Category: Newday.am

  • Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան

    Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

    «Կյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ:

    Շնորհակալ եմ բոլորին՝ վստահության, աջակցության, համատեղ պայքարի և անցած ճանապարհի համար»,-գրել է Թովմասյանը:

    Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»-ը 2026 թվականի հունիսի 7-ին չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

  • «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ

    «Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ անփոփոխ թողեց համակցված խափանման միջոցներ 2 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։

    Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ Սրբազանը։

    «Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի կալանքը տնային կալանքով փոխարինվել էր 2025թ-ի նոյեմբերի 13-ին, երկարաձգվել էր մայիսի 21-ին։

  • Ամառային զորակոչը շարունակվում է. ֆոտոշարք

    Ամառային զորակոչը շարունակվում է. ֆոտոշարք

  • Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ»

    Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է տեղի ունեցել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն հետագայում հափշտակել է այդ գումարը, գրել է «Հրապարակ»-ը։

    Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Քրեական վարույթը, լրատվամիջոցի տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան, ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, և քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։

    Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

    Սա  ՔԿ-ում  հափշտակության  առաջին դեպքը չէ։ 2025 թվականին քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք էր գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Գողը ՔԿ շենք էր մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, աշխատանքային ժամին ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Այս գործով մեղադրյալ է գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և էլի մեկ անձ։ Վարույթով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է։

  • Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով uպանել են իրենց մորը

    Բացահայտվել է Մելիքգյուղում 4 ամիս առաջ եղբայրների կողմից իրենց մորը կյանքից զրկած ու կիսակառույց շինությունում թաղած սպանությnւնը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։

    Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։ Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։

    Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։

    Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել նախաքննական մարմին։

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։

    25-ամյա և 20-ամյա երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

    Նախաքննությունը շարունակվում է։

  • Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։

    Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։

    Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

    Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

  • 36 մահ Հայաստանի բանտերում՝ վերջին 1 տարվա ընթացքում

    Բանտի բուժքույրն ահազանգում է, որ բանտի խցում կալանավոր է մահացել, ի՞նչ անենք։
    Բժիշկը պատասխանում է` թե անալգին տվեք կանցնի։

    36 մահ Հայաստանի բանտերում՝ վերջին 1 տարվա ընթացքում, որից 8-ը եթե չեմ սխալվում ինքնասպանություն է եղել, իսկ 28 կալանավոր մահացել է առողջական խնդիրների պատծառով, որոնք անհամատեղելի են եղել կալանքի հետ և միևնույն ժամանակ զավեշտալին ու ցավալին այն է, որ բանտում մահացած կալանավորների առողջական խնդիրների մասին տեղյակ են եղել նրանց կալանավորած դատավորները և բանտերում աշխատող բժիշկները։

    Ուղղակի կարող եմ հստակ ասել, որ բանտում մահացած կալանավորներից շատերն անգամ դատապարտված չեն եղել։
    2015-2019թթ․, երբ գտնվում էի ԱԱԾ մեկուսարանում, 4 տարվա մեջ 2 մահ տեսա անուշադրության, անտարբերության ու բժշկական աջակցության բացակայության պատճառով։
    2019թ․ ես նույնպես քիչ էր մնում կորցնեի կյանքս ԱԱԾ մեկուսարանում, հիմա երբ 2024թ․-ից մինչ առ այսօր գտնվում եմ Արմավիրի բանտում, ապօրինի և անարդար դաարանի որոշմամբ, ուղղակի իմ մաշկի վրա եմ զգում, թե ինչպես է օր-օրի առողջությունս վատթարանում ու ոչ մի բժշկական օգնություն։

    1 նախադասությամբ կարող եմ ասել, որ ապրում ես՝ հույս ունենալով, որ չես մահանա՝ մինչև ազատություն ձեռք բերելդ, քանի որ ունեմ արյունահոսութուն, Կրոնի անբուժելի հիվանդություն, խոցային խնդիրներ, կերակրափողը փակվելու վտանգ, ունեմ սրտիս հետ կապված խնդիրներ, նաև օր-օրի տեսողության վատթարացում և այսպես ցանկը փոքր չէ և այս ամենի մասին իհարկե տեղյակ են քրեակատարողական հիմնարկում աշխատող բժիշկները։
    Չնայած նրան, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով երաշխավորված է իմ բժշկական օգնություն ստանալու իրավունքը, իսկ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-ն կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եվ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին որոշման 101-րդ կետով սահմանված սեփական ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից օգտվելու իրավունքը, միևնույնն է քրեակատարողական հիմնարկը չի ապահովում իմ այդ իրավունքների իրացումը։

    Ես 1-ն եմ այն 100-ավոր կալանավորներից, ովքեր կես մարդ են դարձել բանտում կամ ինչպես բանտում են ասում >։
    Երբեմն հեռուստացույցով հետևում և տեսնում ենք, թե ինչպես են խոսում նրա մասին, որ իբրև բարեփոխումներ են իրականացվել, և որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է և շատ ժամանակ ինքս ինձ հարցնում եմ, մի թե՞ մենք նույն Հայաստանում ենք ապրում։

    Վերջին 1 տարվա ընթացքում ամսեկան 3 մարդ է մահացել Հայաստանյան բանտերում և քար լռություն է տիրում, ոչ մի եվրոպական կառույց, ոչ մի իրավունքից խոսացող արևմտյան մարդու իրավունքների պաշտպանության համար ամպագոռգոռ կոչեր անող կառույց և ոչ էլ նախկինում իրենց պատեպատ տվող իրավապաշտպան չի խոսում այս ամենի մասին։
    Ոչ ոք պատասխանատվություն չի կրել և չի կրում այս ամենի համար։
    Կամփոփեմ բանտում օգտագործվող մի խոսույթով, որը ավելի շատ մոտ է իրականությանը, քան որպես չար կատակ․ >, ցավոք սա իրականություն է և սուտ է, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։
    Իրականությունն այն է, որ զրկված ենք կյանքի իրավունքից և դեռ հարց է՝ ով կլինի հաջորդ ո​վ կզրկվի կյանքից և մինչև եր՞բ։

    Բանտ
    22․07․2026թ․
    Արթուր Վարդանյան Վալերիկի

     

  • Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

    Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

  • Երեկ մաhացած զինծառայողը չարենցավանցի 20-ամյա Նարեկ Թորոսյանն է. Ազատություն

    Երեկ մահացած զինծառայողը, որի ինքնության և մահվան հանգամանքների մասին իրավապահներն արդեն երկու օր է տեղեկություն չեն հայտնում, Նարեկ Թորոսյանն է: Նա 20 տարեկան էր, Չարենցավանից, Ռուս-հայկական համալսարանի ուսանող էր: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

    Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Ազատության» հետ զրույուցում նշեց, որ իր տեղեկություններով՝ ինքնասպանություն է տեղի ունեցել, մանրամասներին, սակայն, չէր տիրապետում:

    «Ազատություն»-ը այս տեղեկությունը չի կարողացել պաշտոնապես ճշտել, քանի որ Քննչական կոմիտեն այսօր ևս հրաժարվեց մանրամասներ հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների մասին:

    Չարենցավանի համայնքապետն ասաց, որ լավ է ճանաչում Նարեկ Թորոսյանի ընտանիքին: «Նորմալ ընտանիք են», — նշեց Շահգալդյանը:

    «Երեկ տեղեկացվել ենք, քաղաքապետարանից, ռազմական ոստիկանությունից, զինկոմիսարիատից երեկ գնացել են, ընտանիքի անդամներին ասել են էդ գույժի մասին», — ասաց համայնքապետը:

    Զինծառայողի հոր ընկերոջ՝ Արայիկ Բաբայանի փոխանցմամբ, Նարեկը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին, վերջերս արձակուրդ էր եկել:

    Երիտասարդի մահվան հանգամանքների մասին ստույգ մանրամասներ չգիտեր, միայն ասաց, որ Նարեկը Ճամբարակում էր ծառայում:

    «Բարձր առաջադիմությամբ, զուսպ, շատ լավ երեխա էր», — ասաց Բաբայանը:

    Այս տարեսկզբից մինչև այժմ պաշտոնապես ութ զինծառայողի մահվան մասին է հաղորդվել։

  • Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին

    Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին։

    «2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհված Պավլիկ Աբազյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Արփին։

    Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ այցելել են Աբազյանների ընտանիք՝ շնորհավորելու փոքրիկի ծնունդը և ընտանիքին մաղթելու առողջություն ու բարօրություն։

    Պավլիկ Աբազյանը ծնվել է 2003 թվականին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Նա կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր»,- ասվում է Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։