Category: Newday.am

  • Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը

    Այն ամենը, ինչը ներկայացրել էինք ձեզ, կրկնապատիկը ներկայացրել էինք ԿԸՀ՝ նիստի ընթացքում: Դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չէր ներկայացվել:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

    «ԿԸՀ-ն վերադարձրել է նշված միջնորդություն, այսինքն՝ խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու: Ուզում եմ արձանագրել, որ նախորդող որոշումն էլ, մեր գնահատմամբ, ևս պետք է վերդարձվեր, որովհետև դրա մեխանիզմը չկար:

    Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորություններն ունեն»,-մանրամասնել է Արամ Վարդևանյանը:

     

  • Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան

    Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 49-ամյա Շահիջանի Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Նժդեհ Մ.-ի վարած կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. «Հրապարակ»

    «Հրապարակը» գրում է.
    Իջևանից մեզ հայտնեցին, որ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանի «Քարվանսարա» ռեստորանային համալիրում մասնակցել է ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի որդու ժամկետային զինծառայությունից վերադառնալու առթիվ կազմակերպված քեֆին։

    Մեր տեղեկություններով՝ Վ․ Ղազարյանը հոգացել է, որ իր որդին ծառայի Երևանից ոչ հեռու գտնվող, Արարատյան դաշտում տեղակայված զորամասերից մեկում։ Դե իսկ Վահե Ղազարյանը պաշտոնաթողությունից հետո իրեն «ճիշտ» է պահել` լռել է, չի քննադատել իշպանություններին, հանգստյան տուն է կառուցել` ապօրինաբար իր եղբորը տրված հողի վրա:

  • «Եվրասիական ալյանս»-ը իրականացնում է ստորագրահավաք

     

    «Եվրասիական Ալյանս» նախաձեռնող խումբը (որի հիմքում «Ալյանս» կուսակցությունն է, ի դեմս կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյաի) օգոստոսի 3-ից մեկնարկում է ստորագրահավաք, ՀՀ Սահմանադրության մեջ լրացում կատարելու և ԵԱՏՄ շուկայում մնալու կամ Եվրոպական միության շուկա ինտեգրվելու հարցով, որից հետո բավարար ստորագրություններ  հավաքելուց հետո տեղի է ունենալու հանրաքվե և ՀՀ քաղաքացիներն են ընտրելու մնալ ԵԱՏՄ շուկայում թե գնալ ԵՄ շուկա։ Նախաձեռնությունը պաշտոնապես գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից։

    Ստորագրահավաքի կարևորագույն մանրամասները ներառում են հետևյալը, հանրաքվեի միջոցով որոշել Հայաստանի հետագա ինտեգրացիոն ուղղությունը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև։ 

    Միևնույն ժամանակ, զերծ պահել ՀՀ քաղաքացիներին, արտահանողներին, տնտեսվարողներին, արտադրողներին և ներմուծողներին հետա անդառնալի տնտեսական պատժամիջոցներից, որոնք օրեցօր ավելանում են ՀՀ իշխանությունների կողմից նախկինում կնքած պայմանագրերի և պայմանավորվածությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, մասնավորապես լինելով դեռ ԵԱՏՄ կազմում, ունենալով պայմանագրային պարտավորություններ և օգտվելով ԵԱՏՄ երկրների կողմից տրամադրվող մի շարք արտոնություններից,  Հայաստանի Հանրապետությունը համագործակցության եզրեր է փնտրում այլ տնտեսական միությունների հետ, որը խիստ քննադատության է ենթարկվել ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից և կարող է ունենալ անդառնալի հետևանքներ բազմաթիվ ոլորտներում աշխատող և արարող մեր հայրենակիցների նկատմամբ։ 

    Հարգանքով  Էմիլ Մարկոսյան 

    22.07.2026թ.

  • ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման գործում կառուցողական դեր խաղալ, և միակ երկիրն է, որ կարող է ստանձնել այդ դերը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո։

    «Միացյալ Նահանգները մնում է բաց՝ կառուցողական դեր խաղալու այդ պատերազմի դադարեցման գործում, եթե նման հնարավորություն ստեղծվի։ Մենք գտնում ենք, որ այս պահին, և կարծում եմ՝ ռուսական կողմը կհամաձայնի մեզ հետ, մենք, հավանաբար, աշխարհում միակ երկիրն ենք, որն ունակ է խաղալու այդ դերը՝ դադարեցնելու այն (հակամարտությունը)», — ասել է Ռուբիոն լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է APT հեռարձակող ընկերությունը։

    Նա նշել է, որ Ուկրաինայում պատերազմը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար՝ համաձայնության հասնելու այլ թեմաների շուրջ։

    Ռուբիոն հաստատել է հուլիսի 23-ի իր հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նշելով, որ քննարկման օրակարգում կլինի Ուկրաինան։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատությո՜ւն Գագիկ Ծառուկյանին՝ եկեք մեկ բռունցք դառնանք ու վերջ տանք այս ամենին. Դավիթ Չախալյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատությո՜ւն Գագիկ Ծառուկյանին՝ եկեք մեկ բռունցք դառնանք ու վերջ տանք այս ամենին. Դավիթ Չախալյան

  • ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։

    Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով  դիզվառելիքը հանել է զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում: Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։

    ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդական անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

    Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը

    Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և ներկայացուցչության շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի կարևոր թեմաներից մեկը։

    2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ ճնշումներ Արցախի իշխանության այն ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք շարունակել են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։

    Ըստ այս գնահատականի՝ այդ գործողությունների հիմնական նպատակը եղել է Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը և Արցախի պետականության էջի վերջնական փակումը։ Այս տեսակետի համաձայն՝ նման քայլերը համընկնում են Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների հետ, որոնք, ըստ պաշտոնական Բաքվի հայտարարությունների, ներկայացվում են որպես այսպես կոչված «խաղաղության օրակարգի» առաջմղման նախապայմաններ։

    Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործընթացում անմիջական ներգրավվածություն ունի(Համակարգում է) Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ծնունդով Արցախի Մարտունու շրջանից է։ 

    Վերջին օրերին տարբեր շրջանակներում շրջանառվում են պնդումներ, ըստ որոնց՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համակարգում է գործընթացներ, որոնք, այդ պնդումների հեղինակների գնահատմամբ, ուղղված են Արցախի պետական ինստիտուտների և ներկայացուցչության գործունեության դադարեցմանը։

    Նույն աղբյուրների համաձայն՝ այդ նպատակով,  օգտագործվում են նաև որոշ արցախյան հասարակական կազմակերպություններ և սոցիալական ցանցերում ակտիվ արցախցիներ։ Բացի այդ, տեղեկություններ են շրջանառվում, թե Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումների ընթացքում այս հարցը նույնպես եղել է քննարկման առարկա, և հայկական կողմը խոստացել է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

    Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ փորձեր են արվում նաև ազդելու Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացի վրա։ Մասնավորապես, պնդվում է, որ ճնշումներ են գործադրվում «Ազատ հայրենիք» խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ այդ ճնշումների աղբյուրը, ըստ նույն տեղեկությունների, Բաքուն է։ Այդ պայմաններում, նոր Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կարող է հայտնվել լուրջ դժվարությունների առաջ։

    Շարունակելի..…

  • Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը. դատախազություն

    Դատախազը 2026 թվականի հուլիսի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

    Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

    Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:

    Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար։

    2026 թվականի հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ

    Հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևանում հուլիսի 21-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-26-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

    Հուլիսի 21-26-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։