Category: TIV 1

  • Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան

    Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում։

    «Այս գործը «գլուխ բերելու» համար հատուկ շնորհակալություն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին»,- գրել է նա։

  • Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոոցցանցի իր էջում գրել է, որ հուշարձանների վերականգնման աշխատանքներում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են որմնանկարները։

    Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքների արդյունքում հաստ մրի, հալեցրած մոմերի մաքրումից հետո բացվել են վառ գույներով, քրիստոնեական միջնադարյան որմնանկարչության տեսարաններ ու զարդանախշեր:

    Շատիվանքում, իհարկե, դեռ կշարունակվեն աշխատանքներն ու նաև պեղումները, բայց խնդրում եմ ուշադիր լինել ոչ միայն նորովի բացված որմնանկարներին, այլ դրանց հարևանությամբ ոմանց թողած տառերին ու բառերին։ Ցավոք, մեր շատ հուշարձաններում կարելի է տեսնել այդ պատկերը։

    Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն՝ նման իրավիճակները չհանդուրժելու իմաստով։ Նախորդ տարվանից մեր դպրոցներն ակտիվորեն ընդգրկվել են իրենց մոտակայքում գտնվող հուշարձանների խնամքի ու պահպանության հարցում։ Սա պետք է դառնա հանրային վարքագիծ»,- գրել է նա:

  • Շարժվում ենք առաջ. Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը

    UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է պրոֆեսիոնալ սպորտային ըմբշամարտի RAF լիգայում կրած իր առաջին պարտությունը։

    Անցած գիշեր կայացած գոտեմարտում զիջելով UFC-ի կիսամիջին քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնին՝ Ծառուկյանը կարճ ուղերձով է հանդես եկել իր տելեգրամյան ալիքում:

    «Այսօր մրցակիցն ավելի ուժեղ էր… Շարժվում ենք առաջ»,- գրել է Արմանը։

    Հիշեցնենք, որ RAF 11 մրցաշարի շրջանակներում կայացած համառ դիմակայությունում Արման Ծառուկյանը զիջեց Քովինգթոնին 3:5 հաշվով։

  • TRIPP շրջանակային համաձայնագիրը կներկայացվի ԱԺ 

    «Մենք սկսում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու հարցը։

    Նա հայտնել է, որ «TRIPP զարգացման ընկերությունը» կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ «Այս ժամկետում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, ՀՀ-ին՝ 26 տոկոսը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարաձգել համաձայնության ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,- ասել է նախարարը։

    Նա շեշտել է, որ ՀՀ-ն կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ։

    «ՀՀ-ն իր ներպետական օրենսդրությամբ, միջազգային համաձայնագրերին համահունչ, կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝

    • Անվտանգություն և իրավապահ գործունեություն,
    • Սահմանային վերահսկողություն ու սահմանային անվտանգություն,
    • Մաքսային և միգրացիոն վերահսկողություն,
    • Հարկերի ու տուրքերի փոխանցում պետբյուջե և պետական տեղեկատվական համակարգերի գործարկում,
    • Պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն»,- ասել է նա։

  • ԱՄՆ-ին կպատկանի (ԹՐԻՓՓ-ի) բաժնեմասերի 74 %-ը, ՀՀ-ին՝ 26 %-ը. Միրզոյան

    «Ողջ գործընթացը՝ և՛ ընկերությունը և՛ հետագա գործունեությունը և այս համաձայնագիրն ամբողջությամբ համահունչ է և իրականացվում է ՀՀ-ի ինքնիշխանության իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ»,- կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագիծը։

    Նրա խոսքով՝ ՀՀ-ն և ԱՄՆ հիմնադրում են ԹՐԻՓՓ ընկերությունը, որը կկարողանա ՀՀ տարբեր տարածքներում հիմնադրել այլ նշանակության ընկերություններ և ներգրավել գործընկերներ՝ ստանալով հողօգտագործման և կառուցապատման իրավունք, որը նախնական կգործի 49 տարով։

    «Այս ժամկետում ընկերություննում բաժնեմասերը կբաշխվեն՝ և ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 %-ը, ՀՀ-ին՝ 26 %-ը և ժամկետի լրանալուց հետո հնարավորություն կա համագործակցությունը երկարաձգել ևս 50 տարով, և այս պայմաններում կապահովվի, որ Հայաստանն ունենա ընկերության բաժնետոմսերի 49 %-ը։

     ԱԳ նախարարաը հայտարարեց որ ՀՀ-ն իրականացնելու է ճանապարհի անվտանգության-իրավապահ վերահսկողությունը, մաքսային և սահմանային վերահսկողություն և հարկային գործառույթները։

     Միրզոյանը չմոռացավ նաև ֆրոնտ-օֆիս և բեք-օֆիս կառավարման տարբերակի մասին ներկայացնել՝ պնդելով որ այն ընդունված պրակտիկա է և Հայաստանում էլ նախկինում եղել է։

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

    Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

    Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

    Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    • 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
    • 42 տրանսպորտային միջոց.
    • 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
    • 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։

    Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

    Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։

    Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում։

  • Հայ արտադրողը թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել. փոխվարչապետ

    Հայ արտադրողը ապահովում է իր արտադրանքի որակը, սակայն թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանից արտահանվող ապրանքների կապարակնիքների և դրանց թվայանացման հետ կապված խնդրին: 

    «Ես հետևում եմ ինչ է հիմա կատարվում, այդ թվում միրգ, բանջարեղեն, ծաղիկ արտահանման պրոցեսում, ու զգում եմ, որ կան ընկերություններ, որոնք բարձր որակ են ապահովում, այդ թվում եվրոպական, ու պարզվում է, որ խնդիրը միայն որակը չէ: Խնդիրը արտահանման հետագծելիությունն է: Քանի որ իրենց շարժն է դանդաղում: Լավ որակի ապրանքի շարժը երբ որ դանդաղում է, ունենում է երկու խնդիր․ նախ փչանում է, երկրորդ՝ ժամանակն է ծախսում»,- ասաց Գրիգորյանը՝ բացատրելով, որ ժամանակ ծախսելը դա հավելյալ ծախս է, ինչի արդյուքնում հայկական ապրանքի գինը դադարում է մրցունակ լինելուց: 

    Ըստ Գրիգորյանի, եթե ապրանքի հետագծելիության խնդիրը չլուծվի, հայկական կողմի  համար շատ բարդ կլինի մրցակցել զարգացած շուկաներում: 

    «Այլընտրանք չկա, որովհետև ստացվում է, որ արտադրողը ապահովում է իր արտադրանքի որակը՝ դրա ահամար ներդրում ու ծախս անելով, սակայն թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել»,-ասաց փոխվարչապետը:

    Նա նաև նշեց, որ թվային ենթակառուցվածքի լիարժեք աշխատելու դեպքում, հնարավոր է պարզվեր, որ հայկական ապրանքների մի զգալի մասը արտահանելի է:

  • Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի (USCIB) Գլոբալ ազդեցության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի և Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ. հայտնում է դեսպանությունը

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և USCIB-ի միջև համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես կայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր հատվածի ներգրավման և միջազգային գործընկերությունների ընդլայնման ուղղություններով։

    Քննարկվել է նաև USCIB-ի գործարար պատվիրակության մասնակցությունը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

    Հանդիպման շրջանակում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդգծել միջազգային գործարար շրջանակների հետ համագործակցության խորացման կարևորությունը։