Category: Newday.am

  • Երևանի կենտրոնում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը․ օդի որակի տվյալներ

    Հուլիսի 8-14-ը Երևանում իրականացված մթնոլորտային օդի մշտադիտարկումների համաձայն՝ փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է մի քանի վարչական շրջաններում։

    Կենտրոն վարչական շրջանում փոշու բարձր մակարդակ է գրանցվել գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հուլիսի 14-ին, իսկ Շենգավիթում՝ հուլիսի 3-ին։ Նոր Նորքում փոշու պարունակության գերազանցում չի արձանագրվել։

    Ազոտի երկօքսիդի պարունակությունը թույլատրելի սահմանը գերազանցել է Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը, իսկ Կենտրոնում՝ հուլիսի 9-ին։ Արաբկիրում և Շենգավիթում գերազանցումներ չեն գրանցվել։

    Միաժամանակ, նշված ժամանակահատվածում Երևանում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում («88» Սուպերմարկետ, Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան Սուրբ Նշանի 46/3) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Մասնավորապես՝

    • արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
    • առաստաղը պատրաստված է եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
    • սննդամթերքի արտադրության գործընթացում սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը, մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, պատրաստված է եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից,
    • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող պարագաները, մասնավորապես՝ հացաթխման համար օգտագործվող տապակները, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման:

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:

  • Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

    Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

  • Ստեփանավան քաղաքում ենք, հարյուրավոր հայրենակիցների հետ ունեցանք առանձնազրույց. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

    Ստեփանավան քաղաքում ենք, ունեցանք առանձնազրույց հարյուրավոր հայրենակիցների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

    «Գտնվում ենք Ստեփանավան քաղաքում, այսօր հանդիպել ենք ու առանձնազրույց ենք ունեցել մեր հարյուրավոր հայրենակիցների հետ: Մեր հարցը մեկն էր՝ ի՞նչ եք տեսնում, ի՞նչ փոփոխություն է պետք քաղաքին և մեր կողմից որպես նվեր ի՞նչ ծրագիր անենք քաղաքի համար: Ստացել ենք շատ առաջարկներ, հիմա գնում ենք գրասենյակ քննարկելու համար»,- նշել է Կարապետյանը:

  • ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները Ադրբեջանի կառույցների նման բուտաֆորիա են դարձել․ Տաթևիկ Սողոյան

    ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները Ադրբեջանի կառույցների նման բուտաֆորիա են դարձել: Այս մասին «Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» խորագրով քննարկման ընթացքում ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

    «Երբ մի պետության ներսում կարող են խարխլվել ժողովրդավարական հիմունքները, կարող է սերմանվել ատելություն ու վախ, պատերազմի հանդեպ նացիստական ձգտումներ, այդ ամենը թունավորում է ամբողջ միջավայրը և հանգեցնում է պատերազմների: Պետք է այլևս հոգնած լինելով պատերազմելով՝ ստեղծել մի աշխարհակարգ, որտեղ պետք է համարել, որ ժողովրդավար պետությունները պետք է ունենան 3 հիմնական մետրիկա, որպեսզի չհամարվեն ավտորիտար կամ բռնապետական:

    Մայրիկիս հետ տեղի ունեցած դեպքը մարդու իրավունքի պաշտպանություն է, արդյո՞ք մարդու խոսքը, աշխատանքը, կարծիք արտահայտելը, քաղաքական պրոցեսներին մասնակցելը պաշտպանված է, թե չէ, տեսնում ենք, որ իհարկե պաշտպանված չէ, այս ամենը ինձ հիշեցնում է Հայաստանի ադրբեջանացում»,- նշել է Սողոյանը:

  • Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Գագիկ Ծառուկյան

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձով է հանդես եկել՝ շնորհակալություն հայտնելով հանրային գործիչների այն մեծ ու հեղինակավոր ցանկին, որոնք հանդես են եկել իրեն աջակցող հայտարարությամբ։

    «Նման քայլը երբեք չի մոռացվում։

    Ձեզնից ոմանց հետ անձամբ եմ ծանոթ, ոմանց հետ եղել ենք Քրիստոսի արձանի շինհրապարակում, շատերիդ ծանոթ չեմ, բայց դա անպայման տեղի կունենա։

    Անկեղծ ասած, առաջին միտքը, որ մոտս ծագեց ձեր հայտարարությունը լսելուց հետո, հետևյալն էր. ինչպե՞ս կարող է մի ազգ ունենալ այսքան հանրահայտ, հեղինակավոր դեմքեր, իրենց ոլորտներում լուրջ հաջողության հասած մարդիկ, ու մեր երկիրը լինի այս վիճակում։

    Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու՝ թե´ մշակույթում, թե´ գիտության մեջ, թե´ սպորտում, բոլոր բնագավառներում։

    Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես։

    Այս օրերին ես մտքով շատ հաճախ եմ լինում Քրիստոսի արձանի շինհրապարակում. ամեն քարը, ամեն աստիճանը, ամեն մետրն ինձ համար թանկ է ու կարևոր։ Վերջերս մտածում էի, որ ժամանակն է՝ ստեղծել արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։ Պլանավորում եմ, որ ներկա կգտնվեն հեղինակավոր հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից, հանրահայտ դեմքեր, համաշխարհային հեղինակություն ունեցող գործիչներ, պաշտոնական պատվիրակություններ, իմ երկրի ու ժողովրդի բարեկամներ, տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ։ Ասեմ, որ արդեն իսկ ունեմ բազմաթիվ հեղինակավոր անձանց հավաստիացումները, որ բացմանը կգան մեր երկիր՝ տեսնելու աշխարհի նոր հրաշալիքը։

    Այս ամենը պետք է մշակել, պլանավորել, քննարկել, բանակցել։ Մի խոսքով, շատ գործ կա անելու։ Աստծո կամոք, ամեն ինչ կարվի։

    Ես ունեմ այն խոր, անխախտելի զգացողությունը, որ այդ արձանի կառուցումը մեր երկրի համար նոր, լուսավոր շրջան է բացելու։

    Այդ արձանը մեր երկրի համար պետք է բացի նոր էջ, նոր հաջողություն։ Այն պիտի դառնա մեր ներքին համերաշխության, ազգային վերածննդի ու աշխարհին ներկայանալու մեր նոր խորհրդանիշը»,- ասվում է ուղերձում։

  • Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան

    Շատ դժվար է խոսել քաղաքական բռնաճնշումների մասին այն մթնոլորտում և այն ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուրը, յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողն ինքն է լինելու։ Ցավոք, այս իշխանությունը կարողացել է ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Այս մասին քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պագամավոր Էլինար Վարդանյանը:

    Նա նշել է, որ բազմիցս արձանագրել են՝ ամբողջն ի սկզբանե արվում էր վախի մթնոլորտ ստեղծելու համար, հետո այդ մթնոլորտի շրջանակում հնարավորություն էր ձեռք բերվում մեկուսացնել քաղաքական և հանրային գործիչներին և դրանով իսկ փորձել գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերի։

    «Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր. կալանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ Գագիկ Ծառուկյանը: Կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահը՝ Անդրանիկ Թևանյանը: Կալանավորված է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը՝ Ավետիք Չալաբյանը: Տնային կալանքի տակ է գտնվում Սամվել Կարապետյանը, քրեական գործով է անցնում Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ եթե մենք թվարկում ենք, տեսնում ենք՝ այս պարագայում քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական և հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման:

    Չեմ խոսում Արմեն Աշոտյանի մասին, որն այսպես տարբեր քրեական, բայց քաղաքական նկատառումներով, քրեական գործերով անցնում է, քրեական հետապնդման է ենթարկվում և այժմ էլ գտնվում է քրեակատարողական հիմնարկում»,-ասել է Վարդանյանը։

    ԱԺ պատգամավորը թվարկվածներից առանձնացրել է վերջին՝ ԲՀԿ առաջնորդի դեպքը, որը հանգեցրել է նաև հանրային մեծ արձագանքի՝ ելնելով այն միջոցներից կամ մեխանիզմներից, որոնք կիրառվել են իրավապահ մարմինների կողմից: Նա մասնավորապես նշել է 13 ժամ խուզարկություն իրականացնելու, ապա Ծառուկյանին գետնին տապալելու, ձեռնաշղթաներով բերման ենթարկելու հանգամանքը:

    «Սա ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, այլև անձնական վրեժխնդրություն է այսօր երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից, որովհետև Ծառուկյանի քրեական գործին զուգահեռ մեկ էլ հասկացանք, որ քաղաքապետարանը նկատել է՝ կենդանիները, որոնք պահվում էին Ծառուկյանի կողմից, ապօրինի են պահվում։

    Սա ինչո՞ւ եմ որպես օրինակ բերում: Սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի է դիտարկել, այլ որպես հաշվեհարդար և որպես պատիժ, որն իրականացվում է իրավապահների կողմից՝ մեկ անձի հրահանգով, որովհետև նախընտրական փուլում նա հայտարարել էր՝ ունեզրկելու է, դատելու է, նստացնելու է, մնացած բառերը նույնիսկ չեմ էլ ուզում կրկնել»,-մանրամասնել է Էլինար Վարդանյանը։

  • Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

    Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին՝ ժ.23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժ.18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում:

     

  • «Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել». դստեր շնորհավորանքը՝ Մանվել Գրիգորյանի 70-ամյակին

    Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 70 տարեկան։ Գրիգորյանի դուստրը հոր ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակում է կատարել։

    «Այսօր դու կդառնայիր 70 տարեկան…

    Բայց ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում։

    Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին։

    Մենք քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով և քո թողած հետքով։

    Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում։

    Ծնունդդ շնորհավոր։

    Անպարտելի՛ զորավար։

    Միշտ կկարոտենք քեզ։

    Հավերժ հիշատակ»,- գրել է Այծեմնիկ Գրիգորյանը։

  • Ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին. ՖԱՀՖ

    Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել։

    «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների ապօրինությունների թիրախում հայտնված ազգային բարերար, գործարար և արվեստի մեկենաս Գագիկ Ծառուկյանին, լիազորված է տեղեկացնել հետևյալի մասին․

    2025թ-ից ՖԱՀՖ-ը խոշոր կինոհարթակներում իրականացնում է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող և արդեն իսկ միջազգային մեծ հետաքրքրություն առաջացրած Հիսուս Քրիստոսի արձանի տեղեկատվական արշավը, որի հիմնական նպատակը միջազգային կինոխմբերին Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ տարածք ներկայացնելն է։

    Ծրագրի շրջանակներում, 2026թ-ի մայիսին Կաննում ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ, ՖԱՀՖ-ը մինչև տարեվերջ Հիսուս Քրիստոսի արձանի և Հայաստանի նկարահանման վայրերի շնորհանդեսներով ներկայանալու է մի շարք խոշոր ինդուստրիալ հարթակներում, որոնց թվում են Վենետիկի կինոփառատոնը, Վալյադոլիդի նկարահանման տարածքների շուկան, Տալլինի ինդուստրիալ հարթակը։ Այս օրերին մենք ստիպված ենք վերահաստատել մեր պայմանավորվածությունները, պատասխանելով հարթակների կազմակերպիչների մեզ հասցեագրվող՝ Հայաստանում իրավիճակի, Ֆեդերացիայի գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվող ապօրինությունների, Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հնարավոր ընդհատման վերաբերյալ մտահոգ նամակներին։

    ՖԱՀՖ-ը ահազանգում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ բռնաճնշումների շարունակությունը և Հիսուս Քրիստոսի արձանի աշխատանքների հնարավոր դադարը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի՝ որպես կինոարդյունաբերության համար գրավիչ երկրի, իմիջի վրա։ Մենք ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին, ինչը վտանգում է մեր ծրագրերը և անուղղելի վնաս է հասցնում միջազգային կինոխմբերին Հայաստան բերելու մեր տևական ջանքերին։

    ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները, հորդորում է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերին ենթարկվել համախմբվածության և փոխսատարման հրամայականին, կոչ է անում Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ՀՀ քաղաքացիներին՝ պասիվ հարմարվողականությամբ չնպաստել երկրում այլակարծության իսպառ վերացմանն ու բռնատիրության հաստատմանը»,- ասվում է հայտարարությունում։