Category: TIV 1

  • Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանի դեմ հարձակկման գործով նախաձեռնվել է քրեական վարույթ և 1 անձ ձերբակալվել է. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

    «Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ»,-ասացին կոմիտեից։

  • Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

    Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժությունների շրջանակում հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին՝ Կալվարիա-Կազլո Ռուդե երթուղով։ Այդ քաղաքները գտնվում են երկրի հարավ-արևմուտքում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի և Սուվալկիի միջանցքի մերձակայքում։ 

    Գերատեսչության տվյալներով՝ «կարելի է նկատել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների զինվորների և ռազմական տեխնիկայի տեղաշարժերի ուժգնացող ինտենսիվությունը երկրի ճանապարհներին»։

    «Դաշնակից զորքերի վերատեղաբաշխումը ՆԱՏՕ-ի գործունեության կանոնավոր մասն է և նպաստում է Լիտվայի և ամբողջ դաշինքի պաշտպանունակության ամրապնդմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

    Սուվալկիի միջանցքը մոտ 100 կիլոմետր երկարությամբ ցամաքային հատված է Լեհաստանի և Լիտվայի միջև սահմանի երկայնքով, որը կապում է Բալթյան երկրների տարածքը ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ և միաժամանակ բաժանում Ռուսաստանի Կալինինգրադի մարզը Բելառուսից:

  • Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան

    ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

    «ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ 8-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, աշխատավարձերից բացի, ստացել է մոտ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) պարգևավճար։ Մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 107 մլն 440 հազար 920 դրամ։

    Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար։ Որքան ավելի շատ են «պայքարել», այնքան Հայաստանն ավելի շատ է կորցրել, մինչդեռ նրանք այդ ընթացքում կանոնավոր կերպով հարստացել են։

    Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարան մտնելուց առաջ էլ այդ ընդդիմությունը բոլորովին աղքատ չէր։

    Նշված գումարների մեջ ներառված չէ նաև պատգամավորներին ամսական վճարվող 250 000 դրամը, որը նույնպես ստացել են հինգ տարի շարունակ։ Այսինքն՝ մոտավորապես ևս կես միլիարդ դրամ է հատկացվել «ընդդիմությանը»։ Սակայն մինչև ԱԺ մտնելը նրանք բողոքում էին, թե իբր նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավորները «անիմաստ» 50 հազար դրամ էին ստանում։

    Վերջնահաշվարկում ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար»։

  • Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան

    «Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ. սա մի հարց է, որը վերջերս օրակարգ է դարձել ներքին Հայաստանում, և կա մի շատ պարզ մարդկային իրականություն։ Երբ քննադատողները իրենք գնան այդ մարզեր, այդ գյուղեր, տեսնեն մարդկանց վիճակը, մարդկանց բողոքները, խնդիրները, ավելին՝ մեկ օր ապրեն այդ մարդկանց խնդիրներով, ինձ թվում է՝ իրենք կհամոզվեն, որ եթե դու կարողանում ես օգնել մարդկանց կյանքը բարելավել, ապա դու պարտավոր ես դա անել, իսկ եթե չես անում՝ դա կոչվում է այլ բան»,- ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում նման հարց է բարձրացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Արեգա Հովսեփյանը։

    Նա նշում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, մի շարք խոստումներ է տվել նախընտրական շրջանում և, կոտրելով բոլոր քաղաքական կարծրատիպերը, ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ հետո վերսկսել է մարզային այցելությունները՝ հատկապես այն մարզերում, որտեղ գրանցել է հաջողություններ։

    «Ամեն տեղ, ուր գնում ենք, հարցնում ենք ժողովրդին՝ ի՞նչն է ձեզ ամենաշատը հուզում, ի՞նչ խնդիրներ են, որոնց մենք կարող ենք լուծում տալ։ Օրինակ՝ Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար տրամադրվել է գյուղտեխնիկա, ինչպես նաև Ստեփանավանից դեպի այլ բնակավայրեր կազմակերպվել է մշտապես գործող անվճար տրանսպորտ։ Անում ենք և համոզված ենք, որ մենք՝ որպես ընդդիմություն անգամ, ունենալով բավական սահմանափակ լծակներ և հնարավորություններ, կարողանալու ենք անել շատ ավելին։ Դա մեր ռազմավարությունն է, որ մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք»,- նշում է Հովսեփյանը։

    Վերջինս եզրափակելով խոսքը մասնավորապես ընգծում է.

    « Այո՛, կհարցնեք՝ մենք խոսում էինք անվտանգային բազմաթիվ հարցերից, Նիկոլին իշխանությունից հեռացնելու հարցերից։ Այս հարցերը ոչ ոք չի չեղարկել, սիրելի՛ ժողովուրդ, բայց պետք է հասկանանք այսօրվա դրությամբ՝ ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ լծակներ ունենք, և անել այդ ամենը՝ մինչև որ քայլ առ քայլ, փոքր քայլերով, բայց հաստատակամ հասնենք մեր նպատակներին։ Այնպես որ, սա դեռևս սկիզբն է, մենք փոփոխություններ բերել ենք և բերելու ենք»։

  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

    Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

    Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։

    Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը։

  • Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին

    Ռուսաստանը կհասնի Ուկրաինայում իր հատուկ ռազմական գործողության համար սահմանված նպատակներին։

    Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը VIII Պետդումայի անդամների հետ հանդիպման ժամանակ։

    «Ռուսաստանը կհասնի հատուկ ռազմական գործողության ընթացքում սահմանված նպատակներին։ Գործողության մասնակիցներին աջակցում է ողջ ռուս ժողովուրդը և հասարակությունը», – ընդգծեց Պուտինը։

    Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը ներկայումս գործում է նոր աշխարհակարգի ձևավորման շրջանում, և որ Ռուսաստանի ճակատագիրը ներկայումս սպառնալիքի տակ է։

    Պուտինի խոսքով՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների թիվը հասել է ռեկորդային մակարդակի, սակայն այդ սահմանափակումները ոչ միայն անարդյունավետ են, այլև վնասակար դրանք նախաձեռնած երկրների համար։

    Ռուսաստանի նախագահը հավելեց, որ իր երկիրը ի վիճակի է արձագանքել իր դեմ ձեռնարկված բոլոր թշնամական գործողություններին։

  • Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան

    ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն օր մենք կարդում եք արտաքին աշխարհի լուրերը պատերազմի, քաղաքականության, դիվանագիտության, նորագույն զինատեսակների, պատժամիջոցների, թանկացումների ու բանակցությունների մասին։
    Դրանք, իհարկե, կարևոր են, որովհետև հենց այսպիսի նորություններն են օգնում վերլուծել ու հասկանալ այսօրվա աշխարհը։
    Բայց կա ևս մեկ կարևոր հարց։
    Ինչպիսի՞ն կլինի աշխարհն այս ամենից հետո։
    Որպես ազգ, որպես քաղաքացիական հասարակություն, որպես գիտակից մարդիկ, մենք արդյոք ժամանակ ունե՞նք մտածելու, թե ի՞նչ տեխնոլոգիաներ են փոխելու մեր կյանքը։ Ինչո՞ւ են աշխարհի խոշորագույն ընկերություններն արդեն վերակառուցում իրենց բիզնես մոդելներն արհեստական բանականության (ԱԲ) շուրջ։ Ի՞նչ է տեղի ունենում տնտեսության, բժշկության, կրթության, տիեզերքի, ռոբոտաշինության, ռազմարդյունաբերության, գիտության և այլ ոլորտներում։
    Գիտակցո՞ւմ ենք արդյոք, թե ինչպե՞ս է փոխվում մեր վերաբերմունքն առողջության, սննդի, քնի, հանգստի, բնության, ընկերական միջավայրի և հոգևոր բարեկեցության նկատմամբ։
    Որպես սովորույթներով առաջնորդվող ազգի ներկայացուցիչներ, գիտե՞նք արդյոք, թե ո՞ր սովորություններն են իրականում օգնում ապրել ավելի լավ, և որոնք են պարզապես օգտակար թվում։ Մտածո՞ւմ ենք արդյոք, թե վաղվա աշխարհում ի՞նչ է նշանակելու «լավ ապրելը» և ի՞նչ փոփոխություններ են արդեն վաղն ազդելու մեզանից յուրաքանչյուրի գիտակցության ու վարքաբանության վրա։
    Հենց այս ամենի մասին պետք է մտածի և լուծումներ տա ժամանակակից քաղաքական միտքը: Նոր ստեղծվող քաղաքական ուժերը միայն նոր անուններն ու անհայտ դեմքերը չպետք է լինեն: Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք: Նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են:
    Իսկ «հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը, նորովի ներբեռնել իրենց քաղաքական գիտելիքներն ու հմտությունները, և սեփական աշխարհայացքից բխող նորացված ու արդիականացված ծրագրեր առաջարկեն հայ ժողովրդին:
    Այլապես դավադիրների օրակարգը, նրանց խաբեություններն ու ապազգային գործողությունների լավագույն քողարկումը շարունակելու են մնալ ձեռբակալությունները, կալանքները, ոստիկանական խրոնիկաները, «պատերով տալու, պոլերին պառկեցնելու, կզզացնելու…» հետադիմական ու հանրային դեգրադացիայի տանող աղմուկը»:

  • Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան

    «Իրականում այն ծանրաբեռնվածությունը, որը կանայք կրում են՝ համատեղելով և՛ ֆորմալ աշխատանքը, և՛ տանը կատարվող չվճարվող աշխատանքը, շատ հաճախ նրանց, հետևաբար նաև ընտանիքներին, կանգնեցնում է դժվար ընտրության առաջ։ Ընտրություն՝ կարիերայի՞, ֆորմալ զբաղվածությա՞ն, թե՞ ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու միջև։

    Սա, առաջին հերթին, ժողովրդագրական խնդիր է ստեղծում, և մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ստիպված լինի նման ընտրություն կատարել։ Մեր նպատակը պետք է լինի այնպիսի պայմաններ ստեղծելը, որ այդ «կամ-կամ»-ը փոխարինվի «և՛-և՛»-ով։ Այսինքն՝ կինը, տղամարդը և ընտանիքը հնարավորություն ունենան և՛ զարգացնել իրենց մասնագիտական կարիերան, ունենալ ֆորմալ զբաղվածություն, և՛ բավարար ժամանակ հատկացնել ընտանիքին»,- այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, «Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն․ հետազոտության արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։

  • 2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

    1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ  895 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 123 միլիարդ 824 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ:

    Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 939 միլիարդ 957 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 120 միլիարդ 537 միլիոն դրամ։

    Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 169 միլիարդ 938 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 3 միլիարդ 286 միլիոն դրամ։

    1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր»ենթաբաժնում:

  • Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան

    ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր, ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չկա:

    «Ամենատաք գոտին կշարունակեն մնալ Երևանն ու Արարատյան դաշտը: Ուշ երեկոյան ժամերին ՀՀ տարածքում՝ առանձին հատվածներում, անձրև և ամպրոպ կանխատեսվում են միայն հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ին և 2-ին»,- ասել է Սուրենյանը և հիշեցրել, որ ՀՀ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է, ուստի պետք է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: