Category: MegaNews

  • Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի կալանավորումից և նրա առանձնատանը շուրջ 13 ժամ տևած խուզարկությունից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեցին ոչ միայն քրեական գործի մանրամասները, այլև այն կենդանիները, որոնք պահվում էին նրա առանձնատանը։

    ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։

    «Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս։ Գ. Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

    Երեկ վաղ առավոտից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Երևանի քաղաքային իշխանություններից ստանալ թույլտվություն՝ այցելելու Երևանի կենդանաբանական այգի և նկարահանում իրականացնելու՝ պարզելու, թե որտեղ և ինչ պայմաններում են պահվում Ծառուկյանի կենդանիները, ինչ վիճակում են գտնվում, արդյոք արդեն դուրս են եկել քնեցումից և ինչպես է ընթանում նրանց խնամքը։

    Սակայն Երևանի քաղաքապետարանը համառորեն հրաժարվեց որևէ կերպ ընդառաջել մեր խնդրանքին և հնարավորություն տալ հանրությանը ներկայացնելու կենդանիների պահման պայմանները։

    Սկզբում մեզ տեղեկացրին, որ կենդանիները գտնվում են կարանտինային պայմաններում, և նրանց հետ որևէ տեսակի հանդիպում արգելված է։ Երբ պարզաբանեցինք, որ կարանտինային ռեժիմը վերաբերում է կենդանիների միջև հնարավոր շփումներին, մինչդեռ մենք ընդամենը ցանկանում էինք հեռվից տեսանկարահանել նրանց պահման պայմանները՝ առանց որևէ շփման առյուծների հետ, քաղաքապետարանից ներկայացվեց միանգամայն այլ հիմնավորում։ Այս անգամ հայտարարվեց, որ շարունակվում են քննչական գործողությունները, և այդ պատճառով իրենք չեն կարող կազմակերպել նկարահանում կամ թույլատրել լրատվամիջոցների մուտքը։

    Ի՞նչ էր թաքցնում քաղաքապետարանը

    Ինչ կապ ունեն կենդանաբանական այգում պահվող առյուծները քննության ընթացքի հետ, այդպես էլ անհասկանալի մնաց։

    Օրվա երկրորդ կեսին արդեն հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևանի կենդանաբանական այգու հոգածությանը հանձնված էգ առյուծներից մեկի հետ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

    Դրանից հետո Քննչական կոմիտեն շտապեց հայտարարել, թե նշանակվել են համապատասխան ստուգումներ՝ պարզելու, թե ինչու կենդանին չի արթնացել քնեցումից հետո։ Այսինքն՝ կոմիտեն շտապեց կենդանու ենթադրյալ մահվան պատասխանատվությունից իրեն հեռու պահել։

    Սակայն այստեղ հարցը միայն մեկ կենդանու ճակատագիրը չէ։ Առաջանում է պատասխանատվության, իսկ գուցե նաև կոլեկտիվ անպատասխանատվության հարց։ Ո՞վ է պատասխանատու կենդանիների քնեցման, տեղափոխման, պահպանության և դրանց ընթացքում տեղի ունեցած հետևանքների համար։ Ի՞նչ էին արել այդ կենդանիները, որոնք հայտնվել էին այս ամբողջ գործընթացի կենտրոնում և, անկախ իրենցից, դարձել պետական գործողությունների զոհ։

    Հենց այս հարցերի պատասխաններն էին ցանկանում ստանալ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները՝ սեփական աչքով տեսնելով կենդանիների պահման պայմանները և դրանք ներկայացնելով հանրությանը։ Սակայն այդ հնարավորությունը մեզ չտրամադրվեց։

    Այս իրավիճակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երևանի կենդանաբանական այգին ևս չի կարող խուսափել հանրային հարցերից և պատասխանատվությունից, քանի որ կենդանիների պահպանությունն արդեն իրականացվում է իր պատասխանատվության ներքո։ Ուստի թե՛ քաղաքապետարանը, թե՛ գործընթացում ներգրավված մյուս պետական մարմինները պարտավոր են ապահովել առավելագույն թափանցիկություն և սպառիչ պատասխաններ տալ հանրությանը հուզող բոլոր հարցերին։

    Ի վերջո, Ծառուկյանի առյուծների մեղքն ո՞րն էր, որ նրանցից մեկը սատկեց։

    Այս պատմության մեջ ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի պահվածքը թերևս ամենաուշագրավն էր։ Նա, որ կրում է առյուծի անկման համար քաղաքական պատասխանատվություն, համացանցում գրել էր.

    «Ծառուկյանի կողմից սպանված բազմաթիվ կենդանիների մորթիները, որ շարված են նրա տան պատերին, դա ոչ մեկին չէր հուզում, հիմա ասում են՝ թե իրա մոտից տարաք, դրա համար անկեց առյուծը, ինքը շատ կենդանասեր էր, քաղաքապետարանն էլ «բարբարոս ա»։ Բոլոր ընդդիմադիրները հիմա կդառնան «կենդանասեր»։

    Առյուծի անկման պատճառը պայմանավորված է մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։ Կենդանու օրգան-համակարգերը եղել են ախտահարված՝ փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում՝ խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում՝ ազատ հեղուկ, ինչը պատճառ է դարձել, որ քնեցումից չի արթնացել»։

    Մինչդեռ առյուծի խնամակալը հայտարարել է, որ կենդանին առողջ է եղել, 12 տարեկան, ինչը մեծ տարիք չէ։ Նրա խոսքով՝ առավոտյան կենդանին սոված է եղել, և աշխատակիցներին զգուշացվել է, որ սոված կենդանուն չի կարելի քնեցնել ու ներարկում կատարել։ Սակայն, ըստ նրա, զգուշացումը հաշվի չի առնվել, և կենդանուն ներարկել են։

    Բացի այդ, Գալջյանը, թերևս, պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ Ծառուկյանի տան կադրերում երևացող խրտվիլակների զգալի մասը Հայաստանում չի հանդիպում և մեր պայմաններում չի բնակվում, իսկ որոշ կենդանիների ոչնչացման համար պետությունն անգամ փոխհատուցում է տրամադրում որսորդներին։ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, տասնյակ տարիներ անդամակցել է որսորդների միությանը։

    Միաժամանակ հիշեցնենք, որ, ըստ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի երեկվա հայտարարության, ապօրինի որսի վերաբերյալ մեղադրանք նրան ներկայացված չէ։ Նա նաև հայտնել է, որ հարկերից խուսափելու մասով քրեական վարույթը կարճվել է։ Պաշտպանության կողմի ներկայացմամբ՝ այս պահին մնացել են երկու մեղադրանք՝ փողերի լվացման և խարդախության օժանդակության վերաբերյալ»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70 ամյա Ծառուկյանի տապալման կադրերը. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական գործընթացը շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների առանցքում։ Ուշադրության են արժանի ոչ միայն առաջադրված մեղադրանքները, այլև ամբողջ գործընթացի կազմակերպման, իրավական տրամաբանության ու ցուցադրական բաղադրիչը։ Երեկ հենց Ծառուկյանը կալանավորվեց, իսկ րոպեներ անց ՔԿ-ն տարածեց տեսանյութը։

    Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը «պետք է նստի», գործնական փուլ մտան նաև իրավապահների գործողությունները։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը սկսեց լայնածավալ գործողություններ, որոնք ուղեկցվեցին շուրջ 13 ժամ տևած խուզարկությամբ։

    Դրանից հետո Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ գործող խումբը 2022-2024 թվականներին, առերևույթ, իրականացրել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Ըստ ՔԿ-ի՝ խոսքը վերաբերում է Իրանից Հայաստան ներմուծված 52 միավոր տրանսպորտային միջոցների, տեխնիկայի, վառելիքի և այլ ապրանքների, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար կամ ավելի քան 8 միլիարդ դրամ։ Քննչական կոմիտեն պնդում է, որ ներմուծման փաստաթղթերը կեղծվել են, գույքը հափշտակվել, իսկ հետագայում՝ օրինականացվել։ Նույն հաղորդագրությամբ հայտարարվեց նաև, որ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, իսկ ավելի քան 70 հասցեներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ և տրանսպորտային միջոցներ։

    Սրան զուգահեռ Քննչական կոմիտեն հրապարակեց նաև մեկ այլ հաղորդագրություն, ըստ որի՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող ապօրինի որսի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։ ՔԿ-ն նաև հայտարարեց, որ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս, իսկ մնացած կենդանիների առգրավումը նախատեսվում է հաջորդող օրերին։

    Սակայն այստեղ սկսվում են այն հարցերը, որոնք իրավական տեսանկյունից վիճահարույց են։

    Եթե իրավապահները շուրջ 13 ժամ շարունակ գտնվել են առանձնատանը, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ ձերբակալության պահին 70-ամյա, անզեն և որևէ դիմադրություն չցուցաբերող Գագիկ Ծառուկյանին գետնին տապալել։ Եթե անձն այդ ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների վերահսկողության ներքո, ո՞րն էր նման ուժի կիրառման անհրաժեշտությունը։ Փաշինյանի սիրտը հովացնելու համա՞ր էր դա։

    Կադրերում նկատելի է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք. Ծառուկյանի ձեռքերը փաստացի ձեռնաշղթայված չեն, քանի որ ձեռնաշղթաները նրա ձեռքերի համար չէին, փոքր էին։ Եթե իրավապահները գնում էին հաղթանդամ գործարարին տապալելու, ինչո՞ւ չէին պատրաստել նաև նրա չափի ձեռնաշղթաներ։ Սա անկազմակերպ, թափթփված աշխատանքի արդյունք էր։

    Հարցեր են ծագում նաև կենդանիների և հատկապես խրտվիլակների առգրավման մասով։ Եթե քրեական վարույթի շրջանակում բավարար հիմքեր չկային ապօրինի որսի մասով, ապա իրավապահներն ինչո՞ւ էին որպես իրեղեն ապացույց առգրավում նաև այդ ծավալի խրտվիլակները։ Կենդանիների խրտվիլակները, որոնք Հայաստանում չեն ապրում, ի՞նչ կապ ունեն ներկայացված մեղադրանքների հետ։

    Միաժամանակ այս ամբողջ գործընթացն արդեն ողբերգական հետևանք է ունեցել նաև կենդանիների համար։ Առգրավված առյուծներն ու վագրը թեև տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, սակայն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ քնեցված կենդանիներից մեկը չի արթնացել։ Դրանից հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նշանակվել են համապատասխան ստուգումներ՝ պարզելու կենդանու մահվան պատճառները։ Պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում կենդանին էլ չկա։

    Գործընթացի իրավական կողմի մասին Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացահայտումները, թերևս, սպասելի էին։ Նրա խոսքով՝ սկզբնական փուլում ներկայացված չորս մեղադրանքներից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մասով, արդեն իսկ կարճվել է։ Պաշտպանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ապօրինի որսի մեղադրանք նույնպես չկա, իսկ մնացած երկու մեղադրանքները պաշտպանության կողմը համարում է անհիմն և վիճարկելու է օրենքով սահմանված կարգով։

    Ստացվում է, որ դիմակավորված շոուն Արթուր Պողոսյանը բեմադրեց իր պաշտոնը պահպանելու և հնարավոր վերանշանակումն ապահովելու համար, սակայն իրավական հիմնավորումները թերի են։ Չորս վարույթներից երկուսը երկու օրում ոչնչացան, իսկ մնացած երկուսն էլ, ըստ այս գնահատականի, կկոտրվեն քննության փուլում, քանի որ վերաբերում են 2022-2024 թվականների դեպքերին։ Բայց այս փուլում Ծառուկյանի տապալումն ու առյուծազրկումը կազմակերպվել են Արթուր Պողոսյանի կողմից, քանի որ նոր կառավարության շրջանակներում երերում է նաև նրա աթոռը, և նա հավատարմության նոր նշաձող սահմանեց։ Ոչինչ, որ այս ամենի արդյունքում անմեղ կենդանին սատկեց, և այդ մահվան պատասխանատվությունը, ըստ այս պնդման, առաջին հերթին կրում է հենց Արթուր Պողոսյանը, ապա՝ քաղաքային իշխանությունը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • «Ասում է՝ ինչո՞ւ ստեղծեմ, ԱԱԾ-ին կհանձնարարեմ կուլակաթափ կանի, ամեն ինչ կունենամ»․ Սոֆյա Հովսեփյան

    ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում է. «ինչո՞ւ չարչարվեմ, ստեղծեմ, էն է ԱԱԾ-ին կհանձնարարեմ կուլակաթափ կանի, ու ես ամեն ինչ կունենամ»: 

    Փաստորեն Սաշիկի 50-50-ը էլ մոդա չի, արդեն 100% զավթում ենք, ու կեցցե նիկոլը:

    Չէ, բայց հետաքրքիրն էն է, որ շատերն ուրախության մեջ են` մի ծափ ու ծիծաղ, մի քննադատություն, մի լպիրշություն, խի՞ պտի ունենա, խի՞ պտի պահի և այլն:

    Իսկ ինչո՞ւ չպիտի ունենա և կամ իմ կյանքում ի՞նչ բացասական դեր էր կատարում իր ունենալը: 

    ՈՉ մի: 

    Ասում են «գազանանոցում կենդանիներն ինչ օրի են, իսկ իր կենդանիները … բլա՜-բլա՜- բլա՜»։ Է հա՜, մարդը խնամում էր, հո պետության նման չի՞ վերաբերվում, ոսկորներն ու կաշիներն են մնացել սովագար, կեղտոտ կենդանիներից: Հիմա սրանք էլ են նույն օրի հասնելու, ձեզ թվում է ի՞նչ է լինելու, նույնը, ինչ մյուս կենդանիների հետ` հազիվ պոչը քարշ տալով: 

    Ի դեպ, ոնց կենդանիներին է տիրություն անում, այդպես էլ ժողովրդին, կիսասոված կամ օրերով սոված հազարավոր ընտանիքներ կան, ով է տերը: Կարևորը լիքը շոու եղավ, վայ-վա՜յ, վույ-վու՜յ, վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ…»։

  • Լը Պենը մտադիր է մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

    «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին Լը Պենը կուսակցական խորհրդակցության արդյունքներով հայտարարել է, որ մասնակցելու է 2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին։

    «Ես մասնակցելու եմ նախագահական ընտրություններին»,- ասել է նա TF1 հեռուստաալիքի եթերում։

    Լը Պենը նաև հայտնել է, որ վճռաբեկ բողոք է ներկայացնելու Փարիզի վերաքննիչ դատարանի որոշման դեմ, ինչը քննության ընթացքում կկասեցնի դատավճռի կատարումը, այդ թվում՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պահանջը։ «Այսպիսով, ես կկարողանամ նախընտրական քարոզարշավն անցկացնել առանց էլեկտրոնային ապարանջանի»,- ասել է Լը Պենը։

    Հնարավոր ընտրվելու դեպքում «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության առաջնորդը մտադիր է հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակել կուսակցության 30-ամյա նախագահ Ժորդան Բարդելային։

    Հուլիսի 7-ին Փարիզի վերաքննիչ դատարանը Լը Պենի՝ ընտրություններին մասնակցելու արգելքի ժամկետը կրճատել է մինչև 15 ամսվա, ինչը փաստացի նշանակում է այդ սահմանափակման չեղարկում։ Բացի այդ, դատարանը մինչև երեք տարի է կրճատել խորհրդարանական օգնականների գործով սահմանված ազատազրկման ժամկետը։ Երկու տարին պայմանական է, իսկ մեկ տարվա ընթացքում Լը Պենը պարտավոր է կրել էլեկտրոնային ապարանջան։