Category: TIV 1

  • Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտար այցելելու

    Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կարգավորում, որը քաղաքացիներին հնարավորություն կտա, առանց նոտարի այցելելու և լիազորագրերի ձևակերպման, հեռավար եղանակով ձեռք բերել նորակառույց կամ նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերում գտնվող անշարժ գույք։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հուլիսի 23-ի նիստին ներկայացրեց Սուրեն Թովմասյանը:

    Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կինտեգրվի ձևանմուշ, որը թույլ կտա, որպեսզի հիփոթեքային վարկի առկայության պարագայում գնորդը, վաճառողը և բանկը հեռահար էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն, վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար, և սեփականատիրոջից, այսինքն՝ կառուցապատողից, սեփականության իրավունքը կփոխանցվի հիփոթեքային վարկավարմամբ ձեռք բերողին: Վերջինս կարող է պայմանագիրը վավերացնել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:

    «Եթե ներկայումս մենք ցանկություն ունեինք նմանատիպ պայմանագիր վավերացնել, ապա քաղաքացին կամ ոչ քաղաքացին, որոնք ունեն իրավունք՝ համապատասխան անշարժ գույք ձեռք բերելու, կա՛մ պետք է գտնվեին ՀՀ-ում և ֆիզիկապես այցելեին նոտարին, կա՛մ պետք է տրամադրեին լիազորագիր որևէ քաղաքացու, անձի, որը պետք է այցելեր, կամ, եթե արտասահմանից էին ուղարկում լիազորագիրը, պետք է համապատասխան ընթացակարգերն անցներ, ապա նոր տեղի ունենար այս գործարքը:

    Այս պարագայում, հաշվի առելով, որ բանկը հիփոթեքային վարկը տրամադրելիս ստուգում է գնորդի բոլոր անհրաժեշտ պարամետրերը, ֆինանսական միջոցները, հիփոթեքային վարկի սպասարկման հնարավորությունները և կարողությունները, մենք ներդնում ենք մի ինստիտուտ, որով առանց նոտարական վավերացման՝ եռակողմ պայմանագիրն էլեկնրոնային համակարգում կնքվելուց հետո բանկի կողմից կներկայացվի իրավունքի պետական գրանցման, և սա հիմք կդառնա, որպեսզի գնորդը, չայցելելով նոտարի և համապատասխան լիազորագրերի ընթացակարգը չապահովելով, հնարավորություն ունենա հեռահար ձեռք բերել ՀՀ-ում նոր կառուցվող շենքից անշարժ գույք կամ արդեն նոր կառուցվող շենքը, երբ ավարտական ակտ է ստացել, շահագործման է հանձնվել, տվյալ շենքից անշարժ գույք»,- ասաց նա:

    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ այս կերպ ընթացակարգն ավելի է պարզեցվում, քանի որ հանվում է նոտարի վավերացման պահանջը, նաև հնարավոր է ավելի շատ վստահել թվայնացման միջավայրում կիրառվող տեխնոլոգիաներին:

  • Կապանը ճանաչվել է 2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

    ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։

    Հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը,  ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։

    Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը  կազդարարվի Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրով․ հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում։ Համերգից հետո Կապանի կենտրոնական հրապարակում տեղի կունենա դիսկոտեկ։ Միջոցառումների մուտքն ազատ է։

    Կթողարկվի փոստային նամականիշ՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով, կանցկացվեն մի շարք մշակութային և երիտասարդական միջոցառումներ։

    «Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների անդամներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ժամանել են Կապան՝ մասնակցելու «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»  ծրագրի միջոցառումներին։

  • ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters

    Պարսից ծոցում Կենտրոնական հետախուզական վարչության օբյեկտների վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները ամերիկյան հետախուզության վերլուծաբաններին դրդել են հետաքննել՝ արդյոք Ռուսաստանը օգնություն է ցուցաբերել՝ տրամադրելով թիրախների մասին տեղեկություններ կամ անօդաչուների առաջադեմ տեխնոլոգիաներ։

    Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ, ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել ԿՀՎ օբյեկտների վրա հարձակումներում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, որպես հնարավոր ապացույցներ նրանք մատնանշել են հարվածների արդյունավետությունն ու ակնհայտ ճշգրտությունը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Իրանին ցուցաբերվող ավելի լայն տեխնիկական աջակցությունը:

    Reuters-ը և այլ լրատվամիջոցներ ավել վաղ հայտնել էին (իսկ ամերիկացի պաշտոնյաները հաստատել էին), որ Ռուսաստանը Իրանին նպատակային և այլ բնույթի աջակցություն է ցուցաբերել ընդհանուր առմամբ Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան թիրախներին հարվածներ հասցնելիս։ Սակայն հետախուզական համայնքի կողմից ԿՀՎ օբյեկտների վրա հարձակումներին աջակցելու գործում Ռուսաստանի հնարավոր մասնակցության հետաքննության մասին տեղեկատվությունը նախկինում չէր հանրայնացվել:

  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

    Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1միլիարդ դրամ գրավ. Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Հիշեցնենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով։

  • Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո

    ԱՄՆ–ն կարծում է, որ Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, սակայն շուտով իրավիճակը կփոխվի։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

    «Հավանաբար, նրանք դեռ պատրաստ չեն գործարքի, բայց շուտով պատրաստ կլինեն, քանի որ շատ բարձր գին են վճարում», – Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում լրագրողներին ասել է Ռուբիոն։

    ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը պնդում է` Վաշինգտոնը երբեք չի հայտարարել, որ իր ռազմական գործողության նպատակը Իրանի իշխանափոխությունն է։ Նրա խոսքով՝ նպատակը ԻԻՀ–ի ապամիջուկայնացումն է։

    «ԱՄՆ–ն ձգտում է, որ Իրանը միջուկային զենք չունենա… (ԱՄՆ–ն. խմբ.) երբեք չի ասել, որ ռեժիմի փոփոխությունն է (գործողության. խմբ.) նպատակը», – ասել է նա։

  • Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է

    Գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին քննչական Կոմիտեում է:

    Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փողերի լվացման մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ունևոր գործարարը կազմակերպել է իրանցի գործարարների՝ ավելի քան 21 միլիոն դոլար արժողությամբ գույքի հափշտակություն։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, և դրա վերաբերյալ կան հաստատող պարտամուրհակներ։ Ծառուկյանի պաշտպանությունը պնդում է, որ Իրանում նույն անձինք նույն գործով դատապարտվել են և պարտավոր են Ծառուկյանին վճարել խոշոր գումար։

  • Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ում պահվող Իրանի սառեցված ակտիվները կօգտագործվեն Մերձավոր Արևելքում նավերին և բեռներին պատճառված վնասի փոխհատուցման համար։

    «Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ չկապակցված ապագա պահանջների համար վճարելու նպատակով, վտանգավոր նախադեպ է։ Նրանք, ովքեր ողջունում են դա կամ շահույթ են ստանում այս միջոցներից, պետք է հիշեն՝ երբ կառավարությունները սովորական դարձնեն բռնագրավումը, ոչ մեկի ակտիվներն անվտանգ չեն լինի։ Հետագա քաոսը գեղեցիկ կամ խաղաղ չի լինի», – նշել է Արաղչին։

    Թրամփն իրանական սառեցված միջոցներով նավերին վնասի համար փոխհատուցելու մասին հայտնել է հուլիսի 23-ին։

    Թրամփի գրառումը կատարվել է այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները Կարմիր ծովում թիրախավորել են Սաուդյան Արաբիայի նավերը, ինչի հետևանքով հուլիսի 23-ին նավթի գինն այս տարվա մայիսից ի վեր առաջին անգամ բարձրացել է մեկ բարելի դիմաց մինչև 100 դոլար։

    Ակտիվների ապասառեցումը Թեհրանի համար կարևոր կետ էր հունիսին Իրանի և Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրում, որը, սակայն հուլիսին խախտվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ հարվածները Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի թիրախավորման պատճառով։

  • Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար

    Հուլիսի 22-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչները՝ պրոռեկտոր Է․ Մարգարյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնում»։

    Այցի շրջանակում Կրթահամալիրը կենտրոնին նվիրաբերեց երեխաների հարցաքննության համար նախատեսված հատուկ տիկնիկներ։

    Հատուկ տիկնիկները նախատեսված են երեխաների հետ հարցաքննության և հաղորդակցության գործընթացում կիրառելու համար։ Դրանք մասնագետներին հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը երեխաների հետ՝ հաշվի առնելով նրանց տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, նպաստում են երեխայի համար ավելի անվտանգ և վստահելի միջավայրի ձևավորմանը։

    Կրթահամալիրը տիկնիկների երկու լրակազմ ստացել էր Չեխիայի Հանրապետության քրեական ոստիկանության և հետաքննության ծառայության բյուրոյի փորձագետներից՝ Կրթահամալիրում իրականացված «18 տարին չլրացած անձի հարցաքննությունը հատուկ սենյակում» թեմայով խորացված վերապատրաստման դասընթացի շրջանակում։

    Կարևորելով ստացված մասնագիտական գործիքների նպատակային կիրառումը՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը որոշեց տիկնիկների մեկ լրակազմ փոխանցել «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնին», որի գործունեության հիմնական ուղղություններից է երեխաների պաշտպանության և տուժած երեխաների աջակցության ապահովումը։

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը

    Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր:

    Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

    Հայաստանի կողմից ներկայացված «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա՝ «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ։ Սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված օրինակ է:  

    Ինչպես նոր գրանցված հայտը, այնպես էլ նախորդ տարիներին գրանցված բոլոր հայտերը հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում՝ https://whc.unesco.org/en/statesparties/am:

    Այսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցված 4 հայտերին վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ավելացնում է ևս 4-ը:

  • Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում

    Հուլիսի 25-ին` տեղական ժամանակով ժամը 17։16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։16-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44․13⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.2 մագնիտուդով երկրաշարժ։

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: