Category: MegaNews

  • ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացումով մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի. դեսպան

    Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն ու դրանք են «Թրամփի ուղի» նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

    «Իրանի շատ լեգիտիմ ու տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա ու պատասխան տրվի անհանգստություններին»,- նշեց նա։

    Դեպսանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի։

    Խալիլ Շիրղոլամին կարծում է, որ պետք է ձեռք բերել մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է հստակ կերպով արձագանք տրվի ցանկացած կետում Իրանի դեմ ունեցած սպառնալիքներին։

  • Այն, ինչ այսօր արվեց, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածի մասին

    Նախկին պատգամավոր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

    «Ասել եմ բազմիցս.

    Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ… Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան:

    Հայաստանը գրավված է թշնամու կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…

    Այսօր՝ բացահայտ կեղծված ընտրություններից հետո, այլանդակ քաղաքական այլասերվածության ենք ականատես լինում:

    Բացարձակ իրավական ամենաթողություն և պետական բոլոր ինստիտուտների տոտալ վերահսկողության։

    2020թ-ի փետրվարից զրո հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ:

    Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու:

    Հայտնի է, որ նույն քաղաքական հայացքների կրող չենք: Առհասարակ, շատ տարբեր ենք մեր մոտեցումներում թե՛ քաղաքականության մեջ, թե՛ սպորտում:

    Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։

    Եվ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։

    Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։

    Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։

    Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու»:

  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները:

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, անդրադարձել արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի և պահեստավորման գնահատմանը: Վերլուծության արդյունքների և արձանագրված խնդիրների ներկայացումից հետո էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններով:

    Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումն ու ոլորտում առկա զարգացումներին և նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը: Ընդգծվել է նաև ցորենի ինտենսիվ մշակության ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը:

    Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ և ներկայացնել քննարկման:

  • Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան

    Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը։

    Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

    «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը․

    Բրուննո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների հեղինակ։

    Դրանցից մեկը կոչվում է «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը»։ Ով ուզում է վերջին տարիների հայաստանյան էվոլյուցիան հասկանալ, կառաջարկեմ կարդալ։

    Բեթթելհեյմը տոտալիտարիզմի պարադոքսալ հաջողությունը բացատրում է այն հանգամանքով, որ այն անհատներին և զանգվածներին ազատում է ներքին կոնֆլիկտներից, տալիս է ապահովության իլյուզիա և ազատում է ներքին բարոյական ընտրության բեռից։

    Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում դեռևս ուրիշ մթնոլորտ էր.  պետական համակարգում կային մարդիկ, որոնք կատարվող շատ բաների հետ համաձայն չէին, իրավապահ համակարգում կային կարմիր գծեր, որը գծում էին մարդիկ՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ։ Դա ժամանակի ընթացքում բերում էր կոնֆլիկտի՝ քեզնից պահանջում են այլ բան, քո ներսը ընդվզում էր։ Այս իրավիճակը տանջող է ու վտանգավոր։ Ժամանակի ընթացքում մարդիկ հոգնում են հյուծող կոնֆլիկտից, և նրանք կամ հեռանում էին կամ սկսում իրենք իրենց համոզել, թե ապօրինի հրահանգները ճիշտ են, թե այն, ինչ իրենց ասվում է արեք՝ ճիշտ է։ Սա տալիս է ապահովության զգացում, ազատում է մեկուսացումից (մեծամասնության մեջ չլինելու վախից), ազատում է ազատությունից՝ ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու ծանրագույն բեռից։

    Այս պրոցեսը զանգվածային է, հասարակության զգալի մասը առնչվում է սրան, անցնում սրա միջով։

    Երբ այս տեսությունը պրոյեկտում ենք մեր իրականություն վրա, շատ հարցեր իրենց պատասխանները գտնում են։ Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը։ Դա ձևակերպվում է «ինձ չի վերաբերում, ինձ չեն բռնի, ես իմ գործն եմ անում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» և այլ նմանատիպ կենցաղային դիրքավորմամբ։

    Մանավանդ Հայաստանում, որտեղ քաղաքացու և քաղաքացիական տեսակի սուր պակասությունը միշտ ակնհայտ է եղել, այս պրոցեսը ավելի ցայտուն և ավելի այլանդակ տեսք է ստանում։

    Իրականում շատ դժվար է մարդ մնալ անմարդկային պայմաններում։ Բոլորս մեր շրջապատում բազմաթիվ օրինակներ ունենք մեր միջավայրերից, որոնց մասին ասում ենք՝ «ախր սա տենց չէր, առաջ լրիվ ուրիշ մարդ էր»։ Բոլորս մեր միջավայրում ունենք տասնյակ անուններ, որոնք կեղծել են իրենք իրենց, որոնք մեր ներկայությամբ ուրիշ բան են խոսում, իսկ այլ միջավայրում հանգիստ կծախեն բոլորին, ներառյալ՝ քեզ, ունենք մարդիկ, որ հենց դժվար պահին կորում են, որոնց դժվար պահերին դու միշտ (նույնիսկ քեզ վտանգելով) եղել ես նրանց կողքին, իսկ նրանք՝ ոչ։

    Մենք զարմանում ենք, թե որտեղ են մարզաշխարհի հարյուրավոր դեմքերն այսօր, մենք զարմանում ենք, թե որտեղ են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց Ծառուկյանը կյանքի դժվար պահերին աջակցել է՝ բուժվել, կրթվել, տուն պահել, գիրք տպել, համերգ տալ, ֆիլմ նկարել, գործ ունենալ, ծնող պահել, երեխա մեծացնել, տուն դնել, կայանալ և այլն և այլն։

    Զարմանալ պետք չէ։ Մեզ թվում է, թե միայն մեր փոքր Հայաստանում է այսպես։ Իրականում դա մարդկության հայտնի խնդիրն է՝ մարդ մնալ անմարդկային պայմաններում։

    Բեթթելհեյմն ասում է, որ գալիս էր մի պահ, երբ համակենտրոնացման ճամբարներում սպանդի ենթարկվողները սկսում էին նույնիսկ իրենք մտածել, որ երևի դա ճիշտ է, որ իրենք են մեղավորը։

    Դարվինը կենդանուց մարդ ճանապարհի մասին մշակեց  միլիոնավոր տարիների էվոլյուցիոն տեսությունը։ Բայց մարդուց անասուն դառնալու հոգեբանական ռեգրեսը, պարզվում է, կարճ ժամանակի խնդիր է։

    Սակայն պարզվում է նաև, որ էքստրեմալ պայմաններում շատ ու շատ մարդիկ, որոնց դու չես ճանաչել, կամ լավ չես ճանաչել, մնում են մարդ և քաղաքացի՝ չվախենալով այդ նույն ճնշումներից, ուղիղ ու բաց ճակատով խոսելով անարդարության դեմ։ Ու նրանք  իրոք շատ են, ու հենց նրանց մեջ է հույսի ռեսուրսը։ Ու վերջին օրերին աջակցության հսկայական ալիքը հենց դրա շնորհիվ է։

    Բեթթելհեյմն  ի վերջո եզրակացնում է. «տոտալիտարիզմի գրավչությունը կայանում է դրա խոստման մեջ՝ տալ անհատական ապահովություն և ազատել ներքին կոնֆլիկտներից։ Ցավոք, դա ստացվում է ինքնուրույնության, ինքնահարգանքի և արժանապատվության կորստի գնով։ Տոտալիտար համակարգերում իշխող «հանդարտության» գինը հոգու մահն է»»։

  • «Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է

    «Իրավունք» թերթը գրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնն իրենով անելու համար «սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, ում ամբիցիոզ կերպարը տանել չեն կարողանում հատկապես ՔՊ-ական կանայք։

    Բայց ինչպես ասում են՝ վերջին խոսքը շեֆինն է։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի նորընտիր կազմի անդրանիկ նիստը։ Ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և արդեն ձևավորված ավանդույթով, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ 1945 թվականի հունվարի 17-ին ծնված Կնյազ Հասանովը։

    Սա արդեն չորրորդ անգամն է, երբ հենց նա է վարելու խորհրդարանի առաջին նիստը։ Կնյազ Հասանովը նույն առաքելությունն իրականացրել է նաև 2017, 2018 և 2021 թվականներին։

    Հասանովը 2026 թվականի խորհրդարանում ևս մանդատ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Նա հանդիսանում է նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը։

    «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կնյազ Հասանովի վերջին հինգ տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածքով է նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավորը շարունակում իր պաշտոնավարումը։

    2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք է բերվել 2008 թվականի հոկտեմբերի 22-ին՝ գնման եղանակով։ Հատկանշական է, որ եթե նախորդ տարիներին հայտարարագրերում առկա էր նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան, ապա 2025 թվականի հայտարարագրում որևէ ավտոմեքենա կամ այլ տրանսպորտային միջոց այլևս նշված չէ։

    Դրամական միջոցների մասով 2025 թվականի սկզբին նա ունեցել է 1 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջում՝ արդեն 1,5 մլն դրամ, այսինքն՝ կանխիկ միջոցներն աճել են 500 հազար դրամով։

    2025 թվականին Կնյազ Հասանովի ընդհանուր եկամուտը կազմել է 13 մլն 831 հազար 244 դրամ։ Այդ գումարից 1 մլն 32 հազար դրամը եղել է կենսաթոշակ, իսկ 12 մլն 799 հազար 244 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները։

    2024 թվականի հայտարարագիրը նույնպես էական փոփոխություններ չի արձանագրել։ Պատգամավորը շարունակել է հայտարարագրել նույն բնակարանը՝ Աբովյանում, ինչպես նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը ձեռք էր բերել 2010 թվականի մարտի 23-ին՝ գնման եղանակով։

    2024 թվականի սկզբին նրա կանխիկ միջոցները կազմել են 1 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 1,5 մլն դրամ։

    2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 4 հազար 472 դրամ, որից 900 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 104 հազար 472 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

    2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի գույքային պատկերը կրկին նույնն է եղել։ Նա հայտարարագրել է Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։

    Տարվա սկզբին կանխիկ դրամ չի ունեցել, սակայն տարվա վերջում հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ միջոց։

    Նրա ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 11 մլն 677 հազար 710 դրամ, որից 919 հազար 800 դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 757 հազար 910 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

    2022 թվականի հայտարարագրում ևս փոփոխություններ գրեթե չեն եղել։ Պատգամավորը պահպանել է Աբովյանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

    Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 9 մլն 272 հազար 530 դրամ, որից 876 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 8 մլն 396 հազար 530 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձը։

    2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը նույնպես ունեցել է միայն Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Այդ տարի ևս նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել, ոչ էլ օտարել է ունեցվածքը։

    2021 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 647 հազար 250 դրամ։ Այդ գումարից 7 մլն 807 հազար 250 դրամը եղել է պատգամավորական աշխատավարձ, իսկ 840 հազար դրամը՝ կենսաթոշակ։

    Այսպիսով, վերջին հինգ տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ Կնյազ Հասանովի գույքային վիճակում էական փոփոխություններ չեն եղել։ Նրա հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Աբովյանում գտնվող բնակարանը, մինչև 2024 թվականը հայտարարագրերում առկա է եղել նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը 2025 թվականի հայտարարագրում այլևս չի նշվում։ Միաժամանակ, տարեցտարի աճել են պատգամավորի հայտարարագրված եկամուտները՝ 2021 թվականի 8,6 մլն դրամից հասնելով 2025 թվականին 13,8 մլն դրամի, իսկ 2023 թվականից սկսած նա նաև սկսել է հայտարարագրել կանխիկ դրամական միջոցներ, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 1,5 մլն դրամ»։

  • Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 6-ին մեկնարկած աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, Հայաստանի համար սպասված տնտեսական արդյունքները, ըստ ամենայնի, չի տվել։

    Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին։ Հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները՝ սպասվում էր, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի հասնել առնվազն որոշակի պայմանավորվածությունների, որոնք կթեթևացնեն հայկական բիզնեսի առջև ծառացած դժվարությունները։

    Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չի վերադարձել Եկատերինբուրգից։

    Մեր տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկումների փորձեր եղել են, սակայն որևէ առանցքային հարցի շուրջ գործնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

    Մասնավորապես, չի հաջողվել առաջընթաց ապահովել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների շուրջ առկա սահմանափակումների հարցում։ Չեն կարգավորվել նաև առանձին ապրանքատեսակների՝ ռուսական շուկա մուտքի հետ կապված խնդիրները, որոնք ամիսներ շարունակ լուրջ դժվարություններ են ստեղծում հայ արտահանողների համար։ Նույն իրավիճակն է նաև էներգետիկ ոլորտում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բնական գազի թեմայով ևս որևէ շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, և այդ ուղղությամբ առկա անորոշությունը շարունակում է պահպանվել։

    Կառավարական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է բարեկամական և ջերմ մթնոլորտում։ Կողմերը երկար զրուցել են, միասին ճաշել, կենացներ են ասել՝ միմյանց գովելով, սակայն այդ ջերմ մթնոլորտը չի վերածվել կոնկրետ քաղաքական կամ տնտեսական արդյունքի։

    Արդյունքում Հայաստանի համար ամենազգայուն տնտեսական հարցերը շարունակում են մնալ բաց»։

  • «Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ի թիվս այլ օբյեկտների, նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում:

    Ակնարկում էին, թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցի գործունեությունը։ Մինչդեռ տեղեկացանք, որ ընդամենը վեց ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել, եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար։

    Մասնավորապես, աուդիտն իրականացվել է անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին, եւ բաց աղբյուրներում կա նաեւ հրապարակված եզրակացությունը։ Սա եւս փաստում է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, եւ Փաշինյանը նրան չի ներում իր հասցեին արված հայտարարությունների համար, ու այս ամենը ոչ մի կապ չունի իրավախախտումների հետ։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Փողը որոշիչ չէր, բայց Եվրոպայի դռները դեռ բաց են. նոր մանրամասներ Սպերցյանի տրանսֆերից

    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը որոշում է կայացրել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի», քանի որ վերջին տարիներին եվրոպական ակումբներից կոնկրետ առաջարկներ չեն եղել։ «Матч ТВ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ «Կրասնոդարի» սանը ցանկացել է փոխել միջավայրը, սակայն ապագայում Եվրոպայում խաղալու նպատակը դեռ ուժի մեջ է:

    Հիշեցնենք, որ Սպերցյանի՝ «Ալ Ահլի» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվեց այսօր՝ հուլիսի 7-ին։

  • «Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում

    «Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին քրտնաջան` 24/7 ռեժիմով աշխատում են ոչ միայն Քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլեւ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում: Թիրախը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են:

    Վերեւից հանձնարարված է՝ ամեն գնով խախտումներ հայտնաբերել, եւ ՊԵԿ-ը ժրաջանորեն կատարում է քաղաքական հետապնդման իրեն վստահված մասը: Լայնածավալ ստուգումներ են իրականացնում, թղթերն են ուսումնասիրում, փորձում են մի բան գտնել: Ի դեպ, հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին չէին կարող կալանավորել: Օրենքը նման դեպքերում չվճարված հարկերը պարտադրում է վճարել առանց ազատությունից զրկելու:

    Թերեւս, այդ պատճառով են փորձում այլ մեղադրանքներ կպցնել, օրինակ` խարդախություն, բայց անգամ իրավաբանները, ծանոթանալով ՔԿ պաշտոնական հաղորդագրությանը, չեն հասկանում, թե ինչում են մեղադրում Ծառուկյանին:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում