Category: TIV 1

  • Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար

    ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի ցուցաբերած թափանցիկությամբ, հարցերը քննարկելու պատրաստակամությամբ և ծրագրի տնտեսական հնարավորություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ Իրան կատարած այցի և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումների մասին։

    «Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև տնտեսական հնարավորություններով, որ այդ նույն ենթակառուցվածքների գործարկումը ընձեռելու է հենց Իրանին»,– ասաց Միրզոյանը։

    Նախարարը շեշտեց, որ այդ գնահատականը հիմնված է այցի ընթացքում իր ստացած տպավորությունների և լսածի վրա։ Նրա խոսքով՝ որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր շրջանակների ներկայացրած՝ TRIPP-ի շուրջ աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը։

    Միրզոյանը նշեց, որ իրանական գործընկերների հետ ծրագրի շուրջ քննարկումների ընթացքում բարձրացվել են հարցեր, տրվել են պատասխաններ, իսկ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

    Անդրադառնալով այցի ընդհանուր օրակարգին՝ նախարարը տեղեկացրեց, որ Իրանի ղեկավարության և գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը՝ քաղաքական երկխոսությունից և հարաբերությունների ռազմավարական բնույթից մինչև տնտեսական ու ենթակառուցվածքային հարցեր։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումները։

    Բեռնափոխադրումների և ավիափոխադրումների վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Միրզոյանն ընդգծեց Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով միջազգային պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները։

    «Մենք շատ բարձր ենք գնահատում և կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները, և մենք վտանգի տակ չենք դնելու դրանք»,– նշեց նախարարը։

    Նա նաև հայտնեց, որ իրանական կողմի մաքսային գոտում բեռնափոխադրումների հետ կապված խցանումների և կուտակումների հարցն ինտենսիվ քննարկվում է համապատասխան գերատեսչությունների հետ։ Միրզոյանի խոսքով՝ կան տեխնիկական լուծումներ, որոնց իրականացումն առաջիկա օրերին ակնկալում է տեսնել։

  • Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին

    Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Կառավարությունից:

    ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները

    ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում՝ «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։

  • Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ |

    Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։

    Ս.թ. հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։

    Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։

    ԲԸՏՄ-ից հիշեցնում են, որ վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։

  • Ազգային ժողով

    https://www.youtube.com/live/1HNBVw1u8IU?si=A-6fpmsDWtdQlL9G
  • Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը  |

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ։

    Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:

    Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար:

    Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին:

  • Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին

    Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գագիկ Ծառուկյանը:

    «Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական նախասիրությունների հետ կապ չունեն։

    Աշխարհում և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը և անկայունությունն ապացուցում են, որ մեր պետությանը սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել միայն հանրային համերաշխության ճանապարհով։

    Մարդիկ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ, կարևոր հարցերի շուրջ լրիվ հակառակ պատկերացումներ, բայց դա երբեք չպետք է դառնա ներքին թշնամանքի ու պառակտման պատճառ։ Մի փոքր գյուղում կատարվածը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Դա գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է։ Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք, ու այդ նավի անվտանգությունն ընդհանուր է։

    Մենք բոլորս հասկանում ենք, որ մեր տարածաշրջանը և Հայաստանը գտնվում են բարդ փուլում, և մենք ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել։ Երկրի ներսում ստեղծված մթնոլորտը մեծապես ազդելու է որոշումների որակի և դրանց հետևանքների վրա։

    Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ։ Պետք է լինեն տարբեր կարծիքներ, տարբեր պատկերացումներ։ Ներքին համերաշխությունը միասնական նավի զգացումն է՝ միասնական հեռանկարի, միասնական ապագայի, միասնական ներկայի, միասնական ռիսկերի ընկալումը։ Միասին լուծումներ գտնելու ազգային պոտենցիալն է։ Ե՞րբ մենք դա վերջապես ամբողջությամբ կգիտակցենք, և արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը»,-նշված է գրառման մեջ: 

  • Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում։

    Մինսկում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են  Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները:

  • Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան

    Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

    «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող,

    Հարգելի՛ գործընկերներ,

    Նախևառաջ ցանկանում եմ իմ շնորհակալությունն ու գնահատանքը հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը և պարոն Դամիեն Կոտիեին կատարված աշխատանքի և ներկայացված զեկույցի համար։ Մենք ի գիտություն ենք ընդունում զեկույցում ներկայացված հիմնական հանձնարարականները և, անշուշտ, աշխատելու ենք դրանց իրականացման ուղղությամբ։

    ԵԽԽՎ դիտորդական առաքելության գլխավոր եզրակացությունը հետևյալն է. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներն ունեցել են իրական ընտրության հնարավորություն քաղաքական այլընտրանքների միջև պատշաճ կազմակերպված ընտրական գործընթացի շրջանակում՝ չնայած արտաքին ուղղակի ճնշումներին։ Նորընտիր իշխանությունները ստացել են ժողովրդավարական մանդատ, որը պետք է հարգվի և իրականացվի պատասխանատվությամբ։

    Գործընկերնե՛ր, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կմնան Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ամենանշանակալի ժողովրդավարական գործընթացներից մեկը։ Այս ընտրությունների առանձնահատուկ կարևորությունը պայմանավորված էր այն համատեքստով, որում դրանք անցկացվեցին։ Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին, Հայաստանի ժողովրդավարական անվտանգության և դիմակայունության մասին։ Եվ հենց այդ հարցերի կարևորության պատճառով դրանք դարձան արտաքին միջամտության թիրախ, որը ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բնութագրել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մինչ այժմ աննախադեպ իր մասշտաբներով և ինտենսիվությամբ։

    Դիտորդական առաքելությունը փաստագրել է նախընտրական շրջանում արտաքին ուղղակի ճնշման բազմաթիվ դրսևորումներ՝ ներառյալ տնտեսական սահմանափակումները, դիվանագիտական սպառնալիքները և տեղեկատվական արշավները, որոնք նպատակ ունեին ոչ պատշաճ կերպով ազդել ընտրողների կամարտահայտության վրա՝ ի նպաստ ընդդիմության։ Գործադրվել են սահմանափակումներ հայկական ապրանքների արտահանման նկատմամբ, հնչել են սպառնալիքներ էներգակիրների մատակարարումների վերաբերյալ, իրականացվել են թշնամական քաղաքական հաղորդագրություններ և համակարգված տեղեկատվական արշավներ։ Այս գործողությունները շատ ավելի հեռուն էին գնում, քան սովորական քաղաքական մեկնաբանությունները։ Դրանք փորձեր էին՝ ազդելու հայ ժողովրդի ինքնիշխան ժողովրդավարական որոշումների վրա։

    Սակայն դիտորդական առաքելության ամենակարևոր եզրակացությունն այն է, որ այդ ջանքերը չկարողացան կանխորոշել ընտրությունների արդյունքը։ Հայաստանի ժողովուրդը ցուցաբերեց ժողովրդավարական դիմակայունություն՝ դիմագրավելով աննախադեպ արտաքին ճնշումներին։

    Արտաքին միջամտությանը տրված գլխավոր պատասխանն առճակատումը չէր։ Մասնակցությունն էր։ Քաղաքացիները գնացին ընտրատեղամասեր։ Ընտրական հանձնաժողովների անդամներն արհեստավարժ իրականացրին իրենց պարտականությունները։ Տեղական դիտորդները վերահսկեցին գործընթացը։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակեցին իրենց գործունեությունը։ Լրագրողները շարունակեցին կատարել իրենց աշխատանքը։ Միջազգային դիտորդներն ապահովեցին թափանցիկություն և վերահսկողություն։ Միասին նրանք ապահովեցին, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումները կայացվեն Հայաստանի քաղաքացիների կողմից, այլ ոչ թե արտաքին դերակատարների։

    Գործընկերնե՛ր,

    Հունիսի 7-ի հիմնական ուղերձը հստակ է. Հայաստանի ապագան պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, ոչ թե արտաքին ճնշումները, սպառնալիքները կամ միջամտությունները։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ժողովրդավարական ընտրությունը շարունակում է ավելի ուժեղ լինել, քան հարկադրանքը, և որ ազգային ինքնիշխանությունը լավագույնս պաշտպանվում է ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով։

    Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայկական պետականությունը, կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը և կեցցե՛ հայ ժողովուրդը։

    Շնորհակալություն»,- ելույթում նշել է պատգամավորը:

  • Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին

    Բելառուսի պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ ձգտելիս «սայլը ձիու առջևից չլծել»։

    «Եթե որոշել ես գնալ Եվրոպական միություն, դե ո՞ւր ես շտապում։ Դու հստակ որոշիր՝ ո՞ւր են տանելու քո կոնյակը, ո՞ւր են տանելու քո բանջարեղենը, մրգերը։ Ի՞նչ ծավալով։ Կարո՞ղ ես արդյոք փոխարինել այն, ինչ այսօր վաճառում ես մեզ մոտ։ Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը (սեփականը դնելու տեղ չունի, բայց քոնը կգնի), շատ լավ՝ գնա։ Ինչո՞ւ ես վազում։ Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում»,- ասել է Լուկաշենկոն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

    «Պետք չէ շտապել դեն նետել այն, ինչն այսօր քեզ օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից»,- կոչ է արել Լուկաշենոկն։

  • Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին

    Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

    Իլհամ Ալիեւը Հայաստանի նախկին ղեկավարներին «ռազմական հանցագործ» է անվանել։

    Իսկ 1989թ․ աշնանը Բաքվի իրավիճակի մասին ահա թե ինչ է գրել Զարդուշտ Ալիզադեն․ «Տասը-քսան հոգանոց խմբերը շրջում էին հիմնարկ-ձեռնարկություններով եւ տնօրեններից պահանջում, որ հայերին աշխատանքից ազատեն։ Նրանց առաջնորդում էին Մոհամեդ Հաթամին, Խալիլ Ռզան, Աբուլֆազ Ալիեւի ֆանատները։ Իրավիճակը հիշեցնում էր Սումգայիթի ջարդերի նախօրերը։
    Ես Լեյլա Յունուսովայից իմացա, որ ԱԺՃ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց քաղաքի հայ բնակիչների ցուցակներ են կախված՝ կոնկրետ հասցեներով։
    ․․․Պետերբուրգը՝ 1917թ․ վերջերին, Բեռլինը՝ 1934թ․-ին, Բաքուն՝ 1989թ․-ին․ազգայնականությունը եւ այլատյացությունը նողկալի հանցանքներ են ծնել եւ ծնում են»։ Ադրբեջանցի քաղաքագետը Ադրբեջանի մայրաքաղաքը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի մայրաքաղաքի հետ՝ մինչ այդ պատմելով, որ ադրբեջանցի երիտասարդները դանակահարել են մի կնոջ եւ նրա տղային, քանի որ նրանք․․․ ռուսերեն էին խոսում։
    Зардушт Ализаде: Конец второй республики տես՝ https://azeribooks.narod.ru/politika/zardusht_alizade/konets_vtoroy_respubliki.htm
    Հ․Գ․ Մոհամեդ Հաթամին մասնագիտությամբ բանասեր է, Բաքվի համալսարանի շրջանավարտ, զբաղվել է ադրբեջանական բանահյուսությամբ, իսկ Խալիլ Ռզան բանաստեղծ է։
    Հ․Հ․ Գ․ Ֆեյսբուքյան ընկերներիս եւ ինձ հետեւող լրատվամիջոցներին խնդրում եմ այս գրառումը հնարավորինս տարածել։