Category: TIV 1

  • Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել․ Տիգրան Աբրահամյան

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է։

    Արդեն 6 շաբաթ է, ինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է։
    Սա պարզապես բանտային կալանքում գտնվել չէ. սա կտտանք է ցանկացած անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել, սակայն իր քաղաքական հայացքների համար գտնվում է բանտում։

    Ազատություն Արմենին և բոլոր քաղբանտարկյալներին»։

  • ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել

    Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում գիշերն ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ` հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։

    «Անցած գիշեր Բանդար Աբբասում հինգ կամուրջ ոչնչացվել է ԱՄՆ-ի կողմից»,- հայտնել է IRIB-ը սոցիալական ցանցերում։

    Հունիսի 18-ի գիշերը Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի վերջ դնել փետրվարի 28-ին սկսված հակամարտությանը։ Սակայն հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարձակում են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։

    Իրանի զինված ուժերը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան բազաներին հարվածներով։ Թեհրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։ Հուլիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։

  • 2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով

    Ռուսաստանի նախագահի նախկին մերձավոր դաշնակից, բանկիր և սենատոր Սերգեյ Պուգաչովը DW-ի (Deutsche Welle) հետ զրույցում անդրադարձել է Վլադիմիր Պուտինի իշխանության գալու հանգամանքներին՝ պնդելով, որ վերջինս ի սկզբանե նպատակ չի ունեցել երկար ժամանակ մնալ ղեկավարի պաշտոնում։

    Պուգաչովի խոսքով՝ Բորիս Ելցինին Պուտինի թեկնածության հարցում համոզել է իր իսկ ընտանիքը։ Նախկին բանկիրը պատմել է, որ Պուտինի նշանակումը բուռն քննադատության է արժանացել հենց իշխանական շրջանակներում. «Ստեպաշինը Բորիս Նիկոլաևիչին ասել էր՝ հասկանո՞ւմ եք, որ նա ոչնչություն է, դուք հսկայական սխալ եք գործում»։

    Նման կարծիք է հայտնել նաև օլիգարխ Բորիս Բերեզովսկին։ Ըստ Պուգաչովի հուշերի՝ Բերեզովսկին Պուտինի նշանակումը «աղետ» է անվանել. «Նա ասում էր՝ նա հոգեբանական վնասվածքներ (տրավմաներ) ունեցող մարդ է, որը ոչնչի չի հասել, և որին ՊԱԿ-ից (ԿԳԲ) պարզապես դուրս են շպրտել»։

    Ըստ Պուգաչովի՝ 2004 թվականին Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել նախագահ։ Նրա պնդմամբ՝ Պուտինը ծրագրում էր գումար վաստակել և տեղափոխվել Իսպանիա. «Այն ժամանակ Պուտինը չէր հավատում, որ կարող է երկրորդ անգամ նախագահ դառնալ։ Խոսքն այն մասին էր, որ երկու տարվա ընթացքում նոր թեկնածու կընտրվի, և կանցկացվեն նոր ժողովրդավարական ընտրություններ, սակայն իրավիճակը փոխվեց»։

    Պուգաչովը նաև հավելել է, որ հենց այդ անորոշության հետևանքով է սկսվել «համատարած թալանը», քանի որ պաշտոնյաները չէին ակնկալում, որ իշխանությունը երկար կպահպանվի։

  • Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը

    «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է Թուրքիայից կորիզավոր մրգերի՝ ծիրանի, բալի, կեռասի, դեղձի և նեկտարինի ներմուծման սահմանափակումների մասին։

    Արգելքը տարածվում է թուրքական հինգ ձեռնարկությունների արտադրանքի վրա։ Գերատեսչության պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում կարանտինային վնասատուների (օբյեկտների) պարբերական հայտնաբերմամբ, թեև կոնկրետ օրգանիզմների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

    Ուշագրավ է, որ ռուսական կողմի այս քայլը հաջորդել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Կիև կատարած այցին։

    Ուկրաինացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միանալ Կիևին տրվող անվտանգության երաշխիքներին և գլխավորել դրանց ծովային բաղադրիչը։ Նա ընդգծել է, որ Անկարան անընդունելի է համարում Սև ծովում ռազմական գործողությունների ընդլայնումը և վերահաստատել է Թուրքիայի անփոփոխ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ղրիմի հարցում։

    Վիճակագրական տվյալների համաձայն՝ Թուրքիան կորիզավոր մրգերի խոշորագույն մատակարարների թվում չէ։ Նախորդ տարի ՌԴ շուկայում առաջատար դիրքեր են զբաղեցրել Ուզբեկստանը (180 հազար տոննա), Ադրբեջանը (111 հազար տոննա) և Հայաստանը (64 հազար տոննա)։

    Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մնալ դեպի Ռուսաստան ցիտրուսային մրգերի հիմնական մատակարարը, ինչպես նաև զբաղեցնում է երկրորդ տեղը ձմերուկի և սեխի արտահանման ծավալներով։

  • Ուժեղ քամուց վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

    «Հարգելի՛ բաժանորդներ,
    Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։

    Այս պահին Ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

    Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։

  • Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին․ Լավրով

    Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների վերականգնման, ինչպես նաև հումանիտար հարցերի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

    Լավրովի խոսքով՝ Մոսկվան շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների վրա։

    «Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման հարցում»,– ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

    Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է կարևորել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացը։

  • Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում

    Սատի Սպիվակովան Ինստագրամում ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ Երևանում արված լուսանկար է հրապարակել։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։

    «Իմ Հայրենիքի կենսատու օդը։ Լուսանկար նրանց համար, ովքեր անհանգստանում են ամուսնուս ապաքինման և ինքնազգացողության համար։ Շնորհակալություն քաղաքին այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։

    Հայտնի է, որ հուլիսի 3-ին դիրիժորին դուրս են գրել հիվանդանոցից, որից հետո զույգն ուղևորվել է Սատիի հարազատ քաղաք՝ Երևան։

    Մաեստրոյի առաջիկա ելույթը նոր մրցաշրջանում նախատեսված է նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 12-ին։ Նա կդառնա 82 տարեկան։

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հոսպիտալացման պատճառը եղել է թոքաբորբը։ Արտիստին հիվանդանոց էին տեղափոխել շտապօգնության մեքենայով։

  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

    Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ 167+600-կմ 180+928-ում՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ, կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

    Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 13,4 կմ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

  • ՌԴ-ն երախտապարտ է Թուրքիային Ուկրաինայում կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար. Պեսկով

    Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում խաղաղ ուղու որոնմանն աջակցելու պատրաստակամության համար:

    Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի խոսքերն այն մասին, որ Անկարան կշարունակի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպումը և ակտիվ դիվանագիտություն կվարի հակամարտության կարգավորման համար:

    Կրեմլի խոսնակը նաև գնահատել է Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման հնարավորությանը:

    «Մենք լավ գիտենք մեր թուրք ընկերների պատրաստակամության մասին՝ շարունակելու նպաստել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից խաղաղ ուղով դուրս գալուն։ Մենք դրա համար երախտապարտ ենք թուրքական կողմին»,- ասել է Պեսկովը, հավելել՝ բանակցային գործընթացի վերսկսման համար դեռևս հեռանկարներ չկան:

  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։ Այդ մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից:

    «Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

    Հղումը՝ ստորև»,- ասված է հաղորդագրության մեջ: