Category: TIV 1

  • Ապահովեք մուտքս ՀԷՑ, կապացուցեմ՝ ինչ լավություններ ենք արել համայնքներին․ Դավիթ Ղազինյան

    «Իբրև թե քննարկվում է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի նախագահի հարցը, բայց խոսում են ամեն ինչից՝ բացի բուն թեմայից։ Մի իշխանության օրոք, որի ժամանակ զոհվածների թիվը չասեմ՝ հաշվի առնելով մեր բոլորի հորդորը՝ անունները ցանկով հրապարակել, որևէ պատասխանատվություն համենայն դեպս մինչև այժմ չկրած իշխանությունը խոսում է ամեն ինչից, բացի դրանից»,- ԱԺ-ում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումից հետո եզրափակիչ ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

    ՔՊ-ականների քննադատություններին, թե միայն ՀԷՑ-ից է խոսում, նա ասաց՝ դուք հարցնում եք ՀԷՑ-ից, ես պատասխանում եմ, գալիս, ասում եք՝ միայն ՀԷՑ-ից ես խոսում։ Անդրադառնալով Գարիկ Սարգսյանի այն հայտարարություններին, թե ՀԷՑ-ն ինչպես է վարվել Վեդի համայնքի հետ, Դավիթ Ղազինյանն ասաց․ «Արդեն մեկ տարի՝ ՀԷՑ մուտք չունեմ, ապահովեք մուտքի հնարավորությունը ՀԷՑ, կապացուցեմ՝ հարյուրավոր համայնքներ հենց տարվա սկզբին՝ չունենալով հաստատված բյուջե, նախորդինը սպառած եղած, մեր կողմից լավությունները կամ խնդրանքները բավարարվել են»։

  • «Որքան ուժեղ է սփյուռքը, այնքան ուժեղ է Հայաստանը» միֆը պետք է կոտրել․ Եղոյան |

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հակադարձել է այն տեսակետին, թե սփյուռքի ուժեղացումն ինքնաբերաբար նշանակում է նաև Հայաստանի հզորացում․

    «Մի տարածված միֆ կա Հայաստանում․ ասում են՝ որքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ Սա կատարյալ սուտ է»,- ասել է Եղոյանը։

    Նրա խոսքով՝ սփյուռքի թվային հզորացումը հնարավոր է հիմնականում Հայաստանից նոր արտագաղթի կամ այլ սփյուռքյան համայնքներից ներգաղթի հաշվին։

    «Այն մարդիկ, որոնք ասում են, թե սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է, ինչ ասեն՝ Հայաստանը պետք է թուլանա, որովհետև սփյուռքի հզորանալու ուրիշ ճանապարհ չկա»,- նշել է պատգամավորը։

    Եղոյանի խոսքով՝ փոխարենը պետք է խրախուսել սփյուռքից մարդկանց տեղափոխուը Հայաստան․

    «Սփյուռքից մարդիկ պետք է տեղափոխվեն Հայաստան, ինչի հետևանքով սփյուռքը կթուլանա, իսկ Հայաստանը կհզորանա։ Այլ ճանապարհ ուղղակի չկա»,- ասել է նա։

    Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության այն դիտարկմանը, թե Հայաստանը սփյուռքի հետ միասին մեկ «քաշային կարգ» է, իսկ առանց սփյուռքի՝ մեկ այլ, Եղոյանը դա ևս «կատարյալ միֆ» է անվանել։

    «Սփյուռքն ինքնին չունի հստակ քաշային կարգ։ Սփյուռքում չկա մեկ կենտրոն, ինչպես պետություններն ունեն՝ բյուջե, բանակ, տնտեսություն, մշտական բնակչություն և այլն»,- նշել է նա։

    Եղոյանի խոսքով՝ տարբեր երկրներում գործող հայկական համայնքներն ու կազմակերպությունները հաճախ ունեն տարբեր, անգամ հակադիր քաղաքական դիրքորոշումներ։

    «Սփյուռքը չունի մեկ հեռախոսահամար, որ զանգես, ինքը պատասխանի իր ամբողջ քաշային կարգով ու ասի՝ իմ քաշային կարգը միացնում եմ քո քաշային կարգին։ Ո՞վ է այդ հեռախոսահամարի տերը»,- ասել է պատգամավորը։

    Ելույթի ավարտին Եղոյանը ներկայացրել է Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների իր պատկերացումը․

    «Սփյուռքահայը երկու բան կարող է անել․ տեղափոխվել Հայաստան, ապրել այստեղ, աշխատել, ստեղծել արժեք, կամ, եթե ուզում է այնտեղից ինչ-որ բան անել, զանգել Հայաստան և հարցնել՝ ինչ կարող է անել այնտեղ։ Ուրիշ հարաբերություն չկա»,- եզրափակել է նա։ 

  • «Իսրայելը հայտնվել է պատերազմներից կախվածության մեջ». Էրդողան |

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «ցանկանում է խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ, բայց չի տատանվի՝ հարձակման դեպքում պատասխանել պատերազմով»։ Ըստ նրա՝ Իսրայելի կառավարությունը «հայտնվել է պատերազմներից կախվածության մեջ», փոխանցում է TRT Haber-ը։

    Ավելի վաղ Իսրայելի նախկին վարչապետ Բենեթը Թուրքիան անվանել էր «Իրանից հետո հաջորդ թիրախը»:

  • Եկեք այդ դաշտը չանցնենք, նիստերը վերածվում են Ալֆրեդի սենյակի. Ռուբինյանը՝ Ասլանյանին

    Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Ղազինյանի թեկնածության հարցը:

    Ելույթներով հանդես եկան ընդդիմության ու իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները:

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը ասաց. «Մարդիկ, որոնք սեփական անկարևորությունը բարձրացնելու համար ուզում են կարևոր ու մեծ մարդկանց անուններ տալ, երբեք դա իրենց չի հաջողվում ուրիշների հաշվին իրենց ոչինչ լինելը բարձրացնելը, հետևաբար, երբ մենք մեջբերումներ կամ օրինակներ ենք բերում, պիտի աշխատենք մեր «գյորա» այդ օրինակները բերել, որ հետո հանկարծ մենք առողջական խնդիրներ չունենանք»: 

    Դահլիճում թևածող լարվածությանն իր տեղից արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, նշեց՝ հարկ է համարում դրան անդրադառնալ:

    ԱԺ նախագահի ուշադրությունից չվրիպեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի ելույթը:

    «Խնդիր չունեմ, շատ լավ է, որ ասում եք՝ մի կողմ դնենք անձնական մաղձը և այլն, բայց ես ճի՞շտ լսեցի, որ դուք ասացիք, որ ելույթ ունեցողներից մեկը լավ կլինի՝ տենց ելույթներ չունենա, հակառակ դեպքում ստիպված կլինի մտածել իր առողջության մասին: Ես ճի՞շտ հասկացա, ի՞նչ նկատի ունեիք, Բժի՞շկ եք դուք, բժշկական օգնությո՞ւն եք պատրաստվում տալ»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ հարցրեց Ռուբինյանը: 

    Նրան արձագանքեցին դահլիճից, ինչին ի պատասխան՝ Ռուբինյանը կոչ արեց տեղից չխոսել:

    Նրա խոսքով՝ եթե Ասլանյանն անցնում է այդ դաշտ, ապա ինքը վստահեցնում է, որ ՔՊ-ում էլ բազմաթիվ՝  մարմնի ու հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են նրա առողջության մասին հոգալ:

    «Բայց եկեք այդ դաշտը չանցնենք: Նիստերը վերածվում են Ալֆրեդի սենյակի»,- հորդորեց Ռուբինյանը՝ կոչ անելով անցնել բովանդակային քննարկման:

  • Դատախազությունը հայց է ներկայացրել ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքի բռնագանձման պահանջով

    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    • Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք.
    • 4 տրանսպորտային միջոց.
    • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
    • 183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
    • 10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

  • Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան |

    «Ռոսհիդրոմետն» իր զեկույցում հայտնել է, որ գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում են։ Միայն Կաբարդինո-Բալկարիայում 2025 թվականին Բաշիլ սառցադաշտը նահանջել է 40 մետրով, իսկ Շխելդան՝ 22 մետրով։ Ադիգեայում՝ Ֆիշտ լեռան վրա, երբեմնի սառցադաշտերից գրեթե ոչինչ չի մնացել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

    «Գիտնականների խոսքով՝ սառցադաշտերի մակերեսի կրճատմանը զուգընթաց փոխվում է նաև դրանց դերը գետային հոսքի ձևավորման գործում։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը Կովկասի սառցապատ տարածքը կարող է կրճատվել 30-45%-ով։ Դա կարող է հանգեցնել Մալկա, Բաքսան, Չերեկ և այլ գետերի հոսքերի զգալի նվազմանը։

    Սառցադաշտաբաններ Տաիսիա Կիսելյովան և Անդրեյ Աբրամովը նաև հայտնում են, որ Էլբրուսի վրա գտնվող Խոտյուտաու սարահարթում սառցադաշտերի ակտիվ հալման հետևանքով հսկայական փոսեր են առաջացել։ Սառույցի տակ հալոցքային ջրերի հոսքուղիներ են ձևավորվում։ Երբ ջրի հոսքը չափազանց հզոր է դառնում, այն ընդլայնում է ստորգետնյա խոռոչները, ինչի հետևանքով վերևում գտնվող սառցե մակերևույթը փլուզվում է։

    Առաջին նման փոսը սառցադաշտաբան Տաիսիա Կիսելյովան հայտնաբերել է միայն 2022 թվականին, սակայն ընդամենը մի քանի տարի անց դրա հարևանությամբ ևս երկուսն են առաջացել։

    Մասնագետների գնահատմամբ՝ արդեն 2026 թվականին մնացած երկու փոսերը կարող են ամբողջությամբ փլուզվել մինչև հիմքը։ Այս գործընթացը կարող է նպաստել սառցադաշտերի հալման արագացմանը և մեծացնել վտանգավոր բնական երևույթների՝ սելավների, փլուզումների ու քարաթափումների հավանականությունը»,- գրել է Ազիզյանը։

  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը |

    Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։

    Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

  • Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսն ու UFC-ի պատմական ռեկորդ սահմանել |

    Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը պաշտպանել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը՝ պարտության մատնելով իռլանդացի Իան Գերիին։ Սա 34-ամյա մարզիկի 17-րդ անընդմեջ հաղթանակն էր, ինչով նա գերազանցեց լեգենդար Անդերսոն Սիլվայի ռեկորդը (16 հաղթանակ) և նոր էջ բացեց UFC-ի պատմության մեջ։

    ​Մախաչևը Ռուսաստանի առաջին և կազմակերպության պատմության 11-րդ մարտիկն է, ով չեմպիոնական գոտի է նվաճել երկու տարբեր դիվիզիոններում։

    ​Sporty Salaries-ի հաղորդմամբ՝ Գերիի դեմ մենամարտի համար նրա բազային հոնորարը 1 մլն դոլար է։ Սակայն վճարովի հեռարձակումներից (PPV) ստացված տոկոսների և բոնուսների հաշվին մարզիկի ընդհանուր եկամուտը կարող է գերազանցել 3 միլիոն դոլարը։

  • Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մենակ չի թողնի իր հարևան երկրներին տարածաշրջանային ցնցումներին դիմակայելու հարցում՝ առանձնացնելով Սիրիան, Գազան և Լիբանանը։ Թուրքիայի նախագահն այդ մասին խոսել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

    Նա նշել է, որ Անկարան իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի Սիրիայում կայունությանը աջակցելու համար՝ հավելելով, որ ծրագրում է այցելել այդ երկիր։

    Էրդողանի խոսքով՝ Սիրիայի քրդերը «խաղաղության և կայունության իրենց բաժինը կունենան»։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ամրապնդել կապերը տարածաշրջանի քրդական համայնքների հետ և պաշտպանել նրանց իրավունքները։

    Գազայի վերաբերյալ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «չի կարող Գազային միայնակ թողնել» և անելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ նրան աջակցելու համար։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը բարեխղճորեն կատարում է իր ստանձնած պարտավորությունները, մինչդեռ Իսրայելը շարունակում է պատերազմը։

    Անդրադառնալով Լիբանանին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայելի շարունակվող հարձակումները լուրջ մտահոգության աղբյուր են Անկարայի համար։ Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիա վերջին այցի ընթացքում վերջինիս հետ քննարկել է Լիբանանում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կարևոր դեր ունի ռազմական գործողությունների ավարտին հասցնելու հարցում։

  • Շատ հաճելի ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան |

    Շատ հաճելի ամառը շարունակվում է։ Այս մասին գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

    «Առաջիկա 5 օրերին ևս հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, ամենաշոգ գոտում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև և Երևանում, առաջիկա 5 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի 33ից 35 աստիճանի սահմաններում։

    Օգոստոսի 16 երեկոյան ժամերին, օգոստոսի 16 լույս 17 գիշերը հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում նաև Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 17 ցերեկվանից սկսած տեղումները երեկոյան ժամերին հիմնականում կպահպանվեն Շիրակում, Լոռիում և Տավուշում, հանրապետության մյուս շրջաններում կգերակշռի առանց տեղումների եղանակ»։