Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Ղազինյանի թեկնածության հարցը:
Ելույթներով հանդես եկան ընդդիմության ու իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը ասաց. «Մարդիկ, որոնք սեփական անկարևորությունը բարձրացնելու համար ուզում են կարևոր ու մեծ մարդկանց անուններ տալ, երբեք դա իրենց չի հաջողվում ուրիշների հաշվին իրենց ոչինչ լինելը բարձրացնելը, հետևաբար, երբ մենք մեջբերումներ կամ օրինակներ ենք բերում, պիտի աշխատենք մեր «գյորա» այդ օրինակները բերել, որ հետո հանկարծ մենք առողջական խնդիրներ չունենանք»:
Դահլիճում թևածող լարվածությանն իր տեղից արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, նշեց՝ հարկ է համարում դրան անդրադառնալ:
ԱԺ նախագահի ուշադրությունից չվրիպեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի ելույթը:
«Խնդիր չունեմ, շատ լավ է, որ ասում եք՝ մի կողմ դնենք անձնական մաղձը և այլն, բայց ես ճի՞շտ լսեցի, որ դուք ասացիք, որ ելույթ ունեցողներից մեկը լավ կլինի՝ տենց ելույթներ չունենա, հակառակ դեպքում ստիպված կլինի մտածել իր առողջության մասին: Ես ճի՞շտ հասկացա, ի՞նչ նկատի ունեիք, Բժի՞շկ եք դուք, բժշկական օգնությո՞ւն եք պատրաստվում տալ»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ հարցրեց Ռուբինյանը:
Նրան արձագանքեցին դահլիճից, ինչին ի պատասխան՝ Ռուբինյանը կոչ արեց տեղից չխոսել:
Նրա խոսքով՝ եթե Ասլանյանն անցնում է այդ դաշտ, ապա ինքը վստահեցնում է, որ ՔՊ-ում էլ բազմաթիվ՝ մարմնի ու հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են նրա առողջության մասին հոգալ:
«Բայց եկեք այդ դաշտը չանցնենք: Նիստերը վերածվում են Ալֆրեդի սենյակի»,- հորդորեց Ռուբինյանը՝ կոչ անելով անցնել բովանդակային քննարկման:
Leave a Reply