Category: Newday.am

  • Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

    Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝  Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:

    «Խոր վշտով տեղեկացա Կատարի Պետության հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։

    Նորին վսեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության և միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային երկխոսության ու համագործակցության առաջմղման գործում հավերժ կմնա պատմության էջերում:

    Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հանգուցյալ էմիրի մեծ ավանդը նաև Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, ինչի մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կողմից հայր էմիրին շնորհված «Բարեկամության» շքանշանը:

    Այս ծանր պահին Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձերդ վսեմությանը, Կատարի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին, հանգուցյալ Էմիրի հարազատներին և մերձավորներին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»,-նշված է հեռագրում:

  • Բրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցը

    Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը, որի ընթացքում քննարկվում է Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքական բանտարկյալների իրավիճակը։

    Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ արդիական գնահատականը, ինչպես նաև ընդգծել Եվրոպական միության առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

    Միջոցառման համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն ապահովում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

    Համաժողովին մասնակցում է նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանի որդին։

  • Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ

    Ֆոնտենբլո կոմունայի մերձակայքում ավելի քան 2,000 հա տարածք ընդգրկած անտառային հրդեհի լիակատար վերացումը կարող է մի քանի շաբաթ տևել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հրշեջ-փրկարարական ծառայության ազգային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսիս Կոման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Առաջին գիշերը կրակը հաղթահարել է 400 մ, ուստի այժմ ընթանում է օջախների որոնում։ Գործընկերները կատարում են մանրակրկիտ աշխատանք, և մասամբ այդ պատճառով հրդեհի մարումը կարող է շարունակվել մի քանի շաբաթ», — հայտարարել է նա:

    Ինչպես նշում է հեռուստաալիքը, այժմ հրշեջներն օգտագործում են ջերմատեսիլներով անօդաչու սարքեր՝ այն հատվածները հայտնաբերելու համար, որտեղ շարունակվում է թխկացումը կամ այրումը։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հրդեհը տեղայնացված է, և կրակը այլևս չի տարածվում, գործողություններում ներգրավված են ավելի քան 800 հրշեջներ, ինչպես նաև 4 ինքնաթիռ և մի քանի ուղղաթիռ։

    Փարիզից մոտավորապես 70 կմ հարավ գտնվող Ֆոնտենբլո կոմունայի մերձակայքում խոշոր բնական հրդեհը սկսվել է հուլիսի 12-ին։ Մի քանի օրվա ընթացքում դրա տարածքը գերազանցել է 2,000 հա-ն, ինչը կազմում է այդ կոմունայի մոտ գտնվող անտառային զանգվածի ընդհանուր տարածքի գրեթե 10%-ը։

    Կրակի տարածմանը նպաստել են ուժեղ քամին և շոգ եղանակը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Նունյեսը, իշխանությունները կասկածում են, որ Ֆոնտենբլոյի շրջանում հրդեհը կարող էր տեղի ունենալ դիտավորյալ հրկիզման պատճառով, առայժմ ձերբակալվել են 18 և 20 տարեկան երկու կասկածյալներ։

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցում

    Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Քոչարյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

    Մասնավորապես` Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան — Գյուրջյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:

  • Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Փոքրիկ քայլ» երաժշտական փառատոնի հիմնադիր Արտյոմ Հարությունյանի և փառատոնի կազմակերպիչների հետ

    Այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Փոքրիկ քայլ» երաժշտական փառատոնի հիմնադիր Արտյոմ Հարությունյանի և փառատոնի կազմակերպիչների հետ։

    Համայնքի ղեկավարը ողջունեց այն փաստը, որ 2019 թվականից ի վեր «Փոքրիկ քայլ» երաժշտական փառատոնն անցկացվում է Վաղարշապատ համայնքում՝ ընդգծելով դրա կարևոր դերը մշակութային կյանքի ակտիվացման և երիտասարդ տաղանդների բացահայտման գործում։

    Ողջունելով մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Արգիշտի Մեխակյանը նրանց մաղթեց նորանոր հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ և միջազգային հարթակներում նոր նվաճումներ։

    Փառատոնի հիմնադիր Արտյոմ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս տարի «Փոքրիկ քայլ» երաժշտական փառատոնին մասնակցել է ավելի քան 1 500 մասնակից՝ Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից։ Փառատոնին ներկայացված են եղել ավելի քան 150 արվեստի և երաժշտական դպրոցներ։

  • Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում․ Առաքելյան

    Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

    «Ենթադրյալ չարաշահումները վերաբերում են բացառապես հարկերից խուսափելուն, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ բիզնես գործունեության փակման համար։ Հարկերից խուսափելու դեպքում, ընկերությունները պետք է վճարեն հարկերը՝ համաձայն օրենսդրության, իսկ համապատասխան աշխատակիցները կրեն օրենքով սահմանված պատիժ, եթե կատարել են հանցագործություն։

    Բիզնես գործունեությունը կարող է փակվել, եթե չունեն ոլորտային թույլտվություններ, կամ խախտումներ են արել, որոնք կարող են վնասել սպառողներին և այլն, բայց կրկին ու կրկին՝ ենթադրյալ հարկ չվճարելու համար բիզնես փակելը դասական խուլիգանություն է պետական կառույցների կողմից»,-գրել է  նա։

  • Պահանջում ենք վերաբացել գործարանը, պայքարելու ենք մինչև վերջ. ժողովուրդը քաղաքականությունից պետք է չտուժի. ակցիա՝ «Մուլտի Տաբակ»-ի դիմաց

    Պահանջում ենք վերաբացել գործարանը, պայքարելու ենք մինչև վերջ, ժողովուրդը քաղաքականությունից պետք է չտուժի: Այս մասին «Մուլտի տաբակ» գործարանի դիմաց բողոքի ակցիայի շրջանակներում ասել են գործարանի պարապուրդի մատնված աշխատակիցները:

    «Պահանջում ենք վերաբացել մեր գործարանը, մենք այստեղ աշխատել ենք, աշխատում ենք ու կաշխատենք, պաշտոն կամ ողորմություն չենք ուզում, ընդամենը ուզում ենք, որ գործարանը բացվի, ամբողջ ժողովուրդը այստեղից սնվում է, մարդիկ սոված-ծարավ պատերի տակ են մնացել:

    2001 թվականից ճանաչում եմ պարոն Ծառուկյանին, միայն այն գիտեմ, որ աշխատատեղեր է տեղծել, հիմա այդ մարդուն փակել են, քաղաքականություն են վարում, բայց մեր հետ այդ ամենը ոչ մի կապ չունի, ժողովուրդը դրանից չպետք է տուժի, մարդասպանին նույնիսկ այդպես չեն վերաբերվում, իսկ պարոն Ծառուկյանի հետ վերաբերվեցին: Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ մեր գործարանը աշխատի»,- նշեց աշխատակիցներից մեկը:

    Մյուս աշխատակիցն էլ հավելում է՝ շատ տհաճ երևույթ է, որ քաղաքականության պատճառով մարդու են ձերբակալում, ամենավերջին հանցագործին նույնիսկ այդ ձևով չէին ձերբակալի. «Պարոն Ծառուկյանը, եթե հանցագործ է եղել, թող 8 տարվա ընթացքում բռնեին, դատեին, չթողեին, որ մնաց դրսում, ոչ թե հենց ընտրությունների ժամանակ ընդդիմախոս լինելուց հետո դարձնեին հանցագործ»,- ասում է նա:

    Աշխատակիցները ընդծում են՝ պահանջում են, որ գործարանի կապարակնքված դռները բացվի, աշխատակիցներն էլ կարողանան իրենց ընտանիքների կարիքները հոգալ: Պահանջում են նաև Գագիկ Ծառուկյանին ազատ արձակել, շեշտում են՝ պետությունը պետք է ժողովրդին հասցրած հարկադիր պարապուրդի վնասը վարձատրի ու փոխհատուցի:

  • Ունի՞ արդյոք Խուստուփ մագլցող ձախողված ղեկավարը տուրբուլենտությանը դիմակայելու պատկերացում․ Զաքարյան

    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

    «ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ այսօրվանից վերսկսելու են Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Նշվել է, որ շրջափակման մեջ կպահեն դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի մուտքն ու ելքը։ Կապահովվի միայն այն նավերի անվտանգ նավարկությունը, որոնք չեն խախտի շրջափակման պահանջները (բնականաբար՝ փող, վճար)։

    Զուգահեռաբար, ըստ The New York Times-ի, նախագահ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին:

    ԱՄՆ նախագահի և ԶՈւ այս հայտարարություններից հետո, նավթի գներն աճել են 8%-ով:

    Իրանը ևս ունի դիմադրության ու շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների իր ծրագրերը: Արդեն իսկ օրինական թիրախներ են հայտարարվել այն երկրները, որոնք իր դեմ կհամագործակցեն ԱՄՆ-ի հետ: Թիրախավորված են հարակից երկրների ամերիկյան պատկանելիություն ունեցող օբյեկտները:

    Ֆրանսիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, 25 երկրների ղեկավարներ, «վճռականների կոալիցիայի» շրջանակներում հավաքվել և քննարկում են Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու, հետագա գործողություններին դիմակայելու, բալիստիկ և ռազմավարական ավելի հզոր հարվածներից պաշտպանվելու հարցերը:

    ՌԴ նախագահը խոստանում է մի քանի անգամ ավելի հզոր հարվածներ հասցնել Ուկրաինային:

    Տարածաշրջանային նոր սրացումներին զուգահեռ, Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու հավակնոտ ու ավելի կոշտ դիրքորոշումներով է հանդես եկել Ալիևը: Վերջինիս հայտարարությունների տողատակերից երևում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը նրան այդքան էլ հետաքրքիր չէ: Ադրբեջանն այլ կերպ է տեսնում զարգացումներն ու դրանում իր դերակատարումը:

    Ակնհայտորեն, տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում…

    Հ.Գ. Խուստուփի լանջերով աննպատակ մագլցող՝ ամբողջովին ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում»:

  • Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Կարապետյան

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը գրել է.

    Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է.

    Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:

    Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում՝ Միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում:

    Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը:

  • Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր

    Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի և «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։