Category: MegaNews

  • Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ ՆԳՆ

    Հուլիսի 20-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

    Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի և Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի, ինչպես նաև Ոստիկանության գվարդիայի Կոտայքի և Հրազդանի պետական պահպանության բաժինների ղեկավարները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

    2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից գրանցվել է հանցագործության 240 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 տոկոսով պակաս։

    Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները: Աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված սպանության և սպանության փորձի բոլոր դեպքերը բացահայտվել են։

    Օպերատիվ միջոցառումների արդյունքում մարզի քրեական ոստիկանները բացահայտել են նաև սպանության նախապատրաստության մեկ դեպք։

    Հայտնաբերվել է դատական ակտերով սահմանված այլընտրանքային պատիժների չկատարման 3 դեպք։ Դրանց առնչությամբ ներկայացվել են հաղորդումներ, Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել՝ քրեական վարույթներ։

    Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

    Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 363 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19 տոկոսով ավելի։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 87,1 տոկոս։ Միաժամանակ ավելացել են զենք-զինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։

    Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 20,1 տոկոսով պակաս հանցագործության դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում։ 437 դեպքից բացահայտվել է 362-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 82,8 տոկոս։ 65,2 տոկոսով նվազել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

    Առաջին կիսամյակի արդյունքներով՝ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 162 դեպք, ինչը 19,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման արդյունավետությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 93,2 տոկոս։

    Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 258 դեպք, ինչը 16,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 73, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 77,8 տոկոսով։ Բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է՝ կազմելով 90,3 տոկոս՝ նախորդ տարվա 66,7 տոկոսի դիմաց։

    Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արձանագրված հանցագործության դեպքերը 8,7 տոկոսով պակասել են։ 157 դեպքից բացահայտվել է 139-ը։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացել է կազմելով 88,5 տոկոս՝ նախորդ տարվա 76,2 տոկոսի դիմաց։ Նվազումը հիմնականում պայմանավորված է մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։

    Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 153 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 56139 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 5896-ով ավելի։ Ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, նվազել դրանց հետևանքով զոհերը։

    Ոստիկանության գվարդիայի պահպանության Կոտայքի և Հրազդանի բաժիններում իրականացվել են պահպանվող օբյեկտների անվտանգության պատշաճ ապահովման աշխատանքներ։ Գվարդիայի ծառայողները բացահայտել են մի շարք հանցագործություններ, իսկ շրջիկ ծառայության ընթացքում իրականացրել՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման միջոցառումներ։

    Անդրադառնալով ներկայացված արդյունքներին՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզային ստորաբաժանումների ծառայողներին կատարած աշխատանքի համար և անդրադարձել բացթողումներին։ Ընդգծվել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ցուցանիշների հետագա բարելավման ուղղությամբ առավել թիրախային և հետևողական մոտեցումների ակտիվացումը։

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ՝ կանխելով քրեական տարրերի ազդեցությունն ու տարածումը։ Կարևորելով հատկապես գիշերային ժամերին բակային տարածքներում խմբերով հավաքվելու ուղղությամբ կանխարգելիչ և օպերատիվ աշխատանքը՝ ՆԳ նախարարը հանձնարարել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել շրջիկ և ուժեղացված ծառայություններ՝ հատկապես այն հատվածներում, որտեղ առկա են հանցավորության կամ քրեածին միջավայրի ձևավորման ռիսկեր։

    Նախարար Սարգսյանն ընդգծել է նաև օպերատիվ տեղեկությունների պարբերական թարմացման և դրանց որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև կադրային համալրման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

    Նախարարը խիստ հանձնարարել է տարածքներում ապահովել թիրախային և կանխարգելիչ աշխատանք՝ յուրաքանչյուր համայնքի ու բնակավայրի առանձնահատկություններին համապատասխան, արագ արձագանքել առկա խնդիրներին և հետևողականորեն իրականացնել միջոցառումներ, որոնք կկանխեն իրավախախտումները՝ բարձրացնելով քաղաքացիների անվտանգության մակարդակը։

    Որպես իրականացված օպերատիվ աշխատանքի շոշափելի արդյունք՝ նախարարն առանձնացրել է սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումը, ինչպես նաև բազմաթիվ խուզարկությունների արդյունքում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Արփինե Սարգսյանը հրահանգել է նշված ուղղությամբ էլ ավելի ակտիվացնել հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները։

    Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է բացահայտել և մշտադիտարկել իրացման ու օգտագործման հնարավոր վայրերը, կանխարգելել և նվազագույնի հասցնել համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերը։

    Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ դրանց կանխարգելման շղթան պետք է սկսվի վաղ հայտնաբերումից և շարունակվի մինչև յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտում։ Հանձնարարվել է ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։

    Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր նման դեպքի անհրաժեշտ է արձագանքել անհապաղ և համակողմանիորեն՝ ապահովելով նաև ուսումնական հաստատությունների հետ ակտիվ համագործակցությունը։

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է քաղաքային հատվածներում առավել հետևողականորեն վերահսկել կվադրոցիկլների շահագործումը՝ բացառելու դրանց անօրինական օգտագործումն ու չթույլատրված հատվածներում երթևեկությունը՝ ապահովելով պատշաճ հանրային անվտանգություն։

    Նախարարը հետաքրքրվել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության և իրականացված փոփոխությունների արդյունքներով՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ահազանգի դեպքում գործել «Մեկ զանգ, արագ արձագանք» տրամաբանությամբ՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից և որակյալ սպասարկումը։

    Ամփոփելով՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է երկրորդ կիսամյակի ընթացքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ուղղություններով առավել հասցեական պլանավորել անելիքներն, ինչը թույլ կտա արձանագրել դրական ցուցանիշների շարունակական աճ։

  • Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել

    Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։

    Որոշման համաձայն՝ Ազգային ժողովի տարածքի և շենքի պահպանությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։

    ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարվել է սահմանված կարգով նոր կանոնների մասին ծանուցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։

    Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել Ազգային ժողովի նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի համապատասխան որոշումը, որով մինչ այժմ կարգավորվում էին խորհրդարանի տարածքում և շենքում անվտանգության հետ կապված հարցերը։ Այսպիսով, ընդունված որոշմամբ հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն հատուկ առանձնացված տեղերում։

    Այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությունը։

    Ավելին, հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու համար լրագրողների ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Իսկ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողներին ընդհանրապես արգելվում է որևէ մասնագիտական գործունեություն ծավալել։ «Պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանց արգելվում է անհարկի միջամտել կամ այլ կերպ խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, վիրավորական արտահայտություններ անել, չկատարել Պահպանության ծառայության ծառայողի՝ օրենքից և սույն կանոններից բխող պահանջները, կատարել սույն կանոններով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»,-նշվում է որոշման մեջ:

    Ի թիվս այլնի, արգելվում է ներս բերել ալկոհոլային խմիչք (բացառությամբ հատուկ դեպքերի)։ Արգելվում է մուտք գործել մեծածավալ առարկաներով, այդ թվում՝ պարկերով, ճամպրուկներով և մեծ պայուսակներով (բացառությամբ համակարգչային պայուսակների և թղթապանակների)։

    Արգելված են նաև քիմիական, պայթուցիկ ու դյուրավառ նյութերը։ Կանոններում նշվում է, որ այցելուները պետք է ունենան «պատշաճ արտաքին տեսք»։ Մասնավորապես, արգելվում է մուտք գործել մարզական կամ հատուկ աշխատանքային հագուստով, ինչպես նաև «ոչ պատշաճ, ոչ ներկայացուցչական հագուստով»։

    Կանոններն ունեն նաև բացառություններ․ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների անցակետերով առանց ստուգման (անարգել) մուտքի և ելքի իրավունք ունեն՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ուղեկցող անձինք։

    Տրանսպորտային միջոցների դեպքում նույնպես նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ավտոմեքենաներն անցնում են առանց զննության։ Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։

    Իսկ ԱԺ նիստերի դահլիճի օթյակներում գտնվողներին արգելվում է օգտագործել ֆոտո, կինո և տեսատեխնիկա, հեռախոսակապ կամ ռադիոկապ։

    Աշխատանքային օրերին ԱԺ աշխատակիցների համար մուտքն ու ելքը թույլատրվում է ժամը 08:00-ից մինչև 22:00-ն։

    Լրագրողների համար սահմանված է 08:00-19:00-ն, սակայն եթե ԱԺ նիստերը շարունակվում են, նրանք կարող են մնալ մինչև նիստի ավարտը։

    Աշխատանքային օրվա վերջում յուրաքանչյուր աշխատող պարտավոր է անջատել էլեկտրասարքերը, փակել պատուհանները և կողպել սենյակի դուռը։ Կանոններն ամբողջությամբ՝ այստեղ։

    Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահ է դառնալու Ռուբեն Ռուբինյանը։

    Ռուբինյանը, փաստորեն, չի սպասել 9-րդ գումարման խորհրդարանում ԱԺ նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնելուն և նոր որոշումը ստորագրել է՝ օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ մինչև նոր ԱԺ-ի առաջին նիստը արձակուրդում գտնվելու փաստից։

  • Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում սկսել է հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։

    «Զելենսկու հետ հանդիպումը սկսվել է ժամը 9:47-ին (տեղական ժամանակով)», – հայտնել են ԱՄՆ առաջնորդի շուրջ գտնվող պաշտոնյաները։

  • Տիգրան Արզաքանցյանին տուգանել են 600 000 դրամով. Factor.am

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին, գրել է Factor.am-ը։

    Քաղաքական գործիչը պարբերաբար անտեսել է օրենքով սահմանված հայտարարագրերը ներկայացնելու պահանջը, ինչի արդյունքում ընդհանուր տուգանքի չափը կազմել է 600,000 ՀՀ դրամ: Նա չի ներկայացրել 2023 թվականին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը, ինչպես նաև 2023-ի և 2024-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։

    Յուրաքանչյուր խախտման համար հանձնաժողովը սահմանել է առավելագույն տուգանք՝ 200,000-ական դրամ։

    Պարզվում է, որ Արզաքանցյանին պատշաճ ծանուցելու համար ԿԿՀ-ն դիմել է նաև ոչ ստանդարտ մեթոդների։ Հուլիսի 8-ին հանձնաժողովը Տիգրան Արզաքանցյանի անձնական բջջային հեռախոսահամարին WhatsApp հավելվածի միջոցով ուղարկել է ձայնային հաղորդագրություն, սակայն Արզաքանցյանը որևէ կերպ չի արձագանքել և պարզաբանումներ չի ներկայացրել: Մինչ այդ, ծանուցումներ են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով և պատվիրված նամակով, որը նա ստացել էր դեռևս 2026թ. մայիսի 18-ին։ Տիգրան Արզաքանցյանը մինչև գործերի քննության օրը՝ հուլիսի 15-ը, այդպես էլ չի ներկայացրել պահանջվող հայտարարագրերը:

    Որոշումներն ուժի մեջ են մտնում Արզաքանցյանին հանձնվելու հաջորդ օրվանից, սակայն դրանք դեռ կարող են բողոքարկվել դատական կարգով։

  • Արայիկ Հարությունյանը հրաժեշտ է տվել թիմին, Փաշինյանի հետ դեռ չի հանդիպել

    ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գնացել է կառավարություն, հրաժեշտ է տվել իր թիմին:

    Ըստ լրատվամիջոցի՝ կառավարությունում լարված մթնոլորտ է, Արայիկ Հարությունյանի թիմակիցները ևս տեղյակ չեն, թե ինչ անեն` ազատման դիմումներ ներկայացնեն, թե սպասեն:

    Արայիկ Հարությունյանը դեռ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Փաշինյանն արձակուրդում է: Ի դեպ, կառավարությունում արդեն հայտնի է, որ Լիլիթ Մակունցը կնշանակվի Հարությունյանի փոխարեն։

     

  • Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ

    Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com–ը։

    ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ տղամարդը ձեռքով հպվել է անչափահասի սեռական օրգանին, իսկ երբ երեխան փորձել է դիմադրել, վերջինս ձեռքով սեղմել է երեխայի մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

    Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

  • Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

    Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել էմանրածախ բանկինգի ոլորտում…
  • Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան

    Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է իրանական «Թունել Սադ Արիանա»…
  • Meganews-ի թիմն անցնում է պլանային արձակուրդի. մենք կապի մեջ ենք արտակարգ իրավիճակներում

    Հարգելի՛ ընթերցողներ

    Այսօրվանից՝ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 10-ը, Meganews-ի ստեղծագործական և տեխնիկական թիմը մեկնում է տարեկան պլանային արձակուրդի՝ նոր ուժերով, թարմ նախագծերով ու էքսքլուզիվ բովանդակությամբ աշխանային ռիթմին վերադառնալու նպատակով։

    Այս ընթացքում մեր խմբագրությունը կաշխատի հատուկ ռեժիմով. լրահոսը կթարմացվի միայն արտակարգ և հույժ կարևոր իրադարձությունների դեպքում՝ Ձեզ անհապաղ և հավաստի տեղեկատվություն փոխանցելու համար։

    Հետևե՛ք մեր էջին, մնացե՛ք Meganews-ի տիրույթում, առջևում հետաքրքիր ու բովանդակալից աշուն է սպասվում։

     

  • Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը դատախազը դադարեցրել է․ պաշտպան

    Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը դատախազը դադարեցրել է․ պաշտպան