Category: TIV 1

  • Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել

    Իսպանիայի հյուսիսային Արագոնի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում: Կրակը սկսել է մոտենալ մի քանի գյուղի. բնակիչները տարհանվել են: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

    Հրդեհներն այրել են ավելի քան 4500 հեկտար տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժգին քամիները:

    Արագոնի տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է արտակարգ դրության 2-րդ մակարդակ, ինչը նշանակում է, որ հրդեհը սպառնում է բնակելի տարածքներին և ենթակառուցվածքներին:

    Բացի այդ, օրերս Ալմերիայի նահանգում մոլեգնող հրդեհների պատճառով 13 մարդ է զոհվել, որոնցից 12-ը՝ օտարերկրացիներ, այդ թվում՝ 7 բրիտանացի, 3 բելգիացի, 1 ֆրանսիացի և 1 ամերիկացի:

    Թուրքիայի հարավ-արևելքում ևս անտառային հրդեհների պատճառով հազարից ավելի մարդ է տարհանվել:

    Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Կանադայում: Ծուխը տեսանելի է նույնիսկ ԱՄՆ-ից:

  • Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները

    Հուլիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Carrefour ցանցի միջազգային ապրանքների գծով տնօրեն Ռեժի Ֆրոդենին (Régis Fraudin, Directeur de Catégorie, Produits du monde). հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսիական շուկա, մասնավորապես՝ Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի ներմուծման և իրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել հայկական սննդամթերքի և այլ ապրանքների մրցունակության, ֆրանսիական սպառողների նախասիրությունների, ինչպես նաև շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ չափանիշների և ընթացակարգերի վերաբերյալ։
    Ֆրոդեն ներկայացրել է «Carrefour»-ի գործունեության առանձնահատկությունները, մատակարարների ընտրության և արտադրանքի ներմուծման գործընթացները, ինչպես նաև ցանցի կողմից կիրառվող որակական և առևտրային պահանջները։

    Դեսպան Խաչատրյանը կարևորել է ֆրանսիական խոշոր մանրածախ ցանցերի հետ համագործակցության զարգացումը՝ որպես Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման և հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացման կարևոր գործոն։

    Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ուսումնասիրել համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նպատակ ունենալով նպաստել հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը ֆրանսիական շուկայում։

  • 5 միլիարդ դրամ` պարգևավճարների համար․ Կառավարության որոշումը

    Շուրջ 5 միլիարդ դրամ է հատկացվել Պետական մարմինների աշխատակիցների խրախուսման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ին կայացած նիստում։

    Որոշման նպատակն է ապահովել գործադիրի այն որոշման կատարումը, որով աշխատանքի արդյունավետության գնահատման նոր չափորոշիչների հիման վրա փորձնական կարգով ներդրվում է խրախուսման համակարգը։

    Միջոցները կհատկացվեն 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ծրագրի իրականացման համար։

  • Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ

    Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը․ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

    Խոսքը վերաբերում է նաև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։

    «Մեզ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ Ինչպես և նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,- նշել են նախարարությունից։

  • Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Վարդանյան

    Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․ «Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվող էգ սպիտակ առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից։

    Հուլիսի 7-ին, դեպքից անմիջապես հետո, առաջարկել եմ հրատապ գումարել Կառավարման խորհրդի նիստ՝ դեպքի հանգամանքները քննարկելու և պատասխանատվության հարցը պարզելու համար։ Սակայն նիստը նշանակվեց միայն հուլիսի 16-ին։

    Չսպասելով Կառավարման խորհրդի նիստին՝ հուլիսի 9-ին դեպքի վերաբերյալ իմ բոլոր հարցերն ու առաջարկությունները պաշտոնապես հասցեագրել եմ Երևանի քաղաքապետին։ Նամակը հրապարակում եմ կից։

    Ինձ համար նման ողբերգությունը պահանջում էր անհապաղ, պատասխանատու և բազմակողմանի մասնագիտական արձագանք։ Քանի որ դա տեղի չունեցավ, որոշեցի դուրս գալ Կառավարման խորհրդի կազմից»:

  • Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C

    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից ներկայացնում են 2026 թվականի հունիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում։

    «2026 թվականի հունիս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․1 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 65․4 մմ, որը նույնպես նորմայի սահմաններում էր՝ 104 %։

    Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը հունիսի 3-ին՝ Աշոցքում՝ -4․1 °C։

    Մայիսի երկրորդ տասնօրյակում օդի օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայի նկատմամբ շրջանների մեծ մասում, իսկ առաջին և երրորդ տասնօրյակներին դիտվեցին նորմային կամ նորմայից ցածր ջերմաստիճաններ։

    Տեղումներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։ Հունիսի 6-ին Մեղրիում դիտվեց 30․2 մմ հորդառատ անձրև 35 րոպեի ընթացքում, իսկ հունիսի 10-ին և 12-ին Ապարանի ջրամբարի և Պուշկինի լեռնանցքի օդերևութաբանական կայանները գրանցեցին երկարատև առատ տեղումներ՝ 53-55 մմ քանակությամբ։

    Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Առավել վտանգավոր էին հունիսի 6-ի, 10-ի և 19-ի կարկտահարության դեպքերը, որոնք հիմնականում դիտվեցին Շիրակի և Լոռվա մարզերում։ Կարկտի տրամագիծը հասավ 22-ից 32 մմ-ի ըստ օդերևութաբանական կայանների դիտարկումների ։

    Հունիսի 30-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, հունիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 39 սմ։

    1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հունիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 17․6 °C, իսկ ամենացուրտը՝ 1967 թվականին՝ 11․2 °C միջին ամսական ջերմաստիճանով։

    Ամենախոնավ հունիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 118․1 մմ, իսկ ամենաչորը՝ 2021 թվականին՝ 19․3 մմ տեղումների քանակով։

    Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով»։

  • Հայաստանը միացել է «Trade over Aid» նախաձեռնությանը

    Հուլիսի 13-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Trade over Aid» ֆորումին։

    ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միացել է «Trade over Aid» նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը՝ այն դիտարկելով որպես զարգացման միջազգային համագործակցության նորարարական մոտեցում, որը լրացնում է ավանդական զարգացման գործիքները՝ շեշտադրում կատարելով ազգային կարողությունների ամրապնդման, ներդրումների ներգրավման, տնտեսական աճի, ինչպես նաև ազգային պատասխանատվության և դիմակայունության բարձրացման վրա, ինչը համահունչ է Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։

    ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև ՄԱԶԾ-ի ակտիվ ներգրավվածությունը նախաձեռնության շրջանակներում՝ նշելով, որ կազմակերպության բազմամյա փորձն ու ոլորտային մասնագիտական կարողությունները կարող են էական ներդրում ունենալ կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների, մարդկային կապիտալի զարգացման, փոխկապակցվածության ամրապնդման և երկարաժամկետ ներառական տնտեսական աճի ապահովման գործում։

    Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիության ընդլայնում, ինչպես նաև սահմանափակ թվով ոլորտներից կառուցվածքային կախվածության նվազեցում։ Միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանը հետևողականորեն անցում է կատարում դեպի գիտելիքահենք և տեխնոլոգիական տնտեսություն՝ խթանելով նորարարությունը, աջակցելով մրցունակ փոքր և միջին ձեռնարկություններին և ներդրումներ կատարելով մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։ Նշվել է, որ այս ռազմավարական ծրագրի հաջող իրականացումը պահանջում է խաղաղ և կայուն տարածաշրջանային միջավայր, միջազգային մատակարարման շղթաների կանխատեսելիություն, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացում, ինչպես նաև առևտրի դյուրացման և թվային փոխկապակցվածության զարգացում։

    Անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական տնտեսական համագործակցությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» տարածաշրջանային փոխկապակցվածության նախագիծը՝ որպես առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանն ուղղված նախագիծ։ Ներկայացվել են ծրագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով։ 

    Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության կարևոր օրինակ։ Նշվել է, որ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող այս ներդրումային ծրագիրը կնպաստի արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։

    ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր հեռանկարները՝ անդրադառնալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին «123 համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտին, ինչպես կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր ստորագրմանը։

    Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի առևտրային ինտեգրման խորացման ուղղությամբ վերջին զարգացումներին։ 

  • Բոլորին հասկանալի է, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Ծառուկյան

    Երկու ամսով կալանավորված ԲՀԿ առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

    «Շնորհակալություն եմ հայտնում հանրային գործիչների այն մեծ ու հեղինակավոր ցանկին, որոնք հանդես եկան ինձ աջակցող հայտարարությամբ։ Նման քայլը երբեք չի մոռացվում։

    Ձեզնից ոմանց հետ անձամբ եմ ծանոթ, ոմանց հետ եղել ենք Քրիստոսի արձանի շինհրապարակում, շատերիդ ծանոթ չեմ, բայց դա անպայման տեղի կունենա։

    Անկեղծ ասած, առաջին միտքը, որ մոտս ծագեց ձեր հայտարարությունը լսելուց հետո, հետևյալն էր. ինչպե՞ս կարող է մի ազգ ունենալ այսքան հանրահայտ, հեղինակավոր դեմքեր, իրենց ոլորտներում լուրջ հաջողության հասած մարդիկ, ու մեր երկիրը լինի այս վիճակում։

    Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու՝ թե´ մշակույթում, թե´ գիտության մեջ, թե´ սպորտում, բոլոր բնագավառներում։

    Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես։

    Այս օրերին ես մտքով շատ հաճախ եմ լինում Քրիստոսի արձանի շինհրապարակում. ամեն քարը, ամեն աստիճանը, ամեն մետրն ինձ համար թանկ է ու կարևոր։ Վերջերս մտածում էի, որ ժամանակն է՝ ստեղծել արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։ Պլանավորում եմ, որ ներկա կգտնվեն հեղինակավոր հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից, հանրահայտ դեմքեր, համաշխարհային հեղինակություն ունեցող գործիչներ, պաշտոնական պատվիրակություններ, իմ երկրի ու ժողովրդի բարեկամներ, տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ։ Ասեմ, որ արդեն իսկ ունեմ բազմաթիվ հեղինակավոր անձանց հավաստիացումները, որ բացմանը կգան մեր երկիր՝ տեսնելու աշխարհի նոր հրաշալիքը։

    Այս ամենը պետք է մշակել, պլանավորել, քննարկել, բանակցել։ Մի խոսքով, շատ գործ կա անելու։ Աստծո կամոք, ամեն ինչ կարվի։

    Ես ունեմ այն խոր, անխախտելի զգացողությունը, որ այդ արձանի կառուցումը մեր երկրի համար նոր, լուսավոր շրջան է բացելու։

    Այդ արձանը մեր երկրի համար պետք է բացի նոր էջ, նոր հաջողություն։ Այն պիտի դառնա մեր ներքին համերաշխության, ազգային վերածննդի ու աշխարհին ներկայանալու մեր նոր խորհրդանիշը»։

  • Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին

    Միացյալ Նահանգները հասել է Իրանի հետ պատերազմում իր սահմանած հիմնական նպատակներին, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։

    «Ես կարծում եմ, որ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել…. Կարծում եմ՝ դրանք (նպատակները) այժմ իրականացված են», – նշել է նա։

    ԱՄՆ նախագահը հավելել է, որ եթե իրենք հիմա հեռանան, Իրանին 20 տարի կպահանջվի՝ վերականգնելու այն, ինչ ունեն։

    «Այս մարդկանց հետ կարող եք բանակցել միայն ուժի միջոցով», – ասել է Թրամփը։

    Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ նա նշել է, որ իր ներկայացուցիչները շարունակում են շփումները՝ հավելելով, որ նման շփումներ եղել են հարցազրույցից մեկ ժամ առաջ։

    «Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց ամեն անգամ, երբ գործարք կնքում են, ցանկանում են խախտել այն», – ասել է Թրամփը։

    Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս պահին չի ցանկանում բանակցել։

    «Ես հիմա չեմ ուզում բանակցել։ Եկեք չբանակցենք։ Երեք օր առաջ մենք համաձայնություն ունեինք», – նշել է նա։

    Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանի չնստի բանակցությունների սեղանի շուրջ, ապա ԱՄՆ-ն կոչնչացնի այդ երկրի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։

  • Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

    Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրճարանից տեսանյութ է հրապարակել՝ տնտեսվարողներին և քաղաքացիներին կոչ անելով չմոռանալ ՀԴՄ կտրոններ տրամադրել և վերցնել:

    Նա անկեղծացել է՝ ասելով, որ ինքն էլ երկար ժամանակ դրան ուշադրություն չի դարձրել, այնուհետև հասկացել է, որ այն պետության համար շատ կարևոր է:

    «Ես էլ շատերիդ նման առանձնակի ուշադրություն չեմ դարձրել ՀԴՄ-ին վարչապետությունից առաջ, վարչապետ ընտրվելուց հետո ահագին ժամանակ՝ մինչև էն պահը, երբ հասկացել եմ, որ ՀԴՄ-ն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր և բաղկացուցիչ մասն է: Էնպես որ խնդրում եմ, հորդորում եմ, կոչ եմ անում և՛ տնտեսվարողներին, և՛ նրանց ծառայություններից օգտվողներին չմոռանալ ՀԴՄ-ների մասին»,- ասել է նա:

    Կառավարության ղեկավարը քաղաքացիներին ցույց է տվել, թե որն է ՀԴՄ կտրոնը:

    Հրապարակված տեսանյութին կից նա գրել է. «Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին։ Սիրում եմ բոլորիդ»: