Category: Newday.am

  • Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ․ Արտակ Զաքարյան

    Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ:

    Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

    «Իլհամ Ալիևը, հայկական Շուշիի գլոբալ մեդիաֆորումում որոշեց «խորհուրդ» տալ Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։ Դա նշանակում, որ նա կոչ արեց շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ և  հրապարակայնորեն խրախուսեց հետագա ռազմական գործողությունները։

    Եթե Ալիևը՝ աշխարհաքաղաքական «տիրոջ» փոփոխությունն ու սեփական պատմական հիշողությունից հրաժարումը ազատություն և օկուպացիայի հետ չհաշտվել է անվանում, ապա կամ ուրիշներից գողացված ու վերաշարադրված ադրբեջանական «պատմությունն է» սովորել, կամ ընդհանրապես չի ուսումնասիրել Հարավային Կովկասի ու Արևելյան Եվրոպայի պատմությունը։

    Տարբեր առիթներով ռուս պատգամավորներին ասել եմ, որ Ադրբեջանի հետ ձեր չհիմնավորված վստահելի հարաբերություններն աշխատելու են հենց ձեր դեմ: Նույնը բազմիցս ասվել է Իսրայելի պաշտոնյաներին: Այսօր Ադրբեջանն արդեն հաթաթա է տալիս Իսրայելի պետությանը՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:

    Ալիևը նաև դժգոհել է ԽՍՀՄ-ից, (որտեղ իր հայրը փոխվարչապետ է եղել), ասելով, որ Ադրբեջանն ուներ գաղութի կարգավիճակ և շահագործվում էին նրա ողջ նավթային ռեսուրսները: Այնինչ, այսօրվա Ադրբեջանի գոյության, որպես նավթ ու գազ արտահանող երկրի կարողությունների հիմքում ԽՍՀՄ հսկայածավալ ներդրումներն են եղել: Հենց ԽՍՀՄ-ն է հայկական Արցախն ու Նախիջևանը՝ առանց հիմնավորման նվիրել Ադրբեջանին: Իսկ Ալիևն այսօր բողոքում է ԽՍՀՄ-ից, ու ռուսներից ազատություն տենչում:

    Չմոռանանք, որ XIX դարի վերջում և XX դարի սկզբին Բաքվի նավթարդյունաբերությունը զարգանում էր ռուսական և հայկական կապիտալի և միասնական շուկայի շնորհիվ։ Դրա շնորհիվ Բաքուն վերածվեց արդյունաբերական կենտրոնի, իսկ նավթը դարձավ  տնտեսության կարևոր մասը։

    Եթե դուրս գանք կարգախոսների շրջանակից, հետխորհրդային տարածքի ընդհանուր պատկերը մտահոգիչ է։ Փոխըմբռնումը նվազագույնի է հասել, իսկ միասնության մասին խոսք անգամ չկա։

    ԽՍՀՄ փլուզումից հետո և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, Ռուսաստանի բարեկամ երկրներ էին՝ հատկապես Հայաստանն իր ընդգծված դաշնակցային կեցվածքով։

    Արցախյան պատերազմը, տնտեսության փոխկապվածությունը, անվտանգային խնդիրներն ու խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը Հայաստանին մղում էին ավեի սերտ հարաբերություններ ունենալ ՌԴ հետ:

    Ի պատասխան՝ Մոսկվան փորձում էր «ոչ մեկին չնեղացնել» և Արցախյան հակամարտությունում, մինչև վերջ չաջակցեց կողմերից ոչ մեկին։ Արդյունքն ակնհայտ է. Արցախը հանձնվեց Ադրբեջանին, հայկական հասարակությունն իրեն լքված է զգում, Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսում է կոշտ կեզվով ու վերամբարձ տոնով, Իրանի դեմ տարվում է օղակաձև շրջափակման ու թուլացման պատերազմ, Թուրքիան ներխուժում է Հարավային Կովկաս՝ ձգտելով դեպի Միջին Ասիա…

    Արդյունքում՝ տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր»։ Արցախի հարցում Ադրբեջանին շնորհավորելու դիմաց Ռուսաստանը ստիպված եղավ դուրս բերել իր խաղաղարար ուժերը, իսկ այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը: Իրանը ստացավ պատերազմ, որը դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի: Այսօր, Ադրբեջանի կողմից իրեն «քցված» է զգում նաև Իսրայելը: Վաղն այդպիսի վիճակում է լինելու նաև ԵՄ-ն:

    Կարճ ժամանակում կյանքը ցույց տվեց, որ Հայկական Արցախը ձեռնտու էր բոլորին՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից:

    Ինչ վերաբերում է Եվրոպային, եթե նրանց թվում է, թե Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերելով նրանք որևէ շոշափելի բան են ստանալու թուրք-ադրբեջանական տանդեմից, ապա դա լինելու է երեք մատի կոմբինացիան: Շուշիում արված Ալիևի ելույթից հստակ երևում էր նաև այդ հատվածը, երբ նա խոսում էր Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած հարաբերություններից:

    Այսօր Ալիևն իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն խորհուրդներ տալ Ուկրաինային և խոսել «օկուպացիայի» մասին՝ միաժամանակ օգտվելով ռուսական ռեսուրսներից և ներկայիս տնտեսական կապերից։ Սա ոչ թե առանձին դրվագ է, այլ ախտանիշ: Ռուսաստանում դեռ շարունակում են կրկնել «եղբայրական ժողովուրդների» մասին մանտրան և միաժամանակ զարմանալ, թե ինչու՞ են այդ «եղբայրները» այդքան հեշտ անցնում նրանց հակառակորդների կողմը։

    Հարցը նաև այն է, թե Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ, այլ նաև նրանց, ովքեր տարիներ շարունակ հարաբերություններ են կառուցել՝ անտեսելով ու աչք փակելով ներկայիս քաղաքական իրողությունների վրա»։

  • Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

    Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախուզության հետ կապերի պատճառով, հայտնում է The New York Times-ը։ Թերթի աղբյուրները պնդում են, որ «Մոսադ»-ը մի քանի տարի կապի մեջ է եղել քաղաքական գործչի հետ և դիտարկել է նրան որպես Թեհրանում իշխանափոխությունից հետո անցումային շրջանի հնարավոր դեմք։

    Նախկին նախագահը ձերբակալվել է հուլիսի 6-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը նրա հայտնվելուց անմիջապես հետո, հայտնում է The New York Times-ը (NYT)։ Սա Մահմուդ Ահմադինեժադի առաջին հրապարակային ելույթն էր մի քանի ամսվա ընթացքում։

    NYT-ի հետաքննության մեջ պնդվում է, որ «Մոսադ»-ը մի քանի տարվա ընթացքում փորձել է Ահմադինեժադին վերածել իր տեղեկատուի, իսկ այնուհետև սկսել է դիտարկել նրան որպես Իրանի հնարավոր ղեկավար՝ գործող իշխանության տապալումից հետո։ Նախկին նախագահի հետ կապերը, իբր, սկսվել են 2022 թվականին և ակտիվացել 2023 թվականին նրա՝ Գվատեմալա կատարած այցից հետո։

    Ծրագիրը կենտրոնացած էր Իսրայելի ամենաանհավանական պոտենցիալ գործընկերներից մեկի վրա։ Որպես Իրանի նախագահ 2005-2013 թվականներին՝ Ահմադինեժադը արագացրել է երկրի միջուկային ծրագիրը, բազմիցս կոչ է արել Իսրայելի ոչնչացմանը և ժխտել Հոլոքոստը։

    Նրա կառավարությունը նաև բռնությամբ ճնշել է 2009 թվականին նրա վիճահարույց վերընտրությունը մարտահրավեր նետող բողոքի ակցիաները, իսկ նրա իշխանության օրոք դատական համակարգը զանգվածային մահապատիժներ է կիրառել քաղաքական մրցակիցների և այլախոհների նկատմամբ։

    Այնուամենայնիվ, իսրայելական հետախուզությունը, ըստ տեղեկությունների, Ահմադինեժադի՝ Իրանի իշխող վերնախավից աճող օտարացումը և աշխատավոր դասակարգի որոշ հատվածների շրջանում նրա շարունակական աջակցությունը դիտարկել է որպես հնարավորություն։

    Ջանքերն իրականացվել են արտերկրում գաղտնի հանդիպումների, ֆինանսական աջակցության և Թեհրանում նրան կառավարական հսկողությունից դուրս բերելու վերջնական փորձի միջոցով։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձիերին առգրավելու հիմնավորում չկա. Հովհաննես Վարդանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձիերին առգրավելու հիմնավորում չկա. Հովհաննես Վարդանյան

  • Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. ՔԿ-ում սպասում են վարույթի վաղեմության ժամկետը լրանալուն. Hetq

    Կարո Բաղդասարյանը Կարբի համայնքի ղեկավար է ընտրվել 2012թ․-ի սեպտեմբերին։ Չնայած օրենսդրական արգելքին, համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ 2014թ․ փետրվարին, հիմնել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն եւ սկսել   ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Գրում է Հետքը։

    Շինարարական գործունեություն իրականացնող այս ընկերության 50% բաժնեմասը  պատկանում է հենց նրան, 40%-ը՝ հորեղբորորդու՝ ներկայում Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանի կնոջը՝ Մերի Խաչատրյանին, 10 %-ն էլ՝ իր եղբորը՝ Վահե Բաղդասարյանին։

    «ՏԻՄ մասին» օրենքով ձեռնարկատիրական գործունեությունն անհամատեղելի է համայնքի ղեկավարի պաշտոնի հետ և պաշտոնավարումը վաղաժամ դադարեցնելու հիմք է։ Սակայն ՀՀԿ-ական համայնքապետը ևս մեկ անգամ վերընտրվել է և պաշտոնավարել մինչև 2021թ․-ը, մինչև Կարբին Աշտարակ խոշորացված համայնքում ներառելը։

    Կարո Բաղդասարյանի ընտանիքին է պատկանում նաև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտին։ Կարբի ձորում, Քասախ գետի ափին գտնվող մեծածավալ ենթակառուցվածքներով բացօթյա այս համալիրը Կ․ Բաղդասարյանը նույնպես 2014թ․-ին է ձեռք բերել (հանգստի գոտին պետական ռեգիստրում գրանցվել է 2019թ․ մայիսին)։ Պաշտոնապես ընկերության 100 % բաժնետերն ու գործադիր տնօրենը մյուս եղբայրն է՝ Արթուր  Բաղդասարյանը։ Այնուհետև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտին ընդլայնելու նպատակով շարունակել է հողեր ձեռք բերել և՛ մասնավորից, և՛ համայնքից։

    Կարո Բաղդասարյանը 2013թ․ դեկտեմբերին, երբ Կարբի համայնքի ղեկավարն էր,  աճուրդ–վաճառքով Քասախ գետի ափից 7235 քմ հողամաս է վաճառել իր աներձագին՝ Էդգար Հայրապետյանին։ Հողամասը «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու շարունակությունն է։ 2014թ․ սեպտեմբերին Էդգար Հայրապետյանը 7235 քմ հողամասը բաժանել է երեք մասի և նույն ամսին 1876 քմ-ը վաճառել է համայնքի ղեկավարի հարազատ եղբորը՝ Վահե Բաղդասարյանին և հորեղբոր որդուն՝ Արա Բաղդասարյանին։ Մյուս՝ 1847 քմ և 3513 քմ մակերեսով հողակտորները, 2015թ․ հունվարին վաճառել է Կարո Բաղդասարյանի մտերիմին՝ Արման Ահարոնյանին։ Վերջինս այդ ժամանակ  Կարո Բաղդասարյանի ընկերության՝ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենն է եղել։

    «Ավանգարդ Կարբի» համալիրի շարունակությամբ գտնվող հողամասը Կարբի համայնքի նախկին ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը 2010թ․-ին աճուրդով վաճառել էր եղբորը՝ Աղվան Նազարեթյանին և Կարբի գյուղի բնակիչ Գևորգ Եսայանին։

    Եսայան եղբայրներից Օնիկ Եսայանը մեզ պատմեց, որ 2014թ․-ին ցանկացել են տարածքը ցանկապատել և աշխատանքներ կատարել։ «Պարզվեց, որ տարածքը մերը չէ, մերը տեղափոխվել է ժայռի վրա։ Եղբայրս փորձել է պարզաբանում ստանալ Կարո Բաղդասարյանից։ Նա ասել է՝ հողամասը մերն է, դուք ինչ գիտեք՝ գնացեք արեք»,- ասում է Օնիկը։

    Հողի սեփականատեր Գևորգ Եսայանը 2014թ․-ի դեկտեմբերին դիմել է դատախազություն, հայտնել է, որ 2010թ․ սեպտեմբերի 18-ին Կարբիի համայնքապետարանից աճուրդով 5,5 հա հողատարածք է գնել։ Քասախ գետի աջ ափին գտնվող իր հողամասը 2014թ․-ին ցանկապատելու ընթացքում պարզել է, որ հողատարածքի կոորդինատները չեն համապատասխանում 2010թ․-ին գնած հողատարածքի տվյալներին։ Իր հողամասի հատակագծով հողատարածքի չափերը ձգվել են Քասախ գետի ափից մինչև դիմացի ժայռերը։ Այժմ, հողատարածքի չափերը պահպանելով, իրեն հետ են մղել դեպի ժայռերը։

    Մինչև գնելը այդ հողատարածքն իր հայրը 25 տարով վարձակալել էր համայնքապետարանից։ Վարձակալելուց 8 տարի անց որոշում են գնել հողամասը։ Վարձակալության պայմանագիրը լուծելուց հետո Կարբի համայնքի այդ տարիների ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը աճուրդ-վաճառք է կազմակերպել։ Հողամասը կիսվել է երկու հավասար հողաբաժինների՝ 2․525 հա մակերեսով, և դրանք գնել են Գևորգ Եսայանն ու համայնքապետի եղբայր Աղվան Նազարեթյանը։ Դրանից երկու տարի հետո Ա․ Նազարեթյանը 512 հազար դրամով գնած հողատարածքը 65 000 դոլարով վաճառել է Գևորգ Եսայանին։

    «Մենք 70 հազար դոլար վարկ էինք վերցրել ա՛յդ հողը գնելու համար և ոչ թե ժայռը։ Արդեն չէինք էլ կարող վարկից հրաժարվել, որովհետև մեր անշարժ գույքերը բանկում գրավադրել էինք։ Գումարը պետք է վճարեինք, որ մեր գույքը չկորցնեինք։ Ստացվում է, որ երկար տարիներ վարկ էինք մարում մի գույքի համար, որն ասում են՝ ձերը չէ»,– ասում է Օնիկ Եսայանը։

  • 19-ամյա երիտասարդի խափանման միջոցը փոխվել է

    Օրեր առաջ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարաձգի 19-ամյա Վարդան Մ.-ի խափանման միջոց տնային կալանքը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց, ապա խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և Վարդան Մ.-ի նկատմամբ կիրառել է վարչական վերահսկողություն և համացանցից օգտվելու սահմանափակումներ։

  • Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ)

    Անցկացնել արձակուրդը Երևանո՞ւմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում այս խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Երևանում արձակուրդ անցկացնելու դրական կողմերին:

    Ըստ Փաշինյանի՝ Երևանում կան որակյալ մարզասրահներ, քաղաքում կան նաև դիտարժան պատմամշակութային հուշարձաններ, համեղ սնվելու համար կան ռեստորաններ, կա նաև ակտիվ մշակութային կյանք՝ թատրոններ, թանգարաններ:

    «Մեզ մոտ սպասարկման մակարդակը շատ բարձր է: Եթե համեմատենք եվրոպականի հետ, մեզ մոտ սրճարաններում, ռեստորաններում, հիմնական մասերում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է կամ համապատասխանում է միջին եվրոպականին, իսկ դա գին արժի, որովհետև սպասարկման մեջ մտնում են աշխատողները, թե դեմքի ինչ արտահայտությամբ, ինչ կրթությամբ, ինչ IQ-ով մատուցողներ են աշխատում, իսկ Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները, և դա լավ աշխատանք է»,- ասել է նա:

  • Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում

    Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում:

    Դասական շախմատի մրցաշարում Զավենը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 4-8-րդ հորիզոնականները։

  • Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու. բողոքի ակցիա՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց

    «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներն այսօր կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի, նրանք պահանջում են բացել իրենց կապարակնքված աշխատավայրը և վերականգնել աշխատելու իրավունքը:

    «Արդեն 10-րդ օրն է, ինչ գործարանը պարապուրդի է մատնված, ում դիմել ենք՝ ոչ ոք դեռ մինչ այս պահը մեզ պատասխան չի տվել, բոլորով նորից հավաքվել ենք, ուզում ենք հասկանալ, ի վերջո այս Կառավարությունը մեզ պատասխան տալու՞ է, թե ոչ, ուզում ենք ասել, որ պարոն Ծառուկյանը քանդված գործարանները կառուցել է իր գումարով ու աշխատատեղեր է ստեղծել, գործարանների աշխատելու շնորհիվ բյուջե գումար է մտնում:  Ես չգիտեմ, թե աշխատակիցներին ինչ պատասխան տամ, մեր ընտանիքներն էլ են հարցնում, թե ինչ է լինելու սրա վերջը:

    Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու: Պետական մարմինները, եթե մեր հարցին լուծում չեն տա, մենք այլևս մեր քայլերին պատասխանատու չենք լինի, համբերության բաժակը լցվել է, էլ չգիտենք ինչ անենք: Ամեն ինչի պատրաստ ենք, որովհետև չգիտենք ինչ անել, եթե մեր երկիրը չի ուզում մեզ աջակցի, մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ մեր ընտանիքները պահենք»,- ասաց աշխատակիցներից մեկը:

    Ակցիայի մասնակիցներն ընդգծում են՝ իրենք խաղաղ ակցիա են իրականացնում, ճանապարհ չեն փակում, միակ խնդրանքը գործարանի բացումն է. «Ի՞նչ անենք, կտրուկ քայլերի գնանք, որ հասկանան այս ժողովուրդը մտահոգված է: Պարտադիր պետք է իջնենք Կառավարության շե՞նք, որ մոտենան ու լսեն մեզ: Երկրի ղեկավարը որ եկավ, ճանապարհներ փակելով դարձավ երկրի ղեկավար, եթե այդպես դուր է գալիս, ուրեմն մենք էլ պետք է գնանք փակենք»,- նշում է մյուս աշխատակիցը:

  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը

    ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

    Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել վարորդներից Անդրանիկ Գ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 66-ամյա Անահիտ Գ.-ն, իսկ մյուս ուղևոր 5-ամյա Անահիտ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

    Որոշ ժամանակ անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Անահիտ Գ.-ն գիտակցության չգալով մահացել է։

    Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նախ «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների, հետո արդեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, իսկ մահացածը նրա տատիկն էր։

    Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել էին «Ford Tranist», «Dodge» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել էր երկաթե արգելապատնեշներին։

  • Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել

    Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։

    Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

    «Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ–ից։