Category: TIV 1

  • Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները < Լուրեր Հայաստանից

    Tiv1.AM Ստուդիա. Լուրեր Հայաստանից և աշխարհից մեկ հարթակում < Լրահոս 24/7 < Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
  • Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել

    2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 2,7 տոկոսով, սակայն մահերի ավելի մեծ՝ 6,3 տոկոսանոց նվազման պատճառով բնական հավելաճ 44,4 տոկոսով։ Այս մասին Sputnik Արմենիան տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։

    2026 թվականի առաջին 5 ամսում Հայաստանում ծնվել է 11 720 երեխա՝ 331-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ծնունդների թիվը մեկ տարում նվազել է 2,7 տոկոսով։

    Նույն ժամանակահատվածում մահացել է 10 493 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 708-ով պակաս։ Քանի որ մահերի թիվը ծնունդներից ավելի արագ է նվազել, երկրի բնական հավելաճը 850-ից հասել է 1227-ի։

    Նվազել են մինչև 1 տարեկան երեխաների մահերը

    2026 թվականի առաջին 5 ամսում գրանցվել է մինչև 1 տարեկան երեխաների մահվան 60 դեպք՝ նախորդ տարվա 101-ի փոխարեն։ Ցուցանիշը նվազել է 40,6 տոկոսով։

    Մինչև 4 տարեկան երեխաների մահերի թիվը 117-ից նվազել է մինչև 72՝ արձանագրելով 38,5 տոկոս անկում։

    Մեռելածինների թիվը ևս նվազել է․ 2025 թվականի հունվար–մայիսի 167 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 142 դեպք։

    Աճել է նորագոյացություններից մահերի թիվը

    2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում մահվան հիմնական պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Դրանց հետևանքով մահացել է 5486 մարդ, ինչը մահվան բոլոր դեպքերի 52,3 տոկոսն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հիվանդություններից մահերի թիվը նվազել է 6,4 տոկոսով։

    Միաժամանակ նորագոյացություններից մահերի թիվն աճել է 6 տոկոսով՝ 2110-ից հասնելով 2237-ի։ Դրանք կազմել են մահերի 21,3 տոկոսը՝ 2025 թվականի 18,9 տոկոսի դիմաց։

  • ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին։

    «Ֆեյսբուք»-ի իր էջում Դավիթ Խուդաթյանը հանդիպման մասին վկայող տեսանյութ է տարածել։

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 15-21-ը։

    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

    -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

    -Արաբկիրում՝ չի գերազանցել,

    -Շենգավիթում` չի գերազանցել,

    -Նոր Նորքում՝ չի գերազանցել։

    -Ազոտի և ծծմբի երկօքսիդիների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

  • Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով

    ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիս ամիսներին․

    «Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ.

    Չինաստան՝ աճել է 83,4%-ով,

    Հնդկաստան՝ աճել է 81,3%-ով,

    Եվրոպական միություն՝ աճել է 80%-ով»,- գրել է նա։

  • Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում է հուլիսի 28-ին այցելել Վաշինգտոն։ Այս մասին  X-ում գրառման մեջ նշել է Deutsche Welle-ի թղթակից Միխայիլ Կոմադովսկին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի երկու իրազեկ աղբյուրի։

    «Երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ինձ ասացին, որ նախագահ Զելենսկին հաջորդ երեքշաբթի կժամանի Վաշինգտոն։ Նա պլանավորում է մասնակցել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը։ Նաև կազմակերպվում է հանդիպում նախագահ Թրամփի հետ. պաշտոնյաները դեռևս որոշում են ձևաչափը՝ արդյոք դա կլինի կարճատև հանդիպում հուղարկավորության ժամանակ, մասնավոր հանդիպում, թե պաշտոնական այց Սպիտակ տուն», – նշված է գրառման մեջ։

    ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հանդիպել էին հուլիսի սկզբին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ ժամանակ Թրամփը հայտարարել էր Ուկրաինային Patriot հրթիռների անկախ արտադրության լիցենզիա տրամադրելու մտադրության մասին. այդ հրթիռները կարևոր են ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումներին հակազդելու համար։

  • Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով

    «Այն մարդիկ, որոնք պաշտպանում են Անկախության հռչակագիրը, նրանք ինձ համար հայրենասեր մարդիկ են և Հայաստան պետության ջատագովներ, իսկ նրանք, ովքեր Անկախության հռչակագրին դեմ են գնում, տեղ չունեն քաղաքական դաշտում»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

    «Սա զուտ քաղաքական հարց չէ, սա մեր պետության խնդիրն է։ Դրա համար պետք է համախմբվել, ոչ թե գնալ, ընդդիմությանը ընդդիմություն դառնալ։ Պետք է միասնական և իմաստավորված պայքարել։ Ժողովո՛ւրդ ջան, այդ վախի մթնոլորտից դուրս եկեք, որոշ քաղաքական դերակատարնե՛ր, խոսեք, ամոթ է, չնայած ես 2018թ․ եմ տեսել, թե ոնց են Սերժ Սարգսյանին մի օրում ուրացել, Ծառուկյանին էլ կուրանան ու կուրանան»,- շարունակեց Շարմազանովը

  • Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը

    Brent տեսակի նավթի գինը բարձրացել է այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների սրումը սպառնալիքի տակ դրեց նավթի համաշխարհային մատակարարումների տեմպերը: Միևնույն ժամանակ, Ուոլ սթրիթի երկու ամենաազդեցիկ ընկերությունների՝ «Alphabet»-ի և «Tesla»-ի բաժնետոմսերի կտրուկ անկումը հանգեցրեց վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկյան ֆոնդային շուկայի վատթարագույն անկմանը:

    Միջազգային ստանդարտ համարվող «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինը թռիչք է ապրել 7%-ով և կանգ առել 100,69 դոլարի նշագծին:

    Օրվա ընթացքում գինը հասել է 102 դոլարի, ինչը շուկայում «Brent» նավթի առավել ակտիվ վաճառվող պայմանագրերի համար ամենաբարձր ցուցանիշն է մայիս ամսից ի վեր: Պատճառը Կարմիր ծովում սաուդյան երկու նավթատար լցանավերի վրա կատարված հարձակումներն են։ Սա, Հորմուզի նեղուցի հետ մեկտեղ, վտանգում է ևս մեկ ուղի, որն օգտագործվում է նավթային ընկերությունների կողմից՝ իրենց նավթը Մերձավոր Արևելքից աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սպառողներին փոխադրելու համար:

  • Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր

    Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը մեկնաբանել է ընկերության մի շարք լոգիստիկ համալիրների վրա իրականացված հարձակումների հետևանքները՝ նշելով, որ միջադեպերը տեղի են ունեցել Շուշարայում, Ուտկինայի Զավոդում (Սանկտ Պետերբուրգ և Լենինգրադի մարզ) և Սիմֆերոպոլում։

    Նրա խոսքով՝ լոգիստիկ համալիրների տարածքների և այնտեղ պահվող ապրանքների զգալի մասը հաջողվել է պահպանել։ Բոլոր պահեստներից իրականացվել է աշխատակիցների օպերատիվ տարհանում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

    «Շնորհակալ եմ մեր աշխատակիցներին, մեր հերոսներին։ Մենք մշտապես մեծ ուշադրություն ենք դարձնում անվտանգության միջոցառումներին, և այսօր դա իր արդյունքը տվեց։ Համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակում ենք աշխատել հետևանքների վերացման ուղղությամբ», – նշել է Տատյանա Կիմը։

    Wildberries-ը տեղեկացնում է, որ վաճառողների համար օպերատիվ տեղեկատվությունը հրապարակվում է վաճառողի անձնական օգտահաշվում։ Ընկերությունը նաև իրականացնում է ապրանքների վերաբաշխում տարբեր պահեստների միջև՝ ապահովելու դրանց ավելի արդյունավետ շրջանառությունն ու գործընկերների բիզնեսի կայուն աշխատանքը։

    «Այս պահին մեր բոլոր ջանքերն ուղղված են ապրանքների արագ վերաբաշխմանը և հարթակի անխափան աշխատանքի պահպանմանը։ Մեր թիմը շուրջօրյա աշխատում է, որպեսզի պահպանենք ծառայությունների որակն ու աջակցենք մեր գործընկերներին», – ընդգծել է Wildberries-ի հիմնադիրը։

  • ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

    ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել էբոլայի հիվանդության համաճարակաբանական իրավիճակը աշխարհում։

    Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով)

    • 2536 հաստատված դեպք
    • 1033 հաստատված մահ

    Ուգանդա (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով)
    • 20 հաստատված դեպք
    • 2 հաստատված մահ
    • 1 հավանական դեպք
    • 1 հավանական մահ

    Ֆրանսիա (2026 թ. հունիսի 24-ի տվյալներով)
    • 1 հաստատված դեպք

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ էբոլայի հիվանդության բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։ Երկրում շարունակվում են դեպքերի հայտնաբերումը, կոնտակտավորների հսկողությունը և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը։

    Ներկայիս բռնկման հարուցիչը՝ Բունդիբուգյո էբոլավիրուսը, դեռևս չունի լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ, ուստի զանգվածային պատվաստումներ չեն իրականացվում։ Միաժամանակ շարունակվում են թեկնածու պատվաստանյութերի և բուժման նոր մեթոդների արդյունավետության գնահատման աշխատանքները։

    Ուգանդայում էբոլայի հիվանդության նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել։ Վերջին հիվանդի առողջացումից և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո երկիրը շարունակում է 42-օրյա ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը:

    Հայաստանի Հանրապետության համար էբոլայի հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի և բռնկում ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցություններ չկան, ինչպես նաև այն հանգամանքով, որ էբոլայի հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։

    ՀՀ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկություններից բխող միջոցառումները։