Category: TIV 1

  • Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար։

    Հուլիսի 19-ին Armatmedia-ն գրել էր, թե իբր Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Ըստ կայքի՝ վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։

    Արձագանքելով այդ հրապարակմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանից դեպի Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։

    «Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։

    Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունիսի 2-ից սահմանափակումներ է կիրառում Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Հայաստանի կառավարությունն այս ընթացքում քայլեր է ձեռնարկել արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ հայկական ապրանքների՝ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն է ստեղծվել։ Հայաստանն այս ընթացքում արդեն իսկ որոշ ապրանքների արտահանում իրականացրել է դեպի Եվրամիության երկրներ։ Եվրամիությունը նախատեսում է նաև հայկական ապրանքների մոտ 80 տոկոսի ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես չեղարկել՝ որպես աջակցություն Հայաստանին ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին։

  • Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

    Երևանում հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ին, 25-ին կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

  • Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանից դիմել է Նիկոլ Փաշինյանին

    «Բաքվի դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել մեր, հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները»,- նշում է Բաքվի բանտում գտնվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն իր ուղերձում։ 

    «Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության  15 քաղաքացիների նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։ Դատական գործընթացը  միայն այս 15 հոգու դեմ չէ ուղղված, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ, ըստ մեղադրանքի և դատավճռի, այն սկսվում է  անցյալ դարի սկզբներից։ Այս բոլոր շինծու, կեղծ մեղադրանքների մասով ես և իմ գրծըկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել մեր, հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները։

    Այս պահին խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի  Փաշինյանին.  մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերին  ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և վարման ձևակերպումներով, չնայած բոլոր անհերքելի ապացույցների, փաստերի, դրանից բացի այն տեղի է ունեցել  միջազգային հանրության բաց տեսադաշտում, բայց և այնպես, քանի որ եղել եք Հայաստանի  այն ժամանակվա վարչապետը, գերագույն հրամանատարը, հորդորում եմ այդ  մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը՝ հակառակը չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, նաև հայ ժողովրդին։

    Դրանից բացի ակնկալում եմ  իմանալ մեր՝ այստեղ գտնվողների կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։

    Ցավալի է նաև, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»,- ասված է ուղերձում։

  • Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը

    Չինաստանը 2026 թվականի առաջին կիսամյակում ռուսական նավթի ներկրումն ավելացրել է 16,7%-ով՝ հասցնելով այն 57,28 միլիոն տոննայի։

    Ըստ Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալների՝ մատակարարումների ընդհանուր արժեքն աճել է 31,1%-ով՝ կազմելով 33,13 միլիարդ դոլար։

    Ռուսաստանը շարունակում է մնալ Չինաստանի հիմնական նավթամատակարարը՝ զբաղեցնելով շուկայի 25%-ը և առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից, որի մասնաբաժինը կազմում է 17%։

    Միաժամանակ, իրանական հակամարտության սրման ֆոնին համաշխարհային շուկայում նավթի գները բարձրացել են՝ գերազանցելով 90 դոլարը մեկ բարելի դիմաց։

  • «Առինջ մոլ»-ում ստուգումները կապված են խոշոր չափերի հարկեր թաքցնելու կասկածի հետ

    Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում ՊԵԿ-ը վաղ առավոտից ստուգումներ է իրականացնում։ 24News-ի տեղեկություններով, ստուգումները կապված են խոշոր չափերի հարկերի հնարավոր թաքցման կասկածների հետ։

    ՊԵԿ-ից, սակայն, ստուգումներին առնչվող որևէ տեղեկություն չտրամադրեցին՝ միայն նշելով, որ հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվություն օպերատիվ կերպով տրամադրվում է

  • Պետական մարմինները ԱԲ ծրագրերի իրականացման համար կկարողանան օգտվել 181 հզոր գրաֆիկական պրոցեսորից

    Հայաստանի հանրային իշխանության մարմիններին նախատեսվում է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ տրամադրել՝ արհեստական բանականության վրա հիմնված ծրագրեր մշակելու, փորձարկելու և պետական ծառայություններում ներդնելու համար։

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

    Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից պետության ձեռք բերած գրաֆիկական պրոցեսորային հզորություններից։ Հանրային մարմիններին և պետական աջակցության ծրագրի մյուս շահառուներին տրամադրվող ռեսուրսների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել 181 առաջատար GPU-ի հզորությունը։

    Հիմնավորման համաձայն՝ պետությունը «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից հինգ տարի ժամկետով ձեռք է բերում 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ GPU հզորություններ։ Պայմանագիրը կնքվել է 2026 թվականի ապրիլին։

    Հանրային իշխանության մարմինները հաշվողական ռեսուրսներ ստանալու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն պետք է ներկայացնեն արհեստական բանականության ծրագրի հայտ՝ հիմնավորումներով և տեխնիկական մանրամասներով։

    Հայտում պետք է ներկայացվեն ծրագրի նպատակը, կիրառման ոլորտը, շահառուների շրջանակը, համակարգի տեխնիկական կառուցվածքը, օգտագործվող ծրագրային և ապարատային տեխնոլոգիաները, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության միջոցները։

    Պետական մարմինը պետք է նշի նաև իրեն անհրաժեշտ GPU և CPU ժամերի քանակը, օպերատիվ հիշողության ու տվյալների պահպանման պահանջվող ծավալները, ծրագրի տևողությունը, իրականացման փուլերը և ակնկալվող արդյունքները։

    Առանձին պետք է հիմնավորվի, թե ինչ խնդիր է լուծելու ծրագիրը, ինչպես է այն բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը, կրճատելու ծախսերը կամ բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

    Նախարարությունը հայտը կուսումնասիրի 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս հինգ աշխատանքային օրով։

    Գնահատման գործընթացին կարող են անվճար հիմունքներով ներգրավվել անկախ փորձագետներ, մասնագիտական կազմակերպություններ և այլ պետական մարմիններ։ Շահերի բախում ունեցող փորձագետը պարտավոր կլինի դադարեցնել տվյալ հայտի ուսումնասիրությանը մասնակցությունը։

    Նախարարության ուսումնասիրությունից հետո հայտը կներկայացվի Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդին։ Խորհուրդը կարող է հավանություն տալ ծրագրին, վերադարձնել այն լրամշակման կամ մերժել՝ ներկայացնելով մերժման պատճառները։

    Եթե ծրագրի իրականացման համար GPU-ից բացի անհրաժեշտ լինեն նաև այլ ռեսուրսներ՝ CPU, օպերատիվ հիշողություն կամ տվյալների պահեստավորում, Խորհուրդը կորոշի դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորման չափն ու աղբյուրը։

    Ռեսուրս ստացած պետական մարմինները յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն կներկայացնեն դրանց օգտագործման և արձանագրված արդյունքների մասին։

    Բոլոր դիմողները մինչև ռեսուրսների տրամադրումը և դրանց օգտագործման ընթացքում կենթարկվեն հաճախորդի ճանաչման՝ KYC ընթացակարգերով ստուգման։

    Նախագծով նախատեսվում է պետական մարմիններին հաշվողական ռեսուրսներ տրամադրել նաև Amazon Web Services ընկերության հետ կնքված համաձայնագրով ձեռք բերված հնարավորություններից՝ պետական բյուջեից համապատասխան միջոցների հատկացման դեպքում։

    Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի պետական բյուջեից կպահանջվի շուրջ 957,8 միլիոն դրամ։

    Կարգավորման նպատակն է արհեստական բանականության կիրառմամբ արագացնել պետական ծառայությունների թվայնացումը, ավտոմատացնել վարչարարությունը, զարգացնել տվյալահեն որոշումների ընդունումը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնել ավելի արագ ու հասանելի։

  • Էնդի Բերնհեմը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը

    Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հաստատել է, որ Էնդի Բերնհեմը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Թագավոր Չարլզ III-ը լեյբորիստական կուսակցության առաջնորդին հրավիրել է կառավարություն ձևավորելու, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը։

    Պալատի տարածած հայտարարության համաձայն՝ Բերնհեմն ընդունել է միապետի առաջարկը և պաշտոնապես նշանակվել վարչապետ ու գանձապետարանի առաջին լորդ։ 

  • Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Ս.Ս.-ի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:

    Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման կից հավելվածներում։

    Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

  • Հակամարտության լարվածության թուլացման առաջարկներ ենք ստացել․ Բաղայի

    Իրանը միջնորդներից ստացել է հրադադարի և Միացյալ Նահանգների հետ հակամարտության լարվածության թուլացման առաջարկներ, — հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

    «Կան առաջարկներ, մենք դրանք ստացել ենք, բայց թույլ տվեք չմանրամասնել», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Միացյալ Նահանգների հետ հրադադարի վերաբերյալ առաջարկների առկայության մասին հարցին։

    Դիվանագետը նշել է, որ միջնորդներն աշխատում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հուլիսին առաջացած լարվածության թուլացման ուղղությամբ։

    ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ դա եղել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանը։

    Իրանական զինված ուժերը հակադարձել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։

  • Հայաստանին ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն է ընձեռնվել. Axios

    Մեզ ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն է ընձեռնվել, Axios պարբերականին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

    «Խաղաղության բացակայության պատճառով բազմաթիվ հնարավորություններ արգելափակված էին։ Հենց որ սկսենք իրականացնել խաղաղության օրակարգը, կգա բարգավաճումը։ Մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը։ Մենք ձգտում ենք Հայաստանի ավելի մեծ անկախության։ Ավելի մեծ ինքնիշխանությունը նշանակում է ավելի փոքր կախվածություն մեկ խաղացողից», — նշել է Մկրտչյանը։

    Հայաստանը, որը երկար ժամանակ զինված էր խորհրդային զենքով, սկսել է ձևավորել նոր հարաբերություններ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ։ Նրանք տրամադրել են զրահամեքենաներ, հրետանի և հրթիռներ։

    Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցը, որն առաջին նման դեպքն էր, տեղեկություն է բերել V-BAT-ի հետ գործարքի մասին։ Այդ անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործում են նաև Ճապոնիան, Նիդեռլանդները և Ուկրաինան, արտադրվում են Shield AI ընկերության կողմից։

    «Այժմ դուռը բաց է։ Տասնամյակներ անց մենք հնարավորություն ունենք ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու։ Սա մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականության մի մասն է։ Ներկայում մենք տարբեր տեխնոլոգիաներ ենք ստանում ավելի քան յոթ երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից», — հավելել է դեսպանը։ Մկրտչյանի խոսքով՝ նման մերձեցումը նպատակ չունի վնասել Հայաստանի հարևաններին։

    «Մեր համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մեր օրակարգի ընդլայնումը կամ Եվրամիության հետ տարբեր ռազմավարական կարևոր հարցերի շուրջ սերտ երկխոսությունն ուղղված չեն Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի կամ որևէ այլ երկրի դեմ», — հայտնել է դեսպանը։

    Մկրտչյանը նաև հետաքրքրություն է հայտնել ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներով և պետդեպարտամենտի Pax Silica նախաձեռնությամբ, որը կոչված է ստեղծել ԱՄՆ գլխավորած մատակարարման շղթա արհեստական բանականության և միկրոչիպերի ոլորտում և դուրս մղել չինական տեխնոլոգիաները։