Category: TIV 1

  • Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան

    Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

    «Ենթադրյալ չարաշահումները վերաբերում են բացառապես հարկերից խուսափելուն, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ բիզնես գործունեության փակման համար։ Հարկերից խուսափելու դեպքում, ընկերությունները պետք է վճարեն հարկերը՝ համաձայն օրենսդրության, իսկ համապատասխան աշխատակիցները կրեն օրենքով սահմանված պատիժ, եթե կատարել են հանցագործություն։

    Բիզնես գործունեությունը կարող է փակվել, եթե չունեն ոլորտային թույլտվություններ, կամ խախտումներ են արել, որոնք կարող են վնասել սպառողներին և այլն, բայց կրկին ու կրկին՝ ենթադրյալ հարկ չվճարելու համար բիզնես փակելը դասական խուլիգանություն է պետական կառույցների կողմից»,-գրել է  նա։

  • Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

    Իրանի մի քանի քաղաքում նոր պայթյուններ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

    Ըստ IRNA գործակալության՝ Բուշերում արկերը հարվածել են չորս վայրի։ Fars գործակալությունը նշում է, որ բնակիչները հայտնել են մի քանի պայթյուն լսելու մասին։

    Բուշերն Իրանի հարավ-արևմուտքում՝ Պարսից ծոցի ափին գտնվող նավահանգստային քաղաք է, որտեղ գործում է նաև ռուսական «Ռոսատոմ»-ի կողմից գործարկվող ատոմակայանը։

    Ըստ Fars գործակալության՝ նաև պայթյուններ են լսվել Չողադակ քաղաքում։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են նաև Բանդար Աբբասում մի քանի պայթյունի մասին։

    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին չի հայտնել։ Առավոտյան ժամը 6։20-ին X-ում գրառման մեջ հրամանատարությունը հայտնել էր, որ ավարտել է Իրանին հարվածները, որոնք տևել են հինգ ժամ։

  • Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝  Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:

    «Խոր վշտով տեղեկացա Կատարի Պետության հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։

    Նորին վսեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության և միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային երկխոսության ու համագործակցության առաջմղման գործում հավերժ կմնա պատմության էջերում:

    Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հանգուցյալ էմիրի մեծ ավանդը նաև Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ևզարգացման գործում, ինչի մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կողմից հայր էմիրին շնորհված «Բարեկամության» շքանշանը:

    Այս ծանր պահին Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձերդ վսեմությանը, Կատարի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին, հանգուցյալ Էմիրի հարազատներին և մերձավորներին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»,-նշված է հեռագրում:

  • ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, նա կանգ չի առնի և կշարունակի առաջ շարժվել։ Զելենսկին լիովին իրական է համարում սցենարը, որ Ռուսաստանը կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում, քանի որ երկիրն արդեն իսկ զարգացնում է իր բալիստիկ հրթիռների պոտենցիալը՝ մինչև 5000 կիլոմետր գործողությունների շառավղով։

    Զելենսկին Ուկրաինայում հրադադարը անվանել է «հնարավոր», բայց նաև ընդունել է, որ դրան հասնելը «շատ դժվար է», քանի որ «Պուտինը ձգտում է ոչ թե խաղաղության, այլ հաղթանակի»։

    Զելենսկու խոսքով՝ Պուտինի հաղթանակը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի համար։ «Պուտինը կփորձի գրավել նոր երկրներ և կսպանի ավելի շատ մարդկանց, եթե հաջողության հասնի Ուկրաինայի դեմ պատերազմում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

    Նա նաև նշել է պատերազմի իրական արժեքը Ռուսաստանի համար։ Ռազմաճակատի մոտ 50 կիլոմետր երկարությամբ մի հատվածում ռուսական բանակը կորցրել է 150 հազարզինվոր։

    «Ահա թե որն է իսկական պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։

    Ինչ վերաբերում է Ուկրաինայի պաշտպանական պոտենցիալին, Զելենսկին ընդգծել է, որ չորս տարուց ավելի լայնածավալ ներխուժման ընթացքում երկիրը ստեղծել է սեփական արտադրության անօդաչուներ, հրթիռներ, հրետանի, զրահատեխնիկա և այլ սպառազինություն։ Սա, նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերը վերածել է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի։

    Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի բալիստիկ զենքերը, որոնց գործողության շառավիղը 5000 կիլոմետր է, կարող են ծածկել Եվրասիայի մեծ մասը՝ Եվրոպայի Ատլանտյան ափից մինչև Կենտրոնական Ասիա: Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ Ռուսաստանի ագրեսիայի պոտենցիալ ընդլայնումը Ուկրաինայից հետո չի սահմանափակվի միայն հարևան պետություններով:

    «Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. պատերազմի ողջ ընթացքում նա հայտարարել է նախկին հետխորհրդային տարածքում «Ռուսաստանի շահերի պաշտպանության» մասին։ Ուկրաինայում ագրեսիայի դադարեցումն է հենց այն, ինչը կարող է խզել այդ շղթան»,- պնդել է Զելենսկին։

  • «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին

    Երևանի կենտրոնում գտնվող խոշոր և արժեքավոր անշարժ գույքը վերադարձվել է Երևան քաղաքին։

    Radar Armenia-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ի՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին։

  • Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ

    Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար, ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։

    Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։

    «Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է Մինասյանը։

    Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։

    «Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- ընդգծել է փաստաբանը։

    Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին։ Ըստ «մեղադրանքի»՝ ղարաբաղյան առաջին պատերազմում նա կտտանքների է ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։

  • 2025 թ-ի համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները

    Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։

    Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասներին, մասնավորապես.

    ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,
    ինչպես ներկայացնել հայտարարագիր,
    որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,
    հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, որոնք՝ ինքնուրույն քաղաքացիների կողմից,
    երբ ներկայացնել հայտարարագիր:
    Եղե՛ք իրազեկ, ներկայացրե՛ք հայտարարագիրը ժամանակին

  • Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի

    Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ Թրամփի հայտարարություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին X-ում գրառում է կատարել՝ հերքելով ԱՄՆ նախագահի պնդումը, թե Վաշինգոնը հայտնի է դառնալու որպես «Հորմուզի նեղուցի պաշտպան»:

    Նա հայտարարել է, որ Իրանն ընդմիշտ կմնա նեղուցի իրական պաշտպանը:

    Նա նաև նշել է, որ նեղուցով տեղափոխվող բեռների համար 20 տոկոս հարկ սահմանելու Թրամփի ծրագիրը «չափազանց շատ է»:

  • Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ։ Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։

    Նրա խոսքով՝ հանձին Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ «Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսները փնտրել ամբողջ աշխարհում»։

    Անդրադառնալով 907-րդ ուղղմանը՝ Ալիևը հայտարարել է, որ այն հնացած է և պետք է չեղարկվի։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով կասեցրել է դրա գործողությունը, սակայն քաղաքական իմաստով այն դեռևս պահպանվում է։

    Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ որքան շուտ ԱՄՆ Կոնգրեսը լիովին չեղարկի ուղղումը, այնքան ավելի օգտակար կլինի բոլոր կողմերի համար։ Նա հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք ուղղումը փաստացիորեն ոչ մի դեր չի խաղում։