ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է 2027թ. պետական բյուջեի նախագիծը։
«Այսօր Կառավարությունը հաստատեց և Ազգային ժողով ներկայացրեց 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Սա ընտրություններից հետո ձևավորված Կառավարության առաջին տարվա բյուջեն է, որով 2027 թվականից սկսած՝ ֆինանսավորելու ենք մեր 2026–2031 թվականների ծրագրով ստանձնած հանձնառությունները։ Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչի համար ենք օգտագործում իր վճարած միջոցները և ինչ է փոխվելու իր կյանքում։
Կապիտալ ծախսերի համար նախատեսում ենք ավելի քան 771 մլրդ դրամ՝ պահպանելով ներդրումների բարձր մակարդակն ու աստիճանաբար նվազեցնելով փոխառության կարիքը։ Մեր առաջնահերթություններն են ընտանիքների պաշտպանվածությունը, անվտանգության ու տնտեսական զարգացման հիմքերի ամրապնդումը, պետական ծառայության կարողությունների բարձրացումը՝ հետևողականորեն ապահովելով ֆիսկալ կայունությունը։
Բյուջեի արդյունքը պետք է տեսանելի լինի առօրյայում․ երբ մարդը բուժօգնություն է ստանում առանց անհաղթահարելի ծախսի, երբ թոշակառուի եկամուտն ավելի լավ է ապահովում նրա կարիքները, երբ ճանապարհն ու դպրոցը ծառայում են իրենց նպատակին։ Որպես Կառավարություն՝ հաշվետու ենք լինելու հատկացված գումարների և այդ գումարներով ապահովված արդյունքների համար»,- գրել է նա սոցցանցի իր էջում։
Leave a Reply