Category: Newday.am

  • Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։

    Գրառման «հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա» ձևակերպումը  ընթերցողի մոտ  կարող է տպավորություն ստեղծել, թե խոսքը դեպի այդ երկիր առաջին արտահանման մասին է։

    Դա են վկայում  ֆեյսբուքյան գրառման տակ քաղաքացիների  մեկնաբանություները։ Այս մասին գրում է fip.am-ը։

    Նախարարի գրառումը լայնորեն տարածվել է նաև ինչպես մեդիա, այնպես էլ սոցիալական հարթակներում․ այն հրապարակել են տասնյակից ավելի կայքեր, ինչպես նաև ունեցել է ավելի քան 2000 հավանում ու 120-ից ավելի կիսում։ Դրանց բոլորի մեկնաբանություններում քաղաքացիները հարց են բարձրացրել՝ արդյոք առաջին անգամն է Հայաստանից ԱՄԷ ծաղիկ արտահանվում։

    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանից ծաղիկների արտահանման պաշտոնական վիճակագրությունը և պարզել, որ ծաղիկների  արտահանում դեպի ԱՄԷ գրանցվել է նաև նախորդ տարիներին։

    Արտահանման ամենաթարմ ցուցանիշը․ 2026-ի հունվար-մարտ

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին առևտրի վիճակագրության համաձայն՝ Հայաստանից ԱՄԷ կտրված ծաղիկներ և ծաղկակոկոններ  ապրանքախմբի արտահանումը հաշվառվում է երկու  չափման միավորով՝ կիլոգրամ/տոննայով և հատով։ 

    Հասանելի ամենաթարմ վիճակագրական տվյալներով 2026 թ․-ի հունվար-մարտ ամիսներին արտահանվել է 903 կգ՝ 12․5 հզր ԱՄՆ դոլար և 110․600 հատ՝ 71․2 հզր ԱՄՆ  դոլար արժողությամբ ծաղիկ։

  • Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան

    Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ավարտվում են անդառնալի ողբերգություններով․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

    «Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որի գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, և իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքը, որի պատասխանատուներն այդպես էլ գլուխ չհանեցին  ապօրինի զենքի շրջանառության վերահսկողության մեխանիզմներից ու երկրում կարգուկանոն սահմանելու մեթոդներից։

    Բայց  հատկապես առավել ցավալի է արձանագրել, որ մեր ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը։ Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը։ Երբ երկրի ղեկավարը մշտապես հասարակությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», վիրավորում ու թիրախավորում է այլ կարծիք ունեցող քաղաքացիներին, դժվար է ակնկալել, որ հասարակության մեջ կհաստատվեն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության զգացումներ։ Ընդհակառակը՝ ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ ագրեսիան սկսում է ընկալվել որպես խնդիրներ լուծելու բնական միջոց։  Մենք բոլորս դարձել ենք նման իրադարձությունների պոտենցիալ զոհերը, որովհետև երբեք չգիտես՝ հաջորդ վայրկյանին ով կարող է զենք կիրառել ավտոմեքենան կայանելու, ճանապարհը չզիջելու կամ նույնիսկ երեխաների միջև ծագած սովորական վեճի կամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի գլխին փչել է «ռազբորկա» կազմակերպել բնակելի շենքերի հարևանությամբ, մարդաշատ վայրերում, երեխաների ներկայությամբ։

    Ի՞նչ է անում իրավապահ համակարգը հանրային անվտանգության լրջագույն խնդրի լուծման համար։ Ի՞նչ է անում, որ գնալով ավելի բարձիթողի ու քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Թե՞ համակարգի ողջ ներուժը կենտրոնացած է իշխանության համար անհարմար մարդկանց հետապնդելու և քաղբանտարկյալների գործերով զբաղվելու վրա», — նշել է նա։

  • Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

    Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենում Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից:

    Ընդհանուր քննարկմանն իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 1972 թ. կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու ուղղությամբ։

    Նա բարձր է գնահատել Համաշխարհային ժառանգության կենտրոնի ջանքերը՝ Համաշխարհային ժառանգության ցանկում թերներկայացված մասնակից պետություններին աջակցելու գործում և ընդգծել Կենտրոնի կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։

    Վկայակոչելով Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որը հյուրընկալվելու է Հայաստանում 2026 թ. հոկտեմբերին, Արամ Հակոբյանը բարձր է գնահատել Կենտրոնի դերակատարությունը կլիմայական և կենսաբազմազանության օրակարգում, մասնավորապես՝ մշակութային ու բնական ժառանգության պաշտպանության և կենսաբազմազանության պահպանման միջև կապերի ամրապնդման միջոցով։

  • Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ

    Հուլիսի 20-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:

    Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև բնակիչների սոցիալական իրավունքների ապահովման և առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունները։

    Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ համայնքներում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ դերակատարների սերտ ու հետևողական համագործակցության պայմաններում։

    «Համայնքներում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն առկա խնդիրների արձանագրում, այլև դրանց լուծման ուղղությամբ համակարգված և շարունակական աշխատանք։ Աշխատանքային այցերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու բնակիչներին հուզող հարցերին, գնահատելու առկա մարտահրավերները և համատեղ ջանքերով մշակելու այնպիսի լուծումներ, որոնք կծառայեն յուրաքանչյուր մարդու իրավունքների լիարժեք իրացմանը»,– նշել է Պաշտպանը։

    Անահիտ Մանասյանը կարևորել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ դերակատարների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է հետևողականորեն կատարելագործել այն մեխանիզմներն ու ծառայությունները, որոնք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացիների իրավունքների իրացման վրա։

    Պաշտպանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նպաստելու համայնքներում բարձրացված խնդիրներին հասցեական արձագանքմանը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ լուծումների մշակմանը։

  • Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան

    Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը: Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:

    «Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում

    Հայաստանի քաղաքական համակարգում իշխանության և ընդդիմության հարաբերությունները տարիներ շարունակ ձևավորվել են ասիմետրիկ մոդելով, որտեղ իրական քաղաքական մրցակցությունը հաճախ բացակայել է։ Իշխանությունները, որպես կանոն, լուրջ խոչընդոտների չեն հանդիպել սեփական օրակարգն ամբողջությամբ իրականացնելու ճանապարհին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդդիմադիր ուժերին օգտագործել են որպես գործիք՝ դրանք հանրությանը ներկայացնելու կամ դրանց լեգիտիմության տպավորություն ստեղծելու համար։

    2018 թվականի իշխանափոխությունը, թերևս, կարելի էր դիտարկել որպես որոշակի շրջադարձային փուլ, սակայն փաստ է, որ երևույթի էությունը մեծ հաշվով չի փոխվել։ Նույնիսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունը քաղաքական մրցակցությունն ընկալում է ոչ թե որպես ժողովրդավարական համակարգի բնական ու անհրաժեշտ բաղադրիչ, այլ, ավելի շուտ, սեփական դիրքերին սպառնացող գործոն։

    Ամեն դեպքում, եթե փորձենք ամփոփել հետընտրական այս կարճ ժամանակահատվածում ընդդիմությանը վստահած հանրության հիմնական սպասելիքները, ապա կարելի է ձևակերպել, որ հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն ու քաղաքական զիջումներ պարտադրելն է։ Ի վերջո, նախընտրական շրջանում ընդդիմության կողմից մի շարք հարցերի շուրջ բարձրացված մտահոգությունները ընդամենը շաբաթներ անց՝ նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումից հետո, պետք է հայտնվեն իշխանության օրակարգում։

    Հատկանշական է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, դեռ չստացած պատգամավորական մանդատները, արդեն իսկ մեկնարկել է ժողովրդի հետ հետընտրական հանդիպումների շարքը։ Ավելին, այն համայնքներում, որտեղ դաշինքը ապահովել է համոզիչ հաղթանակ, մեկնարկել է բազմազավակության խթանման ծրագիր՝ ընտանիքում 5-րդ երեխայի ծնվելու պարագայում բնակարան նվիրելու նախաձեռնությամբ։

    Եթե անգամ մի կողմ դնենք սոցիալական ծրագրի մասշտաբը, պետք է խոստովանել, որ նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել նմանատիպ նախադեպ, երբ քաղաքական ուժը, դեռևս չստանձնելով խորհրդարանական լիազորությունները, անցնում է անմիջական գործողությունների։ Սա քաղաքականության մեջ սահմանում է պատասխանատվության նոր չափանիշ՝ «խոսքից գործի» անցնելու սկզբունքը։

    Իսկ ի՞նչպես է իշխանությունը պատասխանում այս քաղաքական մարտահրավերին։ Առայժմ տպավորություն է ստեղծվում, որ նրա առաջնահերթությունների շարքում առավել կարևոր տեղ է զբաղեցնում պարգևավճարների թեման։ Օրեր առաջ կառավարությունը պետական համակարգի աշխատակիցներին պարգևատրելու նպատակով հատկացրեց ևս 5 միլիարդ դրամ…

    Միաժամանակ ակնհայտ է, որ ժողովուրդը կոնկրետ ակնկալիքներ ունի ոչ միայն ընդդիմությունից, այլև, առաջին հերթին, իշխանությունից։ Եվ դա բնական է, քանի որ պետական կառավարման ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց իշխանությունը։

    Հիմնական հարցը, սակայն, հետևյալն է. ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը»:

  • Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից

    Շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները։ Այս մասին Բաքվի բանտից ուղերձով է հանդես եկել Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

    «Դատական գործընթացը  միայն այս 15 հոգու դեմ չէ ուղղված, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի և դատավճռի՝ այն սկսվում է  անցյալ դարի սկզբներից։ Այս բոլոր կեղծ մեղադրանքների մասով մենք շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները։ Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի  Փաշինյանին, հորդորում եմ մեղադրանքների մասով հանրային ներկացնել Ձեր դիրքորոշումը՝ հակառակը չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակից եք դառնում դուք, նաև մեղսակից եք դարձնում նաև հայ ժողովրդին։

    Դրանից բացի ակնկալում եմ  իմանալ մեր՝ այստեղ գտնվողների, կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»,- ասված է ուղերձում։

  • Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սերժ Սարգսյանի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով

    Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:
    Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման կից հավելվածներում։

    Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան

    Նախորդ տարվա մեր պետականության հակաիրավական ու ամոթալի շրջափուլում, երբ քաղաքական իշխանությունն իրեն հակասահմանադրական միջամտություններ թույլ տվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, «Մեր ձևով» հասարակական շարժումը, այնուհետև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ հայ մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մտան անհավասար քաղաքական պայքարի մեջ՝ դառնալով այն հույսի շողն ու շարժիչը, որի շնորհիվ չընկրկեցինք։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

    «Լինելով վերջին տարիների բոլոր ընդդիմադիր շարժումների ակտիվ աջակիցն ու մասնակիցը, բնականաբար՝ այս դեպքում եւս անմասն չէի կարող լինել՝ ստանձնելով իմ բաժին անձնական ու քաղաքական պատասխանատվությունը։ Բայց այս ճանապարհն ինձ համար ունեցավ ճակատագրական բնույթ։

    Երբևէ չլինելով որևէ կուսակցության կամ քաղաքական միավորի անդամ՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի հիմնադրած այս արժեքահեն ու հայրենասեր ընտանիք-թիմի մասնիկը դառնալը կյանքիս լրջագույն, պատասխանատու ու սկզբունքային որոշումներից մեկն էր։

    Այս դժվարին ամիսներին մենք մղել ենք անձնուրաց ու նվիրյալ պայքար։

    Ինձ համար մեծագույն պատիվ ու ձեռքբերում է ճանապարհ ընկնել բազմահազար հայրենասեր, քաջ ու ուժեղ թիմակիցներիս հետ։

    Վստահ եմ շատերդ Ձեզ կգտնեք այս տողերում

    Այս կարճ ժամանակահատվածում՝ լինելով ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ, մենք արժանացանք հարյուր հազարավոր հայրենատեր ու գիտակից մեր հայրենակիցների վստահությանը, ինչը, միաժամանակ, մեծագույն պատասխանատվություն է։ Եւ սա այն պայմաններում, երբ մեր առաջնորդ Սամվել Կարապետյանն մասնակցությունը նախընտրական քարոզչությանը խոչընդոտվեց, իսկ մեր ուժը քաղաքական հետապնդումների թիրախում էր։

    Մեկնարկում է խրթին, բայց արժեքահեն պայքարի նոր փուլը՝ բազմավեկտոր անելիքներով։

    «Ուժեղ Հայաստանը»-ը ծավալելու է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական փոխլրացնող գործունեություն

    Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

    Հետագա քաղաքական-հասարակական գործունեությունս կենտրոնացնելու եմ հետևյալ հիմնական ուղղությունների վրա.

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ինստիտուցիոնալ կայացում

    Այսօր մեր երկրին առավել քան երբևէ անհրաժեշտ են սկզբունքային քաղաքական ուժեր, որոնք առաջնորդվում են ոչ թե անձնական կամ խմբային շահերով, այլ՝ պետական մտածողությամբ և ազգային պատասխանատվությամբ։

    Վստահ եմ, որ ուժեղ եւ կայացած կուսակցական ինստիտուտներն են երկարաժամկետ փոփոխությունների և կայուն պետականության հիմքը։

    Ընտրությունների վերահսկողություն և ինստիտուտների զարգացում

    Գերակա եմ համարում ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց պատշաճ վերապատրաստումը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ վարչական ռեսուրսի չարաշահմանը հակազդող նոր գործիքակազմերի ուսումնասիրումն ու կիրառումը։

    2026 թվականի հունիսի Ազգային ժողովի ընտրություններն աչքի ընկան ընտրախախտումների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման նոր մասշտաբով (ինչն, ի դեպ, արձանագրվեց նաև այսօրվա իշխանությունների կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կողմից)։

    Քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց օրինական շահերի պաշտպանություն և իրավական աջակցություն։

    Մենք ունենք ապօրինաբար ազատազրկված գաղափարակից ու հայրենասեր հայերի ու թիմակիցների օրակարգ։ Բացի այդ, ի տարբերություն քաղաքական բանտարկությունների դեմ մղվող պայքարի, հաճախ անտեսված են մնում քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից զրկված մեր հայրենակիցների իրավունքները։ Այսուհետ՝ համահիմնադրածս «Ջի Էմ Լեգալ» փաստաբանական գրասենյակն գործունեություն կծավալի նաեւ քաղաքական պատճառներով աշխատանքից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

    Հանրային հաշվետվողականության ինստիտուտների վերակենդանացում

    Սոցիալտնտեսական խնդիրների գույքագրում, համակարգային լուծումների մշակում

    Շարունակելով մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ՝ լիակատար աջակցությունս եմ հայտնում մեր առաջնորդ, շուրջ 400 օր ապօրինի ազատազրկված ազգային բարերար ու աննահանջ հայրենասերներ Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և մեր մեծ թիմին։

    Խորին երախտիքս՝ ուժեղ ու վառ հայրենակիցներիս, ընտանիքիցս՝ այս ծանր ճանապարհն անտրտունջ հետս կիսելու համար, հարազատներիս, ընկերներիս, ովքեր նվիրաբար կողքիս էին։ Ես անհաղթ եմ Ձեզնով։

    Եւ վերջում՝ «Ուժեղ Հայաստան»-ը պարզապես անվանում կամ բառակապակցություն չէ։ Այն մեր սերունդների հանդեպ տված խոստումն է, մեր հավատն ու տեսլականը և այն նպատակը, որի համար պատրաստ ենք աշխատել անխոնջ ու պատասխանատվությամբ»,-գրել է նա։

  • Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին

    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ա.Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»:

    Դատարանը նաև պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ:

  • «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

    Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնել, իսկ ավարտելուց հետո ծառայել ԱԱԾ-ում։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոփոխություններ կատարել զինվորական ծառայությանը, Սահմանապահ զորքերին և ազգային անվտանգության մարմիններին վերաբերող մի շարք օրենքներում։

    Ծրագրին մասնակցող քաղաքացիները պայմանագիր կկնքեն ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ավարտելուց հետո ԱԱԾ-ի նշած վայրում ու պայմաններով զինվորական ծառայություն իրականացնելու մասին։

    Նրանք սկզբում պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում կծառայեն որպես շարքային կազմի զինծառայող։ Այնուհետև, պայմանագրի համաձայն, երեք օրվա ընթացքում կտեղափոխվեն ԱԱԾ և կնշանակվեն սպայական պաշտոնի։

    Նախագծի հիմնավորման համաձայն՝ նոր մեխանիզմը պետք է նպաստի ԱԱԾ-ի, մասնավորապես՝ Սահմանապահ զորքերի համալրմանը բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներով։

    Նշվում է, որ Սահմանապահ զորքերը նախատեսում են փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ստանձնել հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ հատվածի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ անձնակազմ։