Category: TIV 1

  • FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել

    FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր A321neo ինքնաթիռ է պատվիրել

    Թուլուզ, Ֆրանսիա, 30 սեպտեմբերի, 2026 թ. – FLYONE Armenia-ն՝ Հայաստանի խոշորագույն ավիափոխադրողը, վերջնական համաձայնագիր է կնքել Airbus-ի հետ՝ երկու A321neo ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ։

    Գործարքի մասին առաջին անգամ հայտարարվել էր որպես փոխըմբռնման հուշագիր 2026 թվականի մայիսի 5-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում։

    Երկու A321neo ինքնաթիռների ձեռքբերումը FLYONE Armenia-ի՝ անմիջապես Airbus-ից կատարված առաջին ուղիղ պատվերն է։ Ինքնաթիռները համալրված կլինեն CFM International-ի LEAP շարժիչներով և կունենան էկոնոմ դասի 239 նստատեղ։

    Նոր ինքնաթիռները կարևոր դեր կունենան ավիաընկերության օդանավերի պարկի արդիականացման և երթուղային ցանցի ընդլայնման ծրագրերում։ 2021 թվականին հիմնադրված FLYONE Armenia-ն ներկայում շահագործում է A320 ընտանիքի 11 ինքնաթիռ։

    FLYONE Armenia-ի գլխավոր գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը նշել է.

    «Airbus-ի հետ մեր առաջին ուղիղ պատվերը կարևոր և խորհրդանշական հանգրվան է FLYONE Armenia-ի զարգացման ճանապարհին։ Այն փաստը, որ Airbus-ը հատուկ մեր ավիաընկերության համար կառուցելու է երկու նոր A321neo ինքնաթիռ, արտացոլում է մեր շարունակական հանձնառությունը՝ ուղղված օդանավերի պարկի արդիականացմանն ու երկարաժամկետ աճին։

    Մենք հպարտ ենք Airbus-ի հետ մեր գործընկերությունն ամրապնդելու համար և վստահ ենք, որ այս ներդրումը կնպաստի ոչ միայն FLYONE Armenia-ի հետագա զարգացմանը, այլև Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շարունակական աճին և միջազգային համագործակցության ընդլայնմանը»։

    Airbus-ի Commercial Aircraft ստորաբաժանման վաճառքի գծով գործադիր փոխնախագահ Բենուա դը Սենտ-Էքզյուպերին հայտարարել է.

    «FLYONE Armenia-ի այս առաջին ուղիղ պատվերը վկայում է ավիաընկերության՝ գործառնական արդյունավետության բարձրացման և ուղևորների հարմարավետության բարելավման հանձնառության մասին՝ A320 ընտանիքի իր օդանավերի պարկի շարունակական ընդլայնմանը զուգահեռ։

    Մենք շատ ուրախ ենք ողջունել FLYONE-ը Airbus-ի ընտանիքում և ակնկալում ենք երկարատև ու արդյունավետ համագործակցություն՝ աջակցելու ընկերության ռազմավարական աճի ծրագրերին»։

    A320 ընտանիքը աշխարհում ամենապահանջված նեղֆյուզելյաժային ինքնաթիռների շարքն է՝ ավելի քան 20 հազար պատվերով։ Ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչը՝ A321neo-ն, առանձնանում է թռիչքի մեծ հեռահարությամբ և բարձր արդյունավետությամբ։

    Նախորդ սերնդի նեղֆյուզելյաժային ինքնաթիռների համեմատ A320 ընտանիքն ապահովում է վառելիքի սպառման և CO₂ արտանետումների առնվազն 20% կրճատում, միաժամանակ ուղևորներին առաջարկելով իր դասում ամենալայն սրահներից մեկը։

    @FLYONEArmenia @Airbus #A320Family

  • Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել

    Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգել մինչև 2031թ․ դեկտեմբերի 31-ը։

    Այդ մասին հայտնում են Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:

    Միաժամանակ նախատեսվում է ծրագրում կատարել որոշակի փոփոխություններ՝

    • աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի չափից,
    • ընտանիքի՝ այլ գույք չունենալու պայմանն առավել նպատակային կիրառելու համար պայմանի ստուգումն իրականացնել դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն գույքի պայմանական օտարումները,
    • անշարժ գույքի արժեքի սահմանաչափը, անկախ երեխայի կարգաթվից, սահմանել 40 մլն դրամ՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը,
    • հաշվի չառնել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս մարումների առկայությունը և հնարավորություն տալ շահառուներին երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը դիմել և ստանալ աջակցությունը։

    Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարելի է ներկայացնել այստեղ:

  • ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի |

    Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։ Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանատունը։

    «ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերը հանդիպեց Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կարիքներին ու հնարավորություններին ծանոթանալու և ԱՄՆ տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։

    Միասին մենք ձևավորում ենք կարևորագույն հանքանյութերի հուսալի և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներ՝ նպաստելով բարեկեցությանը և ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

  • Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը |

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

    Քննարկման արդյունքներով կողմերը պայմանավորվել են համագործակցել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, այդ թվում՝ արբիտրաժի զարգացման ուղղությամբ՝ խթանելով նաև երկու պետությունների արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

    ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Սուլթան բին Ավադ Ալ Նուաիմիի հետ։

  • Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով |

    Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով Ձեր կողմից ներկայացված դիմումների հիման վրա կայացված որոշումները այսուհետ կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով։

    Որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։

    Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն՝
    • կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի,
    • հաշվարկված աշխատանքային ստաժի,
    • կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու պատճառների վերաբերյալ։

    Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

  • ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել

    ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր գործընկերներիս հետ Վաշինգտոնում ենք ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում իրականացվող «Բաց աշխարհ» (Open World) ծրագրին։ Մի շարք հանդիպումներ ենք ունենում սենատի տարբեր ներկայացուցիչների հետ, խոսել ենք խաղաղության օրակարգի, TRIPP նախագծի և մի շարք այլ հարցերի մասին։

    Ինչպես նաև ծանոթանում և ուսումնասիրում ենք ԱՄՆ օրենսդրական աշխատանքների մեխանիզմներին։

  • Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի |

    Երևան քաղաքում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3- ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-5-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ 

    Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ 

    Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-5, 4-ի գիշերը ևս 3-6 աստիճանով։

  • Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով մի շարք շինություններ, որոնք տարբեր նպատակներով հատկացվել են Մայր Աթոռին, սակայն որևէ աշխատանք չի կատարվել և շենքերը գտնվում են անմխիթար վիճակում:

    «Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են նախադպրոցական կրթության հնարավորությունից:

    Կտրիճ Ներսիսյանը հանրային նշանակության շենքերը զավթելուց հետո դրանք վերածել է կամ փլատակների կամ բիզնեսի:

    Սրանք ցցուն փաստեր են Եկեղեցում ճգնաժամի վերաբերյալ զեկույցից, թե ինչքանով է վնասակար Կտրիճ Ներսիսյանի գոյությունը վեհարանում»,- ասվում է գրառման մեջ:

    838.jpg (220 KB)
    839.jpg (138 KB)
    840.jpg (216 KB)
    855.jpg (183 KB)
    856.jpg (195 KB)
    857.jpg (175 KB)

  • Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել

    Այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14.8 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-հունիսին Հայաստան է այցելել 1 մլն 41 հազար 598 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել էր 907 հազար 135։

    Միաժամանակ, ուշագրավ փոփոխություն է արձանագրվել զբոսաշրջության կառուցվածքում․ զբոսաշրջիկների թվի աճը չի ուղեկցվել հյուրանոցներում տեղավորվածների ավելացմամբ։ Ընդհակառակը՝ հյուրանոցներում տեղավորված զբոսաշրջիկների թիվը 8.4 հազարով նվազել է՝ 382 հազար 659-ից հասնելով 374 հազար 250-ի։

    Փոխարենը 27.2 տոկոսով աճել է բարեկամների կամ հարազատների տներում, վարձով տրվող բնակարաններում և այլ կացարաններում տեղավորվածների թիվը։

    Զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության մեջ ևս էական փոփոխություններ են արձանագրվել։ ԱՊՀ երկրներից ժամանողների մասնաբաժինը 39.9 տոկոսից հասել է 48.4 տոկոսի։

    Հիմնական աճը Ռուսաստանից ժամանողների հաշվին է։ Նրանց մասնաբաժինը Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի մեջ 37.6 տոկոսից հասել է 45.7 տոկոսի, իսկ Ռուսաստանի ուղղությունից զբոսաշրջիկների թիվն աճել է 18.8 տոկոսով։

    Աճ է գրանցվել նաև Եվրամիության երկրներից ժամանումների դեպքում։ ԵՄ երկրների մասնաբաժինը 14.2 տոկոսից հասել է 17.3 տոկոսի։ Առանձին շուկաներից հատկապես նկատելի է Նիդերլանդներից ժամանումների աճը՝ 37.8 տոկոսով, Իտալիայից՝ 26.1 տոկոսով, իսկ ԵՄ մյուս երկրներից՝ 29.6 տոկոսով։

    Միևնույն ժամանակ, զգալի անկում է գրանցվել Իրանից ժամանումների դեպքում։ Իրանցի զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 50.2 տոկոսով։ Եթե 2025 թվականի հունվար-հունիսին նրանք կազմել էին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 8.2 տոկոսը, ապա 2026-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը նվազել է մինչև 4.2 տոկոս։

    ԱՄՆ-ից ժամանողների թիվն էլ նվազել է 11.6 տոկոսով, իսկ նրանց մասնաբաժինը՝ 7 տոկոսից հասել է 6.3 տոկոսի։

    2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 58.5 տոկոսը եկել է հանգստի և ժամանցի նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 56.1 տոկոս էր։ Հանգստի և ժամանցի նպատակով այցելությունների թիվն աճել է 1.9 տոկոսով։

    Փոխարենը նվազել է գործնական նպատակով Հայաստան այցելությունների թիվը՝ 9.5 տոկոսով։ Այս խմբի մասնաբաժինը ընդհանուր զբոսաշրջային հոսքում 39.5 տոկոսից նվազել է մինչև 36.6 տոկոս։

    Աճել են նաև բուժման նպատակով այցելությունները՝ 12 տոկոսով, իսկ այլ նպատակներով այցելությունները՝ 12.4 տոկոսով։

    Միաժամանակ նվազել է նաև Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թիվը։ 2026 թվականի հունվար-հունիսին արտերկիր է մեկնել 686 հազար 277 ՀՀ բնակիչ, որոնք վիճակագրական մեթոդաբանությամբ համարվում են զբոսաշրջիկ։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում նրանց թիվը 748 հազար 331 էր։ Ասել է, թե արտագնա զբոսաշրջությունը նվազել է 8.3 տոկոսով։

    Առավել զգալի փոփոխություն է գրանցվել տուրիստական գործակալությունների միջոցով կազմակերպվող ուղևորությունների դեպքում։ Դրանց թիվը 12 հազար 214-ից նվազել է մինչև 7 հազար 457՝ 38.9 տոկոսով։

    Միևնույն ժամանակ, արտերկիր մեկնող զբոսաշրջիկների գերակշիռ մասը շարունակում է ճանապարհորդությունը կազմակերպել ինքնուրույն․ 2026 թվականի առաջին կիսամյակում այդպես է կազմակերպվել 678 հազար 820 ուղևորություն։

  • Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր |

    Ճապոնիայի Նագոյա քաղաքում ավարտին մոտեցող 2026 թվականի Ասիական խաղերում Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է բրոնզե մեդալակիր տղամարդկանց գերծանր (+110 կգ) քաշային կարգում։

    31-ամյա Մինասյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և բարձրացել պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ բրոնզ նվաճելով բարձրակարգ և լարված մրցակցության պայմաններում։ Պոկում վարժությունում Գոռը հաջողությամբ բարձրացրել է 205 կգ ծանրաձողը՝ ձախողելով հաջորդ երկու մոտեցումները 211 կգ քաշով։ Հրում վարժությունում ծանրորդը հաջողել է երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում պահելով 235 կգ, սակայն վերջին փորձի ժամանակ 246 կգ քաշն այս անգամ չի ենթարկվել նրան:

    Ոսկե մեդալը նվաճել է Իրանի ներկայացուցիչ Ալի Դավուդին երկամարտի 466 կգ արդյունքով (206+260)։ Պոկում վարժությունից հետո առաջատարն իրաքցի Ալի Ամմար Ռուբաիավին էր, որը 219 կգ արդյունք էր գրանցել՝ Դավուդիին գերազանցելով 13 կգ-ով։ Սակայն հրում վարժությունում իրանցի ծանրորդը բարձրացրել է 260 կգ, և քանի որ Ռուբաիավին բավարարվել է միայն 246 կգ-ով, Դավուդին ընդամենը 1 կգ-ի առավելությամբ (466 կգ ընդդեմ 465 կգ-ի) խլել է Ասիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։