Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար

Written by

in

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանից Եվրոպական միության երկրներ ձկների և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն արդեն պատրաստ են, և տեղական արտադրողները կարող են սկսել մատակարարումները։

Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն հաստատել է արտահանման կարգը և համապատասխան ստուգաթերթերը, որոնց հիման վրա տեսուչները կստուգեն տնտեսությունները՝ դրանք Եվրամիության TRACES էլեկտրոնային համակարգում գրանցելու նպատակով։

«TRACES համակարգում գրանցվելու համար տնտեսավարողները պետք է ՍԱՏՄ ներկայացնեն դիմում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ կցելով 18 կետից բաղկացած անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,– նշել է Տիգրան Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ ներկայացվող պահանջները բարդ չեն և համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք արդեն գործում են ԵԱՏՄ երկրներ արտահանման դեպքում։

Տիգրան Պետրոսյանը հայտնել է նաև, որ գրանցված տնտեսությունները կստուգվեն առնվազն տարին մեկ անգամ։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում արտադրողներին ժամանակ կտրվի դրանք վերացնելու համար՝ առանց համակարգից անմիջապես դուրս մնալու։

Անդրադառնալով հայկական արտադրողների պատրաստվածությանը՝ ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ երկրի ձկնաբուծական տնտեսությունների շուրջ 97 տոկոսը համապատասխանում է Եվրամիության խիստ չափանիշներին։

«Կարծում եմ՝ առաջին արտահանումներից հետո, երբ տնտեսավարողները համոզվեն, որ ընթացակարգը բարդ չէ, դիմումների թիվը զգալիորեն կավելանա», – ասել է նա։

Խոսելով արտահանողների մտահոգությունների մասին՝ ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ բարձր ինքնարժեքը պայմանավորված է Եվրոպայից ներմուծվող կերով և ձկնկիթով, ինչպես նաև լոգիստիկ ծախսերով։ Նրա խոսքով՝ եթե հայկական ձկնամթերքը պահանջարկ ունենա եվրոպական շուկայում, իսկ փոխադրման ծախսերը մնան բարձր, պետությունը կարող է քննարկել արտահանման սուբսիդավորման հնարավորությունը։

Տիգրան Պետրոսյանը նաև ընդգծել է, որ Եվրամիություն արտահանվող ձկների տեսակների նկատմամբ սահմանափակումներ չկան։ Արտահանումը հնարավոր կլինի իրականացնել ինչպես սառեցված, խորը սառեցված, աղած, ապխտած և պահածոյացված արտադրանքի տեսքով, այնպես էլ ցամաքային և օդային տրանսպորտով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *