Category: TIV 1

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։

    Վարչապետը ողջունել է տիկին Քեյնի այցը Հայաստան և կարևորել Սպիտակ տան հավատքի հարցերով զբաղվող գրասենյակի հետ ձևավորված երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ուայթ Քեյնի մասնակցությունն առաջիկա օրերին անցկացվելիք Հայաստանի Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառմանը։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ այս միջոցառումը տարբեր երկրների մասնակիցների միջև անկեղծ քննարկումների հարթակ կստեղծի։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայ հոգևոր առաջնորդների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի միջև վերջերս կայացած հանդիպումը, ինչը ևս մեկ առիթ էր՝ ընդգծելու Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերությունը, ընդհանուր քրիստոնեական ժառանգությունն ու կիսվող արժեքները։

    Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառմանը հրավիրելու համար։ Տիկին Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ։

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

  • ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ

    2026 թվականի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել։

    Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Նախկինում ոչ մի անգամ չենք ունեցել, որ օգոստոսին պատմական մաքսիմում ունենանք։ Այսինքն՝ օգոստոսին աճեր եղել են, բայց նույն տարվա նախորդ ամիսներին 1 կամ 2 անգամ ունեցել ենք ավելի բարձր ցուցանիշ: Այս տարի աննախադեպ է նրանով, որ օգոստոս ամսին բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել: Օգոստոսին ունեցել ենք 830 417 աշխատատեղ, որը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելի է 307 130-ով: Ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 2017-ի օգոստոսի համեմատ՝ ավելի է 186 մլրդ դրամով կամ 208 տոկոսով։ Այսինքն՝ շուրջ 4 անգամ աշխատավարձային ֆոնդն, ընդհանուր առմամբ, ավելացել է»։

    Վարչապետը տեղեկացրել է նաև՝ եկամտային հարկի ցուցանիշները 2026 թվականի օգոստոսին 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել են 32 մլրդ դրամով կամ 144 տոկոսով, իսկ միջին աշխատավարձը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել է 161 հազար դրամով կամ 94 տոկոսով:

    Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին 9 ամիսների արդյունքներով պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ ավելի է 14,7 տոկոսով։ «2025 թվականին Ազգային ժողովում ընդունված բյուջեի ցուցանիշների համեմատությամբ հավաքագրված ցուցանիշն ավելի է 126 մլրդ դրամով։ Այսինքն՝ 126 մլրդ դրամով 9 ամիսների արդյունքներով մենք նախնական բյուջեից ավելի հավաքագրումներով գնում ենք առաջ։ Իհարկե, սա լավ ցուցանիշ է, և այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պետական այն աշխատողներին, ում աշխատանքի շնորհիվ այս ցուցանիշն արձանագրվում է, այդ թվում՝ ՊԵԿ-ին»,- ասել է վարչապետը։

    Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստվերին և ընդգծել՝ այնուամենայնիվ, դեռ ահռելի ստվեր կա, և բավարարված չէ ստվերի դեմ պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով ու արդյունավետությամբ։

  • Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են

    ժամանակավորապես փակվել են Մանուչարյանների ընտանիքի գազալցակայանները Բերդ քաղաքում

    Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները ժամանակավորապես փակվել են։ Պատճառը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առնչությամբ քննվող քրեական վարույթի շրջանակում կիրառված սահմանափակումներն են։

    Նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել՝ քննչական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով։

    Հարություն Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը, Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

    Մանուչարյանների անուններն ավելի վաղ ևս առնչվել են քրեական գործերի հետ։
    «Հետքի»՝ 2024 թվականի հրապարակման համաձայն՝ Հարություն և Անուշավան Մանուչարյանների նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, իսկ գործը նախաքննության ավարտից հետո ուղարկվել է Հակակոռուպցիոն քրեական դատարան։

    Այդ գործով մեղադրանքը վերաբերում էր որդու ինքնակամ շինությունների կառուցմանը նախկին համայնքապետի ենթադրյալ հովանավորությանը և դրանց փաստաթղթավորմանը։ Ըստ մեղադրանքի՝ Հարություն Մանուչարյանը չի կանխել ապօրինի կառուցապատումը, հետագայում տրամադրել է շինարարական փաստաթղթեր և մասնակցել իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի կազմմանը։ Նույն հրապարակման համաձայն՝ գործով արձանագրված մոտ 1 միլիոն 198 հազար դրամ վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։

    Առանձին գործընթաց է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից գույք ու դրամական միջոցներ բռնագանձելու պահանջը։ Այն ներառում է Տավուշի մարզում երկու անշարժ գույք, շուրջ 69,1 միլիոն դրամ, ինչպես նաև այլ գույքային և դրամական պահանջներ։ Խոսքը դատարան ներկայացված պահանջի, այլ ոչ արդեն կատարված բռնագանձման մասին է։

    Այսպիսով՝ գազալցակայանների նկատմամբ ներկայիս սահմանափակումները կիրառվել են հարկային առանձին վարույթի շրջանակում։


    Թիվ 1 Մեդիա

  • Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է 2027թ. պետական բյուջեի նախագիծը։

    «Այսօր Կառավարությունը հաստատեց և Ազգային ժողով ներկայացրեց 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Սա ընտրություններից հետո ձևավորված Կառավարության առաջին տարվա բյուջեն է, որով 2027 թվականից սկսած՝ ֆինանսավորելու ենք մեր 2026–2031 թվականների ծրագրով ստանձնած հանձնառությունները։ Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչի համար ենք օգտագործում իր վճարած միջոցները և ինչ է փոխվելու իր կյանքում։

    Կապիտալ ծախսերի համար նախատեսում ենք ավելի քան 771 մլրդ դրամ՝ պահպանելով ներդրումների բարձր մակարդակն ու աստիճանաբար նվազեցնելով փոխառության կարիքը։ Մեր առաջնահերթություններն են ընտանիքների պաշտպանվածությունը, անվտանգության ու տնտեսական զարգացման հիմքերի ամրապնդումը, պետական ծառայության կարողությունների բարձրացումը՝ հետևողականորեն ապահովելով ֆիսկալ կայունությունը։

    Բյուջեի արդյունքը պետք է տեսանելի լինի առօրյայում․ երբ մարդը բուժօգնություն է ստանում առանց անհաղթահարելի ծախսի, երբ թոշակառուի եկամուտն ավելի լավ է ապահովում նրա կարիքները, երբ ճանապարհն ու դպրոցը ծառայում են իրենց նպատակին։ Որպես Կառավարություն՝ հաշվետու ենք լինելու հատկացված գումարների և այդ գումարներով ապահովված արդյունքների համար»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

  • ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշակի «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային, քանի որ Կիևը չունի դրանք արձակելու համար անհրաժեշտ ինքնաթիռներ կամ այլ սարքավորումներ։

    Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող ինքնաթիռները (Սու-27, ՄիԳ-29) պահանջում են բարդ և ժամանակատար տեխնիկական արդիականացումներ նման զենքեր շահագործելու համար։

    Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

  • Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»

    ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խոսել է լրատվամիջոցների բազմակարծության և հանրային հեռարձակողի դերի մասին։

    Քոչարյանի խոսքով՝ հանրային հեռարձակողը պետք է ներկայացնի հասարակության մեջ առկա տեսակետների բազմազանությունը, լուսաբանի նաև իշխանության համար անհարմար փաստերը և ապահովի տարբեր կողմերի խոսքի իրավունքը։

    Նա անդրադարձել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ի ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցում արձանագրվել է հանրային հեռարձակողի կողմնակալություն իշխող կուսակցության օգտին։ Քոչարյանի խոսքով՝ նման մեդիա միջավայրը կարող է սահմանափակել քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։

    Պատգամավորը առանձնացրել է նաև իրավապահ մարմինների հաղորդագրությունների ներկայացման, խմբագրական անկախության և ընդդիմադիր գործիչների նկատմամբ տեղեկատվական վերաբերմունքի հարցերը։

    «Լուծումը պարզ է և վաղուց ձևակերպված է նաև այս Վեհաժողովի կողմից․ հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»,- հայտարարել է Քոչարյանը՝ ընդգծելով հանրային հեռարձակողի անաչառության և խմբագրական անկախության անհրաժեշտությունը։

  • Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանը և նշել, որ 1 տարի առաջ ՀՀ-ն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր։

    «Եվ մենք պետք է մտածեինք՝ այդ էներգիան որտեղ սպառել։ 1 տարի հետո ՀՀ-ն դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն, քանի որ օգոստոսի 8-ին ստորագրվել է, ըստ ընդդիմության, «ոչ մի բան չնշանակող» մտադրությունների հուշագիրը ԱՄՆ-ի նախագահի և իմ միջև»,- ասել է վարչապետը և հավելել, որ խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ ՀՀ-ն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։

    «Այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկը այդ ներդրումային ծրագրերը ամբողջությամբ սպառում են։ Պետք է մտածենք՝ ինչ անենք։ Նախ պետք է մտածենք էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների և մեր աղբյուրների գեներացման մասին»,- շեշտել է նա և հավելել, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավել ոչ մի բան պետք չէ։

    Նրա խոսքով՝ չի բացառվում, որ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. «Բայց չեմ կարող ասել, փորձագիտական քննարկման տիրույթում է հարցը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

  • 9 ամսում պետբյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 մլրդ դրամ. Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է պետական բյուջեի առաջին ինն ամիսների հարկային եկամուտներին։

    «Ինն ամիսների արդյունքներով պետբյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ինն ամիսների համեմատ ավելի է 14,7 տոկոսով»,- ասել է վարչապետը և ընդգծել՝ 2025 թվականի բյուջեի ցուցանիշների համեմատ այս ցուցանիշն ավելի է 126 մլրդ դրամով։

    Վարչապետն այս առումով շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող և հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին․ «Սակայն այս ամենով հանդերձ՝ մենք ունենք ահռելի ստվեր, և ես բավարարված չեմ ստվերի դեմ մեր պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով և արդյունավետությամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

    Վարչապետի խոսքով՝ ցուցանիշները կապ ունեն այն տնտեսական ակտիվության հետ, որն արձանագրված է Հայաստանում․ «Ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների՝ 2026 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվությունը 5,2 տոկոս է, ընդ որում՝ շատ մեծ տեմպով շարունակում է աճել շինարարությունը։ Անշարժ գույքի շուկայում շատ մեծ ակտիվություն կա»,- ասել է նա։

  • 2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան

    ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։

    Նախագծի համաձայն՝ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։

    Կառավարությունը 2027 թվականին ակնկալում է 5.8% տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի տարեկան միջին տեմպը նախատեսվում է շուրջ 6%։

    Կառավարության գնահատմամբ՝ տնտեսական աճի հիմնական շարժիչներից մեկը լինելու է գիտելիքն ու նորարարությունը։ Նախատեսվում է զարգացնել տեխնոլոգիական և նորարարական արտադրանք ստեղծող տնտեսություն, ինչպես նաև շարունակել ենթակառուցվածքների զարգացումը։

    Բյուջեի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտքի բեռը 2027-2028 թվականներին կպահպանվի մոտ 47% մակարդակում, իսկ մինչև 2029 թվականը կնվազի՝ հասնելով մոտ 46.4%-ի։

    Ծախսային քաղաքականության շրջանակում կառավարությունը նախատեսում է նվազեցնել ընթացիկ ծախսերի մասնաբաժինը և պահպանել կապիտալ ծախսերը պատմական միջինից բարձր մակարդակում։ Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում մինչև 2029 թվականը նախատեսվում է հասցնել 5.9%-ի։

    Միաժամանակ ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2026 թվականի համար ակնկալվող 24.4%-ից աստիճանաբար կնվազի և 2029 թվականին կկազմի 22.5%։

    Բյուջեի եկամուտների ավելացման նպատակով նախատեսվում է բարելավել հարկային վարչարարությունը, շարունակել ստվերային տնտեսության դեմ պայքարը և հարկային օրենսդրության միջոցով ձևավորել ավելի կանխատեսելի միջավայր ներդրողների համար։

    Կառավարությունը նախատեսում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կշարունակի աճել և 2029 թվականին կհասնի 25.7%-ի։

    Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը։

  • Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

    Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 11 միլիոն դրամ շուկայական արժեքով 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

    Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2017 թվականի օգոստոսի 24-ին Ա.Ա.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 690 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում, մինչդեռ երկրորդ մասնակից Ս.Խ.-ն փաստացի մրցույթին չի մասնակցել։

    Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

    Ուսումնասիրության արդյունքում Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Ա.Ա.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Նաիրի համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

    Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։

    2026 թվականի սեպտեմբերի 24-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել 690 քմ մակերեսով հողատարածքը: