«Ռոսհիդրոմետն» իր զեկույցում հայտնել է, որ գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում են։ Միայն Կաբարդինո-Բալկարիայում 2025 թվականին Բաշիլ սառցադաշտը նահանջել է 40 մետրով, իսկ Շխելդան՝ 22 մետրով։ Ադիգեայում՝ Ֆիշտ լեռան վրա, երբեմնի սառցադաշտերից գրեթե ոչինչ չի մնացել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Գիտնականների խոսքով՝ սառցադաշտերի մակերեսի կրճատմանը զուգընթաց փոխվում է նաև դրանց դերը գետային հոսքի ձևավորման գործում։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը Կովկասի սառցապատ տարածքը կարող է կրճատվել 30-45%-ով։ Դա կարող է հանգեցնել Մալկա, Բաքսան, Չերեկ և այլ գետերի հոսքերի զգալի նվազմանը։
Սառցադաշտաբաններ Տաիսիա Կիսելյովան և Անդրեյ Աբրամովը նաև հայտնում են, որ Էլբրուսի վրա գտնվող Խոտյուտաու սարահարթում սառցադաշտերի ակտիվ հալման հետևանքով հսկայական փոսեր են առաջացել։ Սառույցի տակ հալոցքային ջրերի հոսքուղիներ են ձևավորվում։ Երբ ջրի հոսքը չափազանց հզոր է դառնում, այն ընդլայնում է ստորգետնյա խոռոչները, ինչի հետևանքով վերևում գտնվող սառցե մակերևույթը փլուզվում է։
Առաջին նման փոսը սառցադաշտաբան Տաիսիա Կիսելյովան հայտնաբերել է միայն 2022 թվականին, սակայն ընդամենը մի քանի տարի անց դրա հարևանությամբ ևս երկուսն են առաջացել։
Մասնագետների գնահատմամբ՝ արդեն 2026 թվականին մնացած երկու փոսերը կարող են ամբողջությամբ փլուզվել մինչև հիմքը։ Այս գործընթացը կարող է նպաստել սառցադաշտերի հալման արագացմանը և մեծացնել վտանգավոր բնական երևույթների՝ սելավների, փլուզումների ու քարաթափումների հավանականությունը»,- գրել է Ազիզյանը։
Leave a Reply