Category: TIV 1

  • Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար

    Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունըԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 9 մեդալ է նվաճել` 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։

    Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականն ունեցել է նաև աշխարհի չեմպիոններ։

    Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։

    Հաջողությունը շարունակվել է նաև թիմային պայքարում. Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր:

    Երիտասարդների աշխարհի առաջնությունում իր բացառիկ արդյունքով առանձնացել է Աիդա Ազատյանը, որը դարձել է աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։

    Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում։ Արծաթե մեդալի է արժանացել տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

    Բրոնզե մեդալների շարքում առանձնացել է Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի այդ, հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ գրանցել է 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։

    Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հրաձիգով:

  • Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն

    «Զրուցել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, ինչպես նաև տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանը»,- Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Ինստագրամի իր էջում հայերեն գրառում ասում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով.

    «Հանգամանորեն քննարկել ենք մայիսին կնքված մեր երկկողմ ռազմավարական գործընկերության իրականացման ընթացքը։

    Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որը պետք է շարունակի շոշափելի արդյունքներ ապահովել` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների

    Ես նաեւ վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին»:

  • Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն

    Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբները պնդում են, որ երկրի հյուսիսում գտնվող Ալ-Ջաուֆ նահանգում խոցել են Սաուդյան Արաբիայի սեփականությունը հանդիսացող Bayraktar Akinci հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարք; ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

    Նրա խոսքով՝ հուսիթներին «հաջողվել է խոցել սաուդյան թշնամուն պատկանող թուրքական արտադրության Bayraktar Akinci հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքը, երբ այն թշնամական գործողություններ էր իրականացնում Ալ-Ջավֆ նահանգի օդային տարածքում»։ Սարիան հավելել է, որ ինքնաթիռը խոցվել է «համապատասխան զենքերով»։

  • Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

    Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որը համակարգում է ճանապարհաշինության ոլորտը, և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։

    Նախարար Խուդաթյանը գոհունակությամբ արձանագրել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության առաջընթացը։

    Նախարարի խոսքով՝ ԻԻՀ–ն զգալիորեն ներգրավված է ՀՀ ենթակառուցվածքային ծրագրերում, ինչը վկայում է երկու երկրների միջև ձևավորված ամուր տնտեսական համագործակցության և բարեկամական հարաբերությունների մասին։

    Հանդիպման ընթացքում ճանապարհաշինության ոլորտին վերաբերող հարցերից բացի քննարկվել են նաև տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

    Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։

    Քննարկվել է նաև Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցը։ Նշվել է, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը

    Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT

    Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը, հաղորդում է NYT-ը։

    Որոշումը կայացվել է այն մտավախությունների ֆոնին, որ սրացումը կարող է վտանգավոր կերպով սպառել Մերձավոր Արևելքում Patriot որսորդական համակարգերի և այլ հակաօդային պաշտպանության զինամթերքի արդեն նվազող պաշարները։

  • Պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի մոտ 325 մլն դրամ

    ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց 660,000 անգլիական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ` մոտ 325 մլն դրամ: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

    Որոշման մեջ նշվում է, որ այդ գումարն ուղղվելու է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների հատկացմանը:

  • Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-Մոնղոլիա վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

    Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացմանը։ Հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

    Արձանագրությունը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին և փոփոխություններ է նախատեսում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրում։

    Կառավարությունը որոշել է արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար դիմել Սահմանադրական դատարան։ Դրական որոշման դեպքում վավերացման մասին օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։

    Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

  • Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և  ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

    «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքն ամբողջությամբ ջրածածկ է, իսկ կառուցապատման իրավունքի պայմանագիրը ՊՈԱԿ-ում հաշվառված է որպես դադարած։ Միաժամանակ, Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ պայմանագրի դադարման պետական գրանցում չէր իրականացվել։

    Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

    Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 21-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

  • ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

    Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 13-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Գուրգենի Մանուկյանի հետ:

    Արձանագրվել են նրա կողմից ներկայացված հանգամանքները, ուսումնասիրվել պահման պայմաններն ու վերաբերելի փաստաթղթերը։

    Առանձնազրույցի ընթացքում Արեգնազ Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կողմից կիրառված հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։

    «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ամրագրված՝ դատական վարույթին միջամտելու արգելքով պայմանավորված՝ Պաշտպանը չի քննարկում կոնկրետ քրեական վարույթով դատական ակտերի վերաբերյալ անհատական բողոքները։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կալանքը և դրա հետ փոխկապված իրավունքների սահմանափակումները ենթադրում են անձի իրավունքներին առավել խիստ միջամտություն, Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար բարձրաձայնում է դրանց առնչվող հարցերը։

    Նկատի ունենալով այն, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված սահմանափակումը տարածվել է նաև վերջինիս անչափահաս դստեր վրա, իսկ դա ենթադրում է նաև երեխայի լավագույն շահի հաշվառում և անհրաժեշտ զգայունության պահպանում` այլ հարցերի թվում` Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված` դստեր հետ հաղորդակցության սահմանափակումները վերանայելու հնարավորությունը քննարկելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանը հասցեավորել է անձի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո։

    Հաշվի առնելով դեպքի զգայունությունը՝ Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ։ Նշված տեղեկատվությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման:

    Հրապարակման ենթակա այլ տեղեկությունների առկայության դեպքում ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ: