Category: TIV 1

  • Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

    Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարեցին որակավորման փուլը և անցան կիսաեզրափակիչ փուլ։

    Կիսաեզրափակիչում հայ մարզիկները մրցեցին միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթեց Հայկ Մինասյանին և դուրս եկավ եզրափակիչ։

    Եզրափակիչում Խաչատրյանը նույն՝ 6:2 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մրցակցի նկատմամբ և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

    Հայկ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:9 հաշվով հաղթեց կորեացի մարզիկին և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

  • Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս

    Եվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների օգնությամբ ճնշումն ուժեղացնելու հաջորդ քայլերի վրա: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

    «Մենք համաձայնեցրել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Այն ներառում է լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են Մոսկվայի ֆինանսական համակարգի, ռազմարդյունաբերական համալիրի և էներգետիկ ոլորտի դեմ, որոնք ապահովում են Ռուսաստանի ռազմական տնտեսության գործունեությունը։

    Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում՝ կտրելով այն ֆինանսական աղբյուրները, որոնց վրա նա հենվում է իր պատերազմը շարունակելու համար։

    Սա պատժամիջոցների ճանապարհի ավարտը չէ։ Մենք արդեն աշխատում ենք հաջորդ քայլերի վրա։ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի արձագանքել Ռուսաստանի կողմից հնարավոր ցանկացած հետագա սրմանը», – գրել է Կալասը։

    Նա նշել է, որ խոսքը վերջին չորս տարիների ընթացքում պատժամիջոցների ամենախոշոր փաթեթի մասին է, որն ընդգրկում է ընդհանուր առմամբ 218 նոր սահմանափակում։

    «ԵՄ-ն նաև արձագանքում է Ռուսաստանի շարունակական հարձակումներին խաղաղ բնակչության, ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության դեմ՝ պատժամիջոցների ցանկում ներառելով ավելի քան 50 ռազմարդյունաբերական կազմակերպություն, այդ թվում՝ Ռուսաստանի հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված հիմնական դերակատարներին։

    Այս քայլը լրացնում է անցած շաբաթ սահմանված պատժամիջոցները, որոնք ուղղված էին ուկրաինացի ռազմագերիների և քաղաքացիական կալանավորված անձանց նկատմամբ բռնությունների և սպանությունների համար պատասխանատուների, ինչպես նաև այն տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք աջակցում են Կրեմլին համացանցի օգտատերերի նկատմամբ իրականացվող ճնշումներում», – հայտնել է Կալասը։

  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

    Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին կոչ անելուն՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենք)։

    Փոփոխությունը, որին աջակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։

    «Հպարտ եմ, որ Կոնգրեսում պաշտոնապես հայտնել եմ իմ դիրքորոշումը, և կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական և անարդարացիորեն պահվող, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվող հայերի ազատ արձակման համար»,- նշել է Շերմանը։

    ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախից փախստականների անվտանգ վերադարձը և Հայաստանի տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը խաղաղության նախապայմաններ են, որոնք ենթակա չեն քննարկման, այլ ոչ թե Բաքվի ձեռքին գտնվող հաղթաթղթեր, որոնք նրան թույլ են տալիս հասնել Հայաստանի կողմից հերթական միակողմանի զիջումներին։

  • Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ Թեհրանը վճռական գործողություններ կձեռնարկի Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում։

    «Մեր պաշտպանական ռազմավարությունը հստակ է՝ ակն ընդ ական։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կհանգեցնի ուժեղ և վճռական պատասխանի»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

    Արաղչին հավելել է, որ նրանք, ովքեր որևէ կերպ նպաստում են ագրեսիային, կդառնան օրինական թիրախներ Իրանի համար։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Թեհրանին, որ ամերիկյան զինվորականները կհարձակվեն և կոչնչացնեն Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի վրա իրանական ցանկացած հարձակման

  • Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

    Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։

    Քննարկվել են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (ՇՏԿ) տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր։

    Նախարարը վստահություն է հայտնել, որ ձևավորված արդյունավետ գործակցությունը կնպաստի գործընթացի հետևողական առաջմղմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական օրակարգի հետագա զարգացմանը:

  • 0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի

    Հայաստանի քաղաքացիներն այսուհետ առանց աճուրդի կկարողանան ձեռք բերել թվային հատվածում «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող նոր պետհամարանիշեր։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Կառույցը հավելել է, որ դրանց արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ՝ կախված թվերի և տառերի համադրությունից։

    «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշները։ Դրանք իրենց տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներից, սակայն մինչ այժմ դրանց առաջնային օգտագործման իրավունքի՝ առանց աճուրդի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։ Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

    Կառույցը հիշեցրել է, որ մինչ այժմ նման համարանիշների առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ամբողջական իրավական կարգավորում չկար։ Նոր կարգավորմամբ ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան այդ համարանիշների առաջնային օգտագործման իրավունքը ձեռք բերել հաստատագրված գնով՝ առանց աճուրդի։

    ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում հուլիսի 23-ից։

  • Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

    Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

    Նախարարը ստորաբաժանման ղեկավարության ուղեկցությամբ շրջել է բաժնում, ծանոթացել աշխատանքին, ծառայությունների կազմակերպման ընթացքին և շփվել քաղաքացիների հետ։

    Այցի ընթացքում Արփինե Սարգսյանը զրուցել է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների հետ՝ լսելով նրանց դիտարկումներն ու առաջարկությունները քննությունների կազմակերպման վերաբերյալ։

    Քաղաքացիները նշել են, որ վարորդական գործնական քննության մեկնարկային հատվածը գտնվում է երթևեկության բավականին խիտ և բեռնատարներով հագեցած գոտում, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում քննություն հանձնողների համար։

    Հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է գործնական քննությունների մեկնարկային կետը տեղափոխել նշված հատվածից փոքր-ինչ հեռու՝ ապահովելով առավել հարմար և անվտանգ պայմաններ քննություն հանձնողների համար։

    ՆԳ նախարարությունը շարունակում է բարելավել ծառայությունների մատուցման գործընթացները՝ քաղաքացիների կարծիքն ու առաջարկությունները դիտարկելով որպես բարեփոխումների կարևոր հիմք։

  • Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել

    Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։

    Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։

    Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով նրանք դիակը տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։

    Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։

    Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել նախաքննական մարմին։

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։

    25-ամյա և 20-ամյա երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

    Նախաքննությունը շարունակվում է:

  • Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը

    Կառավարությունը սահմանել է Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով ՀՀ-ից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները, կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը։ Սահմանվել է նաև ՀՀ պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը ՀՀ-ից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղի մուտք և ելք գործելուց հետո։

    Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, այս նոր կարգավորումները կնպաստեն արտահանման գործընթացների դյուրացմանը և խթանմանը։ Դրանք վերաբերում են սահմանային անցակետերի մոտ հերթերի կառավարմանը և կայանատեղիների ստեղծմանը։

    Ըստ ՊԵԿ նախագահի՝ կստեղծվեն կայանատեղիների գործունեության իրավական հիմքեր։ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ այն հրապարակային օֆերտա է մասնավոր ներդրողների համար, որպեսզի մաքսային անցակետերի հարակից տարածքներում ստեղծվեն ժամանակակից կայանատեղիներ և կազմակերպեն քաղաքակիրթ սպասարկում արտահանում իրականացնող բեռնատարների համար։ «Երկու հիմնական նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում, անխոչընդոտ անցում նախնական հերթագրման և մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջոցով։ Երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում»,- նշել է ՊԵԿ նախագահը:

    Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ կուտակային կայանատեղիներ կստեղծվեն երկու մաքսային անցակետերի՝ Բագրատաշենի և Ագարակի հարակից տարածքներում։ «Պարտադիր պահանջ է լինում կայանատեղի մուտք գործելը, և միայն դրանից հետո շարժվել դեպի մաքսային անցակետ։ Կայանատեղիները պետք է գտնվեն մաքսային անցակետից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր մակերես, լինեն ասֆալտապատ կամ բետոնապատ, գծանշումներով, էլեկտրոնային թվային կառավարման համակարգով և համապատասխան տեսախցիկներով։ Եվ այս ամեն ինչը պետք է փոխգործելի լինի մեր մաքսային թվային համակարգերի հետ»,-ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ հերթերի կառավարման համակարգը թափանցիկ է լինելու, հասանելի բոլորին, կայքի տրամաբանությամբ, երևալու է՝ կայանման համար ինչ տեղեր կան: Գնի համար առավելագույն չափ է սահմանվում՝ մինչև 5000 դրամ:

    Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ սահմանվել է կուտակային կայանատեղիներից մաքսային անցակետեր շարժվելու հերթականության համար 3 առաջնահերթություն։ Առաջին հերթին առաջնահերթություն կտրվի արագ փչացող բեռներին՝ ձկներին, մսին և մսամթերքին, կաթնամթերքին, բանջարեղենին և այլ ապրանքներին։ Երկրորդ առաջնահերթությունը կվերաբերի հատուկ մաքսային ընթացակարգով տեղափոխվող բեռներին, մասնավորապես՝ միջազգային միջոցառումների համար նախատեսված ապրանքներին, դիվանագիտական բեռներին և դոնորական օգնության շրջանակում տեղափոխվող ապրանքներին։ Երրորդ առաջնահերթությունը կտրամադրվի լիազորված տնտեսական օպերատորներին, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողներին, որոնք ունեն հավաստագրեր։ Սահմանվում են նաև, թե տրանսպորտային միջոցները երբ կարող են չմտնել կայանատեղիներ. «Դրանք բացառիկ դեպքեր են։ Մասնավորապես՝ տարերային աղետների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքները, մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցները և այլն»։

  • Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն

    «Հուսիթները ողջ հակամարտության ընթացքում իմաստուն կերպով գործեցին և մնացին մի կողմում։ Սակայն, այժմ, կարծես, Իրանն է նրանց ներքաշել այս փակուղու մեջ»։

    Ըստ APA-ի, այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։

    «Նրանք հարձակվում են Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև նրա նավերի վրա», – ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը։

    Ռուբիոն նշեց, որ մի քանի ժամ առաջ շրջանառվող հաղորդագրություններում խոսվում էր Սաուդյան Արաբիային պատկանող վառելիքային նավի մասին, որը նավարկում էր Չինաստանի դրոշի ներքո։

    «Դա չինական նավ է։ Եթե նրանք հարձակվեն նաև դրա վրա, դա խնդիր կլինի Չինաստանի համար։ Դա խնդիր կլինի ամբողջ աշխարհի համար», – ասաց նա։

    ԱՄՆ պետքարտուղարը հույս հայտնեց, որ իրավիճակը կհանդարտվի, և հուսիթները կհրաժարվեն նման գործողություններից։

    «Նրանք ճիշտ էին, որ մի կողմ քաշվեցին։ Նրանք պետք է շարունակեն մի կողմ քաշվել և դադարեցնել այս գործողությունները», – ասաց Ռուբիոն։