ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ

Written by

in

2026 թվականի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել։

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախկինում ոչ մի անգամ չենք ունեցել, որ օգոստոսին պատմական մաքսիմում ունենանք։ Այսինքն՝ օգոստոսին աճեր եղել են, բայց նույն տարվա նախորդ ամիսներին 1 կամ 2 անգամ ունեցել ենք ավելի բարձր ցուցանիշ: Այս տարի աննախադեպ է նրանով, որ օգոստոս ամսին բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել: Օգոստոսին ունեցել ենք 830 417 աշխատատեղ, որը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելի է 307 130-ով: Ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 2017-ի օգոստոսի համեմատ՝ ավելի է 186 մլրդ դրամով կամ 208 տոկոսով։ Այսինքն՝ շուրջ 4 անգամ աշխատավարձային ֆոնդն, ընդհանուր առմամբ, ավելացել է»։

Վարչապետը տեղեկացրել է նաև՝ եկամտային հարկի ցուցանիշները 2026 թվականի օգոստոսին 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել են 32 մլրդ դրամով կամ 144 տոկոսով, իսկ միջին աշխատավարձը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել է 161 հազար դրամով կամ 94 տոկոսով:

Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին 9 ամիսների արդյունքներով պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ ավելի է 14,7 տոկոսով։ «2025 թվականին Ազգային ժողովում ընդունված բյուջեի ցուցանիշների համեմատությամբ հավաքագրված ցուցանիշն ավելի է 126 մլրդ դրամով։ Այսինքն՝ 126 մլրդ դրամով 9 ամիսների արդյունքներով մենք նախնական բյուջեից ավելի հավաքագրումներով գնում ենք առաջ։ Իհարկե, սա լավ ցուցանիշ է, և այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պետական այն աշխատողներին, ում աշխատանքի շնորհիվ այս ցուցանիշն արձանագրվում է, այդ թվում՝ ՊԵԿ-ին»,- ասել է վարչապետը։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստվերին և ընդգծել՝ այնուամենայնիվ, դեռ ահռելի ստվեր կա, և բավարարված չէ ստվերի դեմ պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով ու արդյունավետությամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *