Category: TIV 1

  • Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը՝ գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

    ՀՕՀ վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել և հետազոտվել են իրացման վերաբերյալ տվյալները: Միաժամանակ ուսումնասիրվել են նաև վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ։

    Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման արատավոր վարքագծից և չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

  • Իրանը Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Օմանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումները։

    Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ նախարարները կարևորել են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը և համատեղ դիվանագիտական ջանքերը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և Հորմուզի նեղուցում Միացյալ Նահանգների գործողությունների հետևանքով ստեղծված անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համար։

  • Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի

    Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը՝ հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ 

    «Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ եթե այդ ծրագիրը մերժվի, բանակցությունները կհամարվեն ձախողված, և նրանք կլքեն դրանք: Արդյունքում տեղի ունեցավ հենց այդպես, ամերիկյան պատվիրակությունը լքեց բանակցությունները»,- նշել է Ղարիբաբադին:

    Նրա խոսքով՝ Օմանում բանակցությունները տեղի են ունեցել Իրանի կողմից Հորմուզի նեղուցը կրկին փակելուց հետո: Մյուս կողմը պնդել է, որ հարավային այլընտրանքային երթուղին բաց մնա մինչև իրանա-օմանյան բանակցությունների ավարտը, սակայն Իրանը չի ընդունել այդ առաջարկը:

  • Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը բախվում է աննախադեպ իրավիճակի՝ զանգվածային անտառային հրդեհների պատճառով, և այն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ամենածանր փորձությունը։

    Բորդոյում ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ հրդեհների ներկայիս ալիքը համարժեքը չունի երկրի ժամանակակից պատմության մեջ։

    «Մենք բախվում ենք բոլորովին աննախադեպ հրդեհի։ Մենք ապրում ենք ամենադժվար իրավիճակում, որ երբևէ գրանցվել է, ամենադժվար՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»,- ասել է Մակրոնը։

    Նա ֆրանսիացիներին կոչ է արել միավորվել և աջակցել միմյանց՝ զգուշացնելով, որ առաջիկա շաբաթները մնալու են չափազանց ծանր։ Նրա խոսքով՝ իշխանությունները շարունակում են մոբիլիզացնել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ կրակի դեմ պայքարելու և բնակչությանը պաշտպանելու համար։

  • Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան

    8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «5-րդ ալիք»-ի եթերում անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ ասել է. «Ոչ մի տարի ամառվա սեզոնին հեղուկ գազի գինը սենց չի եղել. 230, 240, տեղ-տեղ՝ ավելի թանկ, այսինքն՝ էս սեզոնին սենց գին գոյություն չի ունեցել: Շատերն ասում են՝ որոշակի ընդեղ ա թանկացում եղել, հեսա ակցիզային հարկն են ավելացնում՝ ծխախտոի, խմիչքի, նաև վառելիքի… Հիմա անդրադառնամ այլ հարցերի. հնարավոր է հացահատիկը թանկանա: Պաշարների 20 տոկոսից ավելին Արցախն էր ապահովում: Ցորենի մեր ցանքատարածությունները շատ քիչ են, տարեցտարի նվազում են ու լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված»:

  • ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

    Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության հարաբերությունների խորացումը շարունակական և բնական գործընթաց է, սակայն զգուշավոր քաղաքական հաշվարկներ է պահանջում։

    Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանը ապագայում դիմի Եվրամիության անդամակցության համար և կատարի անհրաժեշտ պայմանները, Բրյուսելը պետք է ըստ էության գնահատի այդ դիմումը։

    «Արմենպրես»-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող մի շարք հացերի՝ միաժամանակ ընդգծելով, որ Երևանը պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, քանի որ Եվրոպային մերձենալը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, բայց նաև լարվածություն առաջացնել մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։

    Պարոն Ինյարիտու, ըստ Ձեզ՝ վերջին շրջանում ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը, ինչպե՞ս կգնահատեք այդ հարաբերությունների ներկա մակարդակը։

    Հաշվի առնելով եվրոպական կառույցների կողմից ընդունված բանաձևերը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի կողմից ձեռնարկված նախաձեռնությունները, բնական է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ։

    Մենք պետք է նաև հիշենք Հայաստանի երկարատև պատմական և մշակութային կապերը Եվրոպայի հետ, ինչպես նաև հայկական սփյուռքի կարևոր դերը Եվրամիության անդամ շատ պետություններում։ Այս համայնքները հաճախ կամուրջ են հանդիսացել Հայաստանի և Եվրոպայի միջև։ Վերջնարդյունքում, այս հարաբերությունների ապագան պետք է որոշի հայ ժողովուրդը։ Եթե վերջինս որոշի ավելի մոտենալ Եվրամիությանն, այդ ընտրությունը պետք է հարգվի։ Եթե ապագայում Հայաստանը պաշտոնապես դիմի անդամակցության համար և կատարի անհրաժեշտ պայմաններն, ապա Եվրամիությունը պետք է գնահատի այդ դիմումը ըստ էության, ինչպես ցանկացած այլ թեկնածու երկրի։

    Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին այցելեց Հայաստան և Ադրբեջան: Որքանո՞վ է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը խորհրդանշական և որքանո՞վ ունի գործնական նշանակություն, ի՞նչ կարող է այն տալ երկկողմ հարաբերություններին:

    Կարծում եմ՝ այդ այցն, առաջին հերթին, նպատակ ուներ վերահաստատել Եվրոպական հանձնաժողովի հանձնառությունը Հարավային Կովկասում կայունության, երկխոսության և երկարատև խաղաղության նկատմամբ։ Այցի նշանակությունը և՛ խորհրդանշական էր, և՛ գործնական։ Այն հստակ ուղերձ հղեց, որ Եվրոպական միությունը մտադիր է ակտիվորեն ներգրավված մնալ տարածաշրջանում՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն՝ խորացնելու քաղաքական երկխոսությունը, խրախուսելու տարածաշրջանային համագործակցությունը և ուսումնասիրելու Հայաստանի հետ տնտեսական, ինստիտուցիոնալ և դիվանագիտական համագործակցության նոր ոլորտներ։

    Մենք նմանատիպ ուղերձներ ենք լսել նաև այլ եվրոպացի առաջնորդներից։

    Կա նաև եվրոպական լայն կոնսենսուս, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության պայմանագիրը կարևոր է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար։

    Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Հայաստանի եվրոպական ուղղության ակտիվացումը փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։

    Հայաստանի կողմից ավելի ուժեղ եվրոպական կողմնորոշումը կարող է նպաստել Հարավային Կովկասում քաղաքական և տնտեսական ազդեցության աստիճանական դիվերսիֆիկացմանը: Ավանդաբար, տարածաշրջանը մեծապես ձևավորվել է Ռուսաստանի կողմից, Թուրքիան և Իրանը նույնպես կարևոր դեր են խաղացել: Ավելի մեծ եվրոպական ներգրավվածությունը կբերի լրացուցիչ գործընկեր, որը կարող է աջակցել ինստիտուցիոնալ բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային կապակցվածությանը և դիվանագիտական երկխոսությանը։ Այնուամենայնիվ, այս գործընթացը պետք է կառավարվի մեծ զգուշությամբ:

    Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ հարաբերությունները կարող են Երևանի համար ապահովել ավելի մեծ ռազմավարական ինքնավարություն, բայց դա կարող է նաև լարվածություն առաջացնել այլ տարածաշրջանային ուժերի՝ մասնավորապես Ռուսաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք Ուկրաինայից քաղված դասերի մասին: Հետևաբար, տարածաշրջանային հավասարակշռության վրա վերջնական ազդեցությունը կախված կլինի նրանից, թե արդյոք Հայաստանի եվրոպական մերձեցումը կընկալվի որպես համագործակցային գործընթաց, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը, այլ ոչ թե որպես ավելի լայն աշխարհաքաղաքական դիմակայության մաս:

    Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը հաջողությամբ պահպանի իր բալանսավորված արտաքին քաղաքականությունը՝ միաժամանակ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ և պահպանելով համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։

    Անկեղծ ասած, կարծում եմ, որ սա չափազանց դժվար կլինի։ Ռուսաստանն ավանդաբար Հարավային Կովկասը համարել է իր ազդեցության գոտու մի մասը, և այնպիսի երկրների, օրինակ՝ Վրաստանի, Արևմուտքին մոտենալու նախկին փորձերը լուրջ հետևանքներ են ունեցել։

    Ուկրաինայի պատերազմն այս աշխարհաքաղաքական լարվածությունն ավելի ակնհայտ է դարձրել։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը նմանատիպ ճնշման ենթարկվել։ Մենք չենք կարող անտեսել Ուկրաինայից քաղված դասերը, ինչպես նաև մոռանալ, որ Հայաստանն արդեն շատ բարձր գին է վճարել Արցախում։ Եվրամիությունը ՆԱՏՕ չէ, և Բրյուսելի հետ ավելի սերտ հարաբերությունները չպետք է ավտոմատ կերպով մեկնաբանվեն որպես ռազմական կամ անվտանգության վերադասավորում։

    Այնուամենայնիվ, մենք պետք է նաև հիշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հիմնական անդամ է և տարածաշրջանային խոշոր դերակատար, ինչը անխուսափելիորեն բարդացնում է Հայաստանի ռազմավարական ընտրությունները։

    Այնուամենայնիվ, ես վախենում եմ, որ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը դրականորեն չի նայի Հայաստանի վճռական տեղաշարժին դեպի Եվրոպա։ Հայաստանը չի կարող փոխել իր աշխարհագրական դիրքը և պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Միևնույն ժամանակ, այն ինքնիշխան պետություն է և պետք է ազատ լինի՝ որոշելու իր ապագան։ Այս երկու սկզբունքները հակասական չեն, բայց հայ քաղաքական գործիչները պետք է մեծ զգուշությամբ գնահատեն բոլոր համապատասխան քաղաքական, տնտեսական և անվտանգության նկատառումները։

    Որքանո՞վ կարող են ԵՄ-ի կողմից հայտարարված տնտեսական աջակցության փաթեթներն ու առևտրային արտոնությունները փոխել Հայաստանի տնտեսական հնարավորությունները։

    Ես կարծում եմ, որ այս միջոցառումները կարող են զգալի տնտեսական խթան ապահովել և արժեքավոր հնարավորություններ ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության համար։ Դրանք կարող են նպաստել ներդրումներին, բարելավել եվրոպական շուկաների հասանելիությունը, աջակցել ենթակառուցվածքներին և ինստիտուցիոնալ արդիականացմանը, ինչպես նաև խրախուսել Հայաստանի տնտեսության նոր ոլորտների զարգացումը։

    Ավելի լայն առումով, նման նախաձեռնությունները կարող են օգնել կառուցել երկարատև գործընկերություններ և հիմք դնել ապագա համատեղ նախագծերի համար։ Առավելությունները պարտադիր չէ, որ սահմանափակվեն միայն Հայաստանով, դրանք կարող են նաև նպաստել Հարավային Կովկասում ավելի բարգավաճմանը, կապին և կայունությանը՝ միաժամանակ ամրապնդելով ԵՄ տնտեսական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում։

    Այս ամենի հետ մեկտեղ, մենք չպետք է անտեսենք այն փաստը, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, և որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Սրանք կառուցվածքային իրողություններ են, որոնք չեն կարող անտեսվել, և Եվրամիության հետ ցանկացած հետագա մերձեցման դեպքում պետք է հաշվի առնել դրանք։

  • Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

    Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման իրենց հանձնառությունը։

    «Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նշել են երկկողմ հարաբերությունների կառուցողական բնույթը, քաղաքական երկխոսության ակտիվացումը և հաստատել են փոխշահավետ համագործակցությունը հետագայում ընդլայնելու իրենց պատրաստակամությունը», – հայտարարել է Կրեմլը։

    Նախագահները քննարկել են նաև միջազգային օրակարգը։

  • Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ

    Զինեդին Զիդանը պաշտոնապես նշանակվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ 54-ամյա մարզիչը չորս տարվա պայմանագիր է կնքել ազգային հավաքականի հետ։

    Զինեդինի օգնականների թվում կլինեն Դավիդ Բետոնին և Համիդու Մսաիդին, ովքեր արդեն աշխատել են նրա հետ։ Նրա թիմում կլինեն նաև ֆիզպատրաստության մարզիչ Գրեգորի Դյուպոնը, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողներ Ֆաբիեն Բարտեզը և Բեռնար Դիոմեդեն։

    Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում ներկայացրել է որպես խաղացող՝ 108 խաղ անցկացնելով թիմի կազմում։ Նա ոսկե մեդալ է նվաճել 1998 թվականի Աշխարհի առաջնությունում և Եվրո 2000-ում։

    Որպես մարզիչ՝ Զինեդինը գլխավորել է Մադրիդի «Ռեալը»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի երեք անընդմեջ տիտղոս և ևս ութ գավաթ։

    Դիդյե Դեշամը, որը 14 տարի մարզել է Ֆրանսիայի ազգային հավաքականը և նվաճել 2018 թվականի Աշխարհի գավաթը, լքել է թիմը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։

  • Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ

    Ներքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ վերջին փոփոխությունները չեն վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշերին, որոնց նկատմամբ գործող աճուրդային կարգը պահպանվում է անփոփոխ։4

    Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում կատարված փոփոխությունների վերաբերյալ ասուլիսի ընթացքում ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը հորդորել է չշփոթել երկու կարգավորումները՝ ընդգծելով, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշերի աճուրդային կանոնակարգերում որևէ փոփոխություն չի կատարվել։

    Նրա խոսքով՝ նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ պահանջարկ են վայելում նաև այն համարանիշերը, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։ Մինչ այժմ նման համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։

    Նոր կարգավորմամբ այդ համադրությունները ներառվել են մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում և այսուհետ տրամադրվելու են առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ՝ կախված թվերի և տառերի համադրությունից։ Օրինակ՝ 250 հազար դրամ արժողությամբ համարանիշերի շարքում ներառվել է նաև 00 AB 778 տիպի համադրությունը։

    ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանի խոսքով՝ նոր համարանիշերը նախատեսված են 7 նիշ ունեցող պետհամարանիշերով տրանսպորտային միջոցների համար և կարող են ձեռք բերվել հաշվառման ընթացքում՝ սահմանված վճարը կատարելուց հետո։

    Նրա ներկայացրած տվյալներով՝ նոր կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո երեք օրվա ընթացքում տրամադրվել է 224 մեծ պահանջարկ ունեցող համարանիշ, որոնցից 165-ն արդեն վաճառվել են։ Արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 234 մլն 400 հազար դրամ, իսկ ամենապահանջվածը եղել են 600 հազար դրամ արժողությամբ համարանիշերը։

    Հիշեցնենք, որ նոր չափորոշիչները սահմանող ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 23-ին։

  • ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Դատելով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հայկական և ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններից, հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը։ Ռուսական կողմը պահանջում է կողմնորոշվել, հայկական կողմը պնդում է, թե դեռ ժամանակը չէ՝ գիտակցելով, որ ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական»