Category: TIV 1

  • Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին

    Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

    Իլհամ Ալիեւը Հայաստանի նախկին ղեկավարներին «ռազմական հանցագործ» է անվանել։

    Իսկ 1989թ․ աշնանը Բաքվի իրավիճակի մասին ահա թե ինչ է գրել Զարդուշտ Ալիզադեն․ «Տասը-քսան հոգանոց խմբերը շրջում էին հիմնարկ-ձեռնարկություններով եւ տնօրեններից պահանջում, որ հայերին աշխատանքից ազատեն։ Նրանց առաջնորդում էին Մոհամեդ Հաթամին, Խալիլ Ռզան, Աբուլֆազ Ալիեւի ֆանատները։ Իրավիճակը հիշեցնում էր Սումգայիթի ջարդերի նախօրերը։
    Ես Լեյլա Յունուսովայից իմացա, որ ԱԺՃ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց քաղաքի հայ բնակիչների ցուցակներ են կախված՝ կոնկրետ հասցեներով։
    ․․․Պետերբուրգը՝ 1917թ․ վերջերին, Բեռլինը՝ 1934թ․-ին, Բաքուն՝ 1989թ․-ին․ազգայնականությունը եւ այլատյացությունը նողկալի հանցանքներ են ծնել եւ ծնում են»։ Ադրբեջանցի քաղաքագետը Ադրբեջանի մայրաքաղաքը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի մայրաքաղաքի հետ՝ մինչ այդ պատմելով, որ ադրբեջանցի երիտասարդները դանակահարել են մի կնոջ եւ նրա տղային, քանի որ նրանք․․․ ռուսերեն էին խոսում։
    Зардушт Ализаде: Конец второй республики տես՝ https://azeribooks.narod.ru/politika/zardusht_alizade/konets_vtoroy_respubliki.htm
    Հ․Գ․ Մոհամեդ Հաթամին մասնագիտությամբ բանասեր է, Բաքվի համալսարանի շրջանավարտ, զբաղվել է ադրբեջանական բանահյուսությամբ, իսկ Խալիլ Ռզան բանաստեղծ է։
    Հ․Հ․ Գ․ Ֆեյսբուքյան ընկերներիս եւ ինձ հետեւող լրատվամիջոցներին խնդրում եմ այս գրառումը հնարավորինս տարածել։

  • TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։

    Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է․

    «Հարգելի Օլժաս Աբաևի,
    Հարգելի Ալեքսանդր Հենրխի,
    Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
    Նիստի հարգելի մասնակիցներ,

    Ուրախ եմ ողջունել Ձեզ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։

    Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև ողջունել ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների պատվիրակությունների հարգարժան ղեկավարներին։

    Վստահ եմ, որ այսօրվա նիստը ևս մեկ հնարավորություն կընձեռի արդիական հարցերի շուրջ մտքերի բաց և կառուցողական փոխանակման համար։

    Մենք բազմիցս վերահաստատել ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության շարունակականությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, որը նպատակաուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։

    Հարգելի գործընկերներ,

    Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը։ Ինչպես բազմիցս նշվել է, «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունն ուղղված է տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։

    «Խաղաղության խաչմերուկի» առանցքային բաղադրիչներից մեկը TRIPP-ն է՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։

    TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի։

    Միևնույն ժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցություն ձևավորելու համար։

    Սա տրանսպորտային կապերի ոլորտում նշանակալի իրադարձություն կդառնա՝ փոփոխություններ բերելով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։

    Նեղ կազմով նիստի ընթացքում ես գործընկերներին տեղեկացրեցի որոշ ասպեկտների մասին, որոնք վերաբերում են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք որոշակի լուծումների ակնկալիք ունենք, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը։

    Հարգելի գործընկերներ,

    Անշուշտ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը ԵԱՏՄ միասնական շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։

    Միևնույն ժամանակ, տնտեսական համագործակցության զարգացման և խորացման կարևոր բաղադրիչ է պարենային անվտանգության, ներքին շուկաների կայունության և գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի փոխադարձ մատակարարումների կանխատեսելիության ապահովումը։

    Ագրոպարենային համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները և պահանջարկի ու առաջարկի հաշվեկշիռները հնարավորություն են տալիս ավելի հստակ գնահատելու մեր պետությունների կարիքները, պլանավորելու արտադրությունն ու մատակարարումները, ինչպես նաև բացահայտելու փոխադարձ առևտրի և ԵԱՏՄ շուկայում արտահանման ներուժի իրացման նոր հնարավորություններ։

    Հարգելի գործընկերներ,

    Անշուշտ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը ԵԱՏՄ միասնական շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։

    Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը շարունակում է պահանջել մեր հատուկ ուշադրությունը։ Ցավոք, Չոլպոն-Աթայում Միջկառավարական խորհրդի նիստին իմ նախորդ մասնակցությունից ի վեր առկա մի շարք հարցերի ուղղությամբ էական առաջընթաց արձանագրել չի հաջողվել։

    Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներ և վարչական խոչընդոտներ, որոնք շարունակում են էապես դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։

    Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան Հայաստանի արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը։

    Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև ինտեգրացիոն համագործակցության հետագա ամրապնդումը։

    Շնորհակալություն ուշադրության համար»։

  • Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

    Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, «Վեստի» լրատվական գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

    Նրա խոսքով՝ Հայաստանը միության անդամ է ընդամենը 10 տարուց մի փոքր ավելի, և այս ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է։ Համապատասխանաբար, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն նույնպես եռապատկվել է։

    «Մեր առևտուրը 2024 թվականի գագաթնակետային տարում հասել է 12,4 միլիարդ դոլարի, մինչդեռ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակ կազմում էր մոտավորապես 26-27 միլիարդ դոլար։ Եվ մենք, իհարկե, շատ հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողականորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ», – ասել է Օվերչուկը։

  • Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան

    Հայաստանը շահագրգռված է շարունակել փոխշահավետ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել է տեսակապով։

    «ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժն է։ Ցավոք, գործնականում այդ սկզբունքները լիարժեք չեն իրականացվում»,- ասել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ մի շարք սահմանափակումներ և վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման հետ կապված որոշ հարցերի շուրջ մինչ այժմ էական առաջընթաց չի արձանագրվել, սակայն անհրաժեշտ է շարունակել կառուցողական երկխոսությունը՝ առկա խոչընդոտները վերացնելու համար։

    Փաշինյանը նաև խոսել է «TRIPP» նախագծի մասին՝ նշելով, որ այն կբացի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

    Միաժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և ստեղծել հնարավորություն Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար։ Սա կդառնա դարակազմիկ իրադարձություն տրանսպորտային կապերի ոլորտում՝ փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։

  • Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է

    Դատարանը որոշմամբ՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է:

    Հիշեցնենք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքով Ռոբերտ Քոչարյանից բացի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ՝ այդ թվում Սերժ Սարգսյանի։

  • ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար

    ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիա և Կատար է ուղարկել Patriot հակահրթիռային պաշտպանության ևս երկու մարտկոց։ Այդ մասին հայտնում է Axios-ը։

    Հրապարակման համաձայն՝ մեկ մարտկոց տեղակայվել է Սաուդյան Արաբիայում՝ նավթային օբյեկտի պաշտպանության, իսկ մյուսը՝ Կատարում՝ գազային արդյունաբերության օբյեկտի անվտանգության ապահովման համար։

    Axios-ի աղբյուրի խոսքով՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի Սաուդյան Արաբիայի թույլտվությունը՝ երկրի օդային տարածքն օգտագործելու համար։ Ըստ աղբյուրի՝ Ռիադը կարող է չտալ այդ թույլտվությունը, եթե համարի, որ իր նավթային օբյեկտները բավարար պաշտպանված չեն։

    Միաժամանակ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկում լրացուցիչ ռազմական ուժեր, ինքնաթիռներ և նավեր։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ «USS Theodore Roosevelt» ավիակիրն ու դրա հարվածային խումբը Սան Դիեգոյից մեկնել են տարածաշրջան և սպասվում է, որ այնտեղ կհասնեն նոյեմբերի կեսերին։ Տարածաշրջան է մեկնել նաև «Makin Island» դեսանտային խումբը:

  • Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

    Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. հայտնում են քննչական կոմիտեից

  • Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը

    Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Օհանյանին։ Այդ մասին հայտնում է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

    «Առավոտյան հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին…
    Պինդ կաց ընկերս, կհաղթահարենք…»,-գրել է նա։

  • Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվում վստահ են՝ ԱՄՆ-ի ապագա վարչակազմերը կշարունակեն զարգացնել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը։

    Հաջիևի խոսքով՝ վերջին երկու տարիներին Ադրբեջանին հաջողվել է ամրապնդել հարաբերությունները ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրամիության հետ։ Նա նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը, բացի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից, հնարավորություն է տվել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները բարձրացնել «որակապես նոր ռազմավարական մակարդակի»։

    Նա նաև հայտարարել է, որ նախորդ ամերիկյան վարչակազմերի օրոք Բաքուն որոշակի դժվարություններ է ունեցել, իսկ Հարավային Կովկասի և Կասպյան տարածաշրջանի նկատմամբ, իր գնահատմամբ, բավարար ուշադրություն չի եղել։

    Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում էր ԱՄՆ-ին վերադարձնել տարածաշրջան այնպիսի դերակատարությամբ, որը, Բաքվի գնահատմամբ, համապատասխանում է տարածաշրջանի նշանակությանը։

    «Հետևաբար, մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան այնպիսի դերով և մոտեցմամբ, որը, մեր կարծիքով, համապատասխանում է դրա նշանակությանը։ Մենք վստահ ենք, որ ապագա վարչակազմերը կշարունակեն զարգացնել այս հարաբերությունները, և որ ամերիկյան կողմը կշարունակի կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա և դրա միջոցով ներգրավվել տարածաշրջանում»,- ասել է Հաջիևը։

    ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիան ներառում է համագործակցություն նաև էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի, արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում։

  • Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել

    Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։

    «Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը): Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին»,-ասացին դատախազությունից։