Category: TIV 1

  • Մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. վարչապետ

    «Օրինակ, որ բացենք լրահոսը և կարդալ, ասում ես՝ խուճապ է։ Ոչ միայն ռեժիմն է խուճապի մեջ, այլև բոլորը անընդհատ և ամենուր են խուճապի մեջ։ Բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այստեղից մի ուրիշ քաղաքական հետևություն էլ կա։

    «Ճիշտ է՝ այս փուլի համար այդ հավատը շատ լավ է և կարևոր, բայց մարդկանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք։ Այս փուլում խաղաղություն կա, այն առկա է և իրականություն։ Բայց խաղաղությունը մինչև ինստիտուցիոնալացված չի»,- շեշտել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ կառավարության մեծագույն խնդիրն է մարդկանց սպասումը տանել մինչև վերջ. «Առաջիկա շրջանում մեր խնդիրը պիտի հստակ ձևակերպվի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»,- ընդգծել է վարչապետը։

  • Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կենսաթոշակային համակարգի նախատեսվող փոփոխությունները՝ նշելով, որ նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով։

    Թորոսյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվում նաև մահվան դեպքում տրամադրվող աջակցության մասով։ Այդ գումարը նախատեսվում է տրամադրել միայն անապահովության չափանիշներին համապատասխանող քաղաքացիների ընտանիքներին։

    Կենսաթոշակների ներկայիս չափերի մասով կառավարությունն արդեն 2026 թվականի ապրիլի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանել է 46 հազար դրամ՝ նախկին 36 հազար դրամի փոխարեն։

  • Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ Փաշինյան

    «Մենք այս պահի դրությամբ որևէ ազդակ չունենք, հետևաբար, հարցի քննարկումը պատեհ չեմ համարում։ Երբ ազդակ լինի, դրա մասին կմտածենք։ Մտածո՞ւմ ենք, որ եթե նման հարց լինի, ինչպես ենք կառավարելու իրավիճակը․ այո՛»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիֆինգի ընթացքում անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացմանը։

    Նրա խոսքով՝ 2018-ից ամեն տարի այդ իրադրության հետ է բախվում․ «Քանի որ անընդհատ այդ հարցերը հնչում են։ Մենք տարբեր սցենարներ հաշվարկում ենք, քանի որ կառավարության դերն է «ծանր ու թեթև անել», բայց այս պահին այդպիսի ազդակ չունենք»,- շեշտել է վարչապետը։

  • Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին

    «Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որով եկեղեցու բռնազավթումը վերացվի։ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա։ Ուրիշ տարբերակ չկա։ Եվ պետությունը բոլոր լծակները օգտագործում է դրա համար։ Քանի որ ո՞վ է նա, որ նստի սրբություն սրբոցում։ Ինքը ոչ մեկն է։ Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ և եկեղեցին բռնազավթած մեկն է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել՝ որպես վարչապետ՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու է։

    Նրա խոսքով՝ ոչ միայն վարչապետ, այլև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ. «Որպես բանավոր հոտի մի անդամ։ Մենք պետք է նաև ունենանք կարգավորում, որ կրոնական դաշտը ընդհանուր կարգավորվի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ եկեղեցական համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի, ինչքան ծախսվեց և ինչի համար։

    Ըստ վարչապետի՝ Կտրիճ Ներսիսյանը չի որոշում. «Համայնքն է որոշում, դա է մեր եկեղեցու ավանդույթը, ոչ թե ԿԳԲ-ի գործակալների միջոցով որոշումներ կայացնելը»,- ընդգծել է նա։

    Նրա խոսքով՝ աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի Հայաստանում։

  • Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին Աշխաբադ քաղաքում անցկացվող Թուրքմենստանի ներդրումային համաժողովի (TIF 2026) շրջանակում մասնակցել է «Ներդրումային գործունեությունը որպես դինամիկ և կայուն տնտեսական զարգացման առանցքային գործոն» ռազմավարական լիագումար նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

    Իր ելույթում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առաջնահերթությունները։

    «Մենք աշխատում ենք կրճատել լիցենզավորման գործընթացների ժամկետները, զարգացնել նոր սերնդի արդյունաբերական գոտիներ, բարելավել գործարար միջավայրը՝ Համաշխարհային բանկի B-READY վարկանիշին համապատասխան, ինչպես նաև ավելացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները, բարձրացնում արտադրողականությունը և հայկական ընկերություններին կապում միջազգային արժեքային շղթաների հետ»,- նշել է Գևորգ Պապոյանը։

    Իր խոսքում Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնարար ուղղություններին՝ արտադրողականության բարձրացում, տնտեսության վերափոխում և մարդկային կապիտալի զարգացում։

    Նախարարն ընդգծել է նաև ենթակառուցվածքների և կապակցվածության կարևորությունը՝ մատնանշելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա առանցքային բաղադրիչը՝ TRIPP ենթակառուցվածքային նախագիծը։

    Համաժողովը մեկ հարթակում միավորել է ավելի քան 800 պատվիրակի ավելի քան 80 երկրից՝ պետական, ֆինանսական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, ներդրողների, նորարարների և ոլորտի առաջատար մասնագետների։

  • ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք

    «ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկները ամենայն խորությամբ կդիտարկենք»:

    Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը վնաս չի բերի:

    «Բայց որպեսզի փորձագիտական մակարդակով այդ հարցին անդրադառնանք, պետք է քննարկենք»,- ասել է վարչապետն ու հավելել, որ ընտրություններից հետո արձանագրել են՝ ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարվեն ստեղծված իրադրությունները բացառելու համար։

  • Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան

    Սոցիալական փաթեթը գործում էր 2012 թվականից, այն իր գործառույթն արել է, ծրագիրը մյուս տարվանից կավարտվի։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ սոցփաթեթի ծրագիրը 2027թ հունվարից ավարտվելու է։

    Թորոսյանի խոսքով՝ սոցփաթեթի փոխարեն պետությունը աշխատող քաղաքացիներին տրամադրում է որակապես ավելի բարձր բժշկական ապահովագրություն, որը 2027թ հունվարից գործելու է նաև 200 հազար դրամից քիչ աշխատավարձ ստացողների համար:

    «Սոցփաթեթի ծրագիրը եղել է հատվածական լուծում որոշակի խումբ պետական աշխատողների համար, այն դիտարկվել է աշխատավարձի բարձրացմանը փոխարինող միջոց, որը կորցրել է իր արդիականությունը։ Սոցփաթեթի տարբեր շահառուներ օգտվում են պետության կողմից վերջին տարիներին կատարված տարբեր բարեփոխումներից, և, օգտվելու են նաև 2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող նոր համակարգերից։

    Մեր քաղաքացիները, որոնք ունեն հիմա սոցիալական փաթեթ, իհարկե կշարունակեն տիրապետել այն գումարները, որոնք իրենց հաշիվներին կան, որովհետև մենք ունենք մոտավորապես 13 միլիարդ դրամ կուտակված գումարներ բանկերում։ Իհարկե, կառավարությունը նաև հատուկ որոշումով կսահմանի դրանց ծախսման ուղղությունները, որոնք հավանաբար շատ չեն տարբերվի այսօրվա ուղղություններից, բայց քննարկումները շարունակվում են, մենք դեռ վերջնական այդ մասով որոշում չունենք։

    Պետք է նաև հաշվի առնենք, որ հունվարի 1–ից բարձրանալու է հանրային ծառայողների աշխատավարձը, դրանք տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ են, որոնք նաև սոցիալական փաթեթի շահառու են, ինչպես նաև գիտեք, որ հունվարի մեկից 200 հազարից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները նույնպես ներգրավվելու են առողջության ապահովագրության մեջ»,– ընդգծեց նախարարը։

  • Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը

    «Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը Բաքվում պահվող հայ գերիներին  հասցեագրված նամակներն այսօր հանձնել է ՀՀ կառավարությանը՝ խնդրելով  ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ դրանց փոխանցումն ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր հայերին ապահովելու համար։

    Նամակներն ուղղված են Բաքվում պահվող 19 գերիներին, և ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներից: Դրանք աջակցության ու զորակցության նամակներ են: Գերիներին նամակներ գրելու կոչով հանդես էր եկել Բաքվում պահվող  բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը:

     Նա ավելի վաղ հայտարարել էր  Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպելու  նախաձեռնության մասին՝ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու, նրանց նամակներ, լուսանկարներ ու թույլատրելի անձնական իրեր փոխանցելու համար։

     «Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ, նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»,- հայտարարել էր տիկին  Զոնաբենդը։

    Նախաձեռնության իրականացմանն աջակցելու խնդրանքով Վերոնիկա  Զոնաբենդը դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային:  Ադրբեջանական կողմից որևէ պաշտոնական արձագանք  նրա դիմումին չի եղել, Հայաստանի կառավարությունը ևս  դեռևս հստակ պատասխան չի տրամադրել:

    «Արկղը, որը հանձնելու ենք, պարունակում է 1254 նամակ՝ ուղղված բոլոր հայ գերիներին:  Այս նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ տիկին Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակում: Քանի որ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել տիկին Զոնաբենդի դիմումին, իսկ Հայաստանի կառավարությունից որևէ գործնական պատշաճ աջակցություն չի ցուցաբերվել,  ինչի արդյունքում նախաձեռնությունը կյանքի չի կոչվում, «Արցախ Միությունը», ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը, որոշեց այս նամակները հանձնել Հայաստանի կառավարությանը՝ նամակների փոխանցումը հասցեատերերին ապահովելու համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը  սահմանադրական պարտավորություն ունի պաշտպանելու հայերի և ՀՀ քաղաքացիների այդ թվում՝ բոլոր գերիների իրավունքները և ապահովելու նրանց վերադարձը»,-ասել է Արտակ Բեգլարյանը։

    Նա նամակները  և կից հանրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը:

  • ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն

    Լաչինի ուղղությամբ զինծառայողի անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։

    Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

    «Ադրբեջանի Հանրապետության Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին տեղեկատվությունը տարածվել է որոշ սոցիալական ցանցերում։

    Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, Նասիմի Մուսաևի իր ծառայության վայրից բացակայության և նրան գտնելու անհնարինության պատճառով, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերը իրականացրել են անհրաժեշտ որոնողական գործողություններ։

    Ավելին, միջադեպի հանգամանքները քննելու համար ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Նասիմի Մուսաևը առանց թույլտվության լքել է իր զորամասը։

    Հետաքննության ընթացքում հավաքված նյութերի հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները ներկայումս շարունակվում են։

    Այս հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և կալանավորվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից։

    Ներկայումս Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական մարմինները շարունակում են անհրաժեշտ շփումները հակառակ կողմի համապատասխան մարմինների հետ՝ Նասիմի Մուսաևի ՀՀ տարածքում գտնվելու, նրա կալանավորման, ինչպես նաև միջադեպի այլ հանգամանքները պարզելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

  • Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News

    Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը, այս մասին հայտնում է Syunik News-ը՝ մանրամասներ ներկայացնելով Շաքիում տեղի ունեցած դեպքից։

    Syunik News-ի հետ զրույցում տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանն ասել է, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը վնասվածք է ստացել ոտքի հատվածում։

    «Այժմ Անիին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- ասել է նա