Category: Newday.am

  • Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր

    Հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ն․-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Վահան Թ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Թ․-ի ուղևոր, Երևանի բնակիչ 54-ամյա Շողակաթ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն:

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

    Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալված Ռուսաստանի երկու քաղաքացիներին նախատեսվում է հուլիսի 17-ին արտաքսել հայրենիք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

    «Արտաքսումը նախատեսված է ուրբաթ օրը»,- նշել են աղբյուրները։

    Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ ռուսաստանցիներ Վիկտորյա և Իգոր Ֆիլոնովներին ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո տեղափոխել են արտաքսման կենտրոն։ Միգրացիայի հարցերով վարչությունը լուծում է նրանց արտաքսման հարցը։ Ռուս դիվանագետները հարցը պահում են իրենց վերահսկողության տակ, նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

    Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 14-ին գլխավոր հյուպատոսություն է ստացվել ռուսաստանցիների հարազատների դիմումը՝ նրանց ձերբակալության մասին տեղեկատվությամբ։ Ռուս դիվանագետները օպերատիվ կապ են հաստատել Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի ոստիկանության բաժնի հետ, ուր տեղափոխվել էին Ռուսաստանի քաղաքացիները, և կապի մեջ են թուրքական իրավասու մարմինների հետ։

    Ինչպես հայտնի է դարձել ՏԱՍՍ-ին, ռուսաստանցիների ձերբակալությունը տեղի է ունեցել այցելուների համար նախատեսված գոտում բարձրաձայն Աստվածաշունչ կարդալու վերաբերյալ կարգապահների նախազգուշացումից հետո։ Թուրքիայում գործող մզկիթի ներսում քրիստոնեական կրոնական արարողությունների անցկացումը կամ ոչ մուսուլմանական կրոնական գրականության ցուցադրական ընթերցումը որակվում է որպես հասարակական կարգի խախտում։

    Ձերբակալված ռուսաստանցիների նկատմամբ ոստիկանությունում կազմվել է իրավախախտման արձանագրություն՝ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի հիմքով («Բնակչության շրջանում ատելության կամ թշնամանքի հրահրում կամ բնակչության առանձին խմբերի նվաստացում»)։ Այն նախատեսում է ազատազրկում վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով, եթե գործողությունը պոտենցիալ ռիսկ է ստեղծում հասարակական կարգի համար, և օտարերկրյա քաղաքացիների արտաքսում։

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ թանգարանի կարգավիճակում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես դարձել է մզկիթ։

  • Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

    Կառավարության որոշմամբ հստակեցվել է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը։ Գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար լրավճար չի տրամադրվում։

    Մասնավորապես, լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ մանկավարժական աշխատողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են բնագիտական և տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդում։ Նման մոտեցումը հանգեցնում է իրավական անհավասարության և խաթարում է լրավճարի խրախուսական նպատակը։

    Որոշմամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար։

  • Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից

    Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր, ոգին՝ ամուր։ Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

    Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից

    «Հարգելի՛ հայրենակիցներ,

    Թեև ձեզ հայտնի են արդեն քաղաքական հետապնդումների մոտիվն ու ոգին, և պատկերացնում եմ, որ այլևս չեք զարմանում ամենօրյա բռնաճնշումներից, ուզում եմ նախ ասել ամենապարզ ու ամենակարևոր բանը.

    Ես որևէ հանցանք չեմ կատարել։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում։

    Ես հասկանում եմ, որ շատերդ գուցե շփոթված եք «պետական գաղտնիքի» խորհրդավոր շղարշից, շատերդ կաշկանդված եք զգում նման մեղադրանքի լոկ գոյությունից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։

    Եվ ուստի շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեկ վայրկյան անգամ կաշկանդված չեն զգացել բարձրաձայնելու իմ քաղաքական հետապնդման մասին, շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով աջակցել է ինձ, և առհասարակ այն մարդկանց, ովքեր օրնիբուն պայքարում են Հայաստանում քաղբանտարկյալների ազատության համար։

    Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք։ Այն ամբողջությամբ կառուցված է ինչ–որ մեկի ենթադրությունների և վառ երևակայության վրա։ Այդ ենթադրությունների և իրավապահների քաղաքական հպատակության արդյունքում ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։ Այս անմարդկային վերաբերմունքը համակարգի կողմից որքան ցնցող, ցավոք նույնքան էլ սպասելի էր։ Սա ևս հոժարությամբ տանում եմ։

    Մարդկանց մոտ, կարծում եմ, բնական հարց է առաջանում՝ ինչու՞ Անդրանիկ Թևանյանի կալանավորումից միայն մեկուկես ամիս անց կալանավորվեցի ես, թեև մեզ նույն «գործի» շրջանակում են մեղադրանքներ առաջադրված։ Այդ ի՞նչը հայտնի չէր իմ մասին մայիսի 23-ին, որ հայտնի դարձավ հուլիսի 9-ին միայն։ Այս հարցերին իհարկե ավելի ուշ կանդրադառնամ։

    Հիմա ուզում եմ միայն երախտիքիս հետ մեկտեղ հարազատներիս և իմ որպիսությամբ մտահոգ մարդկանց ասել, որ լավ եմ ինձ զգում՝ հոգեպես ուժեղ և ֆիզիկապես ամուր:

    Ուժ, համբերություն և Աստծո օրհնությունը մեր երկրին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Ազատություն Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Մանուկյանը։

  • Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավ-կանա» ՍՊ ընկերությանը պատկանող «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորաբար՝

    — սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից,

    -առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին

    Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պատասխանել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ հարցերին։

    Արգենտինացիները կիսաեզրափակչում հաղթել են Անգլիային հանդիպման վերջնամասում խփած երկու գոլերի շնորհիվ (2-1) և նվաճել եզրափակչի ուղեգիր։ Մեսսին դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Մեկ օր առաջ Իսպանիան 2-0 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի նկատմամբ և դարձել եզրափակչի առաջին մասնակիցը։

    «Մնացել է վերջին քայլը, ընդամենը մեկ խաղ։ Մենք կշարունակենք պայքարել և կանենք հնարավոր ամեն ինչ։ Ես ճանաչում եմ Իսպանիայի հավաքականի շատ խաղացողների։ Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում»․ ես շատ եմ սիրում այդ ակումբը և մինչ օրս հետևում եմ նրանց։ Կարծում եմ՝ շատ հավասար խաղ կլինի»,- 39-ամյա ֆուտբոլիստի հետխաղյա հարցազրույցից այս հատվածը մեջբերում է The Touchline-ը։

    Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել իր պրոֆեսիոնալ կարիերայի հենց սկզբից մինչև 2021 թվականը։ Աշխարհի առաջնության վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

  • Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրшվոր

    Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 44-ամյա Արմեն Հ.-ի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան և 37-ամյա Հայկ Հ.-ի վարած էլեկտրական հեծանիվը։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է, իսկ հեծանվորդ Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել բարեկամ երկրներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար

    Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի խոսնակ, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար դոկտոր Մաթթիաս Կոպպի։

    Դոկտոր Մաթթիաս Կոպպը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ ճանաչողական այցի նպատակն է առավել խորությամբ ծանոթանալ Հայոց Եկեղեցուն, հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր ու մշակութային ժառանգությանը և քրիստոնեական ավանդույթներին։

    Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները նպաստում են ժողովուրդների և Եկեղեցիների միջև հարաբերությունների ու եղբայրական կապերի առավել ամրապնդմանը։

    Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ մասնավորապես ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության, հոգևոր ու մշակութային ժառանգության կերտման գործում։

    Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ իր գնահատանքը հայտնելով բարեկամ երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Քույր Եկեղեցիներին և միջազգային կառույցներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։

    Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին, Հայաստանի հոգևոր ու հասարակական կյանքին։

  • Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան

    Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մոսկվայում իմ շփումների շրջանակներում, հատկապես Պուտինի և Լավրովի հետ, հայտարարվել է, որ նրանք պատրաստ են այդ նպատակով ցանկացած շփման։ Եվ այստեղ կարևոր է կողմերի դիրքորոշումը ուղղակի բանակցությունների կամ միջնորդների միջոցով երկխոսության հարցում։ Ինչպես գիտեք, առաջնորդներից՝ Պուտինից և Զելենսկուց բացի, շփումները այս ամբողջ ընթացքում կանոնավոր կերպով շարունակվել են նաև ԱՄՆ-ի հետ, և Թուրքիան հանդես է եկել որպես միջնորդ»,- ասել է նա Կիևում՝ ուկրաինացի իր գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

    Ֆիդանը նշել է, որ երկխոսության պատրաստակամությունից զատ՝ կարևոր է նաև բանակցային դիրքորոշումը։

    «Ես ռուսական կողմին տվեցի այս հարցը։ Նրանք հայտարարեցին, որ շարունակում են պաշտպանել ԱՄՆ-ի հետ Ալյասկայում ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունները։ Իհարկե, այս հարցում կան նրբություններ։ Արդյո՞ք ընթացիկ պայմաններում այս ընդհանուր շրջանակային հայեցակարգը կարող է զարգացում ստանալ։ Հենց դրա վրա պետք է այժմ աշխատեն բանակցողները», — պատմել է Ֆիդանը։

    Նա նաև հավելել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, ինչպես նաև միջազգային հանրությունը ընդունում են հրադադարի և խաղաղ համաձայնագրի անհրաժեշտությունը։ Եվ Թուրքիան այս պայմաններում կանի ամեն ինչ, ինչ իրենից կախված է, նման հեռանկարի իրականացման համար։

  • ԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։

    Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

    Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և  բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։

    Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում։