Category: TIV 1

  • Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

    Երևան քաղաքի 2027 թվականի բյուջետային եկամուտները կանխատեսվում են 149 միլիարդ 97.5 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 156 միլիարդ 349.6 միլիոն դրամ։ Այս ցուցանիշները ներառված են Երևանի քաղաքապետարանի մշակած՝ քաղաքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որը ներկայացվել է հանրային քննարկման։

    Ծրագրով Երևանի եկամուտները 2028 թվականին կանխատեսվում են 148 միլիարդ 175.7 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 145 միլիարդ 894.3 միլիոն դրամ։ Եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեից տրամադրվող հատկացումների կրճատմամբ։

    Երևանի ծախսերը 2028 թվականին նախատեսվում են 155 միլիարդ 49.1 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 152 միլիարդ 754.5 միլիոն դրամ։

    Ըստ նախագծի՝ 2027 թվականի կանխատեսվող բյուջետային դեֆիցիտը կկազմի 7 միլիարդ 252.1 միլիոն դրամ։ 2028 թվականին այն նախատեսվում է 6 միլիարդ 873.4 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 6 միլիարդ 860.2 միլիոն դրամ։

    Միաժամանակ, նախատեսվում է Երևանի սեփական եկամուտների աստիճանական աճ։ Դրանք 2027 թվականին կանխատեսվում են 99 միլիարդ 225.9 միլիոն դրամ, 2028 թվականին՝ 99 միլիարդ 774.3 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 100 միլիարդ 334.6 միլիոն դրամ։

    2027 թվականին սեփական եկամուտների խոշոր աղբյուրներից կլինեն անշարժ գույքի գույքահարկը՝ 26.9 միլիարդ դրամ, փոխադրամիջոցների գույքահարկը՝ 13.2 միլիարդ դրամ, շինարարության թույլտվությունների վճարները՝ 11.2 միլիարդ դրամ, ինչպես նաև այլ տեղական վճարները՝ մոտ 29 միլիարդ դրամ։

    Այլ տեղական վճարների կազմում հանրային տրանսպորտի միասնական ծառայություններից օգտվելու վճարներից տարեկան նախատեսվում է ստանալ 19 միլիարդ 980 միլիոն դրամ։ Աղբահանության վճարներից 2027 թվականին կանխատեսվում է 6 միլիարդ 580 միլիոն դրամ եկամուտ։

    Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման համար տրամադրվող հատկացումը 2027 թվականին նախատեսվում է 44 միլիարդ 544 միլիոն դրամ։ Այդ ցուցանիշը 2029 թվականին կնվազի մինչև 40 միլիարդ 231 միլիոն դրամ։

    2027 թվականի ծախսերի ամենամեծ բաժինները նախատեսվում են տնտեսական հարաբերությունների ոլորտում՝ 61.6 միլիարդ դրամ, և կրթության ոլորտում՝ 51.3 միլիարդ դրամ։

    Շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսվում է հատկացնել 13.4 միլիարդ դրամ, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների համար՝ 7.4 միլիարդ դրամ, հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտներին՝ 6.8 միլիարդ դրամ։

    Առանձին ծրագրերից ամենամեծ ֆինանսավորումը նախատեսվում է հանրակրթության ապահովման համար՝ 25 միլիարդ 258.9 միլիոն դրամ, և հանրային երթուղային տրանսպորտի համար՝ 22 միլիարդ 763.7 միլիոն դրամ։

    Նախադպրոցական կրթության ապահովմանը 2027 թվականին նախատեսվում է ուղղել 18 միլիարդ 309.4 միլիոն դրամ, ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացմանը՝ 14 միլիարդ 254.4 միլիոն դրամ, իսկ Երևանի մետրոպոլիտենի շահագործմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը՝ 9 միլիարդ 451 միլիոն դրամ։

    Հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար 2027 թվականին նախատեսվում է շուրջ 8 միլիարդ 932.3 միլիոն դրամ։ Աղբահանության և սանիտարական մաքրման համար կհատկացվի 6 միլիարդ 471.5 միլիոն դրամ, կանաչ ֆոնդի արդիականացման և պահպանման համար՝ 5 միլիարդ 599.2 միլիոն դրամ։

    Բազմաբնակարան շենքերի և բակային տարածքների բարեկարգման ծրագրին նախատեսվում է հատկացնել շուրջ 5 միլիարդ 10.3 միլիոն դրամ, վերելակային տնտեսության արդիականացմանը՝ 1 միլիարդ 837.4 միլիոն դրամ, իսկ ջրահեռացման համակարգերի արդիականացմանը՝ 149 միլիոն դրամ։

    Միջնաժամկետ ծրագրում ներառված է 55 բյուջետային ծրագիր և 149 միջոցառում։ Դրանք առնչվում են ծառայությունների մատուցմանը, համայնքային և հանրային ակտիվների կառավարմանը, ֆինանսավորման ծախսերին ու տրանսֆերտների տրամադրմանը։

    Ծրագրի գերակա ուղղությունների թվում են հարմարավետ ենթակառուցվածքների, հասանելի կրթության և առողջապահության, կանաչ միջավայրի, հանրային տրանսպորտի, էներգաարդյունավետության, մշակույթի, զբոսաշրջության և սոցիալական պաշտպանության զարգացումը։

    Երևանի ավագանու որոշման նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

    Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։ Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկատվություն դեռ չկա։

    Սամվել Կարապետյանը հայցադիմումով վիճարկում է ԿԿՀ-ի որոշումը, որով 200 հազար դրամ տուգանվել էր կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։

  • Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղի հետ։

    Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որը համակարգում է ճանապարհաշինության ոլորտը, և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։

    Նախարար Խուդաթյանը գոհունակությամբ արձանագրել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության առաջընթացը։

    Նախարարի խոսքով՝ ԻԻՀ–ն զգալիորեն ներգրավված է ՀՀ ենթակառուցվածքային ծրագրերում, ինչը վկայում է երկու երկրների միջև ձևավորված ամուր տնտեսական համագործակցության և բարեկամական հարաբերությունների մասին։

    Հանդիպման ընթացքում ճանապարհաշինության ոլորտին վերաբերող հարցերից բացի քննարկվել են նաև տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

    Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։

    Քննարկվել է նաև Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցը։ Նշվել է, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի

    Իսպանիայի Ավիլա նահանգում մոլեգնող անտառային հրդեհը համարվում է երկրի պատմության ընթացքում գրանցված ամենախոշորներից մեկը։ Նշվում է, որ հրդեհի տարածքը կազմում է մոտ 50 հազար հեկտար։ Հրդեհներ են բռնկվել նաև Տոլեդո նահանգում և Մադրիդի ինքնավար համայնքում։ Երեք խոշոր օջախների ընդհանուր ընդգրկած տարածքը հասել է 77 հազար հեկտարի։

    Անվտանգության նկատառումներով տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Մի շարք ճանապարհներ դեռևս փակ են։ Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները արտակարգ իրավիճակ էին հայտարարել Մադրիդի ինքնավար համայնքում, ինչպես նաև Ավիլա և Տոլեդո նահանգներում՝ անտառային հրդեհների պատճառով։

  • Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ հրադադարի և նախատեսում է հարյուր հազարավոր զինվորների մոբիլիզացնել և նրանց ուղարկել ռազմաճակատ, ինչը լուրջ վտանգ կներկայացնի Ուկրաինայի համար։ Այս մասին նա ասել է Sky News-ի հետ հարցազրույցում:

    «Պուտինը պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը: Ես հետախուզությունից զեկույց եմ ստացել. նա պատրաստվում է մոբիլիզացիայի: Նա ցանկանում է դա անել սեպտեմբերի 21-ին կայանալիք (խմբ.՝ Պետդումայի) ընտրություններից հետո», – ասել է Զելենսկին՝ հավելելով, որ դա չի արվի բացահայտ կերպով, քանի որ Պուտինը վախենում է հասարակությունից:

    Զելենսկու խոսքով՝ ՌԴ-ն նախատեսում է մոբիլիզացնել 300-500 հազար մարդ, ինչը «մեծ խնդիր կդառնա» Ուկրաինայի համար:

    Դա կանխելու համար, Զելենսկու խոսքով, հարկավոր է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար լոգիստիկայի, սպառազինության, բենզինի, դիզելային վառելիքի հարցերում, ինչպես նաև համարժեք պատժամիջոցների կիրառմամբ:

    Զելենսկին ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր համոզմամբ՝ Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը միայն այն դեպքում, եթե պարտվի:

    «Մենք փորձել ենք այնպես անել, որ այդ մարտահրավերը զգան նաև ռուսաստանցիները, հակառակ դեպքում նրանք չեն զգա, որ պատերազմն ամենուր է, – նշել է Ուկրաինայի նախագահը: – Հենց այդ պատճառով մենք սկսեցինք անել ամեն բան, որպեսզի պատասխանենք և այս պատերազմը վերադարձնենք Ռուսաստան, որտեղից այն եկել է մեզ մոտ…. Ահա թե ինչու մենք սկսեցինք միջին և մեծ հեռահարության գործողություններ»:

    Զելենսկին ասել է, որ այժմ ցանկանում է կապվել ԱՄՆ նախագահի և այլ դաշնակից երկրների ղեկավարների հետ և նրանց խնդրել գումար և զենք տրամադրել Ուկրաինան պաշտպանելու համար, ինչպես նաև շարունակել պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:

    Զելենսկին շեշտել է, որ օդային պաշտպանությունը մնում է առաջնահերթություն, քանի որ Ռուսաստանն ակտիվացնում է բալիստիկ հրթիռների օգտագործումը խոշոր քաղաքները թիրախավորելու համար:

    «Մենք բավարար հրթիռներ չունենք պաշտպանվելու համար, սա խնդիր է: Չկան բավարար պատժամիջոցներ Ռուսաստանի ռազմական արտադրության նկատմամբ. նրանք կարող են մեծացնել բալիստիկ հրթիռների արտադրությունը, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է օդային պաշտպանություն, որքան հնարավոր է շուտ», – ասել է Ուկրաինայի նախագահը:

    Նա հավելել է, որ ուկրաինացիները շատ ուժեղ են, բայց միաժամանակ հոգնել են երկարատև պատերազմից:

  • Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները

    Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը չի խնդրել վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները պատերազմն ավարտելու նպատակով։

    Նա շեշտել է, որ տեղի ունեցողը պատերազմի կառավարում չէ, և որ կրկնվող ռազմական հանցագործություններն ու դրանցով հպարտանալն ուղղակի փորձեր են՝ խուսափելու իրենց ստեղծած աղետից, որի համար, ըստ նրա, կողմերն անխուսափելիորեն վճարելու են։

    «Այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չենք վարում։ Բանակցություններն ընթանում են Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցի հետ կապված անհրաժեշտ պայմանավորվածությունների վերաբերյալ»,- ասել է նա։

  • Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի

    Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանի դեմ ցանկացած գործողություն կունենա իր գինը, և Ուկրաինայի հարվածը իրանական առևտրային նավի վրա անպատասխան չի մնա։

    «Իրանի վրա ցանկացած հարձակման համար ստիպված կլինեն վճարել, և սա մնում է այժմեական նաև այսօր»,- գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։

    Նա նշել է, որ «ԱՄՆ-ն ու Իսրայելը լավ հասկանում են դա»։

    «Ուկրաինան, հավանաբար, ևս շուտովկ հասկանա, որ Իրանը իր դեմ ուղղվածգործողությունները անպատասխան չի թողնում։ Ցանկը նրանց, որոնք սխալ հաշվարկ ենկատարել, շարունակում է աճել»,- հավելել է նա։

  • ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ

    Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանել արտադրական կեղտաջրերը կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելու պահանջները։

    Համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն։

    Նախագծով սահմանվում են արտադրական կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի, նախնական մաքրման, վնասազերծման և կենտրոնացված ջրահեռացման համակարգ ընդունման պայմանները։

    Մասնավորապես՝ ջրահեռացման համակարգ արտանետվող արտադրական կեղտաջրերը չպետք է խաթարեն ցանցերի և մաքրման կառույցների աշխատանքը, վնասեն խողովակները, պարունակեն պայթունավտանգ խառնուրդներ առաջացնող նյութեր կամ խոչընդոտեն կեղտաջրերի կենսաբանական մաքրմանը։

    Կեղտաջրերի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40 աստիճանը, իսկ կախված և լողացող մասնիկների պարունակությունը՝ 500 միլիգրամը մեկ լիտրում։ Սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրական կեղտաջրերը նախքան կենտրոնացված համակարգ արտանետելը պետք է մաքրվեն ձեռնարկության միջոցների հաշվին։

    Ռադիոակտիվ, թունավոր կամ բակտերիալ աղտոտիչներ պարունակող կեղտաջրերը պետք է նախապես վնասազերծվեն և վարակազերծվեն։ Թթվային կամ հիմնային կեղտաջրերը պետք է չեզոքացվեն կամ միջինացվեն՝ կոյուղու կոլեկտորների կոռոզիան և կենսաբանական մաքրման գործընթացի խաթարումը կանխելու նպատակով։

    Նախագծով նախատեսվում է նաև մաքրված կեղտաջրերը դիտարկել որպես ջրի այլընտրանքային աղբյուր և հնարավորության դեպքում օգտագործել արտադրական կամ այլ նպատակներով։

    Կարգավորումը մշակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված՝ քաղաքային կեղտաջրերի մաքրման վերաբերյալ եվրոպական պահանջներին Հայաստանի օրենսդրության մոտարկման նպատակով։

    Նախագծի ընդունումը, ըստ հիմնավորման, կնպաստի կենցաղային և արտադրական կեղտաջրերի պատշաճ մաքրմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը։

    Որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում։

    Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2030 թվականին։ Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը։

  • Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան

    «Այսօրվանից գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի՝ Լոռի բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան ու Կողես գյուղ և հակառակ ուղղություններով»,-տեղեկացնում է «Արմատ Մեդիա»-ն։

    Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ մի քանի օր շրջել էր այն համայնքներում, որտեղ իրենց քաղաքական ուժն առավել շատ քվեներ էր ստացել, գույքագրել էր բնակիչների ու համայնքի խնդիրները։ Կարապետյանն արդեն հայտարարել էր, որ կոմբայն է նվիրել, ինչը կթեթևացնի բերքհավաքի հոգսերը։

  • Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները

    Իրանի զինված ուժերը դադարեցրել են թիրախավորել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտները, քանի որ Վաշինգտոնը նույնպես դադարեցրել է գրոհներն Իրանի տարածքի վրա։ Բանակի խոսնակ Մոհամմադ Աքրամինիայի խոսքով՝ Թեհրանի գործողությունները կրել են զուտ պատասխան բնույթ՝ կենտրոնանալով թշնամու ռադիոլոկացիոն և ապահովման կենտրոնների վրա։

    Ամերիկա-իրանական էսկալացիան սկսվել էր հուլիսի 8-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր զինադադարի ավարտի մասին: Փոխադարձ հարվածների շղթան, որի շրջանակում Իրանը խոցում էր ամերիկյան բազաներ արաբական 6 երկրում, պաշտոնապես ավարտվել է հուլիսի 24-ին։