Category: Newday.am

  • Կյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում

    Իռլանդացի «Օսկար»-ի դափնեկիր դերասանուհի Բրենդա Ֆրիքերը ով խաղացել էր «Տանը մենակ 2» ֆիլմում, մահացել է 81 տարեկան հասակում:

    Այս մասին հայտնում է RTÉ-ն, փոխանցում է «ՌԻԱ» Նովոստին:

  • Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան. փաստաբան

    Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբան Էմին Խաչատրյանը։

    Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։

    Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։

  • «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

    Ջերմուկի վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիթորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության և որևէ խախտումներ չեն հայտնաբերվել, այդ արձանագրությունը ուղարկվել է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

    «Ձուկ ձկնամթերքի հետ կապված ևս ձկնաբուծարաններից վերցվել են նմուշներ, որը գնացել է փորձաքննության, պատասխանները ներկայացրել ենք, տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդություններ չեն հայտնաբերվել։ Գյուղմթերքի հետ կապված՝ մեր լոլիկը վակցինացվում է և մենք ապացուցել ենք, որ կարանտին վնասատուն, որը շեշտվել էր գրության մեջ, վակցինացված է:

    Լաբորատոր արդյունքում ցույց է տվել հակամարմինը, այսինքն կա չափս, որը ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է, ինչ վերաբերվում է ելակին և մնացածին, հայտնաբերված թրիպս կար, ռուսական կողմն էլ եկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում ստուգում էր իրականացրել, 6-7 տնտեսություններից մի տնտեսությունում հայտնաբերվել էր: Այդ թրիփսը կենդանի միջատ է, որը թունաքիմիկատների միջոցով այսօր կա, վաղը կարող է չլինի»,- նշել է Պետրոսյանը:

  • Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ

    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակը տևական ժամանակ չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, անօգնական վիճակում գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2024 թվականի ապրիլ-մայիսն ընկած ժամանակահատվածում մանկապարտեզի ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ:

    Դաստիարակի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում

    Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, մահացել է 91 տարեկան հասակում: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Քրիս Ջենները՝ Քիմի մայրը:

    «Այսօր մենք հրաժեշտ տվեցինք իմ գեղեցիկ մայրիկին՝ MJ-ին: Նա մեզ սովորեցրեց, որ ընտանիքն ամեն ինչ է։ Նա ցույց տվեց մեզ, թե ինչպես անվերապահորեն սիրել և ինչպես ուրախություն գտնել փոքր պահերի մեջ։ Նա ինձ ցույց տվեց, թե ինչպես դիմակայել կյանքի մարտահրավերներին տոկունությամբ և հավատքով», — գրել է Ջենները։

    Տասնամյակների ընթացքում շոուում հայտնվելու ողջ ընթացքում MJ-ը ձեռք է բերել սեփական երկրպագուների բազան՝ իր սրամիտ արտահայտություններով և իմաստուն խորհուրդներով։ Նա կատակում էր իր ընտանիքի շքեղ կենսակերպի մասին և խոսում էր քաղցկեղը երկու անգամ հաղթահարելու մասին՝ մի բան, որի համար ընտանիքը հիանում էր նրանով։

    Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ նվիրված իր տատիկին՝ նրան նկարագրելով որպես իր լավագույն ընկերուհի, իր բամբասանքների ընկերուհի, իր հավերժ երկվորյակ։

    «Դու մեզ բոլորիս սովորեցրիր ընտանիքի կարևորությունը, և այդ արժեքները այնպիսին են, որոնք մենք հավերժ մեզ հետ կկրենք: Դու այն կինն էիր, ով ինձ ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել աշխատասեր գործարար», — գրել է Քիմը։

    Նա հավելել է, որ MJ-ն իրեն տվել է իր առաջին աշխատանքը Սան Դիեգոյի իր մանրածախ խանութում և սովորեցրել է աշխատասիրության, ուժի և ինքնավստահության մասին դասեր, որոնք նա կրում է իր հետ այդ ժամանակից ի վեր։

  • Մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ. դուք ո՞վ եք

    ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտնել է, որ վերցնում է պատգամավորական մանդատը։

    «Խաղաղվեք. հարցը փակված է։

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

    Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»,-գրել է Աղվան Վարդանյանը։

  • Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ և 38 իրավաբանական անձանցում մասնակցություն

    Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ և 38 իրավաբանական անձանցում մասնակցություն

  • Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան

    Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնությամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը: Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

    «ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՊԼԱՆ B»-Ն՝ «ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

    Այս հոդվածը վերջինն է մի ցիկլում, որը պայմանականորեն կարող ենք կոչել «Հին Հունական» և որի նպատակն է՝ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը, որ «խառը խփոցի» է հիշեցնում, վերլուծել հին հույների կողմից ստեղծված և դասական դարձած գիտելիքների և մոտեցումների հիման վրա:

    Նախորդ հոդվածներում մենք պարզեցինք, որ ՝

    1. Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպից է: Նա սոփեստ է:

    2. Սոփեստների և սոփեստության դեմ պայքարը պահանջում է հստակ մեթոդաբանություն և գործիքակազմ, որ պետք է կիրառել կանոնավոր և հետևողական կերպով: (Սա հատկապես կարևոր է մանդատները վերցնող ընդդիմության համար):

    3. Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն. այն փոխարինվել է բռնությամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է: Սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը:

    Այսօրվա հոդվածում ես, նայելով քաղաքականությանը Հին Աթենքի Պարթենոնի բարձունքից, ցանկանում եմ վերլուծել հասարակության վիճակը:

    Հասարակության դերակատարությունն իրականում որոշիչ է ցանկացած դեպքում. երբ ժողովրդավարական մեխանիզմներով կայացնում է ճիշտ որոշում, երբ նույն մեխանիզմներով կայացնում է սխալ որոշում, բախվում հետևանքների և հետո շտկում սեփական սխալը, և, ի վերջո, երբ հանդուրժում է և համաձայնում ապրել ավտորիտար համակարգում:

    Այն, որ հենց հասարակությունն է Փաշինյանի սոփեստական ագրեսիայի հիմնական թիրախը, տեսանելի էր 2018-ից և դրսևորվում էր ոչ միայն կեղծ, մանիպուլյատիվ խոսույթով, այլև պառակտմամբ և բաժանարար գծերի ստեղծումով: Սակայն սա սովորական պառակտում չէր, որ սովորական էր Հայաստանի քաղաքական կյանքում դեռևս 90-ականների սկզբից: Քաղաքական ցիկլերին համահունչ բևեռացում եղել է 95-96թթ., 98-99թթ., 2003-ին, 2008-ին, 2013-ին:

    Սակայն փաշինյանական պառակտումը սովորական, հերթականը չէր: Ի տարբերություն նախորդած դեպքերի՝ սա ոչ միայն և ոչ այնքան քաղաքական բնույթ ուներ, որքան ֆունդամենտալ, արժեհամակարգային և այդքանով՝ կործանարար և անդառնալի:

    Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անգամ հաշվի առնելով նրանց կեղծված բնույթը և վարչական ռեսուրսի չարաշահումները, ապացուցում է հենց սա. Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն», երբ միևնույն սոցիումի ներսում դավանվում են տրամագծորեն հակառակ արժեհամակարգեր և տեսլականներ:

    Սա փաշինյանական սոցիալական փորձարկումների միակ վտանգավոր արդյունքը չէ: Նա կիրառում է նաև «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը, և սա բացատրելի է: Նունիսկ իր նման «կրքոտ» և հմուտ հռետորը չի կարող կարճ ժամանակահատվածում փոխել երկար տարիներ հասարակության ներսում եփվող, գնահատվող, առաջնորդող արժեհամակարգը:

    Կարճ ասած՝ հնարավոր չէ «պատմական Հայաստանի» կոդերը միանգամից և բոլորի մոտ փոխել «իրական Հայաստանի» կոդերի: Անխուսափելիորեն առաջանում են միջանկյալ, տրանզիտային շերտեր, որոնք խոշոր հաշվով կրկին ծառայում են իշխանական նպատակներին: Եվ այդ շերտերը՝ «պատմական և իրական» Հայաստանների արանքում, ես առաջարկում եմ կոչել «անտարբեր Հայաստան»:

    Ավելին, ըստ դասական, հինհունական մոտեցման՝ հենց այստեղ է թաղված շան գլուխը: Դասական ազատությունը պետք է կենտրոնացված լինի ոչ թե անձի ցանկությունների, նախասիրությունների վրա, այլ հասարակության բարիքների և հոգսերի: Ուստի անտարբեր մարդն ազատ լինել չի կարող: Կյանքը միայն սեփական անձի կարիքների վրա կենտրոնացրած մարդը ոչ թե ազատ է, այլ «ազատության պատրանքի» սպառող:

    Ահա թե ինչու է իշխանական ռեժիմը քարոզչական դրոշակ դարձրել «կեր, խմի, քեֆ արա շարունակ» սկզբունքը և միլիոնավոր դոլարներ է ծախսում տարաբնույթ համերգների, շոուների և փառատոների վրա: Եթե չի ստացվում բոլորին ու միանգամից «իրական Հայաստանի» կոնցեպտի մեջ, թող նրանք դեռ եփվեն «անտարբեր Հայաստանի» կաթսայում:

    Հին հույներն այսօրվա այդպիսի «ազատության» համար նույնիսկ հստակ եզրույթ ունեն՝ իդիոկրատիա (idios- մարդ, ով առաջնորդվում է միայն սեփական հետաքրքրքրություններով և անտարբեր է հանրային կյանքի նկատմամբ): Այս լույսի ներքո դժվար չէ նաև եզրահանգել, որ Փաշինյանի ավտոկրատիան կհաջողի միայն հասարակության իդիոկրատիայի դեպքում»,- նշել է նա:

  • Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան

    Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները, պատերազմի վետերանները և մեկնաբանները բացահայտորեն կապեցին հանդիպումը չլուծված ինքնիշխանության հարցի հետ։   Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

    «Սակայն հաճախ անտեսվում է այն փաստը, որ Արգենտինայի պահանջը միայն քաղաքական չէ․ այն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ։ 1994 թվականից Արգենտինայի Սահմանադրությունը Մալվինասի վերադարձը սահմանում է որպես մշտական ազգային նպատակ՝ միաժամանակ հստակ պարտավորեցնելով երկիրը այդ նպատակին հասնել բացառապես խաղաղ միջոցներով, դիվանագիտությամբ և միջազգային իրավունքի շրջանակում։

    Սա կարևոր հարց է առաջացնում Հայաստանի համար։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հղումները՝ դա ներկայացնելով որպես խաղաղության նախապայման։ Բայց եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը՝ միաժամանակ հավատարիմ մնալով խաղաղ և դիվանագիտական ճանապարհին, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից։ Սահմանադրական ձգտումը, երբ այն հետապնդվում է երկխոսության և միջազգային իրավունքի միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ, խաղաղության խոչընդոտ չէ․ այն ազգային քաղաքականության օրինական արտահայտություն է։

    Իրական չափանիշը ոչ թե այն է, թե պետությունը պահպանո՞ւմ է սահմանադրական պահանջ, այլ այն, թե ինչ միջոցներով է այն հետապնդում։ Խաղաղությունն ամրապնդվում է այն ժամանակ, երբ պետությունները հանձնառու են դիվանագիտությանը, միջազգային իրավունքի հարգմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, ոչ թե երբ նրանց ստիպում են ջնջել սեփական պատմությունը կամ հրաժարվել իրենց սահմանադրական սկզբունքներից»,-գրել է նա:

  • Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

    Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

    «Շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, կառուցված է խախտումներով, կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրն ու շենքը ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»,- ասել է նա։

    Ավինյանը նշել է, որ առաջիկայում այս մասին հայտարարությամբ հանդես կգան։

    «Այնտեղ մարզվողների իրավունքները պետք է պաշտպանվեն, կարծում եմ՝ շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասել է Ավինյանը։