Category: TIV 1

  • Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան

    ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, որ մեր երկիրը վերածվել է համատարած կեղծիքի, խաբեության և կեղծարարության տարածքի, վաղուց արդեն գաղտնիք չէ։ Դա ո՛չ պատահականություն է, ո՛չ էլ սխալների շղթա. դա փաշիստական իշխանության գիտակցված քաղաքականություն է, որը ներծծված է ստով, կեղծիքով և իրականության իմիտացիայով։
    Սակայն կա մեկ անփոփոխ օրենք. կեղծիքը երբեք անհետևանք չի մնում։ Վաղ թե ուշ այն վերածվում է իրական խնդիրների, որոնք քայքայում են տնտեսությունը, ոչնչացնում պետական ինստիտուտները և մարդկանցից խլում հավատը սեփական երկրի ու ազգի ապագայի նկատմամբ։
    Դատեք ինքներդ։
    Այսպես կոչված եվրաինտեգրման կեղծ օրակարգն արդեն իսկ առաջացրել է հայկական արտադրանքի իրացման շուկաների հետ կապված իրական խնդիրներ։ Արտադրությամբ, գյուղատնտեսությամբ, առևտրով և արտահանմամբ ապրող հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են եկամուտների կորստի վտանգի առաջ, իսկ շատերի համար արդեն խոսքը տարրական գոյատևման մասին է։
    Կեղծված ընտրությունները ստեղծել են պետական իշխանության լեգիտիմության ճգնաժամ։ Իսկ այն իշխանությունը, որը չունի իրական լեգիտիմություն, անխուսափելիորեն վերածվում է արտաքին կառավարման հարմար գործիքի։ Նրանք, ովքեր հիանալի հասկանում են այդ իշխանության իրական արժեքը, սկսում են իրենց պայմանները թելադրել։ Հենց այդ պատճառով վաղը մեզ կպարտադրեն նորանոր պահանջներ՝ դրանք քողարկելով «բարեփոխումների», «արժեքների» և «եվրոպական ընտրության» գեղեցիկ բառերով։ Այդ պահանջներից մեկը կարող է դառնալ նաև Ստամբուլյան կոնվենցիայի շրջանակում անբարոյական գաղափարների պարտադրումը։
    Իրավապահ մարմինների՝ հանցավորության նվազման մասին պաշտոնական զեկույցները հատկապես ցինիկ են հնչում իրական կյանքի ֆոնին։ Մարդիկ ամեն օր տեսնում են բոլորովին այլ պատկեր՝ կրակոցներ, սպանություններ, ավազակային հաշվեհարդարներ և հանցագործների լիակատար անպատժելիություն։ Երբ վիճակագրությունն ապրում է իրականությունից առանձին, դա նույնպես կեղծիք է։

    Կեղծ ժողովրդավարությունը օրինաչափորեն ծնել է ռեպրեսիվ դատական և իրավապահ համակարգ։ Այսօր հարյուրավոր մարդիկ ենթարկվում են քրեական հետապնդման միայն այն պատճառով, որ համաձայն չեն երկրում իրականացվող քաղաքականության հետ և բարձրաձայնում են դրա կործանարար հետևանքների մասին։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը դրա ամենավառ և ամենաթարմ օրինակներից մեկն է։
    Սահմանադրության կեղծ պահպանումը հանգեցրել է նրան, որ մարդկանց զրկել են սեփականությունից՝ դա ներկայացնելով որպես սոցիալական արդարության և պետական շահերի պաշտպանության պայքար։ Օրենքը դադարել է լինել քաղաքացու պաշտպանության միջոց և վերածվել է ճնշման գործիքի։
    Պետական շահերի կեղծ պաշտպանությունն արդեն վտանգի տակ է դրել հայկական պետականությունը։ Շատ շուտով մեզ կրկին կսկսեն վախեցնել պատերազմով, աղետներով և ամենատարբեր վտանգներով միայն այն բանի համար, որպեսզի հասարակությունը հաշտվի Բաքվից և Անկարայից հնչող հերթական պահանջների հետ։ Այդ ճնշման ներքո մեզ կփորձեն պարտադրել փոխել Հայաստանի գործող Սահմանադրությունը՝ այն վերածելով մի փոխարինիչի, որն ավելի քիչ կպաշտպանի հայկական պետականությունը և ավելի շատ կծառայի նրանց շահերին, ովքեր երազում են Հայաստանը դարձնել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծի մի մասը։
    Ամեն օր իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ իրենց «սիրո» մասին։ Սակայն խոսքերն արդեն վաղուց արժեք չունեն։ Արժեք ունեն միայն գործերը։ Իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակի մասին։
    Երկիրը չի կարող ապրել համատարած ստի հիմքի վրա։ Պետությունը չի կարող զարգանալ, եթե նրա ինստիտուտները կառուցված են կեղծիքի վրա։ Ժողովուրդը չի կարող վստահ լինել վաղվա օրվա նկատմամբ, երբ նրան ամեն օր ստիպում են հավատալ հորինված իրականությանը։
    Կեղծիքը միշտ ծնում է իրական հետևանքներ։ Սուտը միշտ ավարտվում է ճգնաժամով։ Եվ եթե այս գործընթացը չկանգնեցվի, վտանգի տակ կհայտնվի ոչ միայն քաղաքացիների բարեկեցությունը, այլև հայկական պետականության գոյությունը»։

  • Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

    9-րդ գումարման ԱԺ պատգամավորության թեկնածու Լուսինե Բադալյանն ընտրվել է առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու:

    Բադալյանն այս մասին տեղեկությունը հաստատել է լրատվամիջոցներին: Նա հավելել է, որ հանձնաժողովների նախագահների ընտրություններն անցնում են թեժ, բուռն և դրանց արդյունքները անկանխատեսելի են:

    Նշենք՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Լուսինե Բադալյանը, Ալխաս Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նելլի Բավեյանը:

  • Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել

    Հուլիսի 14-ին pirzhokova_pro.online ինստագրամյան էջի օգտատիրոջ կողմից կատարված հրապարակման վերաբերյալ ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որ հիման վրա ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ինստագրամյան էջի օգտատերը ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել ու ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

    Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

    Հիշեցնենք, որ Նադեժդա Պիրոժկովային Վարդավառի ժամանակ ջրել են, ինչից հետո նա հրապարակած տեսանյութում վիրավորանքներ է հնչեցնում հայերի մասին՝ անվանելով «առնետանման ժողովուրդ»։

    Քրեական օրենսգրքի 329 հոդվածը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։

    Հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է. 

    «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

  • ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է այն հարցին թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել իրեն ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։

    «ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել։ Քննարկումներ և շփումներ կունենանք։ Խոսել ենք, որ առաջիկայում կհանդիպենք, բայց կոնկրետացված չէ»,-ասել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում. «Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ վերջի սկիզբը»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

  • Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է

    Ֆասթ Բանկը ս․թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը մասնակցում է Սևան ստարտափ սամմիթ 2026-ին որպես ռազմավարական գործընկեր։ Միջազգային բիզնես ֆորումը մեկ հարթակում համախմբել է ստարտափների հիմնադիրների, ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդների աշխարհի տարբեր երկրներից: Ֆասթ Բանկը միջազգային բիզնես ֆորումին ներկայացել է առանձին տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, թվային պրոդուկտներին և քարտային առաջարկներին։

    Այս տարի ևս Բանկը սամմիթի մասնակիցների համար պատրաստել է հատուկ առաջարկներ. միջոցառման ողջ ընթացքում Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել Ֆասթ Բանկի մոբայլ հավելվածով՝ ամբողջությամբ անվճար սպասարկմամբ։ Իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար տաղավարում կներկայացվի Business Digital Mastercard ԱկնՔարտը, որը ևս հնարավոր է ձեռք բերել անվճար։ Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին սպասում են ինտերակտիվ խաղեր, նվերներ և անակնկալներ։

    Հավելենք, որ Սևան ստարտափ սամմիթն ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում Սևանա լճի ափին․ ֆորումն ամեն տարի համախմբում է 60 երկրներից ավելի ստարտափ թիմերի և մասնակիցների ամբողջ աշխարհից և համարվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովը։ Ֆասթ Բանկը թվային միտումներով առաջնորդվող բանկ է և  կարևորում է իր ներդրումն ու մասնակցությունը ՏՏ ոլորտի համաժողովներին։

    Ֆասթ Բանկը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

  • Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

    Դեռևս հայտնի չէ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը:

    ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը առաջադրվել էր որպես թեկնածու, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր թեկնածությունը չի հաստատվել, երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը: 

    Հարցին՝ չի՞ սրտնեղե՞լ, որ իրեն չեն ընտրել, Միքայելյանը պատասխանել է. «Ոչ, իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի»:

  • Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում

    Լեհաստանը ցանկանում է, որ Ուկրաինան իր տարածքում իրականացնի Patriot զենիթահրթիռային համալիրների համար հրթիռների արտադրություն: Այս մասին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

    «Չեմ կարծում, թե հնարավոր է Patriot-ի հրթիռների արտադրության գործարանի կառուցումը պատերազմից տուժած տարածքում։ Բայց դա հնարավոր է Լեհաստանի տարածքում, – ասել է Կոսինյակ-Կամիշը։ – Ես կարծում եմ, որ Լեհաստանը պետք է դա անի Ուկրաինայի հետ միասին»։

    Հուլիսի սկզբին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը համաձայնել էր ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների համար կալանիչ հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրել Կիևին։

    Ըստ համացանցում առկա տեղեկությունների՝ նման լիցենզավորված արտադրություն կազմակերպվել է միայն Ճապոնիայում և Գերմանիայում։

  • Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան

    Առաջիկա շաբաթների ընթացքում կլինի կառավարության` ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումը։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

    Նրա խոսքով՝ կառավարության համապատասխան որոշումից բացի կսահմանվեն մի շարք կարգեր, ընթացակարգեր։

    «Դրանք ենթադրում են մի քանի ամիսների ընթացքում լիցենզավորված, ռեզիդենտ ընկերության կողմից շուկայական արժեքի գնահատում, շուկայական արժեքի՝ կառավարության կողմից գնահատականի պաշտոնապես ծանուցում սեփականատերերին, ընթացակարգերով սեփականատերերից ծանուցման պատասխանի ստացում, և արդեն ըստ կարգավորումների՝ պետք է գործընթացը հանգեցնի փոխհատուցման տրամադրման՝ շուկայական արժեք +15 տոկոս»,- նշել է Պետրոսյանը։

    Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի և Կարապետյանների հետ բացարձակ կոնտակտ չկա։

    Ըստ նրա՝ օրինական գործընթացների վերջնարդյունքը ՀՀ ցանկացած քաղաքացու և տնտեսվարող սուբյեկտի համար պարտադիր կատարման ենթակա է, իսկ թե ինչ դիրքորոշում ունեն Կարապետյանները, Պետրոսյանը չգիտի, քանի որ երեկվա հանրային լսումներին ներկայացուցիչ չի մասնակցել։ Նա նշեց, որ գործընթացը կարող է 2 տարի տևել։

    Պետրոսյանն անդրադարձել է իր կարգավիճակին՝ նշելով, թե երբ են դադարելու ժամանակավոր կառավարչի իր լիազորությունները։ Նրա խոսքով՝ ըստ օրենսդրության՝ երբ ՀԷՑ նոր սեփականատերը՝ ՀՀ-ն, կդիմի ՀԾԿՀ-ին՝ բաշխման լիցենզիան ստանալու համար, լիցենզիան ստանալու պահից ժամանակավոր կառավարչի լիազորությունները կդադարեն։

  • Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ

    Իրանի պաշտպանական արդյունաբերությունն ընդլայնում է սպառազինության կարևորագույն տեսակների արտադրությունը և առաջնահերթ ուշադրություն դարձնում հրթիռային համակարգերին ու ծովային բազավորման միջոցներին: Tasnim գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադի գեներալ Մաջիդ Էբնոլռեզան:

    Նրա խոսքով՝ ներկայում պաշտպանական ձեռնարկություններում սպառազինության արտադրության գծերն աշխատում են «ավելի ակտիվ, քան երբևէ»։

    Նա նաև հայտարարել է, որ ռազմավարական պաշտպանական օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները չեն կարողացել կանգնեցնել իրանական զենքի արտադրությունը։

    Ավելի վաղ Պենտագոնը բազմիցս հայտարարել էր, որ Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան զգալի չափով վնասվել է, իսկ բալիստիկ հրթիռների արտադրության նրա ներուժը՝ փաստացի ոչնչացվել։

  • Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը

    Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Թեհրանին դադարեցնել Մոսկվային ցուցաբերվող ռազմական աջակցությունը։

    ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտնել է, որ Արաղչիի հետ քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի, որը վերջին օրերին էլ ավելի է սրել։

    «Ես կրկնել եմ Իրանին ուղղված իմ կոչը՝ դադարեցնել Ռուսաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը։ Մոսկվան Ուկրաինային քաղաքացիական բնակչության շրջանում ավելի ու ավելի մեծ թվով զոհեր է պատճառում, և ցանկացած մատակարարում, որը նա ստանում է, օգնում է սպանել ավելի շատ խաղաղ բնակիչների։ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իրեն», X-ի իր էջում գրել է Կալլասը։