Category: TIV 1

  • Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյան |

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։

    Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։

    Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում համագործակցությանը։

    Նախարար Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի՝ մասնավորապես գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը։

  • Այն, ինչ ՌԴ-ն ներկայացրել է, ուղղակի տեխնիկական պատրվակ է, իսկ հիմնական նպատակը քաղաքական է. Նարեկ Կարապետյան

    «Մենք ձեզանից ակնկալում էինք, որ դուք ավելի պրոակտիվ ներկայացնեիք մեր երկրի ընդհանուր տնտեսական մոդելները, ապագա զարգացման ինչ ոլորտային առաջնահերթություններ ունի մեր երկիրը, սակայն մենք լսեցինք, որ դուք արել եք ինչ-ինչ քայլեր և գրեթե չպատմեցիք, ապագայի մասին, որ առաջարկում եք մեր հանրությանը»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Բաբկեն Թունյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

     Նա հորդորեց ուշադրություն դրաձնել, որ մենք գտնվում ենք տնտեսական ամենաբարձր ցիկլում, երբ պղնձի գինը պատմականորեն ամենաբարձրն է, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով միլիարդներ է հոսում Հյաստան։

     «Բայց, միևնույն ժամանակ, անգամ հավելյալ շահույթի դեպքում, մեր երկիրը շարունակում է ավելացնել պետական պարտքը՝ բարձր տոկոսով, երբ այս բարձր ցիկլը համեմատում ենք երկրի աղքատության մակարդակի հետ, ինչ պատկեր կա»,- ասաց Կարապետյանը և Թունյանին հորդորեց պատասխանել թե 2018 թվականից հետո Վրաստանի աղքատության մակարդակն ինչքան է իջել՝ համեմատելով Հայաստանի աղքատության մակարդակի նվազման հետ։

    Թունյանը հայտարարեց, թե քննարկում են հանձնաժողովի նախագահի ֆունկցիաները, իսկ տնտեսական քաղաքականության մասին հարցեր պետք է տալ այն մշակողին՝ կառավարությանը։

    «Մեր անցած տարիների աշխատանքների ծրագրերի մասին ձեզ չենք ներկայացրել, այլ մեր ընտրողներին, և նրանք մեզ ձայն ու մանդատ են տվել, որպեսզի այդ ամեն ինչը մենք շարունակենք»,-հայտարարեց Թունյանը։

    Հայտարարելով որ չի ցանկանում աղքատության և պարտքի մասին խեսել՝ Թունյանը, այնուամենայնիվ, ասաց, որ աղքատության ցուցանիշը 21.7% է և հայտարարեց, որ աղքատների և հարուստների միջև տարբերությունը բավականին մեղմացել է։

    Հանձնաժողովի նախագահի թեկնածուն հակընդդեմ հարց ուղղեց նարեկ Կարապետյանին, թե ՌԴ սահմանափակումները ապրանքի որակի հետ է կապված, ինչպես նախորդ օրը հայտարարեցին ՌԴ-ից, թե այլ է։

    «Այն, ինչ ՌԴ-ն ներկայացրել է, ուղղակի տեխնիկական պատրվակ է, իսկ հիմնական  նպատակը քաղաքական է»,-պատասխանեց Կարապետյանը։

    Նկատելով որ Թունյանը խուսափում է երկու երկրների աղքատության մակարտակի կրճատումը ներկայացնել՝ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ինքը այն արեց՝ ասելով, որ  2-ից ավել անգամ Վրաստանն արդեն իջեցրել է աղքատությունը (Հայստանում 23.6%-ից իջել է 21.7%՝ երկու անգամ հաշվարկման մեթոդաբանության փոփոխության պայմաններում)։ 

    Թունյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում միջին կենսաթոշակը 59 հազար է աղքատության միջին ցուցանիշը 54 հազ դր։

  • Փաշինյանն այցելել է հիմնանորոգված Կիևյան կամուրջ |

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել են Կիևյան կամուրջ՝ ծանոթանալու կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են երկու շաբաթ շուտ՝ օգոստոսի 14-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

    «Իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է։ Մասնավորապես՝ վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր, տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, իրականացվել են ճանապարհային գծանշման աշխատանքներ։

    Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման, ինչպես նաև նախատեսված մյուս աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու»,- նշվում է հաղորդագրությունում։

  • ՌԴ-ի ԱԳՆ-ն պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից Կիևին զենք մատակարարելու ծրագրերի վերաբերյալ

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է խնդրել Միացյալ Նահանգներից և Թուրքիայից Կիևին զենք մատակարարելու ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերաբերյալ: Այս մասին օգոստոսի 15-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

    Նրա խոսքով, հրապարակված փաստաթղթերը վկայում են զգալի զինատեսակների, այդ թվում՝ հարձակողական զենքի փոխանցման նախապատրաստական ​​աշխատանքների մասին: Դրանք ներառում են 12 բազմակի օգտագործման հրթիռային համակարգեր, ավելի քան 2500 չկառավարվող կլաստերային զինամթերք, 47000 203 մմ կլաստերային զինամթերք և 70 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ։

    «Մահացու զենքի նման մեծածավալ փոխանցման հանգամանքներն ու պայմանները մնում են խիստ վիճելի: Հստակ չէ, թե ո՞վ է նախաձեռնել վերաարտահանումը, ինչպե՞ս և ե՞րբ է նախատեսվում մեծածավալ մահացու բեռը փոխանցել Կիևի ստացողներին», – Զախարովայի խոսքերը մեջբերվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում: 

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև նշել է, որ նման գործողություններ ձեռնարկում են այն երկրները, որոնք հայտարարում են, որ ձգտում են ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական ​​լուծման: Դիվանագետը հավելել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու փորձերը խաղաղապահ հռետորաբանության ֆոնին խաթարում են փոխադարձ վստահությունը՝ հաշվի առնելով Անկարայի հավաստիացումները  մատակարարումները մերժելու մասին։

    « Զելենսկու խունտային ավելի շատ զենք մատակարարելը անկարող է որևէ էական ազդեցություն ունենալ արդարացի ռուսական սցենարով հատուկ ռազմական գործողության զարգացման վրա։ Սակայն նման մատակարարումներից բազմակողմանի վնասը անխուսափելի է», – հայտարարել է Զախարովան։

     Օգոստոսի 13-ին Զելենսկին հայտարարել էր  երկրի Patriot հրթիռային պաշարների 5%-ը Միացյալ Նահանգներից ստանալու անհրաժեշտության մասին՝ ձմեռը գոյատևելու համար։

  • Վահան Կոստանյանը Կիևում քննարկել է ՀՀ-Ուկրաինա համագործակցությունը |

    Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեկսանդր Մերեժկոյի հետ:

    Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը: 

    Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն անդրադարձ են կատարել նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև կապերի առավել ակտիվացմանը՝ փոխայցելությունների և պարբերական շփումների միջոցով:  

    Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ 

  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին |

    ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին: Տան ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, ևս երեքը վիրավորվել են:

    Հարձակումն ամենամասշտաբայինն է դարձել հունիսի 17-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո, որը ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում լիբանանյան տարածքներում:

    Երկու մարդ էլ զոհվել է, ևս ինը՝ վիրավորվել Լիբանանի հարավում Դեյր Էզ Զահրանի բնակավայրի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով:

    Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարն էլ հայտարարել է, որ երկրները պետք է ինքնապաշտպանության իրավունք ունենան, և Իսրայելն իրեն պաշտպանել է «ամենաբարոյական ձևով»:

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր եմ և շարունակելու եմ գործունեությունս. Ղազարյան

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձել է իր շուրջ տեղի ունեցող քննադատություններին, որը ստեղծվել է երեկվա միջադեպից հետո։

    «Ես քննադատությունն ադեկվատ եմ համարում։ Մեր խմբակցության գործընկերները, խմբակցությունում ընդհանուր շատ լավ մթնոլորտ է։ Եվ ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,- նշել է Ղազարյանը և անդրադարձել այն հարցին, թե արդյոք նա կարող է դառնալ անկախ պատգամավոր, թե ոչ։

    «Ես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր եմ և շարունակելու եմ իմ գործունեությունը»,- ընդգծել է պատգամավորը։

  • «Էդգար Ղազարյանի սուր խոսքը ՔՊ-ին հունից հանում է»․ Էդմոն Մարուքյան |

    Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում խոսելով ԱԺ վերջին օրերի զարգացումների, մասնավորապես Էդգար Ղազարյանի հայտարարության ու ՔՊ-ականների արձագանքների մասին, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է․

    «Էդգարը հազար բան կարա անի, որ հետը համաձայն չլինենք, բայց որ ինքը ունի ինստիտուցիոնալ հիշողություն ու կարողանում է դրանով դասավորել միտքն ու սուր խոսել, դա, բնականաբար, ՔՊ-ին հունից հանում է․․․ Չգիտեմ՝ ինչու, ընդդիմությունը ՔՊ-ի հետ բան է պայմանավորվել ու պրոբլեմը սկսել է այստեղից, այնինչ, նրանց հետ չի կարելի որևէ բան պայմանավորվել։ Հիմա, քանի որ պայմանավորվել են՝ եկեք բարեկիրթ լինենք, խայծը կերել են ու Էդգար Ղազարյանի մի ելույթ, որտեղ ասում է «սրիկայաբար», դարձավ քննարկման թեմա»։

  • Իրանը դեռ չի վերսկսում ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Արաղչի |

    Իրանը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Այս մասին ISNA գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

    Նրա խոսքով՝ չնայած Քաթարի ու Պակիստանի միջնորդական ջանքերին, նախկին կապի ուղիներն արդյունավետ չեն։ Այժմ Թեհրանը մշակում է ժամանակավոր նոր տարբերակ, որը կարող է դառնալ մշտական, սակայն նախարարը չի հստակեցրել, թե խոսքն ինչ կապուղու մասին է։

    Արաղչին նաև հիշեցրել է, որ ըստ «Իսլամաբադի հուշագրի»՝ կողմերը պարտավորվել էին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն ԱՄՆ-ն խախտել է այդ պայմանավորվածությունը։

  • ՀԱՊԿ-ն Հայաստանին շարունակում է համարել դաշնակից. Մասադիկով |

    ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կառույցի դաշնակից և պատրաստ են Երևանի հետ քննարկել համատեղ աշխատանքի լիարժեք վերսկսման բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։  

    «ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են դաշնակից: Հենց սկզբից Հայաստանը եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում»:

    ​Նշենք, որ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։  

    ​Ըստ կառույցի կանոնադրության՝ եթե երկիրը չմարի բյուջեի հանդեպ ունեցած պարտքը, ապա երկու տարվա ընթացքում կզրկվի կառույցի մարմիններում ձայնի իրավունքից։