջանի և հարևան երկրների հետ։ Մենք արտակարգ հարաբերություններ ունենք մեր երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այս ամենն առանցքային դեր ունի հենց կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- հայտարարել է Կոբախիձեն։