Category: TIV 1

  • Ալմա Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը գտնվել է ՀԽՍՀ սահմաններում. Մանուկյան

    «Իշխանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում բոլոր հարցերում սկզբից շատ ավելի կոշտ դիրքորոշումների վրա է եղել, հետո վերջում եկել հանգել է միայն Ադրբեջանի ուզածներին»,-իր ելույթում ասաց   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը

     Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրում սկզբում հայկական կողմը առաջարկել է ներառել 1995-98 թթ ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզը, իսկ վերջանական ստորագրվածի փաստաթղթում այն չկա։

    «Որովհետև Ադրբեջանին կոնկրետություն պետք չի եղել, դրա համար էլ ոչ կոնկրետ թուղթ է նախաստորագրվել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

     Անդրադառնալով կառավարության ճեպազրույցների ժամանակ հայկական բնակավայրերը, մասնավորապես Տիգրանաշենը ադրբեջանական անվանումներով հնչեցնելուն՝ Մանուկյանը տարակուսեց, թե ինչու Փաշինյանը նույն ջանասիրությամբ չի խոսում ադրբեջանի կողմից զավթած բնակավայրերի և տարածքների մասին։

     «Տիգրանաշենը տիգրանաշեցու սեփականությունը չէ, որ փոխհատուցման դիմաց համաձայնի, մենք էլ ասենք, իրենց գյուղից հրաժարվել են։ Տիգրանաշենը  ՀՀ բոլոր քաղաքացիների սեփականությունն է։ Այն առաջին հերթին Տիգրան Մելիքյանի սեփականությունն է, որովհետև Մելիքյանը զոհվել է Տիգրանաշենի կրակակետերը ոչնչացնելու ժամանակ և դրա համար իր անունով է գյուղը կոչվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

    Հիմնավորելով, որ Տիգրանաշենը եղել է ՀՀ-ի տարածք՝ Մանուկյանն ասաց.

    «Ալմա Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը գտնվել է խորհրդային Հայաստանի սահմանների մեջ, որովհետև ադրբեջանական կրակակետերը ոչնչացվել են 1990 թվականի հունվարին»։

  • Դպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտություն |

    ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում նոր ուսումնական տարվանից աշակերտներին սկսում են սովորեցնել ոչ միայն օգտվել արհեստական բանականությունից, այլև ճանաչել դրա սխալներն ու սահմանափակումները։ Դասընթացներից մեկի ժամանակ ուսուցիչներին ցուցադրել են, թե ինչպես է AI գործիքը կազմել աշխարհի քարտեզ։ Արդյունքը զարմացրել է ներկաներին․ բազմաթիվ երկրների անուններ սխալ էին գրված, իսկ որոշ երկրներ ընդհանրապես սխալ էին ներկայացված։

    Մասնագետների կարծիքով՝ AI գրագիտությունը միայն ճիշտ հարցումներ կազմելու կամ չաթբոտերից օգտվելու մասին չէ։ Կարևոր է նաև հասկանալ, թե երբ չպետք է օգտագործել արհեստական բանականությունը, ինչպես ստուգել դրա տրամադրած տեղեկությունը և պաշտպանել անձնական տվյալները։ Դպրոցներում աշակերտներին նաև սովորեցնում են, որ AI-ն կարող է վստահ տոնով ներկայացնել հորինված փաստեր, ուսումնասիրություններ և պատասխաններ։ Ուստի ցանկացած կարևոր տեղեկություն պետք է ստուգել այլ աղբյուրներով։

  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է ևս 450 քմ հողատարածք |

    Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 1/2-1 հողամաս հասցեում գտնվող՝ 0,0450 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

    Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2007 թվականի օգոստոսի 14-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

    Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0450 հա մակերեսով, 845 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

    Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:

    Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից Սիսիան համայնքին արդեն վերադարձվել է 5 անձի տրամադրված 4103,68 քմ մակերեսով 7 հողատարածք: Դրանք են՝

    • 0,0450 հա մակերեսով հողամասը,
    • 0,05 հա մակերեսով հողամասը,
    • 0,0451 հա մակերեսով հողամասը,
    • 0,08 հա մակերեսով հողամասը,
    • 0,02 հա մակերեսով հողամասը,
    • 0,0402 հա մակերեսով հողամասը,
    • 0,13 հա մակերեսով հողամասը:

    12 անձի տրամադրված 13 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:

  • ՀՀ տարածքային փոփոխության միակ ձևը հանրաքվեն է. Վարդանյան |

    «Կոնֆլիկտը ծնող պատճառը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, դրա փոփոխությանը պետք է հասնենք, եթե չես հասել, հերթով քո ամեն զիջում…Կբերե՞ք օրինակ, որ ձեր հերթական զիջումը պակասեցրել է Ադրբեջանի որևէ պահանջ»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Դուք ձեր վարչությամբ հավաքվել, որոշելու իրավունք չունեք՝ որն է Հայաստան, որը՝ չէ»,- նշեց նա՝ դիմելով ՔՊ-ին:

    «ՀՀ տարածքային փոփոխության միակ ձևը հանրաքվեն է»,- հավելեց պատգամավորը

  • Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ |

    ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

    Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակումն ու մասնագիտական աջակցությունը։ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբը։

    Հյուրի խնդրանքով Հայկ Կոնջորյանը խոսել է նորընտիր խորհրդարանի օրենսդրական աշխատանքներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունների մասին, անդրադարձել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։

    Ալեքսանդրա Քոուլը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Դեսպանը ևս ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

  • ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարը |

    ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է ռեկորդային 40 տրիլիոն դոլարը։

    Ըստ APnews-ի՝ սա ապշեցուցիչ սահմանագիծ է, քանի որ պաշտպանական ծախսերը, սոցիալական ծրագրերը (օրինակ՝ սոցիալական ապահովությունը և բժշկական ապահովագրությունը), ինչպես նաև աճող դեֆիցիտի տոկոսավճարները կազմում են դաշնային ծախսերի հսկայական մասը։

    ԱՄՆ պետական պարտքը 1 տրիլիոնով ավելացել է 5 ամսվա ընթացքում. մարտին այն ռեկորդային 39 տրիլիոնի չափ էր։

    40 տրիլիոն դոլարի աննախադեպ ցուցանիշն ընդգծում է վարչակազմի հակասական առաջնահերթությունները՝ պաշտպանական ծախսերի ավելացումից  մինչև բենզինի և սննդամթերքի գնանկումը։

    Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կուշ Դեսային հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը «կենտրոնացած է դաշնային ծախսերում վատնումների, խարդախությունների և չարաշահումների կրճատման վրա՝ միաժամանակ արագացնելով տնտեսական աճը, որպեսզի Ամերիկայի պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը բերվի ճիշտ հունի»։

  • «Ուժեղ Հայաստանի» թեկնածուները չընտրվեցին ԱԺ հանձնաժողովի նախագահներ |

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուները չընտրվեցին խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում։

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուները չընտրվեցին խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում։ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել էր Հայկ Ֆարմանյանը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Դավիթ Ղազինյանը, իսկ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արեգա Հովսեփյանը։

    • Հայկ Ֆարմանյան – կողմ՝ 40, անվավեր՝ 1, դեմ՝ 61,
    • Դավիթ Ղազինյան – կողմ՝ 40, դեմ՝ 62,
    • Արեգա Հովսեփյան – կողմ՝ 40, դեմ՝ 62

    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այնուհետև ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Լիանա Մանուկյանի թեկնածությունը։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ իրենք հանձնաժողովներում առանձին-առանձին են թեկնածուներ առաջադրելու։

  • Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել. Փաշինյան |

    Ղարաբաղի հետ կապված իմ շատ ծանր, դժվար որոշումներով ՀՀ-ն դուրս եմ բերել թակարդից, և Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակետը, հակառակ դեպքում ես այստեղ՝ ձեր դիմաց կանգնած չէի լինի: Այդ մասին ճեպազրուցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով ՀՀ-ն դուրս եմ բերել թակարդից, չլինելիության թակարդից, և ես հպարտ եմ դրա համար: Ընդ որում՝ էլի եմ ասում՝ մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել: Մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել: Այստեղ թոշակները ցածր են եղել, այնտեղ բարձր են եղել, և այսպես շարունակ»,- ասաց նա:

  • Ես հարգանք ունեմ թե՛ ՌԴ-ում, թե՛ ՀՀ- ում․ Սամվել Կարապետյան |

    «Ձեր շուրջ շարունակ արծարծվում է ռուսական ազդեցության թեման, նաև ԱԺ ամբիոնից են ասում, որ ռուսական հետախուզությունից տվյալներ կան ձեր մասին, որ աջակցություն եք վայելում։ Ունե՞ք աջակցություն»,- լրագրողը հարցն ուղղեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։

    «Ինչ թվում է՝ ես հարգանք ունեմ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ինչը որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին։ Դրա համար թող իրենք մտածեն, որ իրենք իրենց տներում հարգանք չունեն»,- ի պատասխան ասաց ընդդիմադիր առաջնորդը

  • Գազայից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաները կբուժվեն ՀՀ-ում |

    Կառավարության որոշմամբ կապահովվի Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելը։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,7 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը։

    Ըստ հիմնավորման՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել և ներկայում համապատասխան աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ՝ Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող մինչև տասը երեխա ՀՀ տեղափոխելու և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելու նպատակով։

    Երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման արդյունքում դիտարկված 11 պացիենտից ընտրվել էր 7-ը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Այնուամենայնիվ, նշված 7 ընտանիքներից միայն 3-ն են համաձայնել առավելագույնը մեկ ուղեկցող անձի հետ ՀՀ-ում հյուրընկալվելու պայմանին: