Category: TIV 1

  • «Ռուսաստանը սպասում է Բաքվի և Երևանի միջև համաձայնեցմանը». Զախարովան՝ 3+3-ի մասին

    Ռուսաստանը սպասում է Բաքվի և Երևանիմիջև համաձայնեցմանը 3+3 պլատֆորմի անդամ երկրների ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների հերթականության շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնականներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ստամբուլյան նիստի արդյունքներով, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։

    «3+3 պլատֆորմի առաջին փորձագիտական ​​նիստում, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին՝ 2026 թվականի Պիտերյան ֆորումի շրջանակներում, մասնակիցները ակտիվորեն արտահայտվել են կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին՝ առանց քաղաքականացման։ Լիովին կիսում ենք այս մոտեցումը»,- հայտարարել է Զախարովան։

  • Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան

    Փաշինյանական պառակտումը սովորական, հերթականը չէր: Ի տարբերություն նախորդած դեպքերի՝ սա ոչ միայն և ոչ այնքան քաղաքական բնույթ ուներ, որքան ֆունդամենտալ, արժեհամակարգային և այդքանով՝ կործանարար և անդառնալի»,- իր հոդվածում նշել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

    ««ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՊԼԱՆ B»-Ն՝ «ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

    Այս հոդվածը վերջինն է մի ցիկլում, որը պայմանականորեն կարող ենք կոչել «Հին Հունական» և որի նպատակն է՝ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը, որ «խառը խփոցի» է հիշեցնում, վերլուծել հին հույների կողմից ստեղծված և դասական դարձած գիտելիքների և մոտեցումների հիման վրա:

    Նախորդ հոդվածներում մենք պարզեցինք, որ ՝

    1. Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպից է: Նա սոփեստ է:

    2. Սոփեստների և սոփեստության դեմ պայքարը պահանջում է հստակ մեթոդաբանություն և գործիքակազմ, որ պետք է կիրառել կանոնավոր և հետևողական կերպով: (Սա հատկապես կարևոր է մանդատները վերցնող ընդդիմության համար):

    3. Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն. այն փոխարինվել է բռնությամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է: Սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը:

    Այսօրվա հոդվածում ես, նայելով քաղաքականությանը Հին Աթենքի Պարթենոնի բարձունքից, ցանկանում եմ վերլուծել հասարակության վիճակը:

    Հասարակության դերակատարությունն իրականում որոշիչ է ցանկացած դեպքում. երբ ժողովրդավարական մեխանիզմներով կայացնում է ճիշտ որոշում, երբ նույն մեխանիզմներով կայացնում է սխալ որոշում, բախվում հետևանքների և հետո շտկում սեփական սխալը, և, ի վերջո, երբ հանդուրժում է և համաձայնում ապրել ավտորիտար համակարգում:

    Այն, որ հենց հասարակությունն է Փաշինյանի սոփեստական ագրեսիայի հիմնական թիրախը, տեսանելի էր 2018-ից և դրսևորվում էր ոչ միայն կեղծ, մանիպուլյատիվ խոսույթով, այլև պառակտմամբ և բաժանարար գծերի ստեղծումով: Սակայն սա սովորական պառակտում չէր, որ սովորական էր Հայաստանի քաղաքական կյանքում դեռևս 90-ականների սկզբից: Քաղաքական ցիկլերին համահունչ բևեռացում եղել է 95-96թթ., 98-99թթ., 2003-ին, 2008-ին, 2013-ին:

    Սակայն փաշինյանական պառակտումը սովորական, հերթականը չէր: Ի տարբերություն նախորդած դեպքերի՝ սա ոչ միայն և ոչ այնքան քաղաքական բնույթ ուներ, որքան ֆունդամենտալ, արժեհամակարգային և այդքանով՝ կործանարար և անդառնալի:

    Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անգամ հաշվի առնելով նրանց կեղծված բնույթը և վարչական ռեսուրսի չարաշահումները, ապացուցում է հենց սա. Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն», երբ միևնույն սոցիումի ներսում դավանվում են տրամագծորեն հակառակ արժեհամակարգեր և տեսլականներ:

    Սա փաշինյանական սոցիալական փորձարկումների միակ վտանգավոր արդյունքը չէ: Նա կիրառում է նաև «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը, և սա բացատրելի է: Նունիսկ իր նման «կրքոտ» և հմուտ հռետորը չի կարող կարճ ժամանակահատվածում փոխել երկար տարիներ հասարակության ներսում եփվող, գնահատվող, առաջնորդող արժեհամակարգը:

    Կարճ ասած՝ հնարավոր չէ «պատմական Հայաստանի» կոդերը միանգամից և բոլորի մոտ փոխել «իրական Հայաստանի» կոդերի: Անխուսափելիորեն առաջանում են միջանկյալ, տրանզիտային շերտեր, որոնք խոշոր հաշվով կրկին ծառայում են իշխանական նպատակներին: Եվ այդ շերտերը՝ «պատմական և իրական» Հայաստանների արանքում, ես առաջարկում եմ կոչել «անտարբեր Հայաստան»:

    Ավելին, ըստ դասական, հինհունական մոտեցման՝ հենց այստեղ է թաղված շան գլուխը: Դասական ազատությունը պետք է կենտրոնացված լինի ոչ թե անձի ցանկությունների, նախասիրությունների վրա, այլ հասարակության բարիքների և հոգսերի: Ուստի անտարբեր մարդն ազատ լինել չի կարող: Կյանքը միայն սեփական անձի կարիքների վրա կենտրոնացրած մարդը ոչ թե ազատ է, այլ «ազատության պատրանքի» սպառող:

    Ահա թե ինչու է իշխանական ռեժիմը քարոզչական դրոշակ դարձրել «կեր, խմի, քեֆ արա շարունակ» սկզբունքը և միլիոնավոր դոլարներ է ծախսում տարաբնույթ համերգների, շոուների և փառատոների վրա: Եթե չի ստացվում բոլորին ու միանգամից «իրական Հայաստանի» կոնցեպտի մեջ, թող նրանք դեռ եփվեն «անտարբեր Հայաստանի» կաթսայում:

    Հին հույներն այսօրվա այդպիսի «ազատության» համար նույնիսկ հստակ եզրույթ ունեն՝ իդիոկրատիա (idios- մարդ, ով առաջնորդվում է միայն սեփական հետաքրքրքրություններով և անտարբեր է հանրային կյանքի նկատմամբ): Այս լույսի ներքո դժվար չէ նաև եզրահանգել, որ Փաշինյանի ավտոկրատիան կհաջողի միայն հասարակության իդիոկրատիայի դեպքում:

    ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

    ՀՀԿ փոխնախագահ

    «Վարդաշեն» ՔԿՀ

    15.07.2026թ»,- գրել է Ա. Աշոտյանը։ 

  • Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը Սևծովյան տարածաշրջան։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

    Կիևում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դեմ է Սև ծովում նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի նկատմամբ հարձակումներին, ինչպես նաև ցանկացած գործողության, որը վտանգում է խաղաղ բնակչության կյանքը։

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ չափազանց նպատակահարմար է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի շարունակությունը Ստամբուլի ձևաչափով՝ Թուրքիայի միջնորդությամբ։

    Ֆիդանը հայտնել է նաև, որ Թուրքիան համաձայնել է ստանձնել Սև ծովում անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի ղեկավարումը։ Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ արդեն ձեռք է բերվել փոխըմբռնում դաշնակիցների հետ։

  • Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել․ Մեսսի

    Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս է եկել 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով Անգլիայի ընտրանու նկատմամբ։

    Հանդիպումից հետո հավաքականի ավագ Լիոնել Մեսսին չի թաքցրել իր հույզերը՝ նշելով, որ թիմի գրանցած արդյունքը պատմական է։

    «Թող մարդիկ շարունակեն վայելել սա։ Այն, ինչին հասել է այս թիմը, պարզապես խենթություն է։ Մենք կրկին եզրափակչում ենք և վերադարձել ենք՝ աշխարհի չեմպիոն դառնալու նպատակով։ Անկախ նրանից, թե ով ինչ կասի, մենք վերջին չորս տարիների աշխարհի լավագույն թիմն ենք»,- ասել է Մեսսին։

    Արգենտինայի ավագն ընդգծել է, որ հաջողությունը պատահականություն չէ, այլ երկարատև ու հետևողական աշխատանքի արդյունք։

    «Սա ցույց է տալիս, որ մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել։ Աշխարհի առաջնության երկու եզրափակիչ հասնելն այնպիսի նվաճում է, որին քչերը կարող են հասնել, և մեր թիմին դա հաջողվեց»,- ընդգծել է Մեսսին։

  • «Արարատցեմենտ»-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

    Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ:

    Մասնավորապես.

    «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝  տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր:

    Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում:

    Դատախազը, հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին:

    «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության կողմից նախաձեռնված ուսումնասիրությունները շարունակվում են:

  • Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

    Երևանում հուլիսի 16-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 16-ի ցերեկը, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից , 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

  • ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։

    Արմեն Գրիգորյանը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը՝ աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։

    Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունն ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։

  • Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

    «Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն»,- ասաց Ավինյանը։

    Նրա խոսքով՝ արձանագրված խախտումները հայտնի են եղել դեռևս մեկ տարի առաջ։

    «Խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել իրենց հետ, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումներ են կայացվել»,- նշեց քաղաքապետը։

    Հարցին՝ արդյոք որոշումը կապվա՞ծ է Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումների՝ ԱԱԾ գործողությունների և քրեական գործերի հետ, քաղաքապետը հետևյալ կերպ պատասխանեց․ «Ո՛չ, կապ չունեն։ Կոնկրետ այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ, և այս գործընթացը, անկախ որևէ այլ պրոցեսից, տեղի էր ունենալու»։

    Քաղաքապետը հայտնեց, որ շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը։

    «Այդ շենքի հետ կապված մենք անպայման դեռ կանդրադառնանք հարցին։ Մենք այնտեղ ունենք մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ, պետք է պաշտպանենք։ Կարծում եմ՝ այն շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասաց Ավինյանը։

    Հարցին՝ արդյոք այն կարո՞ղ է դառնալ համայնքային վճարովի մարզասրահ, քաղաքապետը պատասխանեց․ «Այն դառնում է հենց համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներով»։

    Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

  • ԳՐԵԿՈ-ն Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումներում նշանակալի առաջընթաց է արձանագրել

    Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է Հայաստանի վերաբերյալ գնահատման հինգերորդ փուլի համապատասխանության զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը բավարար է կատարել ներկայացված 22 հանձնարարականներից վեցը։

    Մնացած հանձնարարականներից 15-ը կատարվել են մասամբ, իսկ մեկը՝ չի կատարվել։ Զեկույցն ընդունվել է հունիսի 8-12-ը Ստրասբուրգում կայացած ԳՐԵԿՈ-ի 103-րդ լիագումար նիստում և հրապարակվել հուլիսի 16-ին։

    Բավարար կատարված են համարվել հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակին, ոստիկանության հաղորդակցությանն ու թափանցիկությանը, հակակոռուպցիոն աշխատանքային ծրագրին, ոստիկանների վարքագծի կանոնագրքին և վերապատրաստմանը, ինչպես նաև ոստիկանների կողմից թույլ տրված լուրջ հակաիրավական գործողությունների անկախ քննությանը վերաբերող հանձնարարականները։

    ԳՐԵԿՈ-ն բարձրագույն գործադիր մարմինների մասով ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ պաշտոնատար անձանց վարքագծի կարգավորման, արարողակարգային ծախսերին վերաբերող գնումների թափանցիկության, քաղաքացիական հասարակության մասնակցության, լոբբինգի, շահերի բախման կանխարգելման և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեսուրսների ավելացման ուղղությամբ։

    «Ընդհանուր առմամբ, թեև գրեթե բոլոր հանձնարարականների լիարժեք կատարման համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, այնուամենայնիվ, ԳՐԵԿՈ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքեր գործադրել և վստահ է, որ նախատեսված միջոցառումների իրականացումը կամրապնդի դրա հակակոռուպցիոն շրջանակը»,- նշված է զեկույցում։

    Իրավապահ մարմինների առնչությամբ ԳՐԵԿՈ-ն արձանագրել է նշանակալի առաջընթաց՝ հատկապես ոստիկանության գործունեության թափանցիկության, հաղորդակցության, հակակոռուպցիոն ծրագրերի, ծառայողների վերապատրաստման և ոստիկանների իրավախախտումների քննության ոլորտներում։

    Միաժամանակ արձանագրվել է, որ ոստիկանությունում կանանց ներկայացվածությունը, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում, շարունակում է մնալ ցածր։ 2025 թվականին ոստիկանության ղեկավար պաշտոններում կանանց մասնաբաժինը կազմել է 5,8 տոկոս, իսկ ոստիկանությունում ընդհանուր առմամբ՝ 8,7 տոկոս։

    Միակ ամբողջությամբ չկատարված հանձնարարականը վերաբերում է ազդարարների պաշտպանության գործում Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների լիարժեք իրականացմանը։ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Պաշտպանի գրասենյակի առկա մարդկային և ֆինանսական ռեսուրսները դեռևս բավարար չեն, և անհրաժեշտ է ստեղծել առանձին ստորաբաժանում ու հատկացնել լրացուցիչ հաստիքներ։

    «Հայաստանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ազդարարների պաշտպանության գործում Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներին վերաբերող հանձնարարականին, քանի որ դա միակ հանձնարարականն է, որը նույնիսկ մասամբ չի կատարվել»,- ընդգծել է ԳՐԵԿՈ-ն։

    Հայաստանը պետք է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ԳՐԵԿՈ-ին ներկայացնի լրացուցիչ տեղեկություններ մասամբ կամ ամբողջությամբ չկատարված հանձնարարականների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ։

  • Կապահովվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը

    Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը։ Այն կիրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։ Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 27,756,080 ՀՀ դրամ կհատկացվի Հանրային հեռարձակողի խորհրդին՝ չինական կողմի հարկային պարտավորությունների, պարտադիր վճարների և ծախսերի գծով գումարների փոխհատուցման նպատակով: